Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«ԳՈՐԾԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»

«ԳՈՐԾԱՏՈՒՆ ՊԵՏՔ Է ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԼԻՆԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ»
15.10.2010 | 00:00

Կրթությունը համարվում է պետական քաղաքականության գերակա ուղղություններից մեկը և գտնվում է սոցիալական երաշխիքների շրջանակում։ Սակայն տնտեսության զարգացման շարժիչ ուժ համարվող և առաջընթաց ապահովող մասնագիտական կրթության համակարգը միշտ չէ, որ գտնվել է հավասար պաշտպանվածության և հոգածության ներքո։ Դրա պատճառը ոչ միայն քաղաքական լուծումների, այլև հասարակության վերաբերմունքի խնդիրն է։ Խոսքը վերաբերում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթությանը (ՄԿՈՒ), որի նշանակությունն աստիճանաբար անկում է ապրում, չնայած այն հանգամանքին, որ դրա դերն ու ազդեցությունն անչափելի են։
Խիստ կենտրոնանալով հանրակրթության խնդիրների վրա և կենսական կարևորության նպատակ համարելով բուհական կրթությունը՝ լրջորեն արհամարհվել և հետին պլան էին մղվել մասնագիտական կրթության արհեստագործական և քոլեջային մակարդակները։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 100 հազար ուսանողի երկու երրորդը սովորում է հանրապետության բուհերում, մեկ երրորդը՝ միջին մասնագիտական հաստատություններում: Մինչդեռ միջազգային առաջընթացի փորձն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ աշխատաշուկայի գերիշխող մասը զբաղեցնում են ՄԿՈՒ համակարգի շրջանավարտները՝ առնվազն 1։10 հարաբերակցությամբ։ Այսինքն, մեկ բուհական շրջանավարտին բաժին է ընկնում 10 արհեստավոր կամ սպասարկման մասնագետ։
Վերջին տարիների կրթական քաղաքականությամբ շրջադարձ է կատարվել դեպի ՄԿՈՒ համակարգ, որտեղ լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում և ջանքեր գործադրվում աշխատաշուկայի անբնական բաշխվածությունը հավասարակշռելու նպատակով։ Մասնավորապես, կրթության ազգային ինստիտուտի կազմում Եվրամիության աջակցությամբ ստեղծվել է Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը (ՄԿՈՒԶԱԿ), որին պատվիրակված է նպաստելու ՄԿՈՒ բարեփոխումներին, աջակցելու աշխատուժի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, նպաստելու որակավորումների միասնականացմանը և միջազգային ճանաչմանը։ Այս ամենի հիմնասյունը մասնագիտական պետական կրթական չափորոշիչներն են, որոնց մշակման գործառույթը նույնպես տրված է ՄԿՈՒ զարգացման ազգային կենտրոնին։ Նախատեսվում է աստիճանաբար հասնել շուրջ 130 մասնագիտությունների և որակավորումների կրթական չափորոշիչների մշակմանը, որոնցից յուրաքանչյուրին հաջորդելու է համապատասխան ուսումնական պլանների, առարկայական և մոդուլային ծրագրերի մշակումը, ձեռնարկների, դասագրքերի, ուսումնամեթոդական այլ նյութերի թողարկումը և, իհարկե, դասախոսների ու վարպետների վերապատրաստումը։ Նշենք, որ ՄԿՈՒ համակարգում աշխատում է մոտ 4000 մանկավարժ։
