Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Անթև թռչնակ է աշուղը... (ՋԻՎԱՆԻ)

Անթև թռչնակ է աշուղը... (ՋԻՎԱՆԻ)
19.06.2015 | 10:04

Մերօրյա մշակութային դաշտը շատ է խճճվել, ինչպես ասում են, թացն ու չորը, իսկականն ու կեղծը իրար են խառնվել։
Այս իրավիճակում է, որ կարևորվում են չափանիշները, երևույթները գնահատելու ճշգրիտ «կշեռքի» անհրաժեշտությունը, քանի որ միայն ճշմարիտ արվեստը կարող է նպաստել առողջ հասարակության կերտմանը։ Եվ ահա այս գործում մեծ է հայ հոգևոր երաժշտության պետական կենտրոնի դերը (տնօրեն՝ «Գեղարդ» երգչախմբի խմբավար, մեներգչուհի Անահիտ Պապայան)։ Կենտրոնի գործառույթներից մեկն է՝ կազմակերպել համերգներ, ներկայացնել ոգեղեն արվեստը։ Այս անգամ կենտրոնը հրավիրել էր հայտնի երգիչ Գևորգ Հաճեանին։ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Երեկոն բացեց համերգավար Սոնա Վերդյանը, ծանոթացրեց երգչի կենսագրությանը, այնուհետև բեմ հրավիրեց ՀՀ սփյուռքի նախարարության մամլո խոսնակ Սեյրանուհի Գեղամյանին։
Նա անդրադարձավ Գ. Հաճեանի ստեղծագործական նվաճումներին, նրա ներդմանը Հայաստանի և Սփյուռքի մերձեցման, մշակութային կապերի ամրապնդման գործում։
Համերգային մասը բացվեց «Ո՛վ պարտիզպան» հարության տաղով (մշակումը՝ Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի)։
Տաղն արտացոլում է ավետարանական այն տեսարանը, որտեղ Մարիամ Մագդաղենացին, Հիսուսին գերեզմանում փնտրելիս, տեսավ Նրան, բայց չճանաչեց, և իրեն թվաց, թե պարտիզպանն է... Եվ Հիսուս նրան ասաց. «Գնա՛ դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը...»։ Ահա այս տեսարանը երաժշտության միջոցով հավաստի վերստեղծեցին Գևորգ Հաճեանը և դաշնակահարուհի Մարգարիտ Սարգսյանը։ Հոգևոր երգերի այսօրինակ կատարումը պայմանավորված է նաև նրանով, որ Գ. Հաճեանն ունի նաև հոգևոր կրթություն։ Նա սովորել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքում, ձեռնադրվել սարկավագ, ստացել դպրեվանքի բարձրագույն վկայական։ Այնպես որ, հոգևոր երգը Գ. Հաճեանի հոգեհարազատ տարերքն է։
«Ո՛վ պարտիզպան» տաղից հետո բեմ հրավիրվեց համերգի բանախոսը՝ Դանիել Երաժիշտը։ Իր ներածական խոսքում նա լուսաբանեց Կոմիտասի առաքելությունը, որ, ի հեճուկս օսմանյան Թուրքիայի հայաջինջ քաղաքականության և սանձազերծած հայոց ցեղասպանության՝ Վարդապետը կարողացավ կորստից փրկել հայոց ժողովրդական և հոգևոր երգարվեստը։ Կոմիտասը գրի առավ երգերը, մշակեց, բազմաձայնեց, բացահայտեց հայեցի ուրույն լեզվամտածողությունը և մասնագիտական երաժշտությունը սնուցելու անսպառ ներուժը, և այս ամենի հիման վրա ստեղծեց հայ կոմպոզիտորական դպրոցը։ Բանախոսը նշեց նաև ցեղասպանության ազդեցությունը և նրա արտացոլումը հին ու նորաստեղծ երգերում։
Հետո Դանիել Երաժիշտն անցավ համերգում կատարվող երգերի մեկնաբանմանը, զուգահեռաբար տեղեկություններ տալով դրանց հեղինակների, ստեղծման շարժառիթների, պատմական ֆոնի և այլնի մասին։ Այնուհետև հնչեց Մեծ եղեռնի օրերին ստեղծված՝ Կոմիտասի «Հայր մեր» մանկական աղոթքը (1915 թ., հուլիս 12)։ Այս երգում երեխան խնդրում է Աստծուն օրհնել և պահպանել իրենց ընտանիքը՝ իր «Աջով և Սուրբ Խաչով»։ Այսպես Կոմիտասը մանկան անմեղ շուրթերով դիմում է Բարձրյալին՝ փրկելու հայ ժողովրդին։
Հաջորդ երգը նույնպես առնչվում է եղեռնին, սակայն ստեղծվել է մեր օրերում։
Դա լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսի քերթվածի հիման վրա գրված Դանիել Երաժշտի «Լա մինոր» երգն է։
Մեժելայտիսը հայտնի է նաև Հայաստանին նվիրված այլ բանաստեղծություններով («Իմ Երևանը», «Մի լա, Հայաստան», «Խաչքարեր» և այլն, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու, Շիրազի, Պարույր Սևակի և այլոց երկերի թարգմանությամբ).
