Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) տնտեսության տարբեր ոլորտներում տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրմանը նպաստելու, ՏՀՏ և բիզնես ոլորտների կապն ամրապնդելու համար ամեն տարի կազմակերպում է բիզնես ֆորում։ Այս տարի այն տեղի է ունենալու հունիսի 19-20-ին։
ԻՏՁՄ գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նկատում է, որ այս տարի էապես փոխվել է հայկական ընկերությունների կողմից տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների օգտագործումն առօրյայում։ Եթե առաջ սահմանափակ էր, ապա այսօր գրեթե չես գտնի ընկերություն, որը չունի հաճախորդների, կադրերի, վաճառքների կառավարման համակարգեր։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն ու հետաքրքրությունը դրանց նկատմամբ էապես ընդլայնվել են, և բիզնես ֆորումում ակնկալվում է մասնակիցների մեծ թիվ։ Նկատենք, որ բիզնեսի տարբեր ոլորտներում ՏՀՏ լուծումների կիրառումը մեծացել է նաև ամեն տարի անցկացվող բիզնես ֆորումների շնորհիվ, որոնց ընթացքում մատչելի ու տեսանելի կերպով բացատրվում է ՏՀՏ լուծումների արդյունավետությունը։
Բիզնես համաժողովում կանցկացվեն ցուցադրություններ, պրոբլեմային քննարկումներ։ Հատկապես ուշադրություն կդարձվի օրենսդրության վերաբերյալ քննարկումներին։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության մեջ ներկայում հանգեցնում է որոշակի հակասությունների օրենսդրության հետ։ Այս հարցերը ներկայացվելու են ՀՀ կառավարության ներկայացուցիչներին, որոշակի փոփոխությունների առաջարկներ են արվելու։
ԻՏՁՄ փոխտնօրեն ՀԱՅԿ ՉՈԲԱՆՅԱՆՆ էլ առանձնացրեց բիզնես համաժողովում անվտանգության խնդիրներին նվիրված հատվածը։ Ինֆորմացիան գնալով մեծանում է, գործիքներն ու ծառայություններն անընդհատ շատանում են, և առաջ է գալիս ինֆորմացիոն անվտանգության խնդիր՝ սկսած կիբեռանվտանգությունից, վերջացրած անհատական տվյալների պաշտպանության մեխանիզմներով։ Այս հարցերը նույնպես լինելու են համաժողովի առանցքում։ Բացի այդ, այս տարի առաջին անգամ ֆորումում անցկացվելու է մրցանակաբաշխություն՝ տեխնոլոգիական լուծումները լայնորեն կիրառող ընկերությունների համար։ Մի շարք անվանակարգերում՝ լավագույն էլեկտրոնային առևտրային լուծում, լավագույն մենեջմենթ լուծում, լավագույն վեբ ներկայություն և այլն, մրցանակներ կստանան ՏՀՏ լուծումներն առավելագույնս կիրառող կազմակերպությունները։ Կազմակերպիչները նշում են, որ պետք է ոչ միայն շահագրգռել տեխնոլոգիաներ ներդրող մարդկանց, այլև ներկայացնել նրանց, որպեսզի հասարակությունը ճանաչի, և նրանք օրինակ լինեն իրենց մյուս գործընկերների համար։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