Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Էս անդադրում Վանիկը և... ամբողջ մի կյանք

Էս անդադրում Վանիկը  և... ամբողջ մի կյանք
19.06.2015 | 09:57

Կան լի՜քը-լի՜քը կածաններ, արահետներ, որ չես հասկանում՝ մարդու միջի՞ց են դուրս գալիս, թե՞ հոգնել են, ուզում են մտնել մարդու հոգին ու մի քիչ հանգստանալ, աչք կպցնել, մտորել։Կածան կա, որ քեզ ճանապարհ է հանում, արահետ կա, որ մոլորվել ու չի գտնում իր ճանապարհը։ Զարմանալին հենց ինքը կյանքն է։ Կյանքը մի մեծ ճանապարհ է՝ քո ծապաններով գնա, հա՜ գնա, թե պիտի հասնես, ինչի՞ն հասնես, ո՞ւր հասնես։ Կարող է, որ հենց էդպես է. մարդը իր օրորոցից ու իր եզերքից չի հեռանում, բայց մտքով թափառում է եզերքներում, փաթաթվում ճամփաներով ու դրանց տերն ու տիրակալն է դառնում, մարդ էլ կա, որ ճամփին է ծնվում, ճամփից չի բաժանվում ու չի էլ հասկանում, որ…

Ի՞նչ կասես, ծապաններ մաշած, ճանապարհներ կտրած, անդադրում Վանիկ Սանթրյան։
Գիտեմ, դու չես կարող երկար մտածել, դու ունես քո պատասխանները։ Ինչ էլ ասենք ու չասենք, իրավունք ունենք հիշելու մեր ամենաիմաստուն ճամփորդին.
Հե՜յ, ճամփանե՛ր, ճամփանե՛ր,
Անդարձ ու հին ճամփաներ,
Ովքե՞ր անցան ձեզանով,
Ո՞Ւր գընացին, ճամփանե՛ր։
Մարդը ինքը ճանապարհ է։ Մարդը, նորից ասեմ՝ կարող է իր շեմից մի քայլ անգամ հեռացած չլինի, բայց սիրո, արդարի, վրեժի, խաղաղության, բարի՜-բարի լինելու, փրկության ու լի՜քը-լիքը ճանապարհներ ցույց տա։ Հա, հենց հեքիաթի յոթ ճամփի մեջտեղում նստած ծերունու նման՝ էս ճամփով որ գնաս... էն ճամփով որ գնաս ու... Վանիկ Սանթրյանը շատ ու շատ իրավունքներ ունի. կարող է իր անցած (ավելի ճիշտ՝ երկու ոտքի անցած) ճամփաները ծալել ու հանգիստ մտորել, անգամ զարմանալ՝ էսքան ճանապարհները ո՞նց է կտրել-անցել։
Ճանապարհներ ու մարդիկ, մարդիկ, մարդիկ։
Ջահել չէինք, բայց կենաց-կենաց խմում էինք։ Վանիկ Սանթրյանի կենացն է։ Երկու բառ էլ ես պիտի ասեմ։ Ասացի՝ ես խմում եմ ոչ թե Վանիկ Սանթրյան լրագրողի, գրողի, նկարչի, մշակույթի-արվեստի մեկնաբանի, այլ զուտ նրա ձեռից կրակն ընկած ոտքերի կենացը։ Էս ոտքերով չի քայլել, վազվզել է, չափչփել է, շտապել է, թռել է, հասել է։ Ոտքի վրա գրել է, ոտքի վրա հասցրել է։ Ամբողջ վաթսուն տարի էդ գործին է։ Ճիշտ է՝ համակարգիչը ոտքերի գործը մի քիչ չէ, լավ էլ կրճատել է, բայց նա էնքան անխիղճ չէ, որ տասնամյակներ շարունակ իրեն հավատարմորեն ծառայած ոտքերի հացը կտրի, ինչպես անխիղճ տերերն են զրկում մարդուն իր տունուտեղը մի կերպ պահող հացից։


Չէ, ես կատակ չեմ անում։ Աշխարհի շատ ու շատ ճամփաներով է անցել Վանիկ Սանթրյանը, բայց նրա համար ամենալավ ճամփան Ղարաբաղ տանող ճամփան է, իր ծննդավայր տանող ճամփան։ Միշտ շնորհակալ է իր ծնողներին՝ մայր Անուշին, հայր Ալեքսանին։ Ի՞նչ է իրեն տվել Թաղավարդ գյուղը, և ի՞նչ է տվել ինքը բարձր սարերի ու խորախոր անտառների գրկում փռված մի երկար ու հին Թաղավարդին։