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի տնօրեն ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ նշում է, որ այս համակարգի դերի ու նշանակության վերականգնման և կրթությունն առավել նպատակային դարձնելու ուղղությամբ այսօր լուրջ ջանքեր են գործադրվում։ «Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի ճկուն համակարգ,- ասում է նա,- որը կարողանա արագ արձագանքել աշխատաշուկայի և տնտեսության կարիքներին։ Պետք է տեսնենք, թե այսօր երկիրն ինչ ուղղությամբ է զարգանում, տնտեսության որ ճյուղերն են գերակա, և դրան համապատասխան մասնագետներ պատրաստենք։ Իրական արդյունքներ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել նպաստավոր միջավայր, առողջ համագործակցություն և, ամենակարևորը, դաշտը տեսնել ամբողջության ու կապակցվածության մեջ։ Աշխատաշուկա-գործատու-պատվիրատու-կրթություն շղթան շարունակ պտտվող և փոխադարձ ներգործող համակարգային գործընթաց է, որը չի կարող վերացականորեն պլանավորվել կամ կտրված լինել իրականությունից։ Մենք այլևս կենտրոնացված վարչահրամայական տնտեսական համակարգի պայմաններում չենք գործում, այլ շուկայական տնտեսական ազատ մրցակցության դաշտում։ Հետևաբար, կրթության խնդիրն է` տեսնել բազմաձևությունն ու ապահովել մասնագետներ, որոնց կվստահեն ու կընդունեն աշխատանքի»։
Կարելի է լուրջ առաջընթաց համարել սոցիալական գործընկերության հիմքերի ձևավորումը, որը փորձարկվեց ՄԿՈՒ զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) կազմավորման, ոլորտային փորձագիտական հանձնաժողովների, ինչպես նաև ՄԿՈՒ հաստատություններում կառավարման խորհուրդներ ստեղծելու ընթացքում։ Դրանց կազմում պարտադիր մասնակից կողմ են նաև գործատուները։ 2009-ին ընդունվեց ՀՀ ՄԿՈՒ ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը, համաձայն որի՝ սոցիալական գործընկերության կողմերն են ՀՀ կառավարությունը, գործատուներին (գործարարներին) ներկայացնող կազմակերպությունները և արհեստակցական միությունները: Մարինե Հակոբյանը կարծում է, որ գործատուն պետք է ուսումնական հաստատությունը դիտարկի իր կադրային կարիքներն ապահովող կողմ և ձգտի ներգրավված լինել կրթության պատվերի ու բովանդակության ձևավորման գործում։ Մյուս կողմից` ուսումնական հաստատությունը պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն` գործատուին լսելու և արձագանքելու համար, գիտակցելով, որ իր արդյունքի սպառողը գործատուն է։
«ՄԿՈՒԶԱԿ-ին պատվիրակված բոլոր միջոցառումներն իրականացվում են բազմակողմ, ազատ գործընկերության սկզբունքով։ Կիրառելի և արդյունք ապահովող չափորոշիչը կարող է ստեղծվել զբաղվածության դաշտի ուսումնասիրության, բազմակարծության և նորամուծությունների հաշվարկման դեպքում։ Աշխատանքներն առավել կհեշտանային, եթե լիներ աշխատաշուկայի խոր ուսումնասիրության արդյունքում ձևավորված մասնագիտությունների ցանկ։ Վերջինս կարիք ունի վերանայման՝ համապատասխանեցնելով տնտեսության պահանջարկին։ Սակայն, մյուս կողմից, հարցին պետք է մոտենալ զգուշությամբ՝ չվնասելով արդեն ձևավորված ավանդույթները։ Գուցե այսօր շատ քիչ մարդիկ են զբաղվում, օրինակ, դարբնությամբ, բայց որպես ազգային նկարագրի խնդիր, անհրաժեշտ է այն պահպանել։ Մասնագիտությունների թարմացման գործընթացը կտրուկ քայլեր չպետք է ենթադրի։ Հարկ է հասկանալ, թե որն է երկրի համար ազգային դիմագծի պահպանման հետ առնչվում, որն է այսօրվա տնտեսական զարգացումների հիմքը, և ինչն է, որ պետք է ապահովի սահուն անցում նոր մարտահրավերների հաղթահարման ճանապարհին»,- նշում է ՄԿՈՒԶԱԿ-ի տնօրենը։
