Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Եթե, Աստված ո՛չ անի, վերսկսվի պատերազմը, այս անգամ Ադրբեջանից մի բեկոր անգամ չի մնա, փշուր անգամ չի մնա»

«Եթե, Աստված ո՛չ անի, վերսկսվի պատերազմը, այս անգամ Ադրբեջանից մի բեկոր անգամ չի մնա, փշուր անգամ չի մնա»
10.10.2008 | 00:00

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ Ո՛Չ ԱՀ, Ո՛Չ ՄԱՀ, ԴՐԱՆՔ ԻՄ ՎԱՂԵՄԻ ԲԱՐԵԿԱՄՆԵՐՆ ԵՆ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Գեղանկարիչ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ գիտեն և սիրում են ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: Նկարչի աշխատանքները պահպանվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Վաշինգտոնի «Կանոն» ժամանակակից արվեստի ինստիտուտ-թանգարանում, Դետրոյտի «Ռիչարդ Մանուկյան» ցուցասրահում, Փարիզի «Արշիլ Գորկի» և «Գալըրի Դրուան» ցուցասրահներում, Նյու Ջերսիի «Զիմերլի» ժամանակակից արվեստի թանգարանում և աշխարհի մի շարք երկրների մասնավոր հավաքածուներում: Կարեն Սմբատյանն իր ժողովրդի ցավերի և ուրախությունների տերն է: Նրա հետ զրույցը դժվար էր սահմանափակել սեղմ շրջանակներում, քանզի ասելիքը՝ համեմված բուռն հուզականությամբ, ոչ մի կերպ չէր հասնում վերջակետի:
«ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆ ՏԱՐԵԼ, ԱՅՍՕՐ ՆՍՏԱԾ ԵՆ ԲԱՆՏՈՒՄ»
-Պարոն Սմբատյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ այսօր մեր իշխանություններն առիթը բաց չեն թողնում մշակույթի և գիտության գործիչներին արժանացնելու պատվավոր կոչումների, շքանշանների, այլևայլ պարգևների:
-Ես, առհասարակ, դեմ եմ ամեն տեսակի պարգևների, կոչումների: Կարծում եմ, դա անբնական բան է, սոցիալիստական մտածողության արդյունք: Նկարչի կոչումը, միայն այն, որ նա նկարիչ է ծնվել, արդեն իսկ կոչում է՝ շնորհված, արարված Աստծո կողմից: Ես գիտեմ շատ Ժողովրդական նկարիչների, ովքեր նկարել չգիտեն: Եվ գիտեմ որևէ կոչում չունեցող նկարիչների, ովքեր սքանչելի նկարիչներ են: Եղբա՛յր, ի՞նչ կոչում: Նկարիչը պետք է ազատ լինի էդ տեսակ բաներից: Ես ի սկզբանե հրաժարվել եմ նման կոչումներից: Իմ 75-ամյակին իմացել էի, որ նախարարությունում պատրաստվում են կոչում տալ, կտրականապես մերժեցի:
-Օրեր առաջ Սիլվա Կապուտիկյանի հիշատակին նվիրված արարողության առիթով պատմեցիք մի սրտաշարժ դեպք, որ պատահել էր Հալեպի հայկական դպրոցներից մեկում. Ձեզ մինչև արցունքները հուզել էր հայ երեխայի արտասանած «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը: Ի՞նչ եք կարծում՝ սփյուռքում հայրենասիրությունն իդեալիստակա՞ն կատեգորիա է, թե՞ մեր աշխարհասփյուռ հայրենակիցները գիտեն ու սիրում են հայրենիքն այնպիսին, ինչպիսին որ այն կա իրականում:
-Իհարկե, սփյուռքում երկու տեսակներն էլ կան: Տարեցները հայրենիքը պատկերացնում և սիրում են այնպիսին, ինչպիսին որ այն կա: Իսկ մանուկները, երիտասարդներն իդեալականացնում են: Նրանք, ի տարբերություն մեր երեխաների, ավելի շատ են լսում պատմության դասերը, իմանում մեր պատմական հերոսների մասին՝ սկսած նախաքրիստոնեական ժամանակներից մինչև Սարդարապատի ճակատամարտը: Նրանք այդ ամենը գիտեն և զարմանում են, որ այստեղի երեխաները չգիտեն: Իսկ մեծահասակները, ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ, գրեթե նույն տեսակի մարդիկ են: Նրանք մեծ մասամբ հոռետես են, մի բան, որ ես չեմ ընդունում: Հոռետեսությունն ինձ համար օտար զգացողություն է: Դեռ արցախյան պատերազմը չէր սկսվել, մարդիկ իրար ասում էին՝ ի՞նչ պատերազմ, ո՞վ կգնա պատերազմ, ոչ մեկս էլ չի գնա: Բայց գնաց ամբողջ ժողովուրդը, ամբողջ երիտասարդությունը: Ես էլ գնացի: Եվ տեսա, որ մարդիկ ոտքի են կանգնած: Մայրս Վանի պաշտպանության ժամանակ երեխա էր եղել և պատմում էր, որ բոլոր մարդիկ, նաև՝ երեխաները, ոտքի էին կանգնել՝ պաշտպանելու իրենց հողը: Յուրաքանչյուր 3-4 երեխային բաժին էր ընկնում մեկ որսորդական հրացան, և նրանք այդ մեկ հրացանով դուրս էին գալիս կռվելու: Քեռիս պատմում էր, որ հայերը ստեղծել էին զարհուրելի ձայն հանող մի թնդանոթ, որի կրակոցից թուրքերը սարսափահար փախչում էին, իսկ հայերն անցնում էին հարձակման ու անում իրենց գործը: Նույնը կրկնվեց Արցախի պատերազմում: Նույն բանը ես տեսա Կոռնիձորում, 1989 թվին, երբ նոր էին սկսվել սահմանամերձ բախումները: Վեց-յոթ մտավորականներով, որոնց թվում էր նաև հանճարեղ գիտնական Վարագ Առաքելյանը (հազա՜ր ողորմի նրան), գնացել էինք Կոռնիձոր՝ մասնակցելու պաշտպանական կռիվներին: Կռվելու բախտ չվիճակվեց: Մենք այնտեղ էինք գտնվում այն պահին, երբ թուրքերը (միայն թուրքերը չէին, ռուսներն էլ էին նրանց կողքին), մինչև ատամները զինված, պատրաստվում էին հարձակման: Իսկ մենք զենք չունեինք: Ընդամենը մի քանի որսորդական հրացան էր: Բայց փոխարենն ունեինք ոգի, կռվելու պատրաստակամություն, թշնամուն դիմագրավելու, հաղթելու կամք: Քաջագործություն անելու ինչ-որ զարմանալի տենդենց կար երիտասարդների մեջ: Ընդ որում, կռվողների մեջ և՛ տղաներ կային, և՛ աղջիկներ, և՛ դպրոցական երեխաներ: Մի դասարանին բաժին էր հասել հինգ հրացան, բայց երեխաները դուրս էին ելել կռվելու: Իսկ հիմա մեր մեջ արմատացել ու տարածվում է պարտվողի հոգեբանությունը: Ավելին, մարդիկ, ովքեր հաղթանակ են տարել, այսօր նստած են բանտում: Տարօրինակ է` Սմբատ Այվազյանը, այդ հրաշալի երիտասարդը, այդ հրաշալի տղամարդը, որ կազմակերպել է Կոռնիձորի պաշտպանությունը, բանտում է:
«Ի՞ՆՉ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ՀԱՆՑԱ՞ՆՔ ԵՆ ԳՈՐԾԵԼ, ՈՐ ՆԵՐՈՒՄ ՍՏԱՆԱՆ»
-Օրեր առաջ հանրապետության նախագահն ուղերձով դիմեց խորհրդարանին և հայ ժողովրդին: Շատերը նրանից սպասում էին համաներման մասին հայտարարություն, բայց այն չարվեց: Դուք հիասթափվա՞ծ եք այդ փաստից:
-Ի՞նչ համաներում, ինչո՞ւ համաներում, ի՞նչ է պատահել: Հանցա՞նք են գործել, որ ներում ստանան: Այդ մարդկանց արածը պարզապես ազգային գիտակցության, ազգային ինքնագիտակցության ելույթներ էին, որ դաժանորեն պատժվեցին: Պատժվեցին ավելի դաժանորեն, քան կարող էր լինել խորհրդային իշխանության օրոք: Այն ժամանակվա քարտուղարները՝ Զարոբյանը, Քոչինյանը, Դեմիրճյանը, կարգին մարդիկ էին, հայրենասեր էին: Նրանք նման բան չէին կարող անել: Բայց այսօր մեր ազատ անկախ Հայաստանում կատարվեց դաժանագույնը. նայեցին դեմ-դիմաց կանգնած մարդկանց աչքերի մեջ ու սպանեցին, գնդակահարեցին տասը մարդու: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ գնահատական տամ այս խայտառակությանը:
-Իսկ մարտյան դեպքերի առիթով ստեղծված հանձնաժողովը կկարողանա՞ տալ այդ գնահատականը, մինչև վերջ բացահայտել աղետալի գիշերվա առեղծվածները:
-Այդ հանձնաժողովն ընդամենը շիրմա է: Ավելի քան կես տարի է անցել, ո՞ւր են բացահայտումները: Ալրաղացի Լյովը (Ձեր ներկայությամբ չեմ կարող հայհոյել) մարդ է սպանում ու անհետանում է: Բա ո՞ւր էին այդ մարդիկ Ղարաբաղի պատերազմի ժամանակ: Ինչո՞ւ պատերազմի ժամանակ 12-13 տարեկան աղջիկ-տղաները կռվում էին, իսկ այդ մարդիկ չկային: Որովհետև դրանք այն մարդկանց հարազատ զավակներն են, որոնք լցված էին ամենայն չարությամբ՝ հանդեպ սեփական ժողովուրդը, սեփական պատմությունը, սեփական իրականությունը, սեփական այսօրը: Այլ կերպ ասած՝ դրանք հոռետեսներ են, որոնցից ոչինչ հնարավոր չէ սպասել: Հոռետեսը ոչնչի ընդունակ չէ, չի կարող խելահեղորեն մղվել դեպի որևէ քաջագործություն, դեպի որևէ բարի ու մեծ գործ: Դրանք միայն ընդունակ են նենգության, ստորության: Ամեն հարց լուծում են կաշառքի, քծնանքի միջոցով: Հասարակ մարդիկ են քաջագործները, հերոսները: Պարզ, միամիտ, դյուրահավատ մարդիկ:
«ՄԵՐ ԱԶԳԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍՆ ԱՌՈՂՋ ԿՈՐԻԶՆ Է»
-Մեր հասարակության մեջ գերակշռողներն ովքե՞ր են, այդ պարզ, միամիտ, դյուրահավատ մարդի՞կ, թե՞ հոռետեսները:
-Մեր ազգի գերակշիռ մասն առողջ կորիզն է: Բայց որովհետև դյուրահավատ են, հավատում են վատին: Բայց այդ նույն մարդիկ էին, չէ՞, որ լցվեցին հայրենասիրությամբ, անձնվիրությամբ, գնացին-կռվեցին ու հաղթեցին: Այստեղ իմաստնության և ոչ իմաստնության խնդիր կա: Օրինակ՝ արվեստագետներս ինչ-որ տեղ իմաստուն ենք, ինչ-որ չափով ապահովագրված ենք հոռետեսական զգացումներից: Իսկ սովորական մարդիկ այդպիսին չեն, նրանք ենթարկվում են իրավիճակի թելադրանքին: Բայց և կարողանում են ըմբոստանալ, մաքառել: Մեր ամբողջ ազգն իր պատմության բոլոր փուլերում առողջ կորիզի վրա է հենված եղել, այլապես մենք չէինք լինի: Այդպիսին ենք:
«ԱՐՑԱԽՅԱՆ ՈՐԵՎԷ ԽՆԴԻՐ ԱՅՍՕՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ ԱՅԴ ԽՆԴԻՐ ԿՈՉՎԱԾԸ ՈՐՈՃՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ»
-Այդ առողջ կորիզի շնորհիվ, ինչպես նշեցիք, մենք պայքարեցինք և հաղթեցինք արցախյան պատերազմում, բայց այսօր որոշ շրջանակներում մեզ ներկայացնում են որպես ագրեսորների, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտած պետության: Աշխարհի հզորներն էլ կարծես թե դեմ չեն հավատալու նման բարբաջանքներին: Այս ջրաղացին լցվող ջուրն ո՞ւր կարող է հասցնել ղարաբաղյան հիմնահարցի ճակատագիրը:
-Սիրելի՛ս, արցախյան որևէ խնդիր այսօր գոյություն չունի: Արցախի խնդիրը լուծել է ինքը՝ հայ ժողովուրդը՝ արցախյան հատվածի հետ միասին: Դա լուծվեց մեր հաղթանակի պահին: Վե՛րջ: Այս խնդիրը սարքում են նավթարդյունաբերողները, մեծահարուստները: Այդ խնդիր կոչվածը որոճում են բարձր ատյաններում՝ սրիկաների, այլանդակների դրդմամբ: Գլխավոր որոճացողներն էլ Ադրբեջանն ու Թուրքիան են, որոնք աշխարհի հզորներին տալիս են խոստումներ՝ գազի, նավթի, էլ չգիտեմ՝ ինչի: Ես եղել եմ շատ երկրներում, Արցախի թեմաներով զրուցել եմ շատ-շատերի հետ (Արցախի թեման մշտապես ինձ հետ է), բոլորը հիացած են Հայաստանով, հայ ժողովրդի հաղթանակով:
-Ինչո՞վ ենք հատկապես հիացնում այլազգիներին:
-Միայն մեկ դեպք պատմեմ և երևի թե դրանով պատասխանած կլինեմ Ձեր հարցին: Տարիներ առաջ (հավանաբար՝ 1971 թիվն էր) «Պիոներ» ամսագրում գլխավոր նկարիչ էի աշխատում: Գլխավոր խմբագիր Անահիտ Սահինյանն իր աշխատասենյակից զանգահարեց իմ աշխատասենյակ և ասաց, որ Լենինգրադից եկել է մի երիտասարդ, որին ընդունելու, հյուրընկալելու հարցով նպատակահարմար է, որ ես զբաղվեմ: Գնացի Սահինյանի աշխատասենյակ, տեսա այդ երիտասարդին, որն Իոսիֆ Բրոդսկին էր, ում մասին ես ոչինչ չգիտեի: Նա ինձնից մի քանի տարով երիտասարդ էր, մի քիչ բարձրահասակ, կարմրավուն գանգուր մազեր ուներ: Ինձ տեսնելով՝ ոտքի կանգնեց, մեկնեց ձեռքը և ազնվական խոնարհումով ներկայացավ: Գնացինք իմ աշխատասենյակ: Իմացա, որ Լենինգրադում աշխատում է «ԽՏրՑպՐ» ամսագրում և եկել է Հայաստան՝ մեր երեխաների նկարները տանելու՝ իր ամսագրում տպագրելու համար: Ես էլ շատ հպարտ էի ինձ զգում մեր երեխաներով, որովհետև նրանք այն ժամանակ Միության լավագույն նկարիչներն էին: Բրոդսկին ապշած էր այդ նկարներով: Արդեն մտերմացել էինք, և ես նրան հրավիրեցի մեր տուն՝ տեսնելու նաև իմ նկարները: Կինս գեղեցիկ սեղան էր պատրաստել: Խմեցինք միասին (ես գինի շատ եմ սիրում, պարզվեց, որ ինքն էլ է սիրում)։ Հետո Բրոդսկին ցանկացավ զբոսնել: Ապրում էինք Երևանյան լճի ափին, և որպեսզի հասնեինք լճափ, պետք է անցնեինք մեր հողամասի միջով: Իսկ այդ ժամանակ հայրս և Սամվել եղբայրս հողամասում խոզաբույն էին սարքում: Եղբայրս աշխատում էր ու երգում Բիթլզ` «Yesterday»: Բրոդսկին ապշահար նայեց ու ասաց. «Տե՜ր Աստված, խոզաբույն սարքողը «Yesterday» է երգո՞ւմ ձեզ մոտ»: Ասացի` «Նա խոզաբույն սարքող չէ, հեռուստատեսության աշխատող է: Ռեժիսոր է, թե խմբագիր, ճիշտն ասած, լավ չգիտեմ»: Դա է՛լ ավելի զարմացրեց Բրոդսկուն. «Ինչպե՞ս, հեռուստատեսության աշխատողը խոզաբո՞ւյն է սարքում»: Շշմել էր, կարկամել: Հետո հասանք Երևանյան լճին ու սկսեցինք քայլել ափով: Բրոդսկին ասաց. «Կարե՛ն, ես պարզեցի, որ աշխարհի ամենահետաքրքիր, ամենալավ երկիրը Հայաստանն է: Եղել եմ շատ երկրներում, բայց ոչ մի տեղ այսպիսի աուրա չեմ տեսել: Անգամ դատարկ տարածությունը լիքն է այդ աուրայով: Հայաստանն աուրայի երկիր է: Եվ պատահական չէ, որ Նոյ նահապետը կանգ առավ Արարատ լեռան գագաթին՝ Հայաստանի կենտրոնում: Պատահական ոչինչ չկա: Աշխարհում ամեն ինչ պատճառաբանված է»: Նորից անդրադառնամ այս օրերին. պատահական չէր և մեր հաղթանակը Արցախի պատերազմում: Եթե, Աստված ո՛չ անի, վերսկսվի այն, այս անգամ Ադրբեջանից մի բեկոր անգամ չի մնա, փշուր անգամ չի մնա:
-Ի՞նչ հիմքով եք դա ենթադրում:
-Մեր ժողովրդին հարկավոր է ժամանակակից ուժեղ զենք: Դրա հիմքը մենք ունենք, դա մեր բարձր գիտական ներուժն է: Ես չափազանց կարևորում եմ մեր ազգի ակադեմիական ներուժը: Մեզ հարկավոր է սոցիալ-տնտեսական բարգավաճ վիճակ, որը մենք կունենանք, չեմ կասկածում: ՈՒզած-չուզած՝ պիտի ունենանք, ուրիշ ելք չկա: Մենք ունենք տարածաշրջանում ամենաուժեղ բանակը՝ արցախյան բանակի հետ միասին: Բավական չե՞ն այսքան հիմքերը: Եվ ամենագլխավորը՝ մեզ հետ է Աստված, մշտապես: Առաջինը մենք ենք ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, և դա պատահական չէ: Մենք ենք պաշտպանել քրիստոնեությունը՝ շրջապատված այլևայլ մուսուլմանական պետություններով: Ես մտածում եմ, որ Աստված ոչ թե ինչ-որ ենթագիտակցական կամ գիտակցական, այլ իրական երևույթ է: Ես ամեն առավոտ աղոթում եմ առ Աստված, առ Հիսուս Քրիստոս, առ Տիրամայր, առ Սուրբ խաչ: Եվ իմ ձայնը նրանց լսելի է: Պատահական չէր, որ (մատնացույց է անում Լուսինե Գրիգորյանին, ով ներկա էր և հետևում էր մեր զրույցի ընթացքին - Կ. Ռ.) ես բազմաթիվ էսքիզներ էի անում երեխային՝ մանուկ Հիսուսին նկարելու համար: Այդ գործն ստացվում էր շատ արագ: Իսկ Տիրամորը նկարելու մասին չէի մտահոգվում: Կարծում էի, որ սովորական կին է, որևէ մեկի նմանությամբ կնկարեմ: Բայց այս գեղեցկուհին իմ արվեստանոցում հայտնվեց Աստծո կամոք, և դա եղավ այն պահին, երբ պիտի սկսեի այդ մեծ կտավը: Ես փառք տվեցի մեր Տիրոջը, ով ուղարկեց ինձ մոտ Տիրամոր կերպարը կրողին:
«ՈՒԹՍՈՒՆԻՆ ՄՈՏ ԵՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ ԱՆՆՈՐՄԱԼԻ ՆՄԱՆ»
-Այդ կտավը ստեղծվել է 2004-ին: Այս օրերի՞ն ինչ թեմաներ են զբաղեցնում Ձեզ ներկապնակի առջև:
-Բազմաթիվ թեմաներ: Այնքան շատ թեմաներ ունեմ, որ դժվարանում եմ թվարկել: ՈՒթսունին մոտ եմ, բայց աշխատում եմ աննորմալի նման: Հասկացել եմ, որ ինձ տրված է նկարելու առաքելություն, և այն իրագործելու համար ժամանակի կարիք ունեմ, ու այդ ժամանակը տալիս է Աստված: Ինձ համար գոյություն չունեն ո՛չ ահ, ո՛չ մահ: Այդ հասկացություններն իմ վաղեմի բարեկամներն են, դրանց մասին չեմ էլ մտածում: Նոյեմբերի 22-ին բացվելու է իմ անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացնելու եմ հին և նոր գործերս: Հիմնականում կլինեն այն գործերը, որոնք ես վերարտադրել եմ որպես ինքնադիմանկար: Լինի կնոջ դիմանկար, լինի նատյուրմորտ, թե մեկ այլ բան, դրանք բոլորն իմ ինքնադիմանկարներն են: Ինչ իմ էությունն է, այդ եմ նկարել: Ինձ թվում է, որ սա լինելու է իմ ամենահետաքրքիր ցուցահանդեսը: Պատրաստվում եմ շատ հանգիստ, առանց որևէ խուճապի, առանց ավելորդ շտապողականության: Առավոտ շուտ գալիս եմ արվեստանոց, աշխատում ամբողջ օրը: Օրինակ, վերջին չորս օրերին աշխատում եմ մի շրջանակի վրա: Ես խստապահանջ եմ. կա նկար, որը պիտի ունենա իր յուրահատուկ շրջանակը: Ահավասիկ, այդպիսի մի շրջանակ եմ հիմա պատրաստում, որը կտեսնեք ցուցահանդեսում:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 7038

Մեկնաբանություններ