Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երբ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս

Երբ և՛ գայլերն են կուշտ, և՛ ոչխարները՝ անվնաս
26.08.2008 | 00:00

ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ
Հայաստանի ազգային անվտանգության համակարգի նախկին աշխատակիցների հետ զրուցելիս պարզվում է շատ հետաքրքիր մի օրինաչափություն. երկրի անկախության առաջին տարիներին և ղարաբաղյան պատերազմի ամենաբարդ շրջանում ազգային հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իշխանություններն ու ընդդիմությունը գործել են միասնական, փոխադարձ լրացրել միմյանց՝ անկախ քաղաքական հայացքներում առկա տարաձայնություններից։ Եվ հենց այդ իրողությունն է, որ շատ կողմերով ապահովեց մեր հաղթանակները։
Ժամանակին ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ, այսօր հանգուցյալ Էդուարդ Սիմոնյանցն այս կապակցությամբ մասնավորապես նշում էր. «Այն ծանր տարիներին, ռազմական գործողությունների ծավալման ամենաբուռն շրջանում, միաժամանակ առկա էին խնդիրներ Ղարաբաղի և Հայաստանի քաղաքականության ապահովման՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի։ Այդ փուլում անչափ կարևոր էր դարձել մեր նկատմամբ միջազգային հանդուրժողականության ապահովումը։ Եվ պետք է ասել, որ այդ ուղղությամբ ազգային անվտանգության այնժամյա համակարգն աշխատում էր շատ արդյունավետ։ Բոլոր հակասությունները, որ այն ժամանակ արդեն առկա էին տարբեր քաղաքական կուսակցությունների, խմբավորումների և գործիչների միջև, ունեին միայն ներքին բնույթ։ Սակայն ազգային հիմնախնդիրների լուծման առումով, երբ անհրաժեշտություն էր առաջանում շփումներ և աշխատանքային հարաբերություններ ստեղծել տարբեր պետությունների, միջազգային կազմակերպությունների, ինտեգրացիոն համակարգերի հետ, քաղաքական ուժերը, անկախ միմյանց և իշխանության հետ ունեցած փոխհարաբերություններից, կազմակերպված աշխատում էին այդ նպատակի իրագործման ուղղությամբ։ Հենց այդ հանգամանքը շատ էական դեր խաղաց աշխարհում մեր դիրքերի ամրապնդման առումով, և այդ պատճառով էր, որ Հայաստանի քաղաքական դրությունը միջազգային ասպարեզում այն տարիներին անհամեմատ ավելի ուժեղ էր և նախընտրելի, քան Ադրբեջանի դիրքերը»։
Այս ընդարձակ մեջբերումն արվեց այն նպատակով, որ ներքին հարցերում նման մոտեցումը նույնքան անհրաժեշտ ու կարևոր է նաև մեր ժամանակներում։ Այսօր գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումներն իրենց հետ կարող են բերել նոր ցնցումներ մեր երկրի համար։ Բայց միաժամանակ ակնհայտ է, որ ներքաղաքական իրավիճակը և ազգային կարևորագույն հիմնախնդիրների վերաբերյալ քաղաքական ուժերի մոտեցումները բոլորովին համարժեք չեն այն մարտահրավերներին, որոնց առջև երկիրը կարող է կանգնել ամենամոտ ապագայում։ Ցավոք, արդեն վաղուց Հայաստանի քաղաքական դաշտում արմատավորվել են մի շարք արատավոր սկզբունքներ, այդ թվում՝ արտաքին քաղաքական նախապատվությունների առումով։ «Որքան վատ, այնքան լավ» կամ էլ «Մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի կարգախոսները դարձել են ամենօրյա գործելակերպ քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության փոխհարաբերություններում։ Եվ այստեղ մեղավոր է ոչ այնքան ընդդիմությունը, որքան իշխանության և նրան աջակցող կուսակցությունների ներսում տիրող հավակնոտ, եսապաշտական տրամադրությունը։ Իսկ ինչպես հայտնի է, վատ իշխանության օրոք լավ ընդդիմություն չի լինում, և փոխադարձ անվստահության ու ատելության մթնոլորտը, ցավոք, արդեն վաղուց իր մեջ է առել քաղաքական գործընթացների բոլոր հիմնական դերակատարներին։ Ժողովուրդն իր հերթին միշտ շատ նրբազգաց ձևով գիտակցել է տվյալ իրողությունը և զզվանքով ինքնամեկուսացել այն ամենից, ինչը Հայաստանում համարվում է քաղաքական վերնախավ։
Ընդ որում, ինչպես ցույց տվեց ժամանակը, այս երևույթն ունի բավականին մեծ իներցիա։ Թերևս դրանից ելնելով է, որ մոռանալով դիվանագիտության ոսկե կանոնը, որ երբ չգիտես ինչ ասել, ավելի լավ է ձեռնպահ մնաս, մեր արմատական ընդդիմությունն ու նրան սպասարկող ԶԼՄ-ները չդիմացան իշխանություններին քննադատելու գայթակղությանը՝ կապված ռուս-վրացական հակամարտության վերջին սրման փուլի հետ։ Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանը հակամարտության առաջին օրերին պարզապես պաուզա վերցրեց, ինչը բնական և նորմալ էր ցանկացած տրամաբանող մարդու համար, ընդդիմության համար առիթ դարձավ մի անգամ ևս նախագահի հրաժարականի պահանջը հնչեցնելու։ Բոլորովին չհավակնելով իշխանության փաստաբանի դերին, մեկ հարցադրում կարելի է ուղղել արմատական ընդդիմության գործիչներին. իսկ ի՞նչ է, առանց նախագահի ներկայության կամ հատուկ հայտարարության ավտոբուսները Վրաստանից Հայաստան չկարողացա՞ն հասնել։
Ընդդիմության քննադատության կրակի տակ զարմանալիորեն առանձնացավ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը «Ա1+»-ին տված հարցազրույցում այս կապակցությամբ արտահայտեց հետևյալ կարծիքը. «Եթե նկատի ունեք պաշտոնական կամ դիվանագիտական արձագանքները Հայաստանի կողմից, ապա դրական չեզոքությունն այն առավելագույնն էր, որ կարող էր թույլ տալ և Հայաստանի կառավարությունը՝ երկու բարեկամական երկրների ռազմական կոնֆլիկտի հետ կապված։ Այս առումով Հայաստանի իշխանությունների քաղաքականությունից դժգոհ լինելու հիմքեր չկան»։ Նկատենք, որ այս հարցազրույցն առհասարակ իրենից ներկայացնում է ազգային անվտանգության համակարգի լավագույն ավանդույթների դրսևորում։ Հավանաբար, Հայաստանի առաջին նախագահը, ունենալով արտաքին քաղաքական էքստրեմալ իրավիճակներում հաջող գործունեության փորձ, չի մոռացել, թե այդ համատեքստում ինչպիսի սկզբունքների գերակայությունն է առաջնահերթ, թեկուզև ժամանակին իր շրջապատի ճնշմանը ենթարկվելով՝ հենց ինքն էլ փլուզեց այդ համակարգի ներդաշնակ աշխատանքը։
Եվ թերևս պատահական չէր, որ գնալով պարզունակացող մեր քաղաքական դաշտի պայմաններում առաջին նախագահի այս հարցազրույցն ընկալվեց ոչ տրամաբանական և ոչ միանշանակ։ Նրա ցնցված շրջապատը կտրականապես հրաժարվում է այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալուց, իսկ իշխանությանը ծառայող ուժերն էլ իրենց հերթին չկարողացան հորինել ավելի լավ գաղափար, քան Տեր-Պետրոսյանին ռուսներին քծնելու համար մեղադրելն էր։ Ակնհայտ է, սակայն, որ այդքան փորձառու քաղաքական գործիչը, հայտարարելով` «Ոչ ոք չի կարող վիճարկել այն, որ պատերազմը սկսեց Վրաստանը և դա արեց Հարավային Օսիայի Հանրապետությունը լիկվիդացնելու համար։ Ոչ ոք չի կարող վիճարկել և այն, որ Ռուսաստանն իր վճռական միջամտությամբ փրկեց հարավօսական ժողովրդին ցեղասպանությունից», թերևս ամենից քիչ Կրեմլին դուր գալու նպատակն էր հետապնդում։ Մանավանդ որ ԶԼՄ-ներում հրապարակումները չեն կարող դառնալ որևէ պետության համակրանքը շահելու պատճառ։ Ըստ այդմ, ակնհայտ է, որ ԱՊՀ-ի բոլոր խոշոր քաղաքական դեմքերի շարքից ամենակտրուկ հայտարարությունն անելով՝ Տեր-Պետրոսյանը հնչեցրեց այն, ինչը չէին կարող անել պետական կառույցները, բայց որը Երևանից շատ էր սպասում Մոսկվան։ Իսկ երբ ակտուալ քաղաքական գործիչը, չգտնվելով իշխանության գլխին, հանդես է գալիս արտաքին քաղաքական նշանակության այդպիսի հայտարարությամբ, նա, ըստ էության, հնարավորություն է տալիս պետությանը մանևրելու և ապահովելու այնպիսի պայմաններ, որ «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ անվնաս»։ Ի դեպ, հետաքրքիր է, որ հարցազրույցի մնացած հատվածում՝ բացատրելով Ռոկի թունելի հետ կապված իրավիճակը, Հայաստանի առաջին նախագահը մասնավորապես նշում է. «Վրաստանը նպատակ չուներ ոչնչացնել հարավօսական ժողովրդին, այլ տեղափոխել, ինչն անհնարին կլիներ, եթե թունելը փակվեր։ Սաակաշվիլին չէր կարող չգիտակցել, որ միջազգային հանրությունն իրեն չի ների բնակչության ոչնչացումն այն ժամանակ, երբ տեղափոխմանը կարող էին վերաբերվել քիչ թե շատ տանելի, ինչպես դա տեղի ունեցավ 1995-ին, երբ Կրաինայից հեռացան սերբերը»։
