Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՍԿԶԲՈՒՄ` ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՈ` ՈՐԱԿ

ՍԿԶԲՈՒՄ` ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ, ՀԵՏՈ` ՈՐԱԿ
05.03.2010 | 00:00

Հայկական ինտերնետի սկզբնավորման և զարգացման դարաշրջանը գլոբալ առումով բաժանվում է մենաշնորհայինի և հետմենաշնորհայինի. 2007-ից այն կողմ հասարակության մեծ մասն անգամ չէր պատկերացնում` ինչ է ինտերնետը, և որ այն, ի վերջո, իրեն ծանոթ ու ընդունելի կլինի: Մեծածախ ինտերնետի 1 գիգաբիթը մինչև 2-րդ` «Ֆայբերնետ քոմունիքեյշնս» ինտերնետ օպերատորի մուտքն արժեր շուրջ 12 հազար դոլար, և բարձր էին նաև մանրածախի գները: Ապամոնոպոլացումից հետո գները միանգամից 4 անգամ նվազեցին: Մինչ այդ ունեինք ազգային օպերատոր, որ գրեթե ինտերնետ չէր մատուցում, գործում էին օպտիկամանրաթելային կապուղիներով ինտերնետ մատուցող մի քանի փոքր պրովայդերներ և 2 բջջային օպերատոր, որոնց մատուցած առավելագույն ինտերնետը GPRS-ն էր:
Իրավիճակն աստիճանաբար փոխվեց. նախ գների առումով սառույցն արագ սկսեց շարժվել, ապա նաև ավելացան ինտերնետի օգտագործման ծավալները:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը նշում է, որ ծավալները վերջին 4 տարում շուրջ 6 անգամ աճել են, ինչը նաև հնարավորություն է տալիս արժեքն էժանացնել միավորի նկատմամբ:
Այս տարվա սկզբից կարգավորող հանձնաժողովը «երկաթե ձեռնոցով» միջամտեց գերիշխողների գնային քաղաքականությանը` սահմանելով, որ մեծածախ ինտերնետի 1 գիգաբիթը վաճառվի առավելագույնը 174 հազար դրամով: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի դիտարկմամբ, այդ որոշումը չի խթանում ներդրումներ անելու գործընթացը: Ըստ նրա, տեխնոլոգիաները բավականին արագ են զարգանում, և գոյություն ունեցող սարքավորումները բավականին թանկ են ու արագ են ծերանում` փոխելու կամ նորը ներդնելու համար մարժինալ սահմանը շատ բարձր է: «Ֆայբերնետի» գլխավոր տնօրեն Արմեն Խաչատրյանն էլ նշում է, որ իրենք առանց այդ էլ իջեցրել են գները և վաճառում են 145 հազար դրամով: Շուկայի նոր մասնակից «ՋԻԷՆՍԻ ալֆան» կոմերցիոն նպատակով ի սկզբանե գներն այդ մակարդակում էր ամրագրել:
Ինտերնետի մեծածախ շուկայում 2009-ի աշնանից` երրորդ մեծածախ օպերատորի մուտքով, խաղն ավելի թեժացավ: «ԱրմենՏելում» կարծում են, որ երկրի համար շահեկան է մեծածախ ինտերնետի մի քանի մայրուղային ելքեր ունենալը. որքան շատ ուղիներ իրարից անկախ գործեն, այնքան հանրապետության տեղեկատվական անվտանգությունն ապահով կլինի: Մյուս կողմից էլ` որքան շատ ինտերնետ օգտագործվի, այնքան գինը կնվազի նաև մանրածախում:
«ՋԻԷՆՍԻ ալֆայի» տնօրեն Հայկ Ֆարամազյանը վստահ է, որ այդ առումով 2010-ը շատ մեծ փոփոխությունների տարի կլինի. և՛ բնակչությունը, և՛ կորպորատիվ հատվածը կնկատեն ինտերնետի հուսալիություն և ծավալների ավելացում:
Օպերատորների գնային զիջումները, սակայն, մանրածախ շուկայում համարժեք իջեցում չապահովեցին: Ինտերնետ հասանելիության կամ մատչելի ինտերնետի խնդիրները տեղափոխվեցին պրովայդերական դաշտ: Վերջիններս դժվարանում են համարժեք իջեցնել ինտերնետի գները. ենթակառուցվածքներ չկան, որոնց միջոցով էլ նրանք կլուծեն դեպի յուրաքանչյուր սպառող վերջին մղոնի հարցը:
