Մեր տագնապած սիրտ, քո «մյունխենյան սկզբունք»
18.02.2020 | 11:42
Մի քիչ ցավոտ էր այդ ամենը: Հաղթած երկրի ղեկավարը չկարողացավ հաղթողի դիրքերում մնալ: Ամբողջովին հարմարված էր խաղի այն կանոններին, շոուի նրբերագներին, հանուն որոնց կազմակերպվել էր մյունխենյան բաց քննարկումը:
Խնդիրն այլ տեղ է. բոլորն են հասկանում, որ այնտեղ քննարկում չկար։ Հարցը մյունխենյան պանելային այդ քննարկման ժամանակ չէ, որ որոշվելու էր։ Բոլորն էլ գիտեն՝ ոչ մի դեպքում Փաշինյան Նիկոլը (որն այնքան խղճուկի վիճակում էր հանդիպման ժամանակ` պարապած, իր մումիան աթոռին դրած, տյունիգներ անցած «գայլ» Ալիևի կողքին, որը հընթացս նաև իր մումիային թույլ տվեց ծիծաղել, ի տարբերություն մեր երկիրը ներկայացնող Նիկոլի «դյորգերի»… լավ, մի՞թե այս երկրում, նրա շուրջը չկան մարդիկ, որ հատուկ աշխատանք տանեն` նման հանդիպումներում վերջինիս վարքականոնի շուրջ, որպեսզի նաև այդ պատճառով սրտներս չկծկվի) ոչ մի փաստաթուղթ էլ չի ստորագրելու, դա բոլորս և աշխարհը գիտե, և այդ պատմական-անիմաստ էքսկուրսները, շոուներն առ ոչինչ են, եթե ոչ փոքրիկ պասաժ` արևմտյան տեսակետը գերակշիռ դարձնելու, խնդիրը հրապարակայնացնելու, այն լուծմանը մոտեցնելու առումով:
Բայց ոչ երկխոսության ու բանակցությունների, այլ, որքան էլ պարադոքսալ, պատերազմական գործողությունների միջոցով: Հիմա, իբր թե ամեն ինչ արվում է, որ խնդիրը ռազմական լուծում չունենա։ Սակայն բոլորն էլ հասկանում են` այն առանց դրա չի լուծվելու: ՈՒստի, որքան էլ ցավալի, պատերազմի լեգիտիմ հիմքերն են նախապատրաստում: Առաջին հերթին հոգեբանական: Երկրորդ հերթին փաստաթղթային. հիմնավորմամբ` բանակցեցին-պայմանավորվեցին, չստացվեց: Երրորդ հերթին, դատելով Նիկոլ Փաշինյանի «արցախյան դասավորություններից», հնարավորինս` մինիմալ կորուստներով:
Դրան են միտված Նիկոլի` գեներալիտետի նկատմամբ դրսևորումները, դրան են միտված բանակում տեղի ունեցածի նկատմամբ զրո վերաբերմունքը, դրան են միտված Արցախի ընտրությունների ու թեկնածուների նկատմամբ նրա քողարկված վերաբերմունքը, դրան էր միտված նրա բարձրաձայնումը, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», որին Գերմանիայում «ահարկու» բացատրություն տվեց` «Ես նկատի ունեի, որ եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, դա կնշանակի հարձակում Հայաստանի վրա»:
Փորձենք հասկանալ՝ Նիկոլը դա ակամա՞ ասաց` բացելով գերագույն գաղտնիքը, թե՞ մտածված քայլ էր: Ընդ որում նկատենք, որ յուր ՀՀ հանրային հեռուստաընկերությունը չտվեց այդ հատվածը, այլ լղոզեց` ինչ-որ անվտանգության մասին «լոլո»-ով։ Ասել է` հետին թվով իրենք հասկացել են, թե ինչ մեծ բացթողում է կատարել Նիկոլ Փաշինյանն այդ միտքը հայտնելով։ Նախ որ` Եվրոպայի ուղիղ սրտում նա Հայաստանը դարձրեց հակամարտության կողմ, երկրորդ` ադրբեջանական համայնքի շրջանառվող թեզի կողքին ևս մեկ քայլով ոչնչացրեց Ղարաբաղի սյուբեկտայնությունը, երրորդ` փոխանակ ասելու՝ ոչ մի պատերազմ, ասաց` հարձակման դեպքում կհամարենք Հայաստանի վրա հարձակում:
Այստեղ պետք է հիշել ևս մեկ անչափ կարևոր դետալ. Փաշինյանի և Ալիևի «վերելակային» հանդիպման ժամանակ ձեռք բերած պայմավորվածությունը, որի ընթացքում Ալիևը սկսեց քիչ կրակել ու իր դիքերը առաջ բերել, հատկապես հազարավոր կիլոմետրերով առաջ եկավ Նախիջևանի կողմից։ Փաստենք՝ այդտեղից ուղիղ թիրախի տակ են Երևանը, Արարատյան դաշտավայրը, դեպ Սյունիք գնացող կենսական ճանապարհը: Չէ, չենք բաղդատելու այս հանգամանքը Ալիևի Երևանի վրա մտասևեռման հետ (որ այն «ադրբեջանական» է. ծիծաղելի է այն անչափ` ուշադրության արժանացնելու համար)։ Անցնենք առաջ:
ՈՒշադրության է արժանի մեկ այլ բան. հեղափոխական, թավշյայի ամբիցիաների խորխորատներում խրված Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Արցախի հարցում ևս ջնջել ՆԱԽԿԻՆ սկզբունքները` «մադրիդյանը», և աշխարհի սեղանին դնել իր` նիկոլյան «անմահ» սկզբունքները (որոնց պետք է առանձին անդրադառնալ), որպեսզի այդ ասպարզում ևս յուր պատկերը ցոլցլա:
Ողբերգությունը կրկին այլ տեղում է. մեր «հեղափոխական թավիշիստը» ոչ մի ձայն, ծպտուն, բառ չասաց, անգամ իրեն հատուկ ներվային շարժում չարեց այն ժամանակ, երբ Ալիևի մումիան արտաբերեց` «փուլ առ փուլ» եզրույթը, որպես հարցի լուծման ուղի: Ինչն էլ անվերապահորեն նշանակում էր` սեղանին դրված փաստաթուղթը հենց այդ մասին է: Ասել է` լավագույն դեպքում անվտանգություն` խաղաղության դիմաց» տարբերակն է քննարկվում:
Եվ ո՛չ կարգավիճակի հարցը:
Ահա թե որոնք են Նիկոլ Փաշինյանի «մյունխենյան սկզբունքները», որ իրականում «տերպետրոսյանական» սկզբունքներն են։ Նիկոլը ցանկանում է դրանք կոչել «մյունխենյան», որպեսզի իր անունն «անմահանա», և ոչ Տեր-Պետրոսյանի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