Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

«ԿԱՆ ԵՎ՛ ԹԱԽԻԾ, ԵՎ՛ ՀԶՈՐ ՈԳԻ, ԵՎ՛ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍ»

«ԿԱՆ ԵՎ՛ ԹԱԽԻԾ, ԵՎ՛ ՀԶՈՐ ՈԳԻ, ԵՎ՛ ԶԻՆՎՈՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԴԱՍ»
05.11.2010 | 00:00

Մեր օրերում ազգային ու դասական արվեստը, կարծես, մի կողմ է քաշվել` տեղը զիջելով անորակ և էժանագին երգ-երաժշտությանը: Երգիչ, երգահան, բանաստեղծ ԱՐՍԵՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԸ կարծում է, որ լրատվամիջոցները, արվեստագետները, երաժշտագետները մշտապես պետք է խոսեն մնայուն արժեքների մասին` կարևորելով դրանք ու հասցնելով հանրությանը։
Ազգային, հայրենասիրական երգերը մեծ նշանակություն ունեն հայ ժողովրդի համար։ Արսեն Համբարյանը, խոսելով երգարվեստի ազդեցության մասին, վկայակոչեց Պյութագորասի խոսքերը, որ ասվել են ավելի քան երկու հազար տարի առաջ. «Երգարվեստում կատարված փոփոխությունը կբերի փոփոխության պետական համակարգում»։
«Երգի, երաժշտության քարոզը մշտապես պետք է օրակարգում լինի։ Այսօր հնչում են հարթ, անիմաստ, ոչինչ չտվող, հայկականությունից զուրկ երգեր։ Խոսքը միայն չարաբաստիկ ռաբիսին չի վերաբերում։ Նույն ազգագրականի մեջ կան թերություններ՝ դեպի քրդականացումը, աշուղական երգի մեջ կա թեքում դեպի արաբականացումը, դասականի մեջ առկա է արևմտամոլությունը։ Իրականում մեր ազգային երգեցողության տիպիկ նմուշը կոմիտասյան երգեցողությունն է։ Այսօր շատ են շոշափում Կոմիտասի անունը, բայց բոլոր ժանրերի երգիչներն էլ, ցավոք, հեռու են մնում կոմիտասյան ակունքներից»,- ասում է երգահանը։
Հայրենասիրական երգը մարդու հոգեբանության վրա մեծագույն ներգործություն է ունենում։ «Պատերազմից առաջ էլ՝ ազգային զարթոնքի տարիներին, մարդկանց ոգեշնչում և առաջ էր մղում հենց հայրենասիրական երգը։ Ամերիկացի գիտնականների վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ մարդկանց վրա ամենաազդեցիկ միջոցը երգն է, երկրորդ տեղում կինոարվեստն է, երրորդում՝ սերը։ Եթե երգի մեջ և՛ բառերն ասելիք ունեն, և՛ երաժշտությունը կարողանում է այդ ասելիքը տեղ հասցնել, ապա այն կարող է շատ բան անել։ Օրինակ, իմ անձնական փորձից կարող եմ ասել, որ Կոմիտասի «Հով արեք» երգը բուժիչ ներգործություն ունի, այն նույնիսկ ջերմաստիճան է իջեցնում, մեկը խաղաղվում է, մյուսը՝ ոգևորվում։ Եվ ես նկատել եմ, որ այդ հայրենասիրակական, ոգեղեն երգերը հիմնականում ստեղծվում են այն ժամանակ, երբ առկա է արտաքին թշնամին։ Բայց չէ՞ որ արտաքին թշնամին մեր դեպքում առկա է անընդհատ ու ամենուր։ Մեր երկիրն իր սահմաններով այնքան է փոքրացել, որ ամբողջությամբ կարծես սահմանագիծ լինի, և արտաքին վտանգն անընդհատ կա։ ՈՒ պետք չէ այդ ոգեղեն երգերը մոռացության մատնել։ Սերունդներին պետք է կրթել ու դաստիարակել այդ երգերով»,- համոզված է երգահանը։
Արսեն Համբարյանը հայ ազատամարտիկների խոսքերով գրված ավելի քան տասը երգ ունի։ Թաթուլ Կրպեյան, Մովսես Գորգիսյան, Աղվան Մինասյան. քչերը գիտեն, որ մեր փառապանծ մարտիկները նաև ստեղծագործում էին։ Նրանց խոսքերով գրված երգերն Արսեն Համբարյանը մերկաձայն (ակապելլա) կատարել է տարբեր լսարանների առաջ։ Երգիչը վստահեցնում է, որ դրանք հզոր ազդեցություն են թողնում մարդկանց վրա։ Նա համոզված է, որ այդ ստեղծագործություններն ավելի ազդեցիկ կլինեն գործիքավորվելու դեպքում. «22 տարեկանում զոհված ազատամարտիկ Աղվան Մինասյանի հինգ բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր ունեմ։ Զոհված ազատամարտիկների բանաստեղծությունները շատ ոգեղեն են, ասելիքը՝ հզոր և մաքուր։ Չնայած Աղվան Մինասյանն ապրեց ընդամենը 22 տարի, սակայն կարողացավ մի ամբողջ փիլիսոփայություն ամփոփել իր բանաստեղծական տողերում։ Նրա ստեղծագործությունները ոգով շատ մոտ են Չարենցին, Վարուժանին։ Նրա խոսքերում կան և՛ թախիծ, և՛ հզոր ոգի, և՛ զինվորին ուղղված դաս»։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