Ապրիլի 24, ողբալի դու օր,
Ես քո անունն եմ դրել լա մինոր...
Այդ օրը դահիճն իր յաթաղանով
Հոշոտեց, մորթեց հայերին անօգ...
Եվ անիծում եմ ես հուր-հավիտյան
Այդ դժնի օրը ցեղասպանության։
Հուշարձանի մոտ ահա քարացել
Հոգուս սպիտակ վարդերն եմ բացել։
Ապրիլի 24, ողբալի դու օր,
Հոգուս ջութակն է լալիս լա մինոր...

Դանիել Երաժիշտը փորձել է պատկերել, իր իսկ բնորոշմամբ, դեպի «Հայոց Գողգոթա», այսինքն՝ Ծիծեռնակաբերդ բարձրացող ժողովրդի երթը՝ «Խաչի ճանապարհը», նահատակների հիշատակի խնկարկումը, մի խոսքով՝ հնարավորինս ճշմարիտ արտացոլել բանաստեղծական տեքստը, նրա խորհուրդը։ (Ի դեպ, երգի միջնամասում կոմպոզիտորը մեջբերել է Ծիծեռնակաբերդում հնչող «Սուրբ, սուրբ» երգի հնչերանգները, ինչը նպաստում է հավաստիությանը)։ Երգիչն ու դաշնակահարն այս երգը ևս կատարեցին մեծ ներշնչանքով։
Ծրագրում տեղ էին գտել նաև Դանիել Երաժշտի երգերը` ցեղասպանության նահատակ-բանաստեղծների խոսքերով։ Ընտրված էին ոչ միայն այն երգերը, որոնցում վրիժառության կոչեր են հնչում, ինչը բնորոշ էր եղերական օրերին, այլև խաղաղությունը փառաբանող նմուշներ։ Այսպես, Ռուբեն Սևակի «Վրեժին սերմնացանը» երգում ասվում է.
«...Բաբէ, եթե այս իմ բազուկս կարեվէր
Չը սորուեցավ զարնել... գոնէ անվեհեր,
Ցանքես մահու առաքեալներ, հսկաներ
Կըծնին տաղերս քեզի...»։
Իսկ Դանիել Վարուժանի «Անդաստան» երգում, ինչպես եկեղեցական արարողությունում, դիմելով աշխարհի չորս ծագերին, օրհներգվում է.
«Արևելյան կողմն աշխարհի, խաղաղություն թող ըլլա»...
«Արևմտյան կողմն աշխարհի բերրիությո՛ւն թող ըլլա»...
«Հյուսիսային կողմն աշխարհի առատությո՛ւն թող ըլլա»...
