Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Քանի դեռ հայն ինքն իրեն չի ճանաչել, դատապարտված է

Քանի դեռ հայն ինքն իրեն չի ճանաչել, դատապարտված է
17.07.2009 | 00:00

ՀԱՏՈՒԿ «Իրավունքը de facto»-ի ՀԱՄԱՐ
«Պետությունը նախատեսում է ինքնուրույն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահություն, կառավարելու նախաձեռնություն, իսկ հաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնության պտուղը»։
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Համաշխարհային քաղաքականության գաղափարաբանական և քաղաքական փիլիսոփայության սպառման հետևանքով, երբ մակերեսային ու խորքային փոփոխություններն այլևս ի զորու չեն ապահովելու հասարակության առաջընթացը, տեղի է ունենում բնական զարգացման էվոլյուցիոն և հեղափոխական միջոցների հերթափոխությունը։ Մարդկության պատմության մեջ դեռ որևէ առաջընթաց չի եղել միայն էվոլյուցիոն ճանապարհով, այն համադրվել է հեղափոխական ակտիվ զարգացումներով և հատկապես այն պահից սկսած, երբ հասարակության մեջ անշարժությունը դարձել է կանոն։ Հեղափոխության պահանջը միշտ էլ առաջանում է քաղաքակրթության կամ հասարակության համատարած ճահճացումին զուգընթաց և հասունանում է միայն այն պահին, երբ քանակական փոփոխությունների միջոցով ձեռք բերվող նոր որակի արժեքը դառնում է հասարակության կողմից գիտակցված խստագույն պահանջ։ Բոլոր ժամանակներում հեղափոխությունների առանձնահատկությունն արդեն կաղապարված գաղափարախոսության մեջ տեղի ունեցող որակական փոփոխություններն են` համակարգային, արմատական կառուցվածքի, քաղաքական աշխարհայացքային և այլ ոլորտներում։ Թեև հեղափոխությունները միշտ էլ կանխատեսելի են, սակայն իրականանում են անսպասելի և հատկանշվում իբրև անշարժությունը խախտող փոփոխությունների միակ բարերար միջոց։
Ժամանակի ընթացքում հասարակության մեջ տեղի ունեցող փոփոխությունների պարտադրանքով են առկա պահանջներին համահունչ նոր քաղաքական կառույցներ ձևավորվում, որոնք պիտի դիմակայեն ժամանակի մարտահրավերներին, կյանքի ընթացքն ուղղեն դեպի բնականոն զարգացում։ Ժամանակն ու նրա հետ զուգահեռ առաջ ընթացող կյանքը չեն կարող հանդուրժել արդեն անշարժացած և ճահճացող քաղաքական վարչաձևը։ Այն մշտապես զարգացման մեջ է, որն ուղղորդվում է պայմանների շարունակական փոփոխմամբ և նախանշվում է քաղաքական զարգացման աստիճանով, ինչն էլ փոփոխության է ենթարկում նաև պետական կառուցվածքը։ Փոփոխության տեսակետների, ձևերի և նրանց էվոլյուցիոն կամ հեղափոխական միջոցների անհրաժեշտությունն ըմբռնելու համար անհրաժեշտ է նախ տիրապետել տվյալ ժողովրդի ցեղային նկարագրին և նոր միայն` հոգեբանական առանձնահատկություններին։
Ակնհայտ է, որ այսօր համաշխարհային քաղաքակրթությունների ճգնաժամը, որը չի սահմանափակվում միայն ֆինանսատնտեսական ճգնաժամով և իր մեջ ներգրավում է ինչպես գաղափարախոսական, այնպես էլ սոցիալական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներ, նոր մարտահրավերների առջև է կանգնեցրել նաև Հայաստանի Հանրապետությանը։ Ճգնաժամը Հայաստանում հավասարապես վերաբերում է ողջ քաղաքական համակարգին, հատկապես 1991-ից սկսած, երբ այն ձեռք բերեց նոր որակական նկարագիր։ Ժամանակակից մարտահրավերների դեմ Հայաստանը հայտնվեց պատմական կորուստների վիթխարի բեռի տակ կքած, մյուս կողմից էլ` պատերազմի, արտագաղթի, համատարած սարսափի ու ինքնամեկուսացման անթույլատրելի իրողությամբ։ Քաղաքական վերնախավում այս փաստն ընկալվեց միայն ճակատագրական այն պահից, երբ հանպատրաստից Հայաստանը հայտնվեց անկախության փաստի առջև։ Մինչդեռ սկիզբ առած անվերջանալի դեգերումները` քաղաքական ու գաղափարական, սոցիալական ու մշակութային, տնտեսական ու այլ մակարդակներում, թանձրացան անլրջության, անսթափության, չգիտակցման ու հոխորտանքների իրողութամբ, որը հանգեցրեց ռացիոնալ մտածողության անդարձ կորստի։ Իշխանության տարբեր ճյուղերում ձևավորված քաղքենիացած զանգվածի սրընթաց ուռճացումն ու այդ աննախադեպ վարակի տարածումը հասարակության մեջ հենց այդ համախառնուրդից ստացված սինթեզն էր։ Այն խաթարեց և կասեցրեց հասարակության ապահովության, ազգային անվտանգության զգացումն ու ցեղային բարոյական արժեքների դավանման մթնոլորտի կայացումը։
Ցանկացած իշխանափոխություն արդեն ի զորու չէ արձանագրելու զարգացման որևէ առաջընթաց, հատկապես այն պարագայում, երբ այլևս Հայաստանում իշխանափոխությունը տեղի է ունենում «նախկինների» ու «ներկաների» միջև ձեռք բերված ճշգրիտ պայմանավորվածությունների սկզբունքով։ Քաղաքական էլիտայի «գաղափարական» դեգերումների այս շրջանն ավելի մթագնեց ապագայի հանդեպ ունեցած ժողովրդի հավատը` պառակտելով հասարակության հավաքական կամքն ու վտանգելով ինքնիշխան պետության կայացումը։
Թե՛ «նախկինների» ու «ներկաների» և թե՛ ողջ քաղաքական էլիտայի մեջ վերջնականապես արմատավորվել է գեղջկական աշխարհընկալումը։ Այն մարտնչող է, անզիջում, աններող և անհոգի։ Այսօրվա քաղաքական էլիտան սպառված է և, փոխադարձ հոխորտանքներից բացի, ոչինչ չունի ներկայացնելու հասարակությանը։ Սակայն այն դեռ շարունակում է կառչած մնալ կեղծ ժողովրդավարության սկզբունքների փակօղակներից, փորձելով սպառել ցեղային ոգու զորությունը։ Նա դատապարտված է շարունակաբար լինելու քաղաքականապես և գաղափարապես սնանկացած անզոր ժողովրդի առաջնորդն ու ցեղի ընտրանիի վերջին ոգեղեն կայծը մարողը։ Այն երբևէ տեր չի եղել քաղաքակրթության փլատակների տակից մշտապես վեր խոյացող ու ինքնանորոգվող ցեղային ոգու իմաստասիրության։ Եվ այս իրողությունն իր վճռական ազդեցությունն ունեցավ հայ ժողովրդի հոգեբանության վրա` աստիճանաբար հասունացնելով հուսախաբվածների ու բարոյալքվածների բանակը։ Սա էր գլխավոր պատճառներից մեկը, որ ժողովրդի մի որոշակի զանգված, սեփական անզորությանն ու դժբախտությանը գումարելով ձեռքբերովի ստրկամտությունը, տրվեց հայրենիքից հրաժարվելու աղետածին գաղափարին, պարտվողականությանն ու օտարի պարտադրումների անվերջանալի հանդուրժողականությանը։
Հայ ժողովրդի անզորության ու դժբախտության հիմնական պատճառն իր իսկ էության մասին ունեցած սխալ իմացությունն է և սեփական պատմության չիմացությունը։ Անզորության իրողությունը, հատկապես ժամանակակից հայության մեջ, զարգացել է բացարձակապես իր ազգային հոգեբանական օրենքների անտեղյակության արդյունքում։ Օրենքներ, որոնք ունակ են նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի ոգու ուժեղացմանն ու ազգային ինքնագիտակցությանը։ Այնքան ժամանակ, քանի դեռ Հայն իր սեփական ցեղը չի ճանաչել, նա դատապարտված է անզորության, ուստի և` հոռետեսության, պարտվողականության ու ոչնչացման` որպես տեսակ։ Մինչդեռ ցեղային ինքնաճանաչումի համար հարկ է նախ ճանաչել սեփական ոգու մեջ անմարելի ջահի պես բոցկլտացող նվիրական կրոնն ու նրա տիեզերական էությունը և ապա նոր միայն կրոնի մեջ` իր սրբագույն ցեղը։ Քանզի ցեղային ոգու նոր ինքնադրսևորումը հնարավոր է միայն ամենայն բարձրյալի` Աստծո միջոցով։ Ցեղն իր կրոնի մեջ զարգացնում է իր` տեսակի ժառանգականությամբ փոխանցված, բարոյական, հոգեբանական ու աշխարհընկալման էությունը։ Նա իր արյան մեջ է խտացնում անցյալի ներկայությունն ու այսօր մանրակերտում ապագայի Հայության հաղթանակը։
Դժբախտության իրողությունը հայոց պատմության իմացությունն է, համատարած կոտորածների ու ջարդերի, տեղահանության ու գաղթականների մասին ողբերգական նկարագրությունները։ Սեփական պատմության նման աղետաբեր ըմբռնումը հանգեցրել է զոհի հոգեբանության ու բթացրել հայի ավելի քան հարուստ պատմաժառանգական հիշողության սրությունը։ Մինչդեռ մեր պատմության անցյալում է գաղտնագրված մեր ցեղի գոյության և կյանքի առաքելությունը, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի և Զորության։ Պատմական անցյալի ճանաչումը սրբագույն պաշտամունք է, արարչագործ հավատ։
Այսօր, երբ Հայկյան եռաթև աղեղի մեջ ամփոփված հայոց դարավոր խորհրդաց խորհուրդ ուժն է վաճառականացվում, Մասիսը, որպես հայոց ոգու հրաբուխ, նորից պիտի ժայթքի` ծնելով նոր Վահագններ, որոնք պիտի բարձրացնեն ուժասպառ եղած մեր բազուկներն ու հաղթականորեն առաջնորդեն դեպի հավիտենականություն, դեպի ցեղային սրբագույն ակունքները, դեպի Արարիչն ու Տերը։
Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ «Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 2377

Մեկնաբանություններ