Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս

Գիտական և կեղծարարական արշավանքներ ի հայս
17.06.2014 | 12:20

(սկիզբը`այստեղ)

Ինչպես նշեցի` անգիտություններով շաղախված այդ վահանակներում, որոնք մինչև այժմ էլ տեղադրված են վանքի տարածքում, և հրատարակված գրքույկում զանազան անհեթեթությունների հետ ազդարարվում է, որ.
ա) «Դեբեդ գետը վկայում է, որ այս վայրերը մարդու կողմից բնակեցված են եղել դեռևս հին քարի դարում»:
բ) Վանական համալիրի պաշտպանության համար մերձակայքում վանահայր Հովհաննես Մածնաբերդցու կառուցած Կայան բերդը նրա զարմիկ «Շահնշան իշխանը, ում հայրը Սանահինում է թաղված, բերդը հողին հավասարեցրեց»:
գ) Համալիրի Ջգրաշեն եկեղեցու անվանումը առաջացել է «միջնադարյան ջիգյար բառից, որը նշանակում է փայծաղ»: Փույթ չէ, որ «ջիգյարը» ոչ թե փայծաղն է, այլ լյարդը: Բացի այդ էլ, միջնադարյան չէ և մեր լեզվում էլ օգտագործվում է մինչ օրս:
դ) Հայկական ճարտարապետական դպրոցների պատմությանն ու ոճերին անտեղյակ լինելն այն մակարդակի է հասել, որ վանքի Համազասպի ժամատան գավթի ճարտարապետության վերաբերյալ ոչ ավելի, ոչ պակաս տարածում են, որ «ինչպես գավթի, այնպես էլ Ս. Նշանի սյուները բնորոշ չեն հայկական ճարտարապետությանը, ըստ որի յուրաքանչյուր խոյակի ձևն ու նախշազարդը մտադրաբար փոփոխված են: Երբ այս ոճը լայն տարածում ստացավ, փոփոխվող խոյակների կիրառումը դարձավ օրինաչափություն»:
Եվ այսպես, այսօրինակ անհեթեթությունների թվարկումները կարելի է շարունակել: Սակայն այստեղ մի փոքր դադար տանք և անդրադառնանք նույն ձեռագրով ու նպատակներով շարադրված` Լոռվա մեկ այլ հուշարձանի` Քոբայրի վանքում տեղադրված վահանակին: Այս համալիրում տեղադրված ընդամենը մեկ վահանակում նշվում է, որ.
ա) Կյուրիկյաններն ու Զաքարյանները «13-րդ դարում Հայաստան բերեցին քաղկեդոնությունը և սրան համապատասխան ճարտարապետական նոր ոճ` ներառյալ պաշտամունքային կառույցների պատերին ներքուստ արվող որմնանկարչությունը»:
Չանդրադառնալով հայ իրականության մեջ քաղաքական դրդապատճառներով առաջացած հայ քաղկեդոնիկության (ուղղափառ քրիստոնեություն) մանրամասնություններ պահանջող հարցին, այս մեկ նախադասությունն առաջին հայացքից կարծես թե շատ անմեղ տեքստ է թվում և խորհելու տեղիք չի տալիս: Այնինչ այստեղ անհասկանալին այն է, թե ինչ նպատակներով են անտեսել ողջ վաղմիջնադարյան հայկական որմնանկարչության առկայությունը, և դրա սկզբնավորումը համարել 13-րդ դարը: Այնինչ հայ մշակույթին քիչ թե շատ ծանոթ ամեն մեկին հայտնի է, որ մինչև 13-րդ դարն էլ` 4-12-րդ դարերի հայկական գրեթե բոլոր եկեղեցիները որմնանկարված են եղել: Զորօրինակ` Աղցի, Ծիծեռնավանքի, Զովունիի, Օձունի, Լմբատավանքի, Թալինի, Գնդեվանքի, Տաթևի, Անիի, Աղթամարի և շատ ու շատ այլ եկեղեցիներ: Այնպես որ 13-րդ դարից էլ հայկական եկեղեցիների որմնանկարչական արվեստը` ընդհուպ մինչև 18-րդ դարի վերջերը, հայկական որմնանկարչության աստիճանական զարգացման փուլերն են:
բ) Վանքի անվան ծագումն էլ համարվում է, թե «կազմված է վրացերեն «քոբ» և հայերեն «այր» բառարմատներից և նշանակում է քարայր»: Այնինչ, ըստ լեզվաբան Հրաչյա Աճառյանի, «Քոբ «կաթսայ» նորագիւտ բառը …. պրսկ. kup, արդի հնչումով kop «կարաս», որից փոխառյալ են նաև թրք. kup «թաքոյկ», չաղաթ. kopa «մեծ բաժակ»: Անշուշտ նոյն է սանս. kupa-«փոս, խոռոչ», յն. cupellon «բաժակ», լտ. cupa «տակառ» և այլն բառերի հետ և պատկանում է հնդեվրոպական ընտանիքին:
Մառ… փոխառյալ է դնում վրաց. ШЕАБЙ քվաբի «կաթսայ» բառից»:
Անշուշտ, այստեղ Քոբայրի անվան միայն նրա փոխառյալի` վրացական տարբերակի օգտագործումը, ինչպես և որմնանկարչական ոճի տարանջատումը, ամենայն հավանականությամբ, հայ ուղղափառ (քաղկեդոնիկ) քրիստոնեության հետևորդների Հայաստանի մի քանի հուշարձանները (Քոբայր, Կիրանց, Խուճապի, Խորակերտի վանքեր) վրացական մշակույթին վերագրելու նպատակին են միտված:
Այդպիսի միտվածությունների հանգամանքներով է պայմանավորված նաև այն, որ Թուրքիան, կատարելով իր տարածքում առկա և այլ ժողովուրդներին պատկանող հուշարձանները իրենց տերերին հանձնելու ԱՄՆ-ի Կոնգրեսի 2011 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 306 որոշման պահանջները, ընդամենը վերջերս պատմական Տայքի շուրջ 300 հայկական հուշարձանները ճանաչեց վրացական, այլ ոչ հայկական:
գ) Ընդգծենք նաև այն հանգամանքը, որ Հաղպատի և նրանից ոչ այնքան հեռու հիմնադրված Սանահինի վերաբերյալ հակագիտական ու հակահայկական գաղափարական ու կեղծարարական մտքերը վերոնշյալ արշավանքներով չեն ավարտվում: Այն ավելի լայն տարածում ունի դեռևս 1996 թ. այդ երկու հայկական վանքերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելուց ի վեր: Այսպես, այդ երկու համալիրների վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, չինարեն, արաբերեն և այլ լեզուներով տեղադրված տեղեկատվական նկարագրությունն ազդարարում է, որ «Թումանյանի շրջանի այս 2 բյուզանդական վանքերը Կյուրիկյան թագավորության ժամանակաշրջանում (10-13-րդ դարեր) կարևոր ուսումնական կենտրոններ էին:
Այս 2 վանական համալիրները ներկայացնում են հայկական ճարտարապետության շրջանը, որոնց եզակի ոճը ձևավորվել է բյուզանդական եկեղեցական ճարտարապետության և Կովկասյան տարածաշրջանի ճարտարապետական էլեմենտների միաձուլման շնորհիվ» (ընդգծումները իմն են-Ա. Այվազյան):
Այո, հենց այսպես և վերջ: Եվ կարծես թե մերօրյա Հայաստանում չկան ո՛չ արտաքին գործերի, ո՛չ մշակույթի, ո՛չ կրթության ու գիտության նախարարություններ, ո՛չ գիտության պետական կոմիտե ու ԳԱԱ, ո՛չ էլ մտահոգ մասնագետներ ու մտավորականներ… Բոլորը, կարծես միաժամանակ խոր թմբիրի, մահաքնի ու գաղափարական էֆթանազիայի մեջ են գտնվում կամ էլ քուն են մտել ուղտերի հարմարավետ ու տաքուկ ականջներում: Արդյունքում էլ մեր պատմության ու մշակույթի սահմանների դռներն ամեն տեսակի արշավանքների համար բաց ու գրկաբաց են: Այդ տեսակետից էլ մենք կարծես թե հաստատապես տառապում ենք պատմական հիշողության «դեժավյու»-ի համախտանիշով և ի վիճակի չենք տեր կանգնելու և արժանավոր ժառանգորդը լինելու մեր պատմական ժառանգությանը: Սա, իհարկե, առաջին հայացքից է: Իրականում այս խնդիրներով զբաղվող և պատասխանատու պաշտոններում նշանակվող և իրար վերարտադրող պաշտոնատար անձանց մեղքով է, որ առաջանում են նմանօրինակ իրավիճակները:
Կարծում եմ` այսպիսի և նմանատիպ իրավիճակներով է նաև պայմանավորված, որ վերոնշյալ տեքստերի հեղինակներն ու հաստատողները, խմբագրողները ոչ այլ ոք են, եթե ոչ Սուրբ Էջմիածինն է, Մայր աթոռի միաբանները, ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնյաները, որոնց մի մասը հաստատապես իր տեղում չի գտնվում: Իրոք, դժվարըմբռնելի և որևէ տրամաբանությամբ անմեկնելի է այսօրինակ տեքստերի թե՛ շարադրողների, թե՛ դրանք հաստատած և դրանով իսկ կանաչ ճանապարհներ տվող մարդկանց ու կազմակերպությունների դերը: Այնպես որ, ուզես թե չուզես, մտածում ես մարդկանց շահադիտական արարքների կամ էլ պարզապես նրանց գրագիտական կավատների դերի մասին: Ակամա մտաբերում ես նաև այն, թե այդ ինչ շամիրամներ ու ինչ «արալեզներ» են հայտնվել, ովքեր այս կամ այն կերպ ուզում են կենդանություն տալ հայաստանյան կամ արայական մարմնի ծալքերում «թաքնված» գաղտնիքներին ու հայաստանյան պատմության ու մշակութային միֆերին: Եվ այստեղ ինչպես չգայթակղվես ու չհիշես մեծն Մովսես Խորենացու «Ողբի» այն տագնապները, որոնք էլ, ցավոք, այժմեական են հնչում. «վարդապետները` տխմար և ինքնահաճ, անձով պատիվ գտած և ոչ Աստծոց կոչված, արծաթով ընտրված և ոչ Հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը` որում Աստված է բնակվում, և գայլեր դարձած իրենց հոտերն են գիշատում:
Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր` քան աստվածասեր»:
դ) 2003 թ. Մեծ Բրիտանիայում լույս տեսած «Քինզֆիշեր» աշխարհագրական հանրագիտարանում, որը 2009 թ. Մոսկվայում հրատարակվել է նաև ռուսերեն, «Անկախ» շաբաթաթերթի լրագրող Անի Գասպարյանի խոսքերով` հստակորեն նշված է, որ «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն ու ադրբեջաներենն է: Կամ` մեր հիմնական կրոնները առաքելական օրթոդոքսն է և շիա իսլամը» («Առավոտ», 9.12.2010): Հավելենք նաև այն, որ այս հանրագիտարանն էլ անարգել վաճառվել է Երևանի գրախանութներում: Ավելին` այսպիսի կեղծիքի ու խայտառակության դեմ Հայաստանի պետական ու գիտական կառույցների անտարբերության պարագայում և նրանց փոխարեն իրենց բողոքի ձայնը բարձրացրին միայն Երևանի մի քանի երիտասարդական կազմակերպություններ («Նիկոլ Աղբալյան», «Հայք», «Միասին» և այլք):
ե) 2009 թ. «Գործարար տիեզերք» ՍՊԸ-ն հրատարակեց «Հայաստան 2009» երկու մեծածավալ հատորները, որոնք լույս են տեսել ՀՀ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, բոլոր նախարարների ու քաղաքապետների ողջույնների խոսքերով, և հավանաբար, նաև հովանավորություններով: Այդ հրատարակության 2-րդ հատորի` հայոց պատմության ու մշակույթի բազմազան ու բազմաթիվ աղավաղումներն այն պարզապես դարձրել են մի խայտառակադարան ու շփոթադարան, որին անդրադարձել եմ ծավալուն մատենախոսությամբ («Ազգ», 28.08.2010): Այստեղ են ասել` լեռը երկնեց, երկնեց և չգիտես ինչ ծնեց…
Եվ այսպես կարելի է նմանատիպ փաստ-փաստարկները շարունակել: Սակայն բավարարվենք վերոգրյալներով և հստակորեն նշենք այն ակնհայտ հանգամանքը, որ վտանգավոր է ոչ այնքան վերոնշյալ ափեղցփեղությունների ի հայտ գալը, որքան դրանց ի հայտ գալու քաղաքական ու գիտական շարժառիթներն ու հեռահար նպատակները: Միով բանիվ, ակնհայտ է, որ դրանք, քայլ առ քայլ ներթափանցելով հայոց պատմության ու մշակույթի, հոգևոր ու հավատի տարածքները, ունեն որոշակի նպատակադրվածություն և կատարվում են բոլոր հնարավոր եղանակներով ու միջոցներով: Այսպիսով էլ, բնականաբար, այսօրինակ կամակատարների ու հացկատակների մոգոնած (Հայաստանում և արտերկրում) հակահայկական ու հակագիտական արտադրանքն անարգել տարածվում է, հիմք ու հիմնավորում դառնում հակահայ ուժերի ձեռքին, հարստացնում նրանց կռվանների շարք-շարանները:
Եվ եթե որակում տանք այսօրինակ հեղինակների բարոյական ու գիտական գործունեությանը, ապա անհնար է չհիշատակել Կոստան Զարյանի` Հ. Օշականին հղած նամակներից մեկում ընդգծած այն միտքը, թե «Անուրանալի փաստ է, որ հայ ազգը իր տառապանքների երեք քառորդը պարտ է իր միջակ, անհրապոյր ու անհանճար մտաւորականութեան, որը երբեք, ոչ մեկ բարոյական արժեքներով նրան չէ հարստացրել, ոչ մի աշխարհայացք նրան չէ տուել եւ նրա հոգին չէ թափանցել եւ չի հասկացել»: Ասել է` մեր մտավորականության մի մասն ավանդաբար, ինչպես մեր օրերում, մի անասելի տոկունությամբ ու մարտնչողությամբ, կենսունակությամբ գործել է հանուն մեր ունեցած ուժերն ու ձեռքբերումները քայքայելու և կազմալուծելու, կամ էլ պարզապես մեր թշնամիների ջրաղացներին պարբերաբար ջուր ավելացրել: Անշուշտ, ցավալի է այս խոստովանությունը, սակայն պետք է գիտակցել, որ ճշմարտությունն անհնