Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Մեկ ազգ, երկու պետություն» տերմինոլոգիայից մենք ընդհանրապես վախենալու բան չունենք»

«Մեկ ազգ, երկու պետություն» տերմինոլոգիայից մենք ընդհանրապես վախենալու բան չունենք»
02.06.2009 | 00:00

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ` ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ»
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ Գ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունները բացահայտորեն տեղապտույտի մեջ են հայտնվել: Ձեր կարծիքով` դա բնակա՞ն ընթացք է, որն անհրաժեշտ է հաջորդ քայլից առաջ, թե՞ ինչ-որ բան այն չէ Հայաստանում կամ Թուրքիայում:
-Հայ-թուրքական հարաբերություններում նման ելևէջներ պիտի լինեին. մենք միջպետական հարաբերությունների զրոյական մակարդակից ենք սկսել, որևէ փորձ չկար` ինչպես կարող են բանակցություններն ընթանալ: Նման բանակցություններում անհրաժեշտ էր ունենալ առանձին հուշագիր, որտեղ երկու կողմերը կարձանագրեին իրենց ցանկություններն ու հավակնությունները, չլուծված խնդիրները:
-Գուցե «ճանապարհային քարտեզում» այդ կետերն արձանագրվա՞ծ են:
-«Ճանապարհային քարտեզը» ընդամենն այն միջոցառումներն է թվարկում, որոնցից հետո ինչ-որ արդյունք կլինի: Եթե հուշագիր լիներ, կստեղծվեին մասնագիտացված դիվանագիտական խմբեր` այդ հարցերով զբաղվելու, լուծման մեխանիզմներ գտնելու:
-Այնուամենայնիվ` այս պահին ի՞նչ կարելի էր անել:
-Պետք էր նախաձեռնություններով հանդես գալ: Մեզ թվում է, որ եթե մի քայլ արվել է արդեն, կարելի է այդքանով բավարարվել ու սպասել, թե ինչով կավարտվի: Ավելի ճկուն կլիներ, եթե հայկական կողմը հանդես գար այլ առաջարկություններով ու նախաձեռնություններով: Օրինակ` բնապահպանական ծրագրերի, ազատ տնտեսական գոտու ստեղծման, սահմաններում հարձակողական զենքի սահմանափակ պահպանման, ՆԱՏՕ-ՀԱՊԿ փոխհարաբերությունների ձևավորման միջնորդի և տասնյակ այլ խնդիրների շուրջ: Ամենակարևորը` քայլ առ քայլ, անուղղակի գործընկերոջը պարտադրում ենք ավելի խրվել այս հարաբերություններում, որոնք դժվարացնում են հետքայլը: Ի՞նչ ստացվեց հիմա:
-Հիմա ստացվեց, որ ինչ-որ բան ասաց Էրդողանը, ինչ-որ բան ասաց Գյուլը, և նրանց ասածները միմյանց հակասեցին: Հետո նույն Գյուլը, իրենց գնահատականով, սենսացիոն հայտարարություն արեց Թուրքիայի պատմական անցյալի սխալների մասին, որ մեզ համար բնավ էլ սենսացիոն չէր, ու հիմա պիտի բոլորոս հիացմունքից մեռնենք, թե ինչ ազնիվ են, ինչքան լավն են ու ինչ ճիշտ են մեր հարևան թուրքերը, ինչքան եվրոպացի են դարձել: Մենք հիմա պիտի երանությա՞մբ լցվենք` էս ինչ քաղաքակիրթ է դարձել մեր հարևա՞նը, երնեկ մե՞զ...
