«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ

ԸՆՏԱՆԻՔԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ` ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔ
08.07.2011 | 00:00

Ասում են, որ մենք` հայերս, տնտեսագիտական փայլուն մտածողություն ունեցող ազգ ենք. բավական է հիշատակել Ջուղայի, Վենետիկի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Օսմանյան Թուրքիայի, Ռուսաստանի, Թիֆլիսի վաճառականներին, որոնք իրենց տնտեսագիտական անժխտելի ճշգրիտ հաշվարկներով ոչ միայն իրենք էին հարստանում, այլև շենացնում էին այդ երկրները։
Էլ չեմ խոսում Բաքվի նավթարդյունաբերող մեծահարուստ հայերի` Լիանոսյանի, Մանթաշյանցի և նավթային մագնատ, «պարոն 5 %» Գյուլբենկյանի մասին։
Ժողովրդական իմաստուն ասացվածք կա. «Ճրագն իր տակը լույս չի տալիս»։ Բոլորիս է հայտնի, թե նրանց հարստությունն ինչ եղավ և ում մնաց։ Դա այլ խոսակցության նյութ է, թեև արժե, որ ամեն հայ ամեն օր հիշի այդ դառն իրողությունը։
Վերադառնանք մեր օրերը և մեր «դիլետանտական» վերլուծությամբ «գնահատենք» մեր «կայուն տնտեսություն ապահովելուն» միտված կառավարության քայլերը։
Տնտեսագիտական լուրջ գիտելիքներ ունեցող մարդը չի համարձակվի հայտարարել, թե բոլորովին պարտադիր չէ, որ Հայաստանն ունենա իր սեփական արտադրությունը։ «ԱՄՆ-ի պես հզոր երկիրը ներմուծող է, վա՞տ են ապրում ամերիկացիները»,- ասում է մեր վարչապետը։ Իսկ Չինաստանի մասին ի՞նչ կասի պարոն վարչապետը. անկասկած, գիտե, որ Չինաստանն աշխարհը հեղեղել է իր ապրանքներով և այնքան է հարստացել, որ ահռելի ներդրումներ է անում աշխարհի տարբեր երկրներում։ Գլուխը քարը... շատ ապրանքներ էլ կարող ենք ներկրել Չինաստանից, մանավանդ որ ներկրողների մի զգալի մասը «փոքր բիզնեսի» ներկայացուցիչ է և դրանով իր ընտանիքն է պահում։ Բայց չհասկանալ, որ երկիրը, պետությունը պարտավոր է իր պարենի գոնե 80 տոկոսն ինքն արտադրել... Ներկա և ապագա շրջափակման պայմաններում հայտնված երկրի ղեկավարները պետք է հնարավոր և անհնար տնտեսագիտական բոլոր հնարքները կիրառեն, որ պետությունը դառնա գոնե 70-80 տոկոսով ինքնաբավ, այսինքն` առաջին անհրաժեշտության ապրանքներ արտադրվեն տեղում, իսկ համադամ սննդատեսակները (դելիկատես)` բանան, անանաս, խավիար և այլն, կարելի է ներկրել։
Որպեսզի հասկանալի լինի, թե ինչու որևէ երկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունն առավել ևս, լինելով միայն ներմուծող երկիր, չի կարող գոյատևել քաղաքական ասպարեզում (մանավանդ մեր աշխարհաքաղաքական պայմաններում), բացատրեմ բոլորիս ընկալելի և ծանոթ օրինակով. դիցուք, ընտանիքն ունի 5 անդամ, եկամուտն է 250 հազար դրամ։
1. Տան կինը, փոխանակ ինքը պատրաստի կերակուրը, օրը երեք-չորս անգամ խանութներից և ռեստորաններից պատրաստի ճաշատեսակներ է գնում։ Բոլորիս է հայտնի, որ պատրաստի կերակուրները և կիսապատրաստուկներն ավելի թանկ են արժենում ընտանիքի սնունդը կազմակերպելու գործում, քան եթե կինը պատրաստի։
