«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱՅԻՑ ԱՎԵԼԻ ՏԵՂՈՒՄՆԵՐ

ՓԵՏՐՎԱՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ՆՈՐՄԱՅԻՑ ԱՎԵԼԻ ՏԵՂՈՒՄՆԵՐ
08.02.2011 | 00:00

Կլիմայի փոփոխությունը նոր երևույթ չէ։ Երկրի ջերմաստիճանը միշտ էլ փոփոխական է եղել։ Իրավիճակը կտրուկ փոխվեց 20-րդ դարի սկզբին, երբ համամոլորակային միջին ջերմաստիճանը բարձրացավ 0,7 աստիճանով, որից միայն 0,5 աստիճան բարձրացումը տեղի ունեցավ 1978 թ. հետո։ Ըստ փորձագետների՝ համաշխարհային միջին ջերմաստիճանը կշարունակի աճել, և առաջիկա 100 տարիներին կանխատեսվում է 1,4-5,8 աստիճան բարձրացում։
Կլիմայի փոփոխության պատճառները երկուսն են՝ բնական և անթրոպոգեն (մարդածին)։ Կլիմայի բնական փոփոխությունների պատճառներից մի քանիսը կապված էին Երկրի ուղեծրի անոմալիաների, հրաբխային ակտիվության հետ։ Մարդածին պատճառները գլխավորապես կապված են մարդու կողմից էներգիայի ստացման համար հանքային վառելիքի այրման հետ, որն առաջացնում է ջերմոցային գազերի արտանետումներ։
Բնականաբար, կլիմայական փոփոխություններն անհետևանք մնալ չեն կարող։ Դրանք ազդում են ինչպես էկոհամակարգի, այնպես էլ մարդու գործունեության տարբեր բնագավառների վրա։
Գլոբալ տաքացման դեմ պայքարում համատեղ ջանքեր են անհրաժեշտ, մինչդեռ համաշխարհային հանրության շրջանում արդյունավետ համագործակցություն չկա. յուրաքանչյուր երկիր իր շահերն է պաշտպանում:
ՄԱԿ-ին կից Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը 2010 թվականը ճանաչել է ամենատաք տարի դիտարկումների ողջ պատմության ընթացքում: 2010-ի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է 14,53 աստիճան, որը 0,53 աստիճանով բարձր է 1960-1990 թթ. ժամանակահատվածի միջին ցուցանիշից:
Նույն օրինաչափությունը դիտվում է նաև Հայաստանի Հանրապետությունում։ Եղանակային անակնկալներն անհանգստության առիթ են դարձել։ Անսպասելի տաք դեկտեմբերից և հունվարից հետո օդերևութաբանները նշում են, որ փետրվարի 1-ից ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի, ամենուրեք կդիտվի ձյուն:
Փետրվարի 1-ից տեղումները կլինեն մինչև 15 մմ, ձյան ծածկույթ հանրապետության ողջ տարածքում կլինի փետրվարի 1-ից հետո: Ըստ կանխատեսումների՝ փետրվարին սպասվում են նորմայից ավելի տեղումներ: Լեռնային շրջաններում կդիտվեն մինչև 70 մմ տեղումներ, մայրաքաղաքում և հովտային շրջաններում՝ մինչև 30 մմ: Հունվար ամսի համեմատ փետրվարին ջերմաստիճանը կլինի մեկ աստիճանով ցածր: Առաջին տասնօրյակը կլինի ամենացուրտը: Արարատյան դաշտավայրում ջերմաստիճանը կնվազի՝ գիշերը հասնելով մինչև -10-12 աստիճանի: Ցերեկը կլինի մինչև 1 աստիճան տաքություն: Նշենք, որ անձյուն, տաք ձմեռ Հայաստանում եղել է 1937, 1938, 1963, 1966 թվականներին:
Հայաստանը, լինելով կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ և Կիոտոյի արձանագրությունը վավերացրած երկիր, իրականացնում է ռազմավարություն՝ ավելի բարելավված շրջակա միջավայր ապահովելու համար: Այդ ռազմավարության մեջ մտնում են անտառային տարածքների պահպանումը, ծառատունկը, ջրային ռեսուրսների պահպանումը: Վերջինս հատկապես կարևոր է, քանի որ գլոբալ տաքացման հետևանքով մինչև 2030 թվականը սպասվում է ջրային ռեսուրսների կրճատում 6-8 տոկոսով:
Համաշխարհային վիճակագրությունը վկայում է նաև, որ տարեցտարի աճում է հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախությունը։ Աշխարհում տարեկան մարդկային զոհերի 40 տոկոսը պայմանավորված է հենց հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներով, իսկ դրանցով պայմանավորված տարեկան տնտեսական վնասները 1990-94 թթ. կազմել են մոտ 43 միլիարդ դոլար։ Սկսած 1995 թվականից՝ դրանք գնահատվում են 180 միլիարդ դոլար։ Մասնավորապես ՀՀ տարածքում 2000 թ. երաշտից տնտեսությանը հասցված վնասը կազմել է 40 միլիոն դոլար, 2002 թ. դեկտեմբերին դիտված աննախադեպ ցրտերի (-28, -32 աստիճան) պատճառով Արարատյան դաշտի այգեգործությունը և խաղողագործությունը կրել են 25 միլիոն, իսկ 2004-ին՝ կարկտահարության, ջրհեղեղների, ցրտահարությունների, ուժեղ քամիների հետևանքով՝ 28 մլն դոլարի վնաս։
Հայաստանի համար 2030, 2070, 2100 թթ. կտրվածքով կանխատեսումներ են արվել, որոնք պայմանավորված են նաև համաշխարհային զարգացումներով։ Հիմնական կանխատեսումն այն է, որ մինչև 2030 թվականն օդի ջերմաստիճանը բարձրանալու է մինչև 1,8 աստիճանով, տեղումները նվազելու են 8-10 տոկոսով, բացի այդ, խախտվելու է նաև տեղումների սեզոնայնությունը։ Շոգ օրերի թիվն ամռանն ավելանալու է, ձմեռը լինելու է մեղմ, գարունը՝ չորային, իսկ աշունը՝ ավելի անձրևոտ։ Կընդլայնվեն անապատային և կիսաանապատային գոտիները։ Անտառային գոտու ստորին սահմանը կբարձրանա, իսկ ալպյան գոտու տարածքը կփոքրանա։ Սպասվում է հացազգիների, բանջարանոցային և մրգատու մշակաբույսերի արդյունավետության, ինչպես նաև անասնապահության արտադրողականության նվազում։
Նշենք, որ Հայաստանի տարածքում առկա 9500 փոքր և միջին գետերի հոսքը խիստ զգայուն է կլիմայական փոփոխության և տատանումների նկատմամբ։ Օդի ջերմաստիճանի աճը և տեղումների քանակի նվազումը կավելացնեն գոլորշիացումը և կնվազեցնեն ձնածածկույթը, գետերի հոսքն ու ջրամբարների պաշարները։ Հայաստանի գետերի մեծ մասի սնուցումն իրականացվում է ձնհալի միջոցով, որն ապահովում է գետերի հոսքի 20-40 տոկոսը։ Ըստ փորձագիտական կանխատեսումների՝ 1961-1990 թթ. ընթացքում ձնածածկույթի ձևավորման և հալոցքի պատկերը փոխվել է, ինչի հետևանքով Հայաստանում ձյան տեսքով ջրային պաշարները պակասել են 5-10 տոկոսով։ Հայաստանի գետերի ընդհանուր հոսքը 2030 թվին կպակասի մոտ 7, իսկ 2100-ին՝ 24 տոկոսով։ Ձյան ծածկույթի նվազման տեսակետից առավել խոցելի են Ախուրյան, Արփա, Ազատ, Հրազդան և Քասախ գետերի ավազանները։
Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանի ջրային պաշարների խոցելիությունը կունենա նաև սոցիալ-տնտեսական հետևանքներ։ Այն կազդի գյուղատնտեսության, հիդրոէներգետիկ համակարգի վրա։ Ջրի պակասը կփոփոխի երկրի հիդրոէներգետիկ ներուժը՝ վտանգելով սեփական էներգառեսուրսներից էներգիայի ստացման հնարավորությունը։
Այս մարտահրավերները հաշվի առնելով՝ մասնագետները խորհուրդ են տալիս Հայաստանի ջրային պաշարների վրա կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությունը մեղմելու համար ձեռնարկել պատշաճ միջոցներ, նոր ջրամբարների կառուցման միջոցով մեծացնել գետերի ձմեռային և գարնանային հոսքերի կուտակման տարողունակությունը, ջրի կորուստների պակասեցման նպատակով վերակառուցել ոռոգման համակարգերը, ներդնել ոռոգման ջրախնայող մեթոդներ, նվազեցնել Սևանա լճից ջրի բացթողումը ոռոգման և էներգաարտադրության նպատակով, խնայել և ողջամիտ օգտագործել ջուրը տնտեսության բոլոր ճյուղերում։
Կլիմայի փոփոխությունն ունի նաև առողջապահական ռիսկեր։ Շոգ օրերի ավելացման պատճառով կանխատեսվում է սրտանոթային հիվանդությունների, աղիքային ինֆեկցիաների աճ։ Նման պայմաններում կարող են ի հայտ գալ նաև տարածաշրջանի համար ոչ տիպիկ փոխանցվող հիվանդություններ, որոնց դիմակայելու հնարավորությունները շատ փոքր են։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