«Հարավային կողմն աշխարհի պտղաբերո՛ւմ թող ըլլա»։
Գ. Հաճեանին հաջողվեց վառ կերպով արտահայտել ազգային-ազատագրական պայքարի ոգին և խաղաղության բերկրանքը։
Սիամանթոյի խոսքերով գրված նմուշներից Գ. Հաճեանը կատարեց Դանիել Երաժշտի «Սուրբ Մեսրոպ» և «Սրինգ և շեփոր» երգերը։ Բանախոսի փոխանցմամբ, 1913-ի հոկտեմբերին, Պոլսո «Պտի-Շատ» թատրոնում Կոմիտասը կազմակերպել էր հանդիսություն՝ նվիրված հայոց այբուբենի 1500-ամյակին և տպագրության 400-ամյակին։ Եվ հենց այդ ժամանակ Սիամանթոն ընթերցել էր իր «Սուրբ Մեսրոպ» պոեմն ու արժանացել Կոմիտասի դրվատանքին։ (Ի դեպ, «Սուրբ Մեսրոպ» երգը Երևանի Սիամանթոյի անվան դպրոցի օրհներգն է)։
Երգում փառաբանվում է Մաշտոցի գրերի գյուտը. «Երկու Հայքերն «օվսաննա քեզ» կգոռան... Եվ «օվսաննա» Հայրապետին՝ Սահակ Պարթևին եւ Վռամշապուհ արքային», ովքեր «Արարատյան արշալույսին, դպրութեանց դուռը մեզ բացին»։
2-րդ երգի առաջին բաժինը կոմպոզիտորը գրել է Սիամանթոյի «Արցունքներս» քերթվածի վերջին քառյակի խոսքերով, իսկ երկրորդ բաժինը՝ «Հույսին համար» երկի նույնպես վերջին քառյակի հիման վրա։ 1-ին կեսում պոետը հանդես է գալիս որպես մի սրնգահար, որն անցյալը հիշելով շնչահեղձ է լինում, և որի սրինգը «պապանձվում» է՝ լոկ արցունքներն են հոսում։ Մինչդեռ երգի 2-րդ կեսում հռչակվում է. «Հայ զինվորի պղինձե շեփորը պիտի պատռի հաղթանակի ռազմերգին որոտումեն»։
Ինչպես նշեց Դանիել Երաժիշտը, այս երգը խորհրդանշում է հայ ժողովրդի անցնելիք ճանապարհը. «թախծոտ սրնգից» մինչև «հաղթական շեփոր», այսինքն՝ խավարից դեպի լույս, գերությունից ազատություն։ Այս երգերի առաջին կատարողն էր Գ. Հաճեանը՝ «Շարական» անսամբլի նվագակցությամբ, որի հետ և կատարել է սրանց ձայնագրությունները։ Այս երգերն ասես հենց իր՝ Հաճեանի համար են ստեղծված, քանզի նա եղեռնից մազապուրծ նախնիների շառավիղ է, բացի այդ, նրա ձայնի և հուզական դիապազոնը ահռելի է ու ծավալվում է «սրնգի» շշուկից մինչև հաղթական շեփորի «պատռվելը», սրան գումարած նաև երգչի հստակ առոգանությունը, բյուրեղյա արևմտահայերենը...
Նույն խանդավառությամբ Գ. Հաճեանը կատարեց «Թող հնչե՛ն շեփորք» ժողովրդական երգը (մշակումը՝ Դանիել Երաժշտի)։ Այս երգում ասվում է. «Թող համայն աշխարհ մեզ լավ իմանա, մենք հայերս կանք և պիտի մնանք»... Հիշյալ խրոխտ երգերի լարվածությանը հուզական լավ հակակշիռ էին բնույթով քնարական երգերը՝ Կոմիտասի սիրատոչոր «Ալագյազը», «Հայաստան, երկիր դրախտավայր», «Կիլիկիա» երգերը։
Իսկ ժանրային և տեխնիկական հնարքների առումով առանձնացան ամենածավալուն երգերը՝ Շահան Ռեթեոս Բերբերյանի «Լուսավորչի կանթեղը» (Հովհաննես Թումանյանի խոսքերով) և «Գուսանի երգը» Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերայից։
Այս լայնաշունչ երգերը բացահայտեցին Գ. Հաճեանի տաղանդի մեկ այլ կողմը։
Նա հաջողությամբ կարող է հանդես գալ նաև որպես օպերային երգիչ։ Սակայն նա, եթե կարելի է ասել, «նստակյաց» երգիչ չէ։ Սփյուռքի և Հայաստանի մերձեցմանը և զորացմանը նպաստելու մտահոգությունն ու ջանքերը ստիպում են երգչին հանդես գալ և՛ սահմանամերձ գյուղերում, և՛ զորամասերում, և՛ խրամատներում, և՛ գաղթօջախներում, դպրոցներում, հրապարակներում և այլուր։
Պատահական չէ, որ նրա համերգներին կարելի է տեսնել և՛ ազատամարտիկների, և՛ հոգևորականների, և՛ ուսանողների, և՛ հասարակության այլ ներկայացուցիչների։
Գևորգ Հաճեանին էլ կարելի է վերագրել Ջիվանու հետևյալ խոսքերը.
Անթև թռչնակ է աշուղը-
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր այստեղ, վաղը այլ տեղ...

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