Եվրամիության աջակցությամբ ՀՀ բոլոր մարզերում, այդ թվում՝ Երևանում, ընտրվել է 12 բազմագործառութային քոլեջ, որոնք վերանորոգվել ու վերազինվել են իրենց առջև դրված խնդիրները հաղթահարելու համար։ Ըստ Մարինե Հակոբյանի՝ սրանք այն կենտրոններն են, որոնք, տարբեր մասնագիտություններով կրթություն կազմակերպելուց բացի, համարվելու են տվյալ տարածաշրջանի ուսումնամեթոդական կենտրոնը, բարեփոխումների և առաջընթացի փորձարկման միջավայրը։ Հետևաբար, այդ հաստատություններում ներդրվող միջոցները պետք է կարողանալ համատեղ ջանքերով արդարացնել, քանի որ վերջիններիս հաջողությունները կթելադրեն մեր հաջորդ գործողությունները, ինչպես նաև կստեղծվեն փորձարկված ուսումնամեթոդական բազաներ՝ մյուս հաստատությունների առավել զարգացման համար։
Ընդհանուր առմամբ, կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները որոշակիորեն բարձրացրել են ՄԿՈՒ համակարգի դերը։ Հանրակրթական ծրագրերի բովանդակային բազմաձևությունն ուղղակիորեն նպաստում է առավել վաղ տարիքից երեխայի մասնագիտական կողմնորոշմանը։ Եռամյա ավագ դպրոցի ներդրման պարագայում խթանվեց միջին մասնագիտական և նախնական (արհեստագործական) կրթության զարգացումը հանրապետությունում։ Շատերը գերադասում են իրենց երեխաների կրթությունը տեղափոխել քոլեջներ կամ ուսումնարաններ, քանի որ դա նույն ժամանակաընթացքում հնարավորություն է տալիս որոշակի մասնագիտություն ստանալու։ Այսինքն, երեխան ոչ միայն լրացնում է միջնակարգ կրթության պետական պարտադիր ծավալը, այլև դիպլոմավորվում է որպես մասնագետ։ Կարծես դա յուրօրինակ մրցակցություն է ավագ դպրոց-նախնական և միջին մասնագիտական կրթություն բնագավառների միջև։ Ըստ Մարինե Հակոբյանի` ավագ դպրոցը միջնակարգ կրթության ակադեմիական մակարդակն է, որտեղ կրթությունը գիտելիքահենք է, իսկ քոլեջային և արհեստագործական մակարդակը որևէ մասնագիտություն ունենալու ու զբաղվածության դաշտ մտնելու ճանապարհն է։ «Նախնական և միջին մասնագիտական համակարգերն աշակերտի համար ավելի հետաքրքիր կարող են լինել, որովհետև այնտեղ շեշտը դրվում է ոչ թե լսարանային դասընթացի, այլ գործնական աշխատանքի վրա,- ասում է նա։- Երեխան ստիպված չի լինում անընդհատ նստել ու լսել։ Նա մասնակցում է աշխատանքային գործընթացի, ինչն իրեն դուր է գալիս։ Երեխան սկսում է վայելել ապագա աշխատանք ունենալու հաճույքը, իրեն ավելի հասուն ու պիտանի է զգում։ Մրցակցային դաշտն այսօր շատ մեծ է բոլոր մակարդակների համար, և ցանկացած ծառայություն պետք է ապացուցի, որ ինքը կարող է ավելի հետաքրքիր լինել։ Մարդն ազատ է իր կրթության ձևը, վայրն ընտրելու հարցում։ Պետք է ընդամենն ազատ մրցակցություն և իրազեկման աշխատանքներ ապահովել։ Ե՛վ դպրոցը, և՛ քոլեջը պետք է իրենց հնարավորությունների մասին ազատ խոսեն՝ ընտրությունը թողնելով ծնողին ու երեխային»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