Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Հայկական ծիրանը

Հայկական ծիրանը
16.06.2023 | 15:40

Բոլորս էլ գիտենք, որ ծիրանը Հայաստանի խորհդանիշներից մեկն է, և այն մեծ արժեք ունի յուրաքանչյուր հայի համար։ Բայց ինձ համար այն մի այլ նշանակություն ունի, այն վեր է ամեն ինչից, այն ինձ համար շատ թանկ է՝ իմ հայրական տան հետ կապող անմոռանալի հիշողություն Է;

Մեր տանը երեք ծիրանենի ունեինք, ոչ մի այլ ծառ չկար, բայց այդ երեք գեղեցկուհիները իրենց շքեղ ու վեհաշուք տեսքով ո՛չ միայն մեր ընտանիքի պարծանքն ու ուրախությունն էին, այլև ողջ թաղի։ Գյումրիում ընդամենը մի քանի ծիրանենի կար, բայց ինչպես բոլորն էին ասում՝ մերը ուրիշ Էր;

Երբ ծաղկում էին այդ հրաշք ծառերը բուրմունքը թաղով մեկ էր լինում, իսկ տեսքն ուղղակի աննկարագրելի էր։ Անցորդները կանգնում և զմայլվում էին, զարմանում, որ մեր քաղաքում ծիրանենի կա, այն էլ այդքան գրավիչ ու աննման։ Ամբողջ բակով այդ ծառերի պտուղներն ուտում էինք նոր ծլած ժամանակից միչև հյութալի դառնալը, ասես օրհնած լիներ, վերջ չկար:

Հայրս շատ էր սիրում այդ ծառերը, պատմում էր, թե ինչպես են փոքր տարիքում հորաքրոջս հետ տնկել, և չնայած նրան, որ մեծերն ասել են` անօգուտ է, այստեղ ծիրանենին չի դիմանա, չի աճի, կլիման թույլ չի տա, նրանք հավատացել են, որ աճելու են և զարմացնելու են բոլորին իրենց տեսքով և քաղցրահամ պտուղներով։ Այդպես էլ եղել է:

Երբ Հայաստանից հեռացա աշուն էր, ահավոր դժվար էր հայրենիքից հեռու, օր չկար, որ լաց չլինեի։ Բայց ամենասարսափելին եղավ գարնանը։ Մենք այն ժամանակ Սիբիրում էինք և ես ուղղակի գժվում էի զրկված լինելով ծառերի ծաղկման վայելքից ու բույրից։ Շատերն ասում էին.

«Ոչինչ, առաջին տարին է դժվար, մեր մոտ էլ է եղել, հետո կսովորես»։

Բայց ոչ, լրիվ հակառակը, չէի կարող համակերպվել և վերջ։ Եվ այն մի քանի տարին, որ ապրեցի այնտեղ, ամեն օր աղի արտասուք էի թափում, կարոտում՝ իմ չքնաղ արևաշող Հայրենիքին։

Ամուսինս տեսնելով իմ անմխիթար վիճակը, որոշեց տեղափոխվել հարավ, այստեղ բնությունը նման է Հայաստանին, ինձ պետք է, որ հեշտ լինի համակերպվել:

Տեղափոխվեցինք, և իսկապես ահագին օգնեց, բնությունը հիրավի նման է, իհարկե Հայաստանիս չի հասնի, բայց և ինձ Սիբիրի աքսորյալ չէի զգում։

Անցան տարիներ և երբ բացվեցին ճանապարհները և սկսեցին Հայաստանից մրգեր բերել մեր մոտ, ամուսինս որոշել էր ինձ ուրախացնել հայկական ծիրանով, իմանալով իմ հատուկ վերաբերմունքը նրա հանդեպ։

Մի երեկո եկավ մի մեծ արկղ ծիրանով տուն և իրենից գոհ ինձ կանչեց, թե արի քո երազած հայկական ծիրանն եմ գնել։ Երեխայի նման վազեցի դեպի արկղը և ինչպիսի հիասթափություն, ինքս էլ չգիտեմ ինչպես, բայց զգացի, որ հայկական չէ։

Տխուր շնորհակալություն հայտնեցի և հեռացա։ Խեղճ մարդը մի քանի անգամ տարբեր տեղերից գնում էր հավատալով վաճառողներին, որ հայկական է, իսկ ես ամեն անգամ զգում էի, որ մերը չէ։ Մի անգամ էլ չդիմացավ ու ինձ հանդիմանեց, թե.

«Քեզ փորձագետի տեղ ես դրել, ինչ ծիրան բերում եմ, ասում ես հայկական չէ»:

Փոքր-ինչ վիրավորված ասացի, որ հայկական չէ, ի՞նչ ասեմ, ես չեմ խնդրել էլ մի գնիր, անօգուտ է հայկականը ուրիշ է, այստեղ չես գտնի:

Անցավ մի քանի օր, և ահա մի երեկո լսելով մեքենայի ձայնը հասկացա, որ տուն է եկել: Շտապեցի վար իջնել, և այ քեզ հրաշք, դեռ չեմ հասցրել իջնել և տեսնել, որ էլի ծիրան է գնել, հայկական ծիրանի բուրմունքը արդեն տնով մեկ էր…

Թե ինչպես եմ լացելով վազել ու գրկել հայկական ծիրաններով լի արկղը և ինչ էի զգում այդ պահին ուղղակի անասելի է…

Հիշողություններ. Հայրենիք, հայրական տուն, մանկություն, կարոտ…. այդ ամենն իրար էին խառնվել ու չէի կարողանում հանգստանալ։

Խեղճ մարդը մի պահ քարացավ հետո ասաց, որ խոսքեր չունի, մինչ այժմ հավատացած էր, որ ես կամակոր երեխայի նման չէի հավանում անգամ հայկական ծիրանը և եթե այս անգամ էլ նույն ասեի, չգիտեմ ինչ կաներ։ Հատուկ գնացել և հայկական մեքենաների վրայից էր գնել, որ կասկած չմնար, որ հայկական է։ Իսկ թե ես ինչպե՞ս եմ զգում հայկական ծիրանի տարբերությունը, դա արդեն անբացատրելի է։

Ես այդպես էլ չհամակերպվեցի օտար երկրին և իմ տան մեջ անգամ, ես ինձ հյուր եմ զգում։ Հոգով և սրտով միշտ իմ ազգի, հողի և ջրի հետ եմ, միշտ աղոթարար կլինեմ՝ միայն թե երկիրս ոտքի կանգնի և նորից ծաղկի:

Եվ ամեն անգամ, երբ գնում եմ եկեղեցի, մեր հայկական շինությունից և քարերից հայրենիքիս շունչն եմ զգում, զգում եմ այնպես, ինչպես Արշակ թագավորն զգաց մայր հողի ուժը, երբ գերի էր Շապուհի մոտ։ Եվ միայն այստեղ է, որ ես ինձ զգում ինչպես տանը:

Տեր Աստված, աղաչում եմ, թող թեկուզ հավերժ կարոտ մնամ իմ Հայրենիքին, բայց խնդրում եմ, օրհնես, պահես ու պահպանես իմ սուրբ երկիրը ամեն տեսակ չարիքից ու փորձանքից։

Ամե՜ն:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3701

Մեկնաբանություններ