Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Պատմության դասագի՞րք, թե՞ քաղաքականություն՝ սա է հարցը

Պատմության դասագի՞րք, թե՞ քաղաքականություն՝ սա է հարցը
24.12.2023 | 09:16

Պատմության արդեն վատ համբավ ձեռք բերած դասագրքի շուրջ քննարկումներն ու քննադատություններն այնպիսի ծավալ են ընդունել, որ միայն առողջ բանականություն ու գիտական անաչառություն չունեցող մեկը կշարունակի պնդել, որ այն պետք է թողնել շրջանառության մեջ։ Այս ձևակերպումն առաջին հայացքից շատ կտրուկ կարող է թվալ և նույնիսկ վիրավորական, սակայն ես այդպես չեմ կարծում։ Ինչու՞:

Ընդամենը մեկ պատճառով․ դասագրքի շուրջ մասնագիտական քննարկումները ճիշտ հունով տանելու, կրքեր չբորբոքելու և գրագետ լուծումներ գտնելու փոխարեն ԿԳՄՍ նախարարությունն ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, դասագրքի կապակցությամբ մասնագիտական եզրակացությունը ստորագրած պատմաբանների հետ դեկտեմբերի 13-ին կայացած հանդիպման ժամանակ, իր ներածական խոսքում ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց, որ կա պետական քաղաքականություն և իրենք բնավ պատրաստ չեն շեղվելու այդ ուղուց և դասագիրքը մնալու է կրթական համակարգում։ Կրկնում եմ, սա ասվեց նախարարի շուրթերով, մինչ մասնագետները կխոսեին ու կհիմնավորեին իրենց տեսակետները։

Հարցը փակուղի է մտցրել հենց նախարարությունը։ Ավելին, այն քաղաքականացրել է նույն նախարարությունը, որը ներկա պահին փորձում է «անկախ» որակավորումով հակադիր տեսակետ հրապարակել, որպես հիմնավորում՝ դասագիրքը շրջանառության մեջ թողնելու համար։

Հատուկ տեղեկատվություն սփյուռքահայ այն պատմաբանների համար, ովքեր դեռ կարծում են, թե սա «նախկինների» ներկայացուցիչ և պրիմորդիալիստական տեսակետներ ունեցող պատմաբանների նախաձեռնություն է, ովքեր ամեն կերպ փորձում են խոչընդոտել «հեղափոխական» նորամուծությունները։ Ես օրինակներ չեմ բերի դասագրքում առկա կոպիտ սխալներից ու թերություններից։ Դրանք ես ներկայացրել եմ առանձին գրախոսականով, միանալով 19 պատմաբանների մասնագիտական ընդհանուր կարծիքին։

Այս պահին մեր սփյուռքահայ պատմաբան գործընկերներին իրազեկում եմ, թե ի՞նչ է տեղի ունենում մասնագիտական քննարկումներից անդին և ի՞նչ կեղտոտ գործելաոճ է ընտրել դասագրքի անսխալականությունը պաշտպանող կողմը։

- ԱՀԱԲԵԿՈՒՄ․ հենց ԿԳՄՍ նախարարությունից դեռ սովետական տարիներին ու «նախկինների» օրոք ընդունված բարքերին հավատարիմ, ճնշում է գործադրվում անհատ պատմաբանների ու ուսուցիչների նկատմամբ, քննարկումներին չմասնակցելու համար։ Ըստ հավաստի տեղեկությունների, ուսուցիչների հետ վերջերս կայացած հանդիպումից առաջ նախարարությունից զանգերով սպառնացել են չմասնակցել այդ հավաքին։

- ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ․ բուհի ղեկավարության մակարդակով ապատեղեկատվություն է տարածվում մանկավարժ-մասնագետների շրջանում, առ այն, որ նախատեսված հանդիպումը չի կայանալու, վերջիններիս այդ հավաքին մասնակցելու հնարավորությունից զրկելու համար։

- ՍՊԱՌՆԱԼԻՔ․ Նախարար Անդրեասյանի հետ կայացած հանդիպման օրը, մասնագիտական եզրակացությունը ստորագրած պատմաբաններից մեկի շենքի բակում հայտնվել է ոստիկանական մեքենա և հարցուփորձ է սկսվել հարևանների շրջանում վերջինիս բնակության հասցեի ու հավաքների վերաբերյալ։

- ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿՈՒՅԹՈՒՆ. դասագրքում առկա ահռելի քանակությամբ կոպիտ սխալներն ու անճշտությունները չտեսնելու տվող նախարարությունը հստակորեն տանում է մի քաղաքական գիծ, որը բոլորովին էլ քողարկված չի ու չի էլ թաքցվում այդ ակնհայտ նպատակադրությունը․ հնարավորինս թուլացնել նոր սերնդի շրջանում ազգային ինքնության, պատմության ու մշակույթի խորը գիտակցումն ու ընկալումը։ Սա ազգայինը դեկոնստրուկցիայի (կազմաքանդման) ենթարկողների սիրված մոտեցումներից է, ի դեպ։

Ի լրումն սրա նշեմ, որ այս թևի գլուխգործոցներից մեկն է նաև իմ բնակության հասցեում գաղտնի մշտադիտարկումների կամ տեսանկարահանումների իրականացումը, որի կապակցությամբ դիմել եմ ԱԱԾ-ին՝ գործ հարուցելու և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն և «թավշյա» ազգագրական խմբակի կառկառուն ներկայացուցիչ Հարություն Մարությանին այս փաստով հարցաքննելու համար։ Արդեն հրավիրվել եմ ԱԱԾ, հուսամ շուտով նոր բացահայտումներ կլինեն Խառատյան-Մարության դուետի այլանդակ գործելաոճի կապակցությամբ։

Ահա այսպիսի բարքեր են տիրում «նոր Հայաստանում», տիկնայք և պարոնայք։ Իսկ դուք կարծում եք կրկին պրիմորդիալիստներն են գլուխ բարձրացրել մատղաշ հեղափոխականների դեմ։

Իմ անձնական տեսակետն եմ ներկայացնում այս հիմնախնդրի կապակցությամբ․ քաղաքական գիծը, որը որդեգրել է ամենացածր լեգիտիմությունն ունեցող ներկա իշխանությունը, ընդամենը դրսից թելադրված նախապայման է, որը քողարկվում է պետական քաղաքականության անվան տակ։ Ասել կուզի, գործ ունենք ապագա սերունդների դեմ իրականացվող հստակ քաղաքականության հետ, որը ոչ միայն մեր երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարման դրվագ է, այլև լրջագույն սպառնալիք է հանդիսանում մեր ինքնության ու պետականության դեմ։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 8087

Մեկնաբանություններ