Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՕՐԵՐԸ ՄԹՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՆՑ ՉԵՆ ԿԵՆՈՒՄ

ՕՐԵՐԸ ՄԹՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՆՑ ՉԵՆ ԿԵՆՈՒՄ
04.02.2011 | 00:00

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Իմ սիրելի որդի Գիքոր ջան։
Ի քաղաքն Թիֆլիս։ (Ի՞նչ Թիֆլիս, ի քաղաքս աշխարհ)։
Լսած բան չէ, որ հերը որդուն կամ որդին հորը մտահանի։ Մանավանդ ինձ նման հերը և քեզ նման Գիքոր որդին։ Իմ Գիքորը որ մոլորակում էլ լինի, ինչ փեշակի ու ապրուստի տեր էլ լինի, իրավունք չունի մոռանալու, որ ինքը Համբոյի տղան է։ Էդպես էլ պիտի լինի, որովհետև Համբոյի նման հերն է իր Գիքորին քաղաք տարել, գործի դրել, որ մարդ դառնա։ Հիմա Թիֆլիսս դարձել է աշխարհ, ուր մարդ են դառնում միլիոնավոր գիքորներ։ Բայց ես իմ Գիքորի տերն եմ։ Դրա համար հավատով շարունակում եմ իմ համբոյապատումը, որ Գիքորս հանկարծ մտահան չանի իր ծննդավայրը, մանավանդ իր գիքորատոչոր հորը։
Հավատում եմ, իմ կատարյալ որդի ջան, որ մտքիցդ չես գցի քո տանջահար... չէ՛, տանջահար չասեմ, մանավանդ չգրեմ, թե չէ շատ կազդվես ու կտանջվես, գիշերն էլ քնած տեղդ բաց կլինես, լաց կլինես, վեր կթռչես, կասես` հերս տանջահարվում է, այդ առումով էլ «տանջահար» բառը փոխարինում եմ «ջանադիր» բառով։
Բառերն իրենց տեղը գցելուց հետո ուզում եմ խաղաղ ընթացք հաղորդել գրիս, հավատալ, որ մտքիցդ չես հանել քո ջանբեզար, ի՜, ջանադիր հորդ։ Եթե հորդ մտահան չես արել, ուրեմն մտքիցդ պիտի հեռացած չլինեն մեր սարուձորերի անմոռաց պատկերները։ Մանավանդ` Լոռու ձորը։ Աշխարհատես քո ճանապարհներին վերևից ու ներքևից, մանավանդ մեջտեղից շատ ու շատ ձորեր տեսած կլինես, բայց հավատում եմ, որ ոչ մեկը քեզ Լոռու ձորի համ ու հոտը չի տա։ Պիտի լավ իմանաս` մեր ձորը լցված է հին ու նոր հառաչանքներով։ Հին ու նոր հառաչանքները շաղախվել են իրար, հունցվել, պռնկեպռունկ լցվել ու դուրս են եկել ափերից։ Ոչ մեկը ո՛չ հառաչողին է տեր կանգնում, ո՛չ հառաչանքին։ Դե, ասում ենք, սա մեր ձորն է, մեր ժողովրդի հառաչանքով լցված ձորը, մենք պիտի տեր լինենք, ոչ մեկն իր ծաղկուն հովիտները մեզ չի տալու։ Բայց բաներ կան, որ երկար մտածելուց հետո բերան են բացել տալիս, միտք շարժում ու ասում` էս բանն էսպես չէր լինի, եթե էնպես չլիներ, կամ` գործի գլխին եթե հասկացող մարդ լիներ կանգնած։ Բայց հիմա հասկացող մարդն ո՞վ է տվել։ Բոլորը պաշտոնավոր են կամ պաշտոնավորի բարեկամ կամ պաշտոնահաչ տվողներ։ Էնպես է դարձել կյանքը, որ ամեն ինչ խճճվել է, հաճախ չես կարողանում լավ ու վատ անել։ Նամարդի խոսք է, ասում են` շունը տիրոջը չի ճանաչում։ Էդպես չի, շունը երբեք շանտղություն չի անում, եթե տեր լինի` շունը կճանաչի։ Եկան տեր դարձան մեր քարհանքերին, մեր անտառներին։ Մեր Փամբակի քարը էլ մեր չէ, մեր Դսեղի քարը էլ մերը չէ, մեր Լալվարի քարը էլ մերը չէ, Քարինջի քարը էլ մերը չէ։ Մեռնես էլ, մի շիրմաքար չեն տա էժան գնով, որ դնես անկախության ճանապարհին զոհված քո զավակի շիրմի վրա։ Ձեն հանես, ասես` սրանք մեր պապերի քարհանքերն են, սրանք մեր սերնդի համար չեն, մի հոգու կամ մի քանի հոգու համար չեն, կասեն` սեփականաշնորհել ենք, հենց մերն են, մեր կուսակցությանն են։ Դե, որ ձեր կուսակցությանն են, տարեք-քաշեք ձեր կուսակցության վրա, ես ձեր... Բայց սա ասում ես քո մտքում, որովհետև, գիտես, էլի, երկիրը խիստ կուսակցականացված է, օրենքազրկված, կբռնեն հաչիցը թոկով կկապեն ու... դրանով էլ չես պրծնի։
Անտառի տերը դու չես։ Նոր տերերը խոտհարքի նման հնձում են լատան-լատան ու գերան-գերան տանում, իսկ դու իրավունք չունես ցախ ու ճյուղերը հավաքելու, շալակելու, տանելու։
Ավելին ասեմ, որդի Գիքոր ջան, պատմությունից, զրույցներից պարտավոր ենք իմանալ, որ դարեր առաջ թուրքերը եկել ու սուլթանություններ են ստեղծել նաև բուն հայկական հողերի վրա։ Նույնը կատարվում է հիմա։ Ամեն մի իշխանավոր իր սուլթանությունն է ստեղծում, իր խանությունը, բեկությունը, իր բդեշխությունը։ Էս տերը մեռածները, էս խիղճը կորցրածները էսքան բանն ի՞նչ են անելու։ Չեն ուզում հասկանալ, որ ծակ աչքով ամեն ինչի տիրացածները մի օր բաց աչքով տալու են ուրիշների, օտարների։ Չեն ուզում չունեցած խելքներին զոռ տալ ու հասկանալ, որ Հայաստանը շալակել է երեք միլիարդ դոլարի պարտքի ջվալը, ճկռել է, ոտքերը ծալվում են, որ մեր չծնված թոռներն արդեն պարտքի տակ են։ Մտածելու շատ բան կա, որդի Գիքոր, ժողովուրդը խախալվում, մաղվում է երկրի երեսից։ Այո, մի տնով չենք, մի հալի ենք։ Իհարկե, քեզ պիտի հետաքրքրի, թե ինչ նորություններ կան։ Առաջինը, որ կարող եմ ստույգ հաղորդել, էն է, որ այսուհետ «ապա» բառը պետք է գրենք գլխատառերով, երկու պ-ով` ԱՊՊԱ, կենսաթոշակները պիտի ստանանք փոստային բաժանմունքներում, և կարող են ստանալ միայն նրանք, ում բերանին դեռ շունչ կա, ու հույս կա, որ մինչև մյուս ամսվա թոշակը էլի կապրեն։ Թե չէ... կենդանի ու մեռյալ ու... խառնվում են իրար ու որոշ պաշտոնյաներ, օգտվելով առիթներից, պղտոր ջրերում մեռյալների թոշակներ են որսում։ Դրա համար շատ խիստ քայլերի դիմեց մեր կառավարության նախագահ Տիգրան Սարգսյանը և հասկացրեց, որ չի կարելի մահացածների թոշակներն ստանալ և խիստ չի կարելի, որ այսուհետև որևէ մեռյալ իրեն վեր դասի բոլորից և մասնակցի ընտրությունների։ Առանց բացառության։ Անգամ նախագահի ընտրություններին նման բան պիտի որ չլինի։ Ամեն։ Հոգնեցի, որդիս։ Չիբուխս լցնեմ ու միտք անեմ, թե ինչ է կատարվում։
Քո հարգարժան հայր` Համբո

Դիտվել է՝ 1568

Մեկնաբանություններ