2. Ընտանիքի կինը փոխանակ ինքն ամեն օր մաքրի բնակարանը, բարձիթողի է անում այն և ամեն շաբաթ բնակարանը մաքրողի է հրավիրում։
3. Լվացքը կուտակում է և հանձնում է լվացքատուն` պատճառաբանելով, թե լվացքի մեքենան թանկ հաճույք է։
4. Այդ լվացքն արդուկելու համար հատուկ ծառայողի է հրավիրում։
5. Երեխաների դասերը պատրաստելու համար ուսուցիչ կամ դասախոս է վարձում։
Սա ներմուծման քաղաքականության կենցաղային տարբերակն է։
Բնականաբար, այդ ծախսերն ավելի շատ են լինում, քան նրանց այդ 250 հազար եկամուտն է, և ընտանիքն անընդհատ պարտքեր է կուտակում ու տրտնջում, թե ընտանիքի բյուջեն ճեղքվածք է տալիս։
Ընտանիքը փոքր պետություն է, պետությունը` մեծ ընտանիք։ Մեզնից յուրաքանչյուրը, ընտանիքում ապրելով, մանկուց տեսել և լսել է, թե ինչպես են ծնողները, հատկապես մայրը` պետության վարչապետը և ֆինանսների նախարարը միաժամանակ, ամեն օր հաշվարկ անում, մի բան գնելու համար, մի երկու բան` ոչ առաջնային անհրաժեշտության, կրճատում է, թե ինչպես աշխատավարձից որոշակի գումարով «լատարեա» է խաղում, որ տան համար կահույք գնեն կամ նորոգում կազմակերպեն։ Եվ ճիշտ հաշվարկ, իմաստավորված խնայողություն, տնտեսում կատարող ընտանիքներում և՛ բարեկեցություն կա, և՛ երեխաներն են կրթություն ստանում, և՛ ամուսնանում։
Երբ հետևում ես մեր պետության իշխանական համապատասխան գերատեսչությունների ղեկավարների գործունեությանը, այն տպավորությունն ես ստանում, ասես նրանք ոչ մի առնչություն չեն ունեցել մեզ ծանոթ հասարակական կյանքի օրենքներին։ Նրանք աշխատում են «րՈՎ րպոպ ՐպՋՌրրպՐ», «րՈՎ ՌչՐՈ՚, րՈՎ տՏ՚» սկզբունքով։
Գրում եմ և համոզված եմ, որ մեր հարգարժան իշխանավորներից և պատգամավորներից ոչ ոք չի կարդալու։ Նրանք այդպիսի պարապ բաների համար ժամանակ չունեն. հիմա ո՞վ է թերթ կարդում, հիմա «յութուբ» են նայում (էնտեղ կարդալու բան քիչ կա), կազինոյում օրվա «ծանր աշխատանքից» լիցքաթափվում են և եկամուտից էլ մի քիչ թեթևանում են։ Նրանց դրամաշրջանառությունը գրեթե պահպանվում է տնտեսագիտական օրենքներով։ Ճիշտ է, միշտ չէ, որ Կ. Մարքսի հանճարեղ ձևակերպումը` «փող-ապրանք-փող» ճշգրտորեն իրականանում է, բայց փող-փողը հաստատ պահպանվում է։ Եթե Կ. Մարքսը և անգլիական դասական տնտեսագիտության փիլիսոփաները ողջ լինեին, հաստատ չէին հասկանա, թե ի՛նչ է կատարվում աշխարհում։
Մարքսը, օրինակ, 19-րդ դարում կապիտալի նախասկզբնական շրջանն անվանել է «վայրի կապիտալիզմ»։ Այո՛, իսկապես, վայրի է եղել. «ոչխարները կերան մարդկանց», 12-ժամյա աշխատանքային օր, նվազագույն աշխատավարձ, հարուստներն ավելի հարստացան, չքավորներն ավելի աղքատացան և այլն։ Իսկ մե՞ր օրերում. գոնե վայրի լիներ. օրինակ, նապաստակը ճագարի համեմատ վայրի է։ Հիմա գիշատիչ կապիտալիզմ է, հիմա ոչ թե չքավորներն ավելի աղքատացան և դրա հակառակը։ Դե դա վաղուց