«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԹԱՂԻ ԹԱՍԻԲԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԲՈՂՈՔԵԼ

ԹԱՂԻ ԹԱՍԻԲԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱԼԻՍ ԲՈՂՈՔԵԼ
15.10.2010 | 00:00

Երևանի համար վաղուց արդեն քրոնիկ հիվանդություն է դարձել տրանսպորտային բոլոր միջոցների ծանրաբեռնվածությունը` սկսած մետրոյից, վերջացրած ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով: Տխուր է պատկերը հատկապես քաղաքի ծայրամասերում, որոնք ավելի շատ են անուշադրության մատնված: Անփույթ և անկանոն երթևեկություն են իրականացնում Սարի թաղն սպասարկող ավտոբուսները, ինչի մասին բազմիցս հիշատակվել է, բայց ականջ դնող, կարծես թե, չկա: Երթուղայինների վարորդները, որոնք սպասարկում են Սարի թաղի բնակչությանը, լրիվ կորցրել են զգոնությունն ու պատասխանատվության զգացումը: Իսկ կարգուկանոնից այնքան են հեռու, որ խոսելն անգամ ավելորդ է: ՈՒղևորների ամենօրյա կուտակումներից, որն առաջանում է վարորդների մեղքով, վերջիններս ոչ միայն անհարմար չեն զգում, այլև ընդհակառակը, հրճվում են անընդմեջ ավելացող ուղևորների քանակից: ՈՒղևորները, որքան էլ ջղաձգվում և «նեղվում են» այդ սեղմումներից, այնուամենայնիվ, լռում են, մի կերպ զսպում իրենց զայրույթը… Իսկ վարորդները, չնկատելու տալով այդ ամենը, ժպտում են քթի տակ և, մեքենան ամեն մետրի վրա կանգնեցնելով, բղավում. «Ժողովուրդ, տեղ արեք, մի հոգու տեղ բացեք»: Ժողովուրդն ատամներն է սեղմում և ստիպված սկսում է կատակել. «ՈՒստա, որ ավտոբուսի գլխին նստարաններ տեղադրես, լավ կլինի, գոնե մի մասը կբարձրանա վերև»։ Կամ` «ուստա՛, կողքդ մի հոգու տեղ չկա՞, թող մեկն էլ քո հետ նստի, ի՞նչ կլինի, որ»: ՈՒ ծիծաղ է պայթում երթուղայինի ներսում, չարացած ծիծաղ։ Այդ պահին լսվում է ինչ-որ մեկի խուլ ձայնը. «Բա որ հանկարծ շո՞ւռ գա…»: Մի պահ ամենքը կարկամում են, ձայները` մարում, այդ 60-70 հոգին, որ մի կերպ է տեղավորվել ավտոբուսի մեջ, մի մարդու պես սսկվում է, լարվում, շունչը պահում, մանավանդ, եթե այդ պահին մեքենան գտնվում է ոլորաններում: Ծանրաբեռնված, դռները չփակվող ավտոբուսը, ձողերից կախված ու մեկը մյուսին հենված ուղևորներով, վերջապես, «իջնում է քաղաք», ինչպես սովոր են ասել սարիթաղցիները, և քրտնած, խառնիխուռն մազերով ուղևորները (առանց չափազանցելու), կամաց-կամաց սկսում են պակասել։ Թեև արդեն շա՜տ ուշ է. և՛ աշխատանքն է վաղուց սկսվել, և՛ առաջին դասաժամն է ավարտվել... սակայն դա կարծես այնքան էլ էական չէ, դա ամենից քիչ է անհանգստացնում վարորդին. նա իր փողի տերն է և յուրաքանչյուր կանգառում առանց շտապելու իր կոպեկներն է հաշվում, թափ տալիս մատը, երբ ինչ-որ մեկը փորձում է «ծլկել»: «Հա՜, գիտեն չեմ նկատում, շատ էլ լավ տեսնում եմ, ով տվեց, ով` չէ,- և ամոթանք է տալիս։- Չեն էլ ամաչում: Մյուս անգամ միայն առջևի դուռն եմ բացելու, ոնց կուզեք` իջեք, կուզեք կոխկրտեք իրար, բայց մեկ-մեկ կգաք աչքիս առաջով կգնաք, որ չփախնեք»։ Նշենք, որ ոչ բոլոր վարորդներն են այդպես կոպիտ վերաբերվում ուղևորներին, նրանց մեջ կան այնպիսիք, ովքեր, թերևս, գիտակցում են իրենց աշխատանքի ողջ անփութությունն