Վերջնական սպառողի հետ աշխատող «ԱրմենՏելում», որին հաճախ մեղադրում են ստորգետնյա մալուխները միայնակ տնօրինելու համար, կարծում են, որ այն պրովայդերների համար, ովքեր ուզում են զարգացնել ցանցերը, վերջին մղոնը կրիտիկական չէ: Ամեն դեպքում, նրանց մի մասն առանձին տեխնոլոգիաներով արդեն շրջանցում է վերջին մղոնը, իսկ ստորգետնյա հանգույցների մասով, կարծում են, խնդիրը պետք է լուծվի պետական մակարդակով, և եթե պետությունը որոշի վերանայել խաղի կանոնները, ապա իրենք պատրաստ են նման սցենարի` «արդար ու հասկանալի» խաղի կանոնների:
Որոշ մասնագետներ էլ նկատում են, որ այդ հարցը չի լուծվում, քանի որ մտավախություն կա, թե «ԱրմենՏելին» այդ մենաշնորհից զրկելը կարող է հանգեցնել նրան, որ հրաժարվի հետագա ներդրումներից:
Կապի ոլորտում, սակայն, որոշիչ ուժը ներդրումն է, եթե խուսափեցիր դրանից, ցանցը չզարգացրիր, մրցակցությանը կուլ կգնաս. շուկային շարունակ նոր առաջարկ պետք է անել: Սա արդեն շուկայի բոլոր մասնակիցներն են գիտակցում:
Հայկական ինտերնետ շուկայի երկարամյա քաղցը հագեցնելու տարբեր տեխնոլոգիաներ ի հայտ եկան` օպտիկամանրաթելային, դիէսէլ, 3 ջի, Վայմաքս և այլն, սրանք էլ հենց հարթում են վերջին մղոնի հարցը: «ADC»-ի պրովայդերական ընկերությունը, օրինակ, վերջնական սպառողին օպտիկամանրաթելային մալուխով է հասել, բաշխումը, սակայն, կատարում է հոսանքի հաղորդալարերի միջոցով` Fast clik կոչվող սարքով: «Կորնետ ԱՄ»-ի տնօրեն Բորիս Դեմիրխանյանն էլ նշում է, որ իրենց տրամադրած Վայմաքս` անլար տեխնոլոգիան, որ արդեն հաջողությամբ իրագործվում է նաև մարզերում, գործող օպերատորներից անկախանալու մի տարբերակ էր:
Նշենք, որ ինտերնետի օգտագործման ծավալների աճի ֆոնին ընդհանուր հաշվարկներով արդեն 600 հազար սպառող օգտագործում է 3 ջի` բջջային օպերատորների տրամադրած կապը, 25 հազարը` նույնը կրիչով, 7-8 հազար բաժանորդ արդեն օգտագործում է անլար` Վայմաքս տեխնոլոգիա:
Ինտերնետի հայկական շուկան բավականին ինքնատիպ զարգացում ունի: Այն բարդ ու դժվար կարգավորման պատմություն ունի, և նույնքան էլ դյուրին չէ նախանշել զարգացման հետագա ընթացքը: Տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում և էականորեն ազդում են թե՛ իրավական դաշտի, թե՛ տնտեսության վրա` հաճախ փոխելով նաև շուկայի ողջ կառուցվածքը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանի կարծիքով, այն, ինչ կատարվում է այսօր շուկայում, հետևողական բարեփոխումների հետևանք է, դաշտն ազատականացվում է: Գները հետին պլան մղելով` որոշվել է առաջին հերթին ապահովել ծառայության հասանելիության խնդիրը, ապա նոր լուծել գնի, որակի, հուսալիության, սպասարկման և այլ հարցեր:
Եթե Երևանում և մյուս քաղաքներում ինտերնետը հասանելի է, պրովայդերներն էլ առողջ մրցակցության մեջ են, ապա նույնը չի կարելի ասել գյուղական վայրերի մասով: Կառավարությունն արդեն այս ուղղությամբ որոշակի քայլեր է իրականացնում: Կարգավորիչ մարմինը միջազգային փորձագետների հետ քննարկում է ունիվերսալ ծառայությունների հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որը, այն վայրերում, որտեղ էլեկտրոնային հաղորդակցության զարգացումը տնտեսական և բիզնեսի զարգացման տրամաբանության տեսանկյունից արդյունավետ չի լինելու, այդ հիմնադրամից սուբսիդավորմամբ ապահովելու է ծառայությունների հասանելիության հարցը:
«ՋԻԷՆՍԻ ալֆան» հարավային և հյուսիսային միջազգային կապուղիները կառուցելուց հետո զարգացման թիրախ է ընտրել նաև մարզերը: Որոշման խթան են դարձել նաև կառավարության առաջնահերթ ծրագրերը` Գյումրու տեխնոպարկի, Ջերմուկի և Դիլիջանի հետ կապված: Տնօրենը վստահեցնում է, որ 25-28 քաղաք մինչև այս տարվա ապրիլ ամիսը կմիացվեն գերարագ` վայրկյանում 10 գիգաբիթ կապով: Այս ընկերությունում մտածում են Հայաստանն ինտերնետ տարանցիկ երկիր դարձնելու մասին ևս. բանակցում են եվրոպական հայտնի ընկերությունների, ինչպես նաև Իրանի, Թուրքիայի և վրացական մի քանի օպերատորների հետ: Ոլորտում նման ծառայությունը, ըստ պրն Ֆարամազյանի, նորություն է, այն նաև նպաստում է երկրի վարկանիշի բարձրացմանը:
Մասնագետները նշում են, որ գնային քաղաքականությունը գլոբալ առումով կփոխվի նաև այն ժամանակ, երբ զարգանա տեղական կոնտենտը, այսինքն, պետք է ստեղծել հայկական տեղեկատվական որակյալ ու հետաքրքիր կայքեր: Ինտերնետ օգտագործողներն այսօր ավելի շատ օգտվում են ռուսական կամ արտասահմանյան կայքերից, ինչը ենթադրում է միջազգային կապուղիների օգտագործում, լրացուցիչ ծախսեր մեծածախ օպերատորների համար: «ԱրմենՏելի» ղեկավարը նշում է, որ երբ ազգային տեղական կոնտենտի ստեղծման հարցում կարողանանք խթանել պրովայդերներին, ապա բոլոր օգտագործողները կտեսնեն արագության մեծացում և որակյալ կապ Հայաստանում:
Հայ ինտերնետ սպառողն ավելի իրազեկ է արդեն և այսօր չի բավարարվում միայն ինտերնետ ունենալով, նախընտրում է ունենալ որակյալ կապ, իսկ այն, արի ու տես, դեռ որակ չի դառնում։ Ինչո՞ւ, պարզվում է, այստեղ էլ մեղավոր է տեղական կոնտենտը, ավելի ճիշտ` նրա բացակայությունը: Մասնագետները տեղական կոնտենտի զարգացման առնչությամբ կարևորում են «դատացենտրերի» կառուցման հարցը: «ՋԻԷՆՍԻ ալֆան» պատրաստվում է Հայաստանում ստեղծել մասնագիտացված կոմերցիոն «դատացենտր»` տվյալների շտեմարան:
Ձևավորվել է մի իրավիճակ, երբ շուկան սահմանափակ է, քանի որ կայքեր չեն ստեղծվում։ Եվ կայքեր չեն ստեղծվում, որովհետև շուկան սահմանափակ է: Իրավիճակը շտկելու համար կառավարությունը մշակել և «Էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի» շրջանակներում իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ: Սակայն, նախ և առաջ, անհրաժեշտ է լուծել ինտերնետ լայնաշերտ ցանցի հարցը, ինչի ստեղծման համար կառավարական մակարդակով քննարկվում են շուկայի խաղացողներին շահագրգռելու մեխանիզմները: Այս համատեքստում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն Ազգային մրցունակության հիմնադրամի հետ իրականացնում է ինտերնետ հասանելիության «Բրոդբենդ Արմենիա» ծրագիրը: Հայտարարվել է ինտերնետ հասանելիության իրավիճակի ուսումնասիրության մրցույթ, հաղթել է գերմանական «Դետեկոմ» ընկերությունը: Նրանք «գույքագրում» են` ճշտելով` որտեղ ինչ ունենք, ինչի պակաս կա, հետագայում, եթե անհրաժեշտ լինի նորը կառուցելու կամ պակասը լրացնելու, կրկին մրցույթ կհայտարարվի: Առայժմ պարզ չէ` ապագա ցանցը պետությա՞ն հովանու ներքո կգործի, թե՞ մասնավորի:
Պարզ է մի բան. լայնաշերտ հիմնացանցի ստեղծումը հնարավորություն կտա յուրաքանչյուր բնակչի ապահովել վայրկյանում մինչև 100 մեգաբիթ ինտերնետով:
Հասմիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