Երախտագիտության զգացումը անբաժան է Վանիկ Սանթրյանից։ Այսօր էլ ջերմությամբ է հիշում գյուղի դպրոցն ու իր հրաշալի ուսուցիչներին՝ Մարուսյա Առուստամյանին, Դաշա Պիտենկոյին, Ներսես Դադայանին, Եղիշե Հարությունյանին։ Երևանի պետական համալսարանում ուսուցչապետեր է ճանաչել, հիմա էլ նույն մտքին է, Բենիկ Յուզբաշյանին, Հրանտ Թամրազյանին, Գուրգեն Սևակին, Մկրտիչ Մկրյանին, Էդվարդ Ջրբաշյանին։ Վանիկը չի մոռանում ընկերներին, որոնց հետ յոթ ուղտաբեռ աղ ու հաց է կիսել, յոթ տիկ գինի դատարկել։ Դպրոցում, թե համալսարանում լավ է սովորել, բայց երբ արդեն սկսել է գրել դեռ համալսարանը չավարտած, զգացել է, որ բան է սովորում կամ վարպետության դասեր է առնում Խանիկ Բադալյանից, Հեղուշ Տիտանյանից, Վիկտոր Բալայանից, Լևոն Զաքարյանից, Վշտունի Հակոբջանյանից, Մարգո Ղուկասյանից, Հայկ Խաչատրյանից, Լևոն Միրիջանյանից, ովքեր նաև մեր ժուռնալիստիկայի մեծերն էին։
Լրագրությունը, ըստ վաստակավոր լրագրող Վանիկ Սանթրյանի, հեշտ է նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ է լրագրությունը։ Իսկ թե իմացար, դեմդ փռվում է մի աշխարհ՝ իր ամեհի երախով, դիվական խռովքով, կյանքի բուրմունքով ու խայտանքով, կանչող ձայներով։ Վանիկը՝ լինելով բազմաշերտ լրագրող՝ աչքերը փակ գիտի, թե ինչը ինչպես ներկայացնի։ Էդվարդ Միրզոյանը ճիշտ է նկատել՝ տասնամյակներ շարունակ Վանիկ Սանթրյանը մեր համերգային շրջագայությունների մասին լավ է գրում, որովհետև երաժշտությունից բան չի հասկանում։ Սա, իհարկե, որպես մտերմիկ կատակ։ Երեք օվկիանոսի ջուր է խմել (պիտի ասեի՝ երեք օվկիանոսներում լող է տվել, տասնյակ ծովերում ու լճերում նույնպես լող է տվել), բայց ինչպես վերջում է պարզվել, և ոչ մի ջրում չի խեղդվել, որովհետև մարմինը օրհնած է եղել իր Թաղավարդի ու Գորիս-Տաթևի Սատանի կամրջի հանքային աղբյուրներում։
Աշխարհը չափչփել է ինչպես իրենց գյուղի հանդերը։ Հիսուն-վաթսուն քաղաքներում է եղել. առանց լրագրական բեռի և ոչ մի տեղից հետ չի եկել։ Միայն ամբողջ կես դար աշխատել է «Արմենպրեսում»։
Վանիկ Սանթրյան լրագրողը հեռու չէ գրող Վանիկ Սանթրյանից։ Ինչ գրելու էր՝ գրեց։ Խոսքը նրա արձակի մասին է։ Ես Վանիկ Սանթրյան արձակագրին ճանաչել եմ «Լեգենդ չինարիների մասին» պատումով։ Թաղավարդը նրան շատ բան է տվել, էնքան շատ, որ ինքն էլ չգիտի։ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ու նրա որդիների մասին հրաշալի գիրք ստեղծեց, որ պարզապես կարելի է Մաշտոցի սաների դիմանկարներով մի ամբողջ սրահ զարդարել։ Էդպես չլիներ, 1985-ին ծնված գիրքը լույս չէր տեսնի Լիբանան-Անթիլիասում, ինչպես ասում ենք՝ արևմտահայերեն, լույս չէր տեսնի Սուրբ Էջմիածնում՝ հայերեն, և ապա ռուսերեն, այն էլ՝ քաջալերությամբ և աջակցությամբ, նաև՝ առաջաբանով Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի։ Նրանից հատվածներ են զետեղված ՀՀ դպրոցների 4-10-րդ դասարանների փոխադրությունների ժողովածուում, ներկայացումներ են տրվում դպրոցական և մշակույթի խմբերի կողմից։ Պատմվածքներից մեկը վերջերս բեմադրվել է Գորիսում։
Չես ուզում հավատալ, որ «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (ներդիրով ամբողջ երկու տարի տպագրվել է նաև «Կանչ» թերթի էջերում և հաղորդվել հայկական ռադիոյով), «Վարք երեք սրբերի», «Լեգենդը կոչվում է Կամո», գեղարվեստական մյուս գրքերի հեղինակը պարտադիր մտնում է համերգասրահներ, մշակույթի օջախներ, որ անգամ ութսուն տարեկանում, ինչպես ավելի ջահել ժամանակներում, շտապում է Գանձա, Կարծախ, Դսեղ, Զանգակատուն՝ մասնակցելու Տերյանին, Ջիվանուն, Թումանյանին, Պարույր Սևակին նվիրված ավանդական արարողություններին։ Էս տարի նույնպես գնացել է Բոլնիս-Խաչեն՝ Ղազարոս Աղայանին նվիրված հանդիսությանը մասնակցելու։ Քիչ էր մնում մոռանայի Թիֆլիսը՝ Սայաթ-Նովայի ավանդական Վարդատոնով։
Բա գրողների տունը, ուր նշում են գրողական ընտանիքի այս կամ այն անդամի ծննդյան տարեդարձը։ Պիտի ներկա լինի, լսի, լուսանկարի և դեռ տուն չհասած թղթակցությունը պատրաստ է՝ կարող է ուղարկել խմբագրություն։
Ինձ թվում է՝ Վանիկ Սանթրյանին պետք է ճանաչել որպես գրող, չասել՝ արձակագիր է, բանաստեղծ է, լրագրող է։ Էդվարդ Միրզոյանը երկրային կյանքին նոր էր հրաժեշտ տվել, ու մի քանի ամիս անց լույս տեսավ Վանիկ Սանթրյանի «Էդվարդ Միրզոյան. խղճի և ճաշակի ասպետը» 152-էջանոց՝ մեր մեծ կոմպոզիտորին ու մանկավարժին, նրա հիշատակին վայել գիրքը։ Բնավ զարմանալի չէ, որ Վանիկ Սանթրյանը գրքեր է գրել ֆուտբոլի մեր անվանի դարպասապահ Սերգեյ Զատիկյանի և բոլոր ժամանակների լավագույն հարձակվող Սարգիս Հովիվյանի մասին։ Վանիկը մարզական թեմաներով, իհարկե, շատ հոդվածներ է գրել, չի զլացել, գրել է օրվա բերած ու թելադրած լուրը, բայց կեսդարյա մտերմությունը այնքան մարդամոտ ու սիրված մտավորականի հետ թեմաներ է տվել Վանիկին, որ նա կարողանում է ընթերցողին գերել հենց Միրզոյանի դիմագրով։
Վանիկ Սանթրյանը հիշողություն ունեցող հեղինակ է։ Նրա հպարտության աղբյուրը մնում է իր Թաղավարդը։ Եվ Թաղավարդ է ուղեկցել Էդվարդ Սիրզոյանին, այն էլ՝ երեք անգամ, նաև ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանին է զարմացրել իր Թաղավարդով։ 2000-ի ամռանը մի սիրուն «զորք» էր կապել՝ տասնչորս հոգի էինք, մեծը բանաստեղծ Բոգդան Ջանյանն էր, փոքրը... փոքր չկար, բոլորս էլ մեծ էինք։ Բայց մեծը Աշոտ Գրաշին էր, ով թաղավարդցու զավակ է։ Հարյուր տարին լրացավ։
Ես գյուղում եմ ծնվել, փորձեցի գյուղի համ առնել նաև ընկերոջս գյուղից։ Արցախի ազատագրական պատերազմում 39 զոհ տված գյուղ։ Վանիկը մեզ տարավ իր ընկերոջ՝ Լևոն Մուսայելյանի տուն, ասելով՝ տեսնվենք, շունչ առնենք։ Տեսնվեցինք, ծանոթացանք, էդքանիս, իր տնեցիներին էլ հետը, լավ հացավորեց տանտիրուհին՝ Նինան, մտածում էինք, թե ով որտեղ է քնելու, ինչ տուն ենք մտնելու, տիկին Նինան ասաց՝ հյուրը որտեղ հաց է ուտում, էնտեղ էլ պիտի քնի, դուրներդ չգա՝ առավոտյան կմտածենք։ Եվ տեղավորեց բոլորիս։ Ես նախապես զավթել էի ծեր թթենու տակ դրված երկաթե մահճակալի ցանցը։ Մեկնվեցի ու... Քիչ հետո քրքջում են, կչկչում են։ Դու մի ասի՝ ոտքերս դուրս են մնացել, և Վանիկն առաջարկել է մաշառ (սղոց) բերել՝ ոտքերս կտրելու։
Առավոտյան փորձեցի հայտ ներկայացնել՝ մեկ շաբաթ մնամ Թաղավարդում, ամեն օր զրուցեմ 39 զոհերից 6-7 ընտանիքների մեծ ու փոքրի հետ և... ինչ մտածում եմ՝ չի ստացվում։ Դա էլ երազ մնաց։ Վանիկը հետո ասաց պատճառը, որը պիտի գաղտնի մնա։ Բայց ինձ թվում է, թե մի օր պիտի գնամ Թաղավարդ. ուրիշ բան չլինի, մի հարց կպարզեմ, հաջորդ առավոտյան Թաղավարդի դպրոցի տնօրեն Սուսան Շահրամանյանը՝ իմ խնդրանքով, ինձ ուղեկցում էր հերոս որդի կորցրած Շահմար Շահրամանյանի տուն, թթի ծառին իջած մի աղջնակ թութ էր ուտում ու երգում.
Ավոն եկավ Մարտունի,
Մեր գյուղերը պաշտպանի,
Ջա՜ն, Ավո՛ ջան, ջա՜ն, Ավո,
Քեզ նմանը շատ լինի։
Այո, կգնամ Թաղավարդ ու կնայեմ՝ թթի ծառին իջած աղջնակը իջե՞լ է, թե՞ շարունակում է երգել։
Այո, բեղուն գրիչ է, վաղուց արդեն բեղուն համակարգիչ է անդադրում Վանիկ Սանթրյանը։ Գորիսում իր ընկերն էր մահացել` արձակագիր Էդուարդ Զոհրաբյանը, նա, ով կանաչ աչքեր ուներ, հրաշալի էր երգում, դարպասապահ էր, սպորտի վարպետ, լավ արձակագիր էր, Սերո Խանզադյանի հետքերով էր գնում։ Եվ Էդիկ Զոհրաբյանին մոտիկից ճանաչողներից խոսք-խոսք հավաքելով՝ ստեղծեց մի գիրք և այն հասցրեց Գորիս, երբ արդեն լրանում էր Էդիկի մահվան առաջին տարին։
Անհանգիստ հոգին տպագրել է նաև «Դեպի Արցախ. պատերազմի և խաղաղության ճամփաներին» ակնարկների գիրքը։ Գրքերի շարք է ստեղծել՝ «Հայի կածաններ մեծ աշխարհի քարտեզին», և ի՜նչ լավ է, որ Դանիել Երաժշտին ներկայացնում է հենց վարպետի խոսքով՝ թե ո՞րն է աշխարհ Հայաստան։
Վաստակավորի կոչում ունի, հավատ ունի, ախորժակ ունի, ուսանողներ է ունեցել, 12 տարի ուսանողական թերթ է խմբագրել՝ բոլոր ուսանողներին խմբագիր ու թղթակից դարձրած։ Պետք չէ, որ դասախոսն իր ուսանողներին սովորեցնի լսարանում։ Վանիկ Սանթրյանը իր գրած անգամ փոքրիկ լրատվությամբ սովորեցնում է, սովորեցնում է իր վիպակներով, դիմանկարներով, ակնարկներով։ Եվ մի զարմացեք, խնդրում եմ, թե նա ինչպես է կարողանում գրել և Անտոն Քոչինյանի, և Սոս Սարգսյանի հիշատակին գիրքը, ինչպես և սփյուռքահայ ճանաչված աշուղ-երգիչ Լևոն Գաթրճյանի, և Անդրանիկ Մարգարյան հայորդու և շատերի մասին գրքերը։ Միայն վերնագիրը ասեմ՝ «Մայրամուտի շարակնոց». Գարեգին Ա Ամենայն հայոց կաթողիկոսի մահվան առաջին տարելիցին է հասցրել, ու հենց միայն վերնագիրը հուշում է, որ գտնես ու կարդաս։
Մենք մի լավ ընկեր ունեինք՝ Գուրգեն Իվանյան։ Տարիներ շարունակ նա իր ընտանիքով Սանկտ Պետերբուրգում ընդունել է բազմաթիվ ճանաչված մարդկանց։ Եթե թվելու լինենք, ումից պիտի սկսենք. Արմեն Ջիգարխանյան, Շառլ Ազնավուր... Վանիկ Սանթրյան, ու եթե էսպես թվելու լինեք, խնդրում եմ՝ նվաստիս անունն էլ գրեք, թեև ես ավելի իրավունք ունեմ. կինը՝ Գայանե Պետրոսյանը, իմ Լոռի աշխարհից է, Վահագնի գյուղից։
Գուրգենը խոշոր գիտնական էր, ավարտել էր Երևանի պետական համալսարանի աշխարհագրական, Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետները, Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) համալսարանի ասպիրանտուրան և դասախոս ու լաբորատորիայի առաջնակարգ մասնագետ էր այս վերջինում։
Մենք գաղտնիք չունեինք, բայց իմացանք Գուրգենի մտահոգ տխրության պատճառը. նրա ազգությունը՝ հայ լինելը, թեև Իվանյան էր, խանգարեց, և նա չդարձավ... տի՛-ե՛-զե՛-րա՛-գը՛-նա՛ց։ Այո, ավելի շատ էդ մտահոգսը նրան տարավ։ Դե, ինչ։ Եվ Վանիկը մտածեց, ում-ում, Գուրգենի ընկերներին, ծննդավայր Գորիսի շրջանի Հին Շինուհայր գյուղի, դպրոցի, ուսանողական տարիների ընկերներին խնդրեց՝ խոսք ասեն ու գրեն։ Եվ լավ էր, որ նույն գյուղում ծնված ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը և նրա Արամ որդին, ով Հայաստանի մայր բուհի ռեկտորն է, նույնպես՝ ակադեմիկոս, սրտի, ափսոսանքի, հպարտության խոսք գրեցին։ ՈՒ ծնվեց գիրքը՝ «Գուրգեն Իվանյան. կանչեր Հին Շինուհայրի ձորից»։ Իր ծննդավայրով, նրա մարդկանցով միշտ հպարտացող Գուրգենը կնոջը՝ Գայանեին երբեք չտարավ գյուղ, էս տարի, մյուս տարի անելով, և միայն քաջազն Վանիկը ընկերոջ կնոջը տարավ էն գյուղը, որտեղ էլ գյուղ չկա՝ կատարյալ ավերակ։
Մի քիչ երկարացրի, թեև ասելիք դեռ շատ ունեմ։ Ինչպես չխոսեմ «Տաղանդների տաղավարում» երկհատորյակի մասին, որը լույս է տեսել իմ խմբագրումով։ Արդեն 80-ի սահմաններին մոտենալիս գործի է դրել իր պոետական շունչը, չափածո քառատողերով, նաև բազմատողերով ներկայացնելով իր ժամանակակիցներին՝ հումորի բոցերով։ Ասեմ, որ Վանիկ Սանթրյանը հումորի գնահատելի պաշար ունի և այդ գծով էլ, հիշյալ երկհատորյակից բացի, դեպի ընթերցող է գնացել նաև «Տեսնես հաջորդ խաբողը գարնանը ով կլինի» և «Մի խումբ ընկերներ» գրքերով և այժմ էլ տպագրության պատրաստ ունի «Թեթև հրմշտոց» գիրքը, որը նույնպես լույս է տեսնելու իմ խմբագրությամբ և նվիրված է մեր երջանկահիշատակ գրչընկեր Արամայիս Սահակյանի հիշատակին։ Թեթև հրմշտոց՝ ի՜նչ հրմշտոց, տղա ես՝ դիմացիր...
Ավարտում եմ, հիշատակելով ևս երկու անուն՝ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի նախկին երկարամյա տնօրեն Զավեն Եկավյան (Լիսաբոն) և ավաղ, կյանքից շուտ հեռացած, Երևանի պետական համալսարանի հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյան, որոնց ջանքերով դեպի ընթերցող գնաց Վանիկ Սանթրյանի ինքնատիպ երկհատորյա հանրագիտարանը՝ «Ձեր ընծայագրերի հետքերով. ինքնալրագիտարան» վերտառությամբ, 1335 էջ ընդհանուր ծավալով։
Այսքան մի բան։

Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2136

Մեկնաբանություններ