-Այդ հայտարարությունն էլ վերաբերում էր հույներին, ոչ հայերին:
-Թուրք-հունական հարաբերություններն էլ` քաղաքական, տնտեսական, կարծես վաղուց են նորմալացել:
-Այո՛, չհաշված Կիպրոսի հարցը, որտեղ քիչ թե շատ փոխըմբռնում կա: Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համար Թուրքիան ուներ մի շարք դրդապատճառներ, որոնցից ամենագլխավորը Եվրամիության անդամակցության խնդիրն է: Թուրքիան փորձում էր այդ ճանապարհն անցնել` համարելով, որ ԵՄ-ն բավարարված կլինի, եթե դիվանագիտական հարաբերություններ ձևավորվեն, ու սահմանն էլ ինչ-որ չափով բացվի: Հայկական կողմը զիջումների չգնաց, Թուրքիան էլ իր մարտավարությունը փոխեց, երբ համոզվեց, որ ԵՄ-ն չի պատրաստվում ընկալել այդ քայլերը շատ բարիդրացիական: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համատեղ հայտարարությունը սառը ցնցուղ եղավ թուրքերի համար: Այդ հեռանկարը կորցնելով` նրանք ինչ-որ բացատրություն պիտի գտնեին աշխարհի համար, թե ինչու են սառեցնում հարաբերությունները: Պատճառ գտան` թե ադրբեջանական նախապայմաններն իրենց համար ավելի կարևոր են, չէ՞ որ իրենք «Մեկ ազգ, երկու պետություն» են: Ի դեպ` եթե թուրքերն ու ադրբեջանցիները չեն վախենում այդ տերմինոլոգիայից, մենք ընդհանրապես վախենալու տեղ չունենք` հայկական երկու պետություն ունենալով: Եվ աշխատեց քարոզչամեքենան, թե իբր թուրք-ադրբեջանական հարաբերություններում տարաձայնություններ են առաջանում` ադրբեջանցիները շատ նեղացան ու, իբր, գազն են որոշել փակել, հետո էլ 400 դոլարով վաճառել... Մանր խորամանկություններ, որոնք ուղղակի պետք է ի գիտություն ընդունել: Ես նաև տեղեկություններ ունեմ, որ իրենց արդարացնելու համար Թուրքիայի և Ադրբեջանի գաղտնի ծառայությունները որոշակի ցույցեր, ելույթներ են նախապատրաստում Թուրքիայում, որոնց մասնակիցները պիտի բողոքեն հայերի հետ հարաբերությունների կարգավորումից, մեղադրելով, որ հայերը ոչինչ չեն ուզում ընդունել, միայն պահանջներ են ներկայացնում և այլն, և այլն... Կառավարությունն էլ կհերոսանա, թե ինչ դիմադրություն է ստիպված հաղթահարել հանուն եվրոպական արժեքների: Ինձ համար շատ զարմանալի են մեր դիվանագետների հայտարարությունները, թե նման քայլերը ներքին օգտագործման համար են: Ինչքան էլ ներքին օգտագործման համար լինեն, մարդիկ իրենց դիրքորոշումը ներկայացնում են հրապարակավ: Ալիևը, որ hիմա ասում է, թե երբևիցե չի համաձայնելու ԼՂ անկախ լինելուն, դա ընկալում ենք ներքին օգտագործման համար. ո՞նց կարող է մարդը մի անգամ չէ, 10 անգամ չէ, 100 անգամ ասի, հետո համաձայնի անկախությանը: Առավելագույնը, որ կարող է ասել` այն է, որ ինքը հասկանում է, որ Լաչինի միջանցք պիտի լինի, կարող է համաձայնել 5 կամ 10 տարի անց հանրաքվեի գաղափարին: Մենք էլ պիտի երջանիկ ասենք, որ հաղթեցինք` ադրբեջանցիները համաձայնեցին 5-10 տարի հետո հանրաքվե անելուն: Սա մեծագույն խայտառակություն է, որովհետև 5-10 տարի հետո ոչ ոք չգիտի` ինչ իրավիճակ կլինի: Բայց այսօր ուզում ենք ռեալ հողեր հանձնել` անորոշ հեռանկարի դիմաց: Այս քայլով մենք ջնջելու ենք մեր անցած ամբողջ իրավական և ռազմական ճանապարհը` սկսած 1988-ից, մեր բոլոր օրինական քայլերի վրա ուղղակի խաչ ենք դնում: Այս ամենից ելնելով` ես կարծում եմ, որ մադրիդյան սկզբունքները հայկական կողմի համար չեն...