հայտնի երևույթ է, հնուց անտի։ Մեր ժամանակներում ուրիշ բան կատարվեց։ Երբ սովետը քանդվեց, ժողովրդի 80 տոկոսը գրեթե «մեկնարկային» նույն վիճակում էր և կանգնած էր վազքուղու վրա հավասար շարքով։ Բայց երբ տրվեց «վա՛զք» հրահանգը, մեզնից ոմանք, հրմշտելով կողքի մարդկանց, պոկվեցին տեղից ու սլացան և մինչև հիմա էլ սլանում են դեպի նպատակակետը։ Մեզնից ոմանք նույնպես շարժվեցին, բայց ոչ այն վճռականությամբ և հրմշտոցով։ Նրանք էլ որոշակի ճանապարհ անցան` ընկան տոկոսի տակ, բնակարան ու գույք վաճառեցին` պարտքերը փակելու համար կամ մի կերպ տոմս հայթայթեցին և հայդա՜ ռուսաստաններ, եվրոպաներ և ամերիկաներ։ Մեր մյուս մասը, սովետական դաստիարակության մամլիչի տակից դեռ դուրս չեկած, այդպես էլ կանգնած մնաց` նույնիսկ քայլ կատարելու փորձ չարեց. «տոկոսի տակին» սարսափելի գազան էր։
Իմ դասընկերներից մեկը` Յուրիկը, որ դպրոցում առանձնապես աչքի չէր ընկնում սովորելով, 90-ականներին բավականին առաջ էր գնացել իր ձեռներեցությամբ։
Թբիլիսիից եկել էր Երևան, և մենք հանդիպեցինք։ Երբ իմացավ, որ ես այդ տարիներին չեմ կարողացել «գործ դնել» և հարստանալ, զարմացավ. «Մարի, դուն խոմ շկոլում լավ էիր սովորում»։ Այո՛, ես դպրոցում լավ էի սովորում, լավ էի սովորում նաև ինստիտուտում, բայց պարզվում է, որ դպրոցի համար մի՛ խելք է պետք, կյանքի համար` մի այլ։ Եվ Յուրիկը իմ այդ բացատրությունը լսելուց հետո ասաց. «Ճիշտ ա, ես շատ փող եմ շինում, համա դիփ մեկ ա, ես էդ տեսակ բաները չեմ հասկանում»։
Հիմա վերադառնանք «մեր կապիտալիզմին», չէ՛, մեր կապիտալիզմի տարբերությանը` «առավելության» իմաստով։
1. Մեր ոչ թե չքավորներն աղքատացան, այլ բարեկեցիկ և ապահով մարդիկ նախ դարձան չքավոր, ապա աղքատացան։
2. Մեզ մոտ ոչ թե «ոչխարները կերան մարդկանց» (ոչխար թողեցի՞ն, որ գոնե իրենց խոտն ուտեին), այլ ոչխարներին աքսորեցին։
3. Մեր ժամանակներում ոչ թե «հարուստներն ավելի հարստացան», այլ ընդհակառակը. խոսքի և մտքի ազատություն է, ով ինչպես ուզում է հասկանա և մեկնաբանի։
Հիշում եմ, 90-ականներին, երբ արտադրությունում աշխատող իմ ընկերներն ու ծանոթները տրտնջում և բողոքում էին, թե քանդում են գործարանները, որ այս իշխանությունը տնտեսությունից և տնտեսագիտությունից բան չի հասկանում, ես, որ հեռու էի գործարաններից և ի մոտո տեղյակ չէի, թե ինչ է կատարվում այնտեղ, միամտորեն պաշտպանում էի պետության նորանշանակ ղեկավարներին` ասելով, թե կգա մի ժամանակ, որ այս երիտասարդ մարդկանց, որոնք թեև անփորձ, բայց իրենց ուսը պետության կառավարման ծանր բեռի տակ են դրել այս խառնակ ժամանակներում, մենք շնորհակալություն կասենք։ Որ ամեն մի հայ իր վերջին շապիկը պիտի հանի և դնի պետության կայացման գործին, որ չպետք է չարախոսություններով խանգարենք նրանց` երկիրը մտածված կառավարելու համար։
Ականջդ կանչի, Յուրի՛կ, դպրոցի իմ խելքը ինձ այստեղ էլ դավաճանեց։ Տեսա՞ք` ինչ եղավ...
«Դպրոցի և բուհի խելքը» այսօր բազմաթիվ երիտասարդների է դավաճանում։ Նրանք «բիզնես» չեն կարողանում անել, իսկ գիտության ասպարեզում «հեռանկար չկա»։
Հայաստանում անկախության քսան տարիներին հիմնավորապես և նպատակասլաց ոչնչացվել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, հիմնարար և փորձարարական գիտությունը, ընթացքի մեջ է կրթությունը։ Տնտեսագիտական այս հայեցակարգը, որ որդեգրել են մեր իշխանավորները, տանում է պետության կործանման։ Հազար տարի պետականությունը կորցրած մեր ազգը (ես նկատի ունեմ բուն Հայաստանում) արդյոք իրավունք ունի՞ այսպես անսրտացավ և անհեռատես լինելու ազգի և պետության ճակատագրի հետ։
Զարմանալին այն է, որ մեր «հեղափոխության» առաջնորդները և իշխանության եկած ղեկավարները նույն մարդիկ էին։
Սովորաբար հեղափոխություն կատարում են խենթ հերոսները, իսկ իշխանության գալիս են սրիկաները։ Մեզ մոտ, կարծես, խախտվել էր այդ «օրինաչափությունը». մեր հեղափոխական հերոսները կրթված և նույնիսկ գիտության մարդիկ էին։ Հետևաբար, սրիկաները մեզ մոտ տեղ պիտի չունենային, ավելին, աշխարհի աչքի առաջ կարճ ժամանակում պիտի մի հրաշք պետություն կառուցեինք և ապացուցեինք բոլորին, որ հանիրավի է եղել հայերին պետականությունից զրկելը, մանավանդ որ պետականության բացակայության դարերում անգամ մենք չենք կորցրել պետականաստեղծ և պետականամետ մտածողությունը և որոշակի գործողություններ. օրինակ (12-րդ դար), Մխիթար Գոշը ստեղծել է օրենքների գիրք` «Դատաստանագիրքը», որն անփոխարինելի օրենսգիրք է եղել միջանձնային վեճերը կարգավորելու համար և՛ բուն Հայաստանում, և՛ գաղթավայրերում։ Պետական մտածողության լավագույն դրսևորում է եղել նաև 1773 թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառացը», որը, ըստ էության, ապագա ազատագրված և հանրապետական կարգերով Հայաստանի սահմանադրությունն է ենթադրել։ Այն ժամանակի եվրոպական ամենալուսավորական գաղափարներով և հայկական ազգային մտածողությանը հարազատ սկզբունքներով ստեղծված օրենքների գիրք է։ Մինչդեռ Հայաստանի երկու հանրապետություններն էլ իրենց հիմնական օրենքները ստեղծելիս զանց են առել մեր իրավական մտքի փայլուն արգասիքը և հիմք են ընդունել եվրոպական իրավական և հասարակական մտածողությանը հարիր օրենքները, որոնք, ըստ էության, գրեթե չեն տեղավորվում մեր ազգային մտածողության մեջ։ Մինչդեռ թվում էր, որ մեր նոր պետականության առաջին ղեկավարները` ուսյալ-կրթյալ, ազգիս պատմության էջերը մաշած, Հայ դատի` Հայաստանում առաջին համարձակ արծարծողները պիտի որ տեղյակ լինեին մեր ժողովրդի իրավաբանական այդ գլուխգործոցներին և մեր իսկ մտքի լույսով մեր ճանապարհը լուսավորեին։ Բայց ո՛չ։ Արեցին հակառակը։ Ինչո՞ւ։
Հասկանալի է, որ կառավարման փորձ չունեին։ Եթե Մհեր Մկրտչյանի խոսքը մի փոքր ձևափոխենք, կստացվի` «Մի տղամարդը մի ընտանիք է դժվարությամբ ղեկավարում, էլ ուր մնաց, որ երկիր կառավարի», այն էլ քաղաքական խառնակ ժամանակներում, երբ չհասկացանք էլ, թե ինչպես մեզ պատերազմի մեջ ներքաշեցին։ Ասում են` իր նախագահության տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանը ժամերով շախմատ է խաղացել իր աշխատասենյակում։ Եթե նախագահը` որպես գլխավոր հրամանատար, լիներ ռազմաճակատի առաջին, կամ գոնե երկրորդ գծում և անձամբ հետևեր ռազմաճակատի գործողություններին (անկեղծորեն` կասկածում եմ, որ նա որևէ բան հասկացել է ոչ միայն մարտական գործողություններից, այլև դրանց ռազմավարությունից և մարտավարությունից), ապա բնական կլիներ, ինչպես հնում թագավորներն իրենց զորավարների հետ ճատրակի տախտակի վրա էին մշակում թշնամու դեմ մարտավարական-ռազմավարական գործողությունները։ Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը պատերազմի տարիներին միայն մեկ անգամ է գնացել Արցախ, այն էլ նրա համար, որ ստիպի Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավարներին, որ ազատագրված Քարվաճառն ու Օմարի լեռնանցքը վերադարձնեն թուրքերին, քանի որ, իբր, Հայաստանի վրա մեծ ճնշումներ կան։
Այդ օրերին ես աշխատում էի ՊՆ-ի տպարանում, որտեղ տպագրում էինք ռազմական կարևորության նյութեր, և մոտիկից էի տեղեկանում նախագահ-նախարար-հրամանատարներ խոսակցություններին։
Այդ ժամանակ Ղարաբաղի ղեկավարները, որպեսզի Հայաստանի վրա դրսից քաղաքական, տնտեսական և գուցե նաև ռազմական ճնշումներ չլինեն, Քարվաճառն ու Օմարի լեռնանցքը հանձնում են։ Բայց, կորցնելով ռազմավարական կարևոր այդ բարձունքները, մեր հրամանատարներն ընկնում են տագնապի մեջ. ոչ միայն Ղարաբաղը վերջնականապես կկորցնեինք` նպաստելով նրա բնակիչների կոտորածին կամ գաղթին, այլև Հայաստանի այդ սահմանն անընդհատ գնդակոծության տակ կլիներ։ Գոնե հիմա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե ռազմավարության և մարտավարության փայլուն գիտակ մեր գեներալ ու գնդապետ հրամանատարներն անհնազանդություն չցուցաբերեին և ռազմավարական այդ բարձունքները թողնեին թուրքերին։ Կա մեզանում այդպիսի անհեռատես բացթողում` Շամշադինի շրջանի գրեթե բոլոր սահմանակից գյուղերը թշնամու ամենօրյա գնդակոծության տակ են։ Իսկ ի՞նչ են անում մեր իշխանությունները, որ այդ գյուղերի բնակիչները գոնե շատ թե քիչ անվտանգ և նյութապես ապահով ապրեն։ Ոչինչ։ Մինչդեռ նրանք մեր երկրի կամավոր սահմանապահներն են։
ՈՒզում եմ հարցնել պատասխանատուներին` չգիտե՞ն` ի՞նչ անեն, չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում։ Հարցը մնում է առկախ։
Մի բան պարզ է. մեր ղեկավարների համար պետք է քաղաքական, տնտեսական, պատմական, մշակութային և ամենակարևորը` հայրենասիրական, սեփական ժողովրդին հարգելու (սիրելը` գլուխը քարը), անգրագիտության վերացման պարտադիր «լիկկայաններ» բացվեն։
Սովետն իր գոյության հետագա տարիների հաջողությունների համար պարտական էր անգրագիտության վերացման այդ «լիկկայաններին»։ Գուցե մենք էլ փորձենք...
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