«Մենք կաշխատենք ցանկացած ամերիկացի առաջնորդի հետ, որին կընտրի ամերիկյան ժողովուրդը, և որը պատրաստ կլինի հավասար, փոխադարձ հարգանքով երկխոսության: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք, չնայած շատ լուրջ պատժամիջոցներին, այդուհանդերձ, երկխոսություն կար, և դա ամեն դեպքում օգտակար էր »,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հանդիպմանը հաջորդած ասուլիսում։               
 

ԳԵՐԱԿՇՌՈՂԸ ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ

ԳԵՐԱԿՇՌՈՂԸ ՄԻԱՅՆԱԿՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
14.12.2010 | 00:00

Զեյթունում գտնվող «Մարի Իզմիրլյան» մանկատանն ապաստանում է ծնողական խնամքից զուրկ 1-13 տարեկան 95 երեխա, որոնց 50 տոկոսից ավելին` մտավոր շեղումներով (բարդ և թեթև արատներով): Մանկատանը նրանց հայտնվելու գլխավոր պատճառը, ըստ տնօրեն Հասմիկ Մկրտչյանի, ոչ թե սոցիալական պայմաններն են, այլ հարազատ ծնողներից լքված կամ «հրաժարված» լինելը: Նախկինում մանկատունը գործել է որպես Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի թիվ 245 բազային մսուր-մանկապարտեզ: 1999 թ. այն վերանվանվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյան» մանկատուն ՊՈԱԿ:
Իր գործունեության 11 տարում մանկատունն ունեցել է 16 որդեգրություն: Որդեգրություն հազվադեպ է լինում, քանի որ հաստատությունը չունի նորածնային տարիքը: Տնօրենի խոսքով, մանկատանը գտնվող որոշ երեխաների ծնողներ երբեմն-երբեմն այցելում են իրենց երեխաներին, նաև հանդիպումներ են կազմակերպվում կալանավայրերում և հոգեբուժարանում գտնվող ծնողների հետ: Վերջիններս կարողանում են տեսակցել երեխայի հետ` բժշկի հսկողությամբ: Իսկ եթե ծնողը մեկ տարվա ընթացքում չի այցելում իր երեխային, մանկատունը համապատասխան հայցով դիմում է դատարան, տվյալ ծնողին ճանաչում անհայտ բացակայող, իսկ երեխան ստանում է «առանց ծնողական խնամքի երեխայի» կարգավիճակ:
Դժվար չէ՞ արդյոք շփումը տարբեր խառնվածքի տեր երեխաների հետ: Ըստ մանկատան հոգեբան Աննայի`«հիվանդ երեխաների հետ աշխատելն ավելի հեշտ է, քանի որ նրանք մեր կարիքն ավելի են զգում, ավելի զգայուն են, համոզվող: Մենք էլ մեր հերթին նրանց աչքերում տեսնում ենք մեր հանդեպ նրանց մեծ սերը, վստահությունը, իսկ մյուսները, որոնք առողջ են, ավելի ըմբոստ են, չենթարկվող»:
Մանկատան սաների գերակշռող մասը միայնակ ծնողների երեխաներ են, կան այնպիսիք, որոնց ծնողներն անժամկետ բացակայում են քաղաքից (երբ հայրը մահացած է, իսկ մայրը հայրենիքում չէ): Մանկատանը երկկողմանի ծնողազուրկ միայն մեկ երեխա կա:
«Այնուամենայնիվ, երեխաները կարող են մեզ մոտ հայտնվել տարբեր ճանապարհներով: Շատ հաճախ մուրացիկ և թափառաշրջիկ ծնողների ձեռքից երեխաներին ոստիկանությունն է վերցնում, բերում մանկատուն»,- ասաց Հ. Մկրտչյանը:
Վերջինիս տեղեկացմամբ, երեխաների ընդունելությունը 0-ից է սկսվում, բայց քանի որ մանկատունը նորածինների համար համապատասխան պայմաններ չունի, «աշխատում են» այդ տարիքի երեխա չվերցնել: Բայց եթե նման դեպքեր պատահում են` ապա «մեծ սիրով ընդունում և տեղ են տալիս իրենց օջախում»:
Երեխաների թե՛ ընդունելությունը, թե՛ որդեգրումը կատարում է Երևանի քաղաքապետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: «Մենք անձամբ ոչ ընդունում, ոչ դուրս ենք գրում: Մեզ դիմողներին, ովքեր ցանկանում են երեխաներին տեղավորել մանկատանը, ուղարկում ենք քաղաքապետարանի համապատասխան բաժիններ, որտեղ 10-15 օրվա ընթացքում ուսումնասիրվում է տվյալ ընտանիքի կարգավիճակը, և եթե կա հաստատությունում տեղավորելու խիստ անհրաժեշտություն, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջնական որոշում է կայացնում, թե տվյալ երեխան որ մանկատանը կամ գիշերօթիկին է համապատասխանում»,- պարզաբանեց տիկին Մկրտչյանը: Նույն հիմունքներով էլ իրականացվում է մանկատնից երեխայի դուրսգրումը: Այսինքն` եթե ծնողները ցանկանում են երեխային ընտանիք վերադարձնել, ապա քաղաքապետարանի համապատասխան բաժինը նախ ուսումնասիրում է` սոցիալական ի՞նչ վիճակում է գտնվում տվյալ ընտանիքը, կամ ծնողի աշխատավարձը բավարարո՞ւմ է ապրելու համար, որտե՞ղ պետք է երեխան բնակվի և այլն, ապա նոր թույլատրվում է դուրս գրել երեխային։
Մանկատանը խնամվող հատուկ կարիքավոր 71 դպրոցական հաճախում է հանրակրթական վեց տարբեր դպրոցներ: Նրանցից 40-ը հաճախում են Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոց` դաշնամուրի, ջութակի, հարվածային գործիքների, վոկալի և պարի բաժիններ:
ՊԱԿԱՍԸ ԼՐԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՐԱՐՆԵՐԸ
Հաստատությանը պետբյուջեից տրամադրվող գումարի չափը պայմանավորված է երեխաների քանակով: Այս տարի այն 150 մլն դրամ է, որից ամենամեծ չափաբաժինը (մոտ 60 տոկոսը) հատկացվում է աշխատավարձերին և սոցվճարին: Միայն սննդի վրա ծախսվում է 30-35 մլն դրամ: Որքան էլ մեծ է պետության դերը այս հաստատության կյանքում, այնուամենայնիվ, տիկին Մկրտչյանը խոստովանեց, որ պետբյուջեից տրամադրվող գումարը բավականացնում է միայն երեխաների անհրաժեշտ սննդի կարիքները հոգալուն: Նրանց մյուս պահանջները բավարարում են բարերարները։ «Եթե չլինեին բարեգործական նվիրատվությունները, դժվար թե կարողանայինք ծայրը ծայրին հասցնել»,- խոստովանում է տնօրենը: Չնայած շենքային բարվոք վիճակին և հարմարավետ պայմաններին, հաստատությունն ունի նաև խնդիրներ: Հ. Մկրտչյանը ներկայացրեց 23 կետից բաղկացած խնդիրների ցանկը: Նրանցից առաջնայինը 20-25-տեղանոց ավտոբուս ունենալու հարցն է. «Մեր միակ միկրոավտոբուսը, որը շահագործվում է շուրջ 10 տարի, երկու տարի առաջ էր դուրսգրման ենթակա։ Այն շատ վատ վիճակում է, քանի որ այս տարիներին կապիտալ նորոգման չի ենթարկվել: Մյուս կարևորագույն խնդիրը մանկատան տարածքի ցանկապատումն է, ինչը շատ մեծ ծախսերի հետ է կապված (մոտ 60000 ԱՄՆ դոլարից ավելի), այդ իսկ պատճառով ոչ մի բարերար «մոտ գալ» չի համարձակվում: Մեծ է պահանջը ավտոմատ լվացքի փոշու, հիգիենիկ պարագաների (փամփերս, ներդիր, այլևայլ նյութեր), քանզի մանկատան զգալի մասն անդամալույծ է, և դրանք անընդհատ փոխելու անհրաժեշտություն է լինում»:
Ինչևէ, անկախ ամեն ինչից, մանկատան սաները, ինչպես տեսանելի ու հասկանալի է նույնիսկ ամենասովորական մարդուն, իրենց լավ էին զգում, պաշտպանված և ապահով: «Մանկատան գլխավոր նպատակը երեխաներին հնարավորինս շուտ ընտանիքներում տեղավորելն է կարևոր չէ` որդեգրո՞ղ ընտանիք է, թե՞ հարազատ, կենսաբանական ընտանիք»,- եզրափակեց Հասմիկ Մկրտչյանը:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1598

Մեկնաբանություններ