-Հայ դիվանագիտությունը մադրիդյան սկզբունքները հարցի լուծման հիմքո՞ւմ է դնում:
-Այո, հենց դա է խնդիրը: Ես նույնպես ծանոթ եմ փաստաթղթերին ու գիտեմ` որոնք են նրբությունները: Ես գիտեմ սկզբունքները, որոնք հայկական կողմի համար ուղղակի անընդունելի են: Ինչի՞ շուրջ ենք բանակցում: Նրանք իրենց դիրքորոշումը հստակ հայտարարում են, իսկ մենք ասում ենք` չենք համաձայնի, որ Լեռնային Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում: Բայց Լեռնային Ղարաբաղն արդեն վաղուց Ադրբեջանի կազմում չէ: Արդեն քսան տարի: Ես, իսկապես, այդ տրամաբանությունը չեմ հասկանում: Ադրբեջանն էլ է իր սահմանադրությամբ դա վավերացրել: Երբ ես Ազգային ժողովում ներկայացրի առաջարկություն, որ Լեռնային Ղարաբաղը ճանաչվի, նկատի ունեի` ԱԺ-ն ընդունի, որ ԼՂՀ-ն օրինականորեն ձևավորված պետական միավոր է, անկախ է Ադրբեջանից և միջազգային իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է: Մենք դա պիտի ճանաչենք` Լեռնային Ղարաբաղի օրինական ճանապարհով անկախանալը և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չխախտելը: Բայց այդ սկզբունքը չընդունվեց, ու մինչև հիմա մենք դոփում ենք տեղում:
-Այսինքն` ստեղծվել է երկկողմանի սպասման վիճակ, երբ յուրաքանչյուր կողմ սպասում է ոչ թե ով կանի առաջին քայլը, այլ ով կանի առաջին սխալը:
-Իհարկե, շախմատում միշտ այդպես է. եթե դու չունես հարձակողական պլան և դիրքային խաղ ես խաղում...
-ՈՒրեմն` ֆուտբոլային դիվանագիտությունից անցել ենք շախմատայինի՞...
-Փաստորեն, սպասում ենք` հակառակորդը մի սխալ անի, որ այդ սխալից շարունակենք մեր խաղը: Դա էլ է մարտավարություն:
-Բայց դա նշանակում է ստատուս-քվոյի պահպանում, որը տարիներ շարունակ, լավ, թե վատ, եղել է, հիմա ակնհայտ է, որ ժամանակները փոխվել են, ու հնարավոր չէ պահպանել: Ելքը ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն է...
-Դա մեր վաղուցվա նպատակն է:
-Այո’, բայց դեպի այդ նպատակը գնացող ի՞նչ քայլեր ենք արել...
-Մենք որ ճանաչեինք, մեծ քայլ կանեինք...
-Մենք վախենում ենք ագրեսորի պիտակից: Փաստորեն, մենք վախենում ենք մեր հաղթանակից:
-Ագրեսորի խնդիր չկա: Եթե դուք ինչ-որ բան ռեալ ունեք, չպիտի հրաժարվեք` խնդիրը դա է: Եթե որոշակի ստատուս-քվո կա, որն ապահովում է անվտանգությունը և զարգանալու հնարավորություններ է տալիս, կորցնելու իրավունք չունենք, այլ խնդիր է` ինչպես ունեցած իրավիճակից անցնենք ավելի բարենպաստ իրավիճակի: Մեր բոլոր հնարավորությունները պիտի օգտագործենք, որպեսզի միջազգայնորեն ճանաչվի ԼՂՀ-ի անկախությունը: Այս հարցում, սակայն, արդեն իսկ հետընթաց ունենք: Ադրբեջանը քարոզչության աբսուրդ ձևեր օգտագործելով` հասնում է իր նպատակին, մենք զլանում ենք ճշմարտությունը ներկայացնել: Մենք համարում ենք, որ մենք հաղթել ենք, ու` վերջ: Մենք չենք ընկալել, որ հաղթողը նույնպես պիտի կարողանա իր ճշմարտությունը հաստատել: Այս ամենից ելնելով` կարծում եմ, որ հայ-թուրքական հարաբերություններում առաջիկայում փոփոխություններ չեն լինի, չնայած ԱՄՆ-ն է շահագրգիռ, Եվրոպան է շահագրգիռ, Ռուսաստանն էլ դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը: Թուրքերը մեծ ընդմիջում են վերցրել, որը պիտի անեինք մենք:
-Իսկ մենք կարող ենք ասել, որ մենք ենք դադար վերցրել. ադրբեջանցիներն էլ արձանագրեցին, որ մեր դիրքորոշումը կարծրացել է, թեպետ մենք ասում ենք, որ մեր դիրքորոշումը չի կոշտացել, ընդամենը հստակության պահանջ ենք դրել...
-Այո՛, նախագահը պիտի ասեր` ինչ պետք էր, ասաց և նրանց տրամադրությունը միանշանակ գցեց: Եվ թուրքերի, և ադրբեջանցիների, որովհետև նրանց թվում էր` մենք ճարահատ ենք ու անպայման ընդունելու ենք իրենց պահանջները... Այս ընդմիջումն անհրաժեշտ է, որ մենք հասկանանք նրանց դրդապատճառները, շահերը, ոչ միայն Հայաստանի նկատմամբ վարած քաղաքականությունը, այլև գլոբալ քաղաքականությունը, Կովկասյան տարածաշրջանի զարգացումները... Վերլուծենք` ինչ արեցին թուրքերը, երբ մենք ընդամենն ասացինք, որ իրենց պայմաններն ընդունելի չեն: Չնայած ես էլ եմ կարծում, որ նախապայմաններ ներկայացնողը միանշանակ հայկական կողմը պիտի լիներ:
-Մենք ասում ենք, որ մենք կողմ ենք հարաբերությունների նորմալացմանն առանց նախապայմանների: Բայց չէ՞ որ իրականում հենց դա նախապայման է:
-Այո, եթե դու հարևանիդ հետ ինչ-որ խնդիր ես ունեցել, պիտի այդ խնդիրը պարզաբանվի, որ իրականում հարևանությունդ շարունակես...
-Փաստորեն, մենք և՛ ուզում ենք կողմնակի քայլերով, այդ խնդիրը շրջանցելով, հարաբերությունների որոշակի մակարդակի հասնել, և՛ ուզում ենք այդ խնդիրը լուծված տեսնել: Ավելի ճիշտ չէ՞ սկսել գլխավոր հարցից` ի՞նչ ենք մենք ուզում Թուրքիայից, մեր հողե՞րը, մեր նահանգնե՞րը, մենք էլ ասում ենք` լավ, ցեղասպանություն ես արել, վատ ես արել, բայց փոխհատուցիր, մենք քեզ ներում ենք, թե՞ մենք ճանաչում ենք Կարսի պայմանագիրը, ինչ որ Թուրքիան է մեզնից ուզում, սահմանների դելիմիտացիան ենք ընդունում: Ի՞նչ ենք մենք ուզում, վերջապես ե՞րբ ենք մենք որոշակի պատասխանելու այդ հարցին` ի՞նչ ենք մենք հասկանում ցեղասպանության ճանաչում ասելով, ի՞նչ են հասկանում թուրքերը ցեղասպանության ճանաչում ասելով... Երբ այդ հարցերն իրենց պատասխանները ստանան երկու կողմերից, հայ-թուրքական հարաբերությունները կզարգանան, ինչքան էլ հարցադրումները ոչ դիվանագիտական են, գուցե դիվանագիտության մահն են, բայց անհրաժեշտություն են:
-Համաձայն եմ, այդ հայտարարություններով Դուք շատ ազնիվ ներկայանում եք աշխարհին, բայց հաշվի առնելով, որ հայկական կողմը, անդամակցելով ՄԱԿ-ին, ընդունել է այս սահմանները, Թուրքիան շատ հանգիստ ասելու է` ո՞ւր էիք այն ժամանակ... Ե՛վ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի վերապահում չի արվել... Երբ ես ասում եմ, որ կողմերը պետք է հուշագիր ստորագրեն, նկատի ունեմ, որ այդ հուշագրում բոլոր պահանջները պիտի արձանագրվեն երկու կողմից, որից հետո պիտի որոշվի` հնարավո՞ր է այդ հարցերը լուծել, ի՞նչ առաջարկներ ունեն երկու կողմերն էլ: Եթե չենք կարող, առժամանակ մի կողմ դնենք, գնանք ուրիշ ճանապարհով և փորձենք փոխհարաբերություններ ձևավորել, որից հետո, երբ վստահության մթնոլորտ կստեղծվի, կվերադառնանք այդ դժվար հարցերին: Բոլորն էլ պիտի իմանան, որ նման հարցադրումներ կան: Իսկ հիմա մենք ջայլամի քաղաքականությամբ ոչ մի բանի չենք հասնի: Պատկերացնենք` Թուրքիան ճանաչեց ցեղասպանությունը, ի՞նչ հետևանքներ է դա ունենալու, փոխհատուցումը ի՞նչ պիտի լինի` բարոյական, նյութական, տարածքային... Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն իր ստեղծման օրից ծրագրում ամրագրել է, որ մենք Հայ դատի պահանջատիրության կողմնակից ենք: Այլ քաղաքական գիծ մենք չենք տեսնում, բայց, ելնելով իրավիճակից, հասկանում ենք, որ դա մի օրվա հարց չէ, հրաժարվելու իրավունք չունենք, բայց չի նշանակում, որ մեռյալ կետի վրա պիտի կանգնենք-մնանք, պիտի շարժվենք առաջ: Իհարկե, եթե Թուրքիան այլ դրդապատճառներ չունենար, և մեծագույն ցանկությունը հայ-թուրքական հարաբերությունները զարգացնելը լիներ, անհամեմատ ավելի հեշտ կլիներ:
-Չե՞ք կարծում, որ իրականում աշխարհը չափից դուրս շատ է խառնվում հայ-թուրքական հարաբերություններին. երբ ԱՄՆ-ին պետք են այդ հարաբերությունները, որոշակի տեղաշարժ է սկսվում, երբ Ռուսաստանին պետք չեն, դադար է գրանցվում, եվրոպական պետությունների շահերն էլ, մի կողմից: Ի՞նչ է պետք` տնտեսական, քաղաքական, բարոյական, նյութական, մշակութային, ռազմական, որ մեր հարևանի հետ առանց միջնորդների մեր հարցերը լուծենք, թե՞ դա էլ է անհնարի ժանրից: Ի դեպ, նույն խնդիրն ունենք Ադրբեջանի հետ, գերտերությունների շահերը չլինեին, վաղուց մեր հարցերը հարթել էինք...
-Աշխարհաքաղաքական քարտեզը հիմա այնքան արագ է փոփոխվում, որ շատ բարդ է պատկերացնել, թե տեկտոնիկ շերտերը, ի վերջո, ինչպես են դասավորվելու, մեծ շարժ է սկսվել` մեծ դադարից հետո:
-Այո, բայց այդ տեկտոնիկ շարժն ավելի շատ բրոունյան շարժում է հիշեցնում...
-Աշխարհում համակարգային ճգնաժամ է, թեպետ նեոլիբերալները չեն ընդունում, որ իրենց գաղափարախոսությունն իրեն սպառել է, այլևս չի կարող նույնը շարունակվել, ֆինանսատնտեսական այս ճգնաժամն ապացուցեց, որ ֆինանսական սպեկուլյացիաները, որոնց հաշվին այսքան ժամանակ դիմացան, այլևս չեն կարող լինել: Մենք պետք է հասկանանք, որ վիճակը փոխվել է: Ինչ էլ փորձենք անել, շատ բարդ է լինելու, մենք չենք կարող խաղից դուրս լինել: Օրինակ` ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք հայ-թուրքական սահմանի բացումը: Հիմնական խնդիրը կոմունիկացիաներն են` տեղաշարժը դեպի Աֆղանստան ու Պակիստան, բոլոր մյուս ճանապարհները վտանգավոր են, պատահական չէ, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական առաջին այցերից մեկը Թուրքիա էր, որտեղ նա կարևորեց այդ երկրի դերը տարածաշրջանում: ԵՄ-ի ինչի՞ն է պետք: ԵՄ-ն շահագրգռված է ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ ձևավորելով, ունի իր տնտեսական շահը` բացվում է տրանզիտ ճանապարհ դեպի արևելք, որը զուգահեռ է Տրանսսիբին, արդյունքում Ռուսաստանի մենաշնորհն է վերանում... Շատ լուրջ խնդիրներ են շաղկապվում: Այդ տրանզիտը ոչ միայն դեպի Կենտրոնական Ասիա է տանում, ուր էներգակիրներն են, այլև Բանդարաբաս, Պարսից ծոց ու Հնդկական օվկիանոս: Հայաստանի փոքր տարածքը հանգուցային կետ է: Ցամաքային այլ ճանապարհ չկա, կա ծովային, որը հարմարությամբ չի փայլում: Մենք ունենք փայլուն լծակ այդ առումով: Ռուսաստանի ինչի՞ն է պետք: Ինքնին հասկանալի է, որ Թուրքիայի հետ միշտ հակադիր շահեր են ունեցել, այս պահին կարևոր է, որ Թուրքիան ավելի լոյալ լինի, երբ Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ խնդիրները լուծված չեն... Մենք ոչ մեկին պարտադրել չենք կարող, բայց կարող ենք խելամիտ քաղաքականություն վարել, որ օգտվենք այդ բոլորի շահերից` տեղափոխելով մեր դաշտ: Մենք դա կարող ենք անել: Ես համաձայն եմ, որ մեր հարևանների հետ առանց միջամտության մենք ավելի արագ ու հեշտ լեզու կգտնեինք, բայց կան այլ պետությունների շահերը, և դա է իրողությունը:
-Ամփոփենք` հայ-թուրքական սահմանը, Ձեր կարծիքով, ե՞րբ կբացվի: Արդյո՞ք մենք այդ իրողությանը շատ մեծ նշանակություն չենք տալիս, որ գուցե ուներ 15, 10, 5 տարի առաջ, բայց ոչ հիմա, թե՞ դա էլ սիմվոլիկ իմաստ ունի:
-Ցամաքային սահմանի բացումն ինձ բացարձակ չի հետաքրքրում, կարևորը երկաթգծի բացումն է, որն, իրոք, անհրաժեշտություն է, այդ պարագայում մենք կփակենք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման անհրաժեշտությունը, կդառնանք տրանզիտ տարածք, Եվրոպային և մյուս երկրներին ցույց կտանք, որ դա անհրաժեշտ քայլ էր, բայց բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է նաև Նախիջևանի տարածքով անցնող երկաթգիծը, նաև` Աբխազիայի: Եթե Նախիջևանը չի բացվում, կառուցում ենք ՀՀ-Իրան երկաթգիծը: Եթե դեպի Պարսից ծոց Եվրոպայից բեռները 5 ծովով են անցնում, երբ Կարս-Գյումրին բացվի, Եվրոպայից կգան Երևան, մնում է հասցնել Բանդարաբաս կամ Նախիջևանով, կամ ՀՀ-Իրան երկաթգծով: Այս նախագիծը դեռևս 1998-99-ին է մշակվել և հիմա էլ կարող է իրականացվել, բայց մեր դիվանագիտությունը լռում է... Մենք պիտի ունենանք աշխարհաքաղաքական զարգացումների հստակ վերլուծություն, որը մեկ մարդ անել չի կարող, դա մասնագիտական խմբի գործ է:
-Կարծում եք` ԱԳՆ-ում դա չի՞ արվում:
-Եթե արվում է, որևէ արդյունք պիտի երևա գործողություններից, մինչդեռ մենք ընդամենը մեկ-մեկ մեկնաբանում կամ հերքում ենք պարոնայք Գյուլին, Էրդողանին, Ալիևին, բայց մեր խոսքը չենք ասում:
-Գուցե ա՞յն պատճառով, որ Թուրքիան 70 միլիոն է, մենք` 3...
-Ոչ, նախ` մենք 10 միլիոն ենք, հետո էլ կարևորը քանակը չէ, ուղղակի Թուրքիան որպես պետություն վաղուց է ձևավորվել և ճիշտ ավանդույթներ ունի:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