Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

ՈՒղեցույց Ավինյանին (քաղաքակրթական լիկբեզ)

ՈՒղեցույց Ավինյանին (քաղաքակրթական լիկբեզ)
16.12.2023 | 14:35

Հիշում ես, տ. Ավինյան (տ-ն տվյալ պարագայում նշանակում է տիար, ոչ թե Տիգրան), երևանյան դաժան, ամոթալի, անկեղծ ասած, նաև լրբենի եղերերգը Սուրմալու տոնավաճառում:
Անզուգական օր էր:

Պատերազմի մեջ ներքաշված հանրապետությունը հովվերգական խումհարի մեջ էր, երբ հանկարծ ժողբաստիոնյան դղրդոցը ցնցակաթվածի ենթարկեց Երևանին և նրա բնակիչներին: Նշված տոնավաճառում պայթեց հրագործական ապրանքների պահեստը: Եղան զոհեր: Դու հավուր պատշաճի գնահատելով պատմաքաղաքական պահը` այցելեցիր Սուրմալու և անվարան հրովարտակեցիր. «Այսուհետև հրագործական ապրանքների գործածումն ու վաճառքն արգելվելու են»:
Պայթյունի գիշերը մայրաքաղաքը դղրդում էր, զի հրավառող հակահանրային տարրի համար պայթյուն, զոհ, ազդակային աղմուկից սրտի տագնապ ունեցող հազարավոր քաղաքացիների տառապանք ասվածը գոյություն չունի: Սրանցը սեփական անասնական կրքերը լիցքաթափելու հրամայականն է:
Եվ անհագուրդ լիցքաթափվում են էլ:
Ինչ եմ առաջարկում քեզ: Այցելել Սուրմալու: Գնա և տես, որ թե՛ այնտեղ, և թե՛ նրան դրկից «Փեթակ» տոնավաճառում հրագործական տեսականու մեծածախ և փոքրածախ առևտուրն ուղղակի փթթում է օրը ցերեկով: Ի դեպ, նախորդ տարի ՀՀ ԱԺ-ն ընդունեց օրենք հրավառությունների կանխարգելման մասին: Ինչպես տեսնում ես, այս օրենքը չի գործում: Այն, ըստ ամենայնի գլուխկոտրուկ է: Վերընթերցիր օրենքն այդ և փորձիր գլուխ հանել:
Տ. Ավինյան, ձեռքդ դիր խղճիդ վրա և երախտապարտ եղիր ինձ, որ փորձում եմ քեզնից քաղաքապետ կերտել: Որքա՜ն տպավորիչ էր երդմնակալությունդ քաղաքապետարանում: Վերստին հրովարտակեցիր, որ, այո, հրավառությունը մայրաքաղաքում արգելված է:

Եվ ի՞նչ:

Հրովարտակիդ ի պատասխան հակահանրային տարրն ավելի ստույգ բնորոշած` տականքը, քեզ հակակշռեց` նույն գիշեր և մինչև լուսաբաց մայրաքաղաքը տակնուվրա արեց հրավառությամբ:
Այս դեպքից կարճ ժամանակ անց քեզ ուղղեցի մի ուշագրավ նամակ` խնդրելով, որ այն անձամբ հասցնեն քեզ: ՈՒ քանի որ կասկածում եմ, որ նամակս ընթերցել ես, այն ամբողջությամբ տեղադրում եմ այս նյութիս մեջ:

Երևանի քաղաքապետ
պրն Տիգրան Ավինյանին

Մայրաքաղաքը թաղված է բազմաբնույթ խնդիրների մեջ, բայց զարմանալի հետևողականությամբ անտեսվում է գուցե թե ամենակարևոր խնդիրը` մայրաքաղաքը ճարակող բազմասեռ աղմուկը, որը նախորդ իշխանության պարգևավճարն էր երևանաբնակներիս, որը և շարունակվում է այսօր ժողովրդավարական բաստիոնում:

Ամանորյա տոներին ամենօրյա հրավառություններին գումարվում է պայթուցիկային խառնակությունը, և մեր տոնական հանգիստը վերածվում է մղձավանջի: Նախորդ տարի հենց Ձեր նախաձեռնությամբ արգելվեց հրագործական արտադրանքի կիրառումը` տարին բոլոր հստակ սահմանելով դրանց կիրառման վայրերն ու թույլտվությունը միայն պետական տոների ժամանակ:

Նախորդ Ամանորին պայթուցիկներն ու հրավառական տեսականին կրկին նվեր մատուցվեց երևանաբնակներիս: Այս ամենը մի՞թե ձեզ չի հուզում: Տեղեկացնեմ, որ վերոնշյալն ազդակային աղմուկ է և ծանր է ներգործում ծերերի ու մանուկների, հղիների ու հաշմանդամների, ինչպես նաև սրտանոթային և էնդոկրին հիվանդությամբ տառապողների վրա: Վերոնշյալն առողջապահական մարմինների եզրակացությունն է, որը տարիներ շարունակ իմ նախաձեռնությամբ ուղղվել է և՛ ՀՀ կառավարությանը, և՛ ՀՀ ոստիկանությանը: Արձագանքը` ձայն բարբառոյ հանապատի:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ հրագործական տեսականու գործածումը կամ իսպառ արգելված է, կամ էլ խիստ սահմանափակված է քաղաքակիրթ աշխարհում: Անգամ ասիական և աֆրիկյան հետամնաց պետություններում, քանզի նույնիսկ մեկ ազդակային աղմուկը խիստ բաղցասական ազդեցություն է գործում թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների և թե՛ բնության վրա: Վերոնշյալի մասին կան բազմաթիվ հրապարակումներ: Համացանցը կօգնի Ձեզ հայտնաբերել դրանք և ավելի տեսանելի ներկայացնել չարիքը:

Զավեշտալի է, երբ ՀՀ ԱԺ-ում ընդունված օրենքը, ի թիվս այլ սահմանափակումների, արգելում է մինչ 18 տարեկան հասակ ունեցողներին գնել և գործածել հրավառական նյութեր: Այո, զավեշտալի է, քանի որ խոսքը դժոխային աղմուկի մասին է` անկախ այն բանից` գործածողի 18 տարին լրացե՞լ է, թե՞ ոչ:
Հարգարժան քաղաքապետ, մի՞թե խնդրի վերջնական լուծումը միակը չէ` օրենքի ուժով արգելել դրանց ներկրումը, արտադրությունը և գործածումը: ՀՀ ԱԺ-ն, այո՛, ընդունել է օրենք և, այո՛, քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո Դուք ևս մեկ անգամ հայտարարեցիք, որ Երևանում հրավառություններն արգելված են: Տեղեկացնում եմ Ձեզ, որ հրավառությունները մայրաքաղաքում տեղ-տեղ շարունակվում են:

Ի դեպ, քաղաքապետարանի դիմահայաց Գ. Լուսավորչի 12 հասցեում գործում է հրագործական արտադրանքի խոշոր վաճառատունը: Դրանք վաճառվում են գրեթե ամենուր: Նաև մայրաքաղաքն օրնիբուն ճարակվում է մարզական շարժակազմերից վիժող աղմուկի ճիրաններում: Զորուգիշեր մայրաքաղաքը հերկող մեքենաներն ու մոտոցիկլետներն ուղղակի բռնադատել են քաղաքը: Սա Ձեզ չի՞ անհանգստացնում:

Նաև շատ մեքենաներից ուղղակի արտավիժում է գլխավորապես ռաբիզ երգաշարը, դիտահորերի չամրակայաված կափարիչների մշտական դղրդյունը: Նաև` Երևանում շինարաության «վերածնունդը»: Յուրաքանչյուր կառուցվող շենք ինքնին աղմուկի օրրան է, չի պահպանվում որևէ նորմ, չի գործում որևէ սահմանափակում:
Միևնույն պատկերն է շինարարությանը մետաղյա կոնստրուկցիաներ մատակարարող բացօթյա բազաներում:

Եվ ահա Ձեզ խնդրում եմ կեսգիշերն անց շրջել Երևանում: Հակահանրային տարրը, հավանաբար թմրանյութի ազդեցության տակ, խրախճանք է բեմականացնում մայրաքաղաքում, հատկապես կենտրոնական շրջաններում, որտեղ գործում են գիշերային ակումբները: Ի դեպ ՀՀ ոստիկանությունը երեկ էլ, այսօր էլ առաջնորդվում է վարչական իրավախախտումների մասին տխրահռչակ օրենքով, որն իրականում սպասարկում է հակահանրային տարրերի շահերը: Ես լավատես եմ և թեկուզ հեռվից ճանաչելով Ձեզ, կասկած չունեմ, որ նամակ-ուղերձս անպատասխան չի մնա. այն է` իսպառ կվերացվի մայրաքաղաքը ճարակող բազմասեռ դիվային աղմուկը:

Հարգանքով և լիահույս` ՀՀ քաղաքացի Վրեժ Առաքելյան

Երևան, Շիրազի 26,
բն. 72, հեռ. 094 420-469

Հարգարժան տ. Ավինյան, իմ բողոքում պարզ երևում է, որ տարին բոլոր մայրաքաղաքը ճարակող հրավառություններն ու նախամանորյա շրջանի պայթուցիկային մղձավանջը չեն միայն մայրաքաղաքը ճարակող բազմասեռ աղմուկը: Խնդրի համաքաղաքայնությունն անտեսած` քո փոխարեն նամակիս պատասխանել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ով հղում անելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքին` նշում է հետևյալը. «Երևանի քաղաքապետը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան` իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տալիս է Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվություն, իսկ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետի համաձայն` Երևան քաղաքի ավագանին սահմանում է Երևանում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները»:
Հարգելի տ. Ավինյան և տ. Ղուկասյան, ՀՀ առողջապահության նախարարարությունից դեռևս 2017 թվականին ստացել եմ նամակ, որից արված մեջբերումը պիտի որ սթափեցնի ձեզ, դնի ուղիղ ճանապարհի վրա և դուք խնդիրը փորձեք կարգավորել ու ոչ թե խցկել փակուղի: Նամակում ՀՀ առողջապահության նախարարության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա. Ջավադյանը մասնավորապես նշել է. «...հրավառություններից, պայթուցիկների գործածությունից առաջացած աղմուկը համարվում է ազդակային և իր ազդեցությամբ մարդու առողջության համար ամենավտանգավորներից է: Այդպիսի աղմուկը կարող է բացասաբար ազդել բնակչության, հատկապես` առավել զգայուն խմբերի` երեխաների, ծերերի, հղի կանանց, առողջական խնդիրներ ունեցող անձանց նյարդային, սիրտ-անոթային, էնդոկրին, լսողական համակարգերի վրա: Հանգստի և քնի ժամանակ աղմուկի բացասական ազդեցությունն ավելի զգալի է: Միևնույն ժամանակ հայտնի է, որ աղմուկը համարվում է ամենահզոր սթրեսային գործոններից մեկը»:
Մի՞թե ձեզ համար գոնե այսօր ակնհայտ չէ, որ 2017-ից հետո հատկապես վերջին հինգ տարում առողջական խնդիրներ ունեցող անձանց քանակը բազմապատկվել է, իսկ խնդիրները` խորացել: Տպագրելով հոդվածը` ես հույս ունեմ, որ դուք դարձի կգաք և վերջապես խնդիրը կկարգավորեք լիովին:

Ի դեպ, կրկնում եմ, առաջարկս` կեսգիշերն անց շրջել մայրաքաղաքում (անհրաժեշտության դեպքում կուղեկցեմ Ձեզ) և առերեսվել իրականությանը` գիշերային ակումբներից հորդացող տականքի վայրագությունը Ձեզ, կասկած չունեմ, կահաբեկի, իսկ ցերեկային աղմուկը, կգա ամբողջացնելու ողջ համայնապատկերը:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Այս ամենն անշուշտ վերաբերում է մայրաքաղաքի ավագանու անխտիր բոլոր խմբակցություններին: Միաժամանակ առաջարկում եմ ոչ իշխանական հեռուստաընկերություններին և կայքերին լրջորեն զբաղվել այս խնդրով:

Դիտվել է՝ 3223

Մեկնաբանություններ