ու օրենքից դուրս խախտումներ անելը, այդ իսկ պատճառով մեծահոգաբար «ներում են» «ծլկող» ուղևորներին: ՈՒղևորները հանդուրժում են նաև այս խոսքերը և այն հումորի վերածելով` համերաշխ հեռանում։ Հաջորդ օրը պատմությունը նորից նույն գունեղ դրվագներով կրկնվում է, և սարիթաղցու կյանքը շարունակվում է այնպես, ինչպես սկսվել է շատ վաղուց, տասնամյակներ առաջ: Այն տպավորությունն է, որ նա դրանից ավելիին չի էլ ձգտել երբեք, սահմանափակվել է այնքանով, որքան ողորմածաբար տվել են: Եվ, որքան էլ զարմանալի է, նրանք բոլորն էլ շատ նման են իրար. նույն նախասիրությունները, նույն ապրելաոճը, ճաշակը, նույն խոսելաձևն ու նույն ձգտումները (եթե, իհարկե, այն ընդհանրապես կա) և, որ ամենագլխավորն է, հումորի անմրցելի զգացումը` ցանկացած իրավիճակում:
Նրանք ունեն մի առավելություն` բարի են, մարդամոտ, համեստ, բայց մի՞թե կարելի է օգտվել վերջիններիս համեստությունից, շահագործել նրանց լռությունը… Սարի թաղն իսկապես մի փոքրիկ գյուղի է նման: Բնակիչները բոլորն իրար ծանոթ են, գերազանց ճանաչում են նաև հարևան փողոցներում ապրողներին: Նույնիսկ այդ 21 և 79 համարների ավտոբուսների վարորդներին են տեղաբնակները ճանաչում, իրենց համաթաղեցիներն են և, ինչպես թելադրում է թաղի թասիբը, նրանց «խաթրին չեն կպչում», չեն բողոքում ուր հարկն է։ «Դե, մարդ են, էլի,- ասում են,- նրանց գործն էլ դա է, մի երկու կոպեկ փող են աշխատում, ո՞ւմ բողոքենք, ի՞նչ անենք, ամոթ չի՞, մի թաղի մարդ ենք»: Գուցե հենց սա է սարիթաղցու առավելությունը կամ միգուցե դժբախտությո՞ւնը։ Այս սկզբունքն է որդեգրել նա շա՜տ վաղուց, այն օրից, երբ հիմնադրվեց Սարի թաղ կոչվող բնակավայրը: Բայց մի՞թե սա ապրելու ճիշտ ձև է։ Դժվար է ասել, փաստն այն է, որ առաջընթաց ապրելու փոխարեն Սարի թաղը հաստատուն քայլերով գնում է հետ ու հետ:
Այժմ` ճանապարհային ոստիկանության կամ օրենքը պահպանողների մասին։
Իսկ առհասարակ նրանք կա՞ն, թե՞ դա մեր երևակայության ծնունդն է: Երևի վերջինը:
Փոխանակ շտկելու խճճված համակարգը, վերացնելու սնկի պես աճող մասնավոր երթուղայինների օրինազանցությունները, ոլորտի կառավարման ղեկը հանձնել են երթուղային գծերի տերերին և հանգիստ նստել։ Ստացվում է, «գծի տեր» կոչվող ինչ-որ փողատեր է այսօր որոշում` ինչպե՞ս և ի՞նչ գրաֆիկով պիտի աշխատեն մայրաքաղաքի փոխադրամիջոցները. դնում են իրենց «նալոգը» և բազմոցին պառկած սպասում օրվա ավարտին: Իսկ թե ինչպե՞ս են աշխատում տվյալ երթուղայինները, կամ առհասարակ աշխատո՞ւմ են, թե՞ ոչ, դա «գծի տերերին» ընդհանրապես չի մտահոգում:
Հետաքրքիր է` տրանսպորտային երթևեկությունը հսկող ճանապարհային ոստիկանությունը, որ այնքան լավ գիտե կանգառից դուրս կանգնելու համար տուգանելու մասին օրենքն ու առիթը բաց չի թողնում մի երկու կոպեկ գրպանը դնելու, արդյո՞ք չի նկատում ամենամեծ օրինախախտումը` առանց ամրագոտիների, սիգարետը ձեռքներին, բաց դռներով, խցանված ավտոբուսների երթը: Մի՞թե հանցանք չէ աչք փակելն այս օրինազանցության առաջ: Կա՞ արդյոք մի կառույց, որ պատասխանատու է այս ամենի համար:
Ջուլի ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1453

Մեկնաբանություններ