«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

«ԽՈՒԼԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ»

«ԽՈՒԼԵՐԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐ ՉԵՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԺԵՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ»
14.12.2010 | 00:00

«Սա նույնպես խոսելաձև է. խոսողը խոսում է բառերով, խուլը խոսում է ժեստերով: Մենք ընդամենը լսողության հետ կապված խնդիրներ ունենք»,- կարծում է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահ ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Նա մինչև երեք տարեկան հասակը լսողության հետ կապված խնդիրներ չի ունեցել: Կրտսեր եղբայրը` նույնպես, մինչև 12 տարեկան խոսել և լսել է, միևնույն ժամանակ` հաճախել խոսող երեխաների դպրոց, որից հետո միայն լսողությունն սկսել է վատանալ:
Հանրապետությունում ներկայումս բնակվող ավելի քան 2500 խուլ բացարձակ անտարբերության է մատնված պետության կողմից, բազմաթիվ խնդիրներն ու խոչընդոտները նրանք հաղթահարում են միայնակ, սեփական ուժերով: Միավորման աշխատակիցների հավաստմամբ` թեև վերջին մի քանի տարիներին մի փոքր բարելավվել էր խուլերի սոցիալական վիճակը, բայց երկրի սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով նրանք նորից անելանելի վիճակում հայտնվեցին: «Որպես հաշմանդամ մարդիկ, նրանք զրկված են աշխատելու հնարավորությունից, որքան էլ խելացի և գրագետ լինեն, միևնույն է, նրանց ոչ ոք աշխատանք չի տալիս»,- մտահոգ ասում է Գրիգոր Գրիգորյանը:
Չլսող և չխոսող այս մարդիկ, սակայն, օժտված են մի շատ կարևոր հատկանիշով. թեկուզ լուռ և անխոս` նրանք պայքարելու, ձգտելու կամք և ուժ ունեն: Այդպիսին է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նախագահը` ապագայի հանդեպ մեծ հույսերով և լավատեսությամբ: Նա համոզված է, որ մի օր ամեն ինչ փոխվելու է, որ խուլերն էլ մի օր ուշադրության են արժանանալու, աշխատելու և ապրելու են բարեկեցիկ կյանքով:
Խուլերի միավորման վարչության թարգմանչուհի Անուշ Սարգսյանի խոսքով` «խլությունը լինում է կամ ձեռքբերովի, կամ ի ծնե»: Միավորումում այդ երկու դեպքերը հարաբերական են. քիչ չեն մարդիկ, որոնք լույս աշխարհ են եկել խուլ ծնողներից և օժտված են լսելու, խոսելու կարողությամբ, և հակառակը` կան խուլեր, որոնք ծնվել են լսող ծնողներից: Նախկինում խուլերը շատ էին արգելքների հանդիպում, դժվարություններ ունենում հասարակական վայրերում: Հիմա փոխվել են ժամանակները, մարդիկ ավելի շատ են տեղեկացված խուլերի մասին` «եթե լսող մարդը խելացի է, հասկանում է, որ իր կողքին ապրում են խուլ մարդիկ, և նրանք սովորական մարդիկ են»:
Կազմակերպությունում գրանցված խուլերի 30 տոկոսն անապահով է: «Ինչպես կարող են լավ ապրել, եթե աշխատանք չունեն: Մեր կազմակերպությունում աշխատում է 20 խուլ, բայց, ցավոք, դրանով հարց չի լուծվում: Թեև երբեմն գտնվում են մարդիկ, որոնք աջակցում են մեզ աշխատանքի տեղավորման հարցում, սակայն դա շատ հազվադեպ է լինում»,- ասաց միավորման նախագահը:
Գրիգոր Գրիգորյանին ամենից շատ մտահոգում է այն, որ խուլերի համար զեղչեր նախատեսված չեն, ինչն ավելի է ծանրացնում վերջիններիս հոգսը: «Միավորումը ինքնաֆինանսավորվող կառույց է, մենք միայն կարողանում ենք գոյատևել, ոչ ավելին: Եթե պետությունը մեր կազմակերպությանը զեղչեր տրամադրեր, շատ կհեշտանար խուլերի կյանքը, մանավանդ որ չաշխատողներ շատ ունենք: Նախկինում կիրառվում էին նման զեղչեր, այժմ` ոչ: Ամբողջ աշխարհում խուլերի համար զեղչեր գոյություն ունեն (հոսանքի, տրանսպորտից օգտվելու), միայն Հայաստանում չկա»,- ցավով նշեց Գրիգոր Գրիգորյանը: Ճիշտ է, թոշակը թեև ժամանակին են տալիս, բայց այնքան չնչին է, որ չի բավականացնում նույնիսկ «նվազագույն ծախսերին»: Գրիգորյանը դժվարացավ հիշել, թե երբ են վերջին անգամ խնդրանքով դիմել պետական ատյաններին և մնացել անպատասխան: Խնդրանքները եղել են տարբեր բնույթի, ամենակարևորներց մեկն անվճար բուժսպասարկմանն էր առնչվում:
Խուլ-համրերին հուզող հաջորդ խնդիրը ինֆորմացիայի, տեղեկատվության պակասն է: Նրանք բացարձակապես անտեղյակ են, թե ինչ է կատարվում երկրում, որտեղ ապրում են: Նրանք խնդրում են հեռուստատեսությամբ գոնե լրատվական հաղորդումները հեռարձակել թարգմանչի օգնությամբ, որպեսզի խուլ մարդն էլ իրազեկվի երկրում կատարվող իրադարձություններին: 31-ամյա Աննան, որը լսողության հետ կապված խնդիրներ ունի, բուհն ավարտելուց հետո աշխատանքի է տեղավորվել միավորման վարչությունում` որպես խուլերի հարցերով հրահանգիչ: Լինելով գրագետ մարդ, նա փոքրիշատե տեղեկացված է, թե ինչ է կատարվում իր շուրջը: Նույնը չի կարելի ասել մյուս խուլ-համրերի մասին, որոնք մշտապես ինֆորմացիայի պակաս ունեն։ Միավորման կադրերի տեսուչ Մարիետայի խոսքով` ինֆորմացիայի աղբյուր գրեթե չունեն խուլերը: Մի ժամանակ հեռուստատեսությամբ լուրերը հեռարձակվում էին թարգմանչի օգնությամբ, և խուլերը որոշ չափով իրազեկ էին ամեն ինչին: Ֆինանսական պատճառներով դադարեցվեց դա: Դասվելով անաշխատունակ մարդկանց թվին և որպես անապահով խավ, վերջիններս, բնականաբար հնարավորություն չունեն նաև թերթեր գնելու, տեղեկություն ստանալու, իսկ եթե գնում էլ են, միևնույն է, չեն ընկալում գրված ինֆորմացիան այնպես, ինչպես հարկն է, որովհետև մեկնաբանության և բացատրության կարիք ունեն:
Խուլերի միավորումը հիմնադրվել է 1932 թվականին: Սկզբնական շրջանում այն փոքր տարածք է եղել, չի ունեցել ոչ մի սեփականություն: Այնուհետև, 1936-ին նրանց համար ստեղծվել է առաջին կոմբինատը` կոշիկի արտադրամասը: 1941 թվականին բացվել է ևս մեկ կոմբինատ, և կանայք ու տղամարդիկ համապատասխան մասնագիտություններով սկսել են աշխատել այդ գործարաններում: Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ` «ուժեղացավ կազմակերպությունը և բավականին մեծ հարստություն կուտակեց», որից հետո էլ սկսեց կառուցել իր սեփական տարածքները` Գյումրիում, Երևանում (երկու կոմբինատ), Արթիկում, Վանաձորում, Մարտունիում: Դրանցից այսօր երկուսն են մնացել` մեկը Գյումրիում, մյուսը` Երևանում: Այդ գործարաններում աշխատել է 800 խուլ, նրանք թողարկում էին ինը տեսակի արտադրանք: Հետո, երբ խուլերին պետք էր ապահովել բնակարաններով, միավորումն այդ նպատակով իր ունեցվածքից գումար տրամադրեց, և նրանց համար շենքեր կառուցվեցին: Այնուհետև փոքրիկ ակումբները վերածվեցին արվեստի տների, պալատների: Գնալով միավորումը հզորացավ: «Սովետի փլուզումից հետո պետությունն արդեն չէր օգնում մեզ, չկարողացանք նույնիսկ զեղչեր վերցնել խուլերի համար: Խուլերի միավորման նախկին նախագահի ժամանակ հսկայական պարտքեր գոյացան: Խուլերին պատկանող ունեցվածքի 70 տոկոսը վաճառվեց, որից հետո կազմակերպության ղեկավարությունը ստանձնեցի ես, բայց արդեն ոչինչ չկար: Հարկավոր էր ամեն ինչ սկսել զրոյից, ինչն անչափ դժվար էր»,- պատմում է Գրիգոր Գրիգորյանը, որը շուրջ երեք տարի է, ինչ ղեկավարում է կազմակերպությունը: Նա տեղեկացրեց, որ պատրաստվում են վերաբացել Երևանի իրենց նախկին կոմբինատը, որը թեև փլուզված է, բայց գոյություն ունի։ «Իհարկե, հեշտ չէ, որովհետև մեծ ծախսերի հետ է կապված, բայց հուսով եմ` կգտնեմ մարդկանց, ովքեր կօգնեն մեզ»:
Առաջխաղացում է նկատվում հատկապես խուլերի մշակութային կյանքում:
Խուլերի մշակույթի պալատ են հաճախում տարբեր տարիքի մարդիկ, ընդունելությունը 16 տարեկանից է: «Մշակույթի պալատը խուլերի կյանքն է, գալիս են, զրուցում, ժամանակ անցկացնում: ՈՒնենք «կարմիր անկյուն», որտեղ շաբաթը 1-2 անգամ խուլերը խաղեր են խաղում, լուրեր են հաղորդում միմյանց, նորություններ են իմանում: ՈՒնենք թատերական, պարային, մնջախաղի խմբեր»,- ասում է Անուշ Սարգսյանը: Աշխատանքներ են տարվում նաև խուլերի կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, շուտով պետք է անցկացվեն համակարգչային դասընթացներ, որպեսզի չլսող մարդը նույնպես կարողանա քայլել շարժվող կյանքին համընթաց:
Փոքր չեն հաջողությունները նաև սպորտային ասպարեզում: Միավորման անդամները մասնակցել են աշխարհի ըմբշամարտի խաղերին: Այն միտքը, որ խուլերն էլ կարող են մրցել, հաղթել և պարտվել, ոգևորությամբ է լցնում նրանց հոգին: Խուլերի միավորման սպորտկոմիտեն, շուրջ հինգ տարի է, համագործակցում է Երևանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ, որն ամեն տարի որոշակի գումար է տրամադրում կազմակերպությանը: Ի դեպ, 2011-ին Եվրոպայի խաղերն անցկացվելու են այստեղ` Երևանում:
Խուլ ու համրերը նաև մասնակցում են աշխարհում կազմակերպվող «Միսս գեղեցկուհի» մրցույթին: Այս տարի Թբիլիսիում անցկացված հերթական մրցույթում Հայաստանը ներկայացրեց 23-ամյա Հասմիկ Բարսեղյանը:
Ասել է թե` խուլերի կյանքը ևս ընթանում է այն նույն «կանոններով» և խայտաբղետ գույներով, ինչ մեզնից յուրաքանչյուրինը: Պարզապես նրանք մի փոքր մոռացված ու մեկուսացված են, ինչը, երևի թե, գալիս է կազմակերպության հանդեպ պետության աջակցության բացակայությունից:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