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը նաև մեկ այլ կարևոր դիվանագիտական սկզբունքի փայլուն դրսևորում է, երբ անհրաժեշտ է տարրալուծել մեղքի փաստը պատմական նախադեպերի մեջ։ Եվ այս կապակցությամբ Հայաստանի առաջին նախագահը համապատասխանաբար հայտարարեց. «Ես չգիտեմ պատմության մեջ մի դեպք, երբ գերտերության պատասխան գործողությունները լինեին համաչափ նրա դեմ կիրառված գործողության։ Կարևորն այն է, որ Ռուսաստանը, անկախ նրա պատասխանի համաչափությունից, կանխարգելեց հարավօսական ժողովրդին սպառնացող եղեռնը»։ Դժվար է չհամաձայնել առաջին նախագահի այն մտքին, որ Հայաստանը պետք է համապատասխան հետևություններ անի և լուրջ դասեր քաղի այս պատերազմից։ Մասնավորապես այն առումով, որ, ըստ Տեր-Պետրոսյանի, «պատերազմն ակնհայտորեն ցույց տվեց, թե որքան փխրուն ու խոցելի է Հայաստանի տնտեսությունը։ Նա պետք է ստիպի Հայաստանի իշխանություններին՝ լրջորեն գնահատել այդ դառն իրողությունը և դրանից անել համապատասխան հետևություններ»։
Լինելով արտաքին քաղաքական հարցերի լուծման գործնական փորձ ունեցող գործիչ, առաջին նախագահը նաև քաղաքական վերնախավի համար շատ ուսանելի հարցադրում է առաջ քաշում, եթե նկատի ունենանք, որ վերջինս ներքին գզվռտոցին տրված լինելով, հիմնավորապես մոռացել է ազգային անվտանգության հիմնախնդիրների մասին և պետական առաջնահերթությունների վերաբերյալ հիշում է միայն դրանք քաղաքական սպեկուլյացիաների նպատակով օգտագործելիս։ Մինչդեռ, ըստ Տեր-Պետրոսյանի` «Առաջին հերթին Հայաստանի իշխանությունները պետք է վերջնականապես հասկանան, թե ինչպիսի չարիք է մեր երկրի համար շրջափակումը և մեկ հարևանից միակողմանի կախվածությունը։ Դա պետք է ստիպի նրանց՝ ձեռնարկել իրական քայլեր ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Երկրորդ՝ ավանտյուրիզմը փոքր պետությունների համար մեծագույն վտանգ է, որի ամենահավանական հետևանքը կարող է լինել ազգային աղետը։ Փոքր պետություններն այդպիսի սխալների իրավունք չունեն։ Նման շքեղությունը թույլատրելի է միայն աշխարհի հզորներին, որովհետև նրանց սխալների հետևանքով էլ տուժում են ոչ թե իրենք, այլ այդ նույն փոքր պետությունները։ Եվ երրորդ՝ փոքր երկրները պետք է մեկընդմիշտ հրաժարվեն երրորդ ուժի վրա հենվելու կործանարար քաղաքականությունից և ձգտեն իրենց հարցերը լուծել սեփական ուժերով ու միջոցներով՝ չխախտելով միջազգային իրավունքի ընդունված նորմերը և ժողովուրդների համակեցության կանոնները»։
Որպես վերջաբան արժե արձանագրել նաև, որ ժամանակակից աշխարհում պատերազմները շահվում են ոչ միայն ռազմադաշտերում, այլև հեռուստաէկրաններից։ Եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին մենք լավ-վատ, բայց պետական մակարդակով կարողացանք իրականացնել տեղեկատվական ճեղքում, ապա այսօր այդ ոլորտը, ցավոք, դարձել է միայնակ նվիրյալների գործունեության դաշտ և բացարձակապես դուրս մնացել պետության կենտրոնացված վերահսկողությունից։ Թերևս ազգային անվտանգության համակարգի վերստեղծման ներկայիս պայմաններում պետք է այս իրողությանն առաջնահերթ ուշադրություն դարձնել։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 5457

Մեկնաբանություններ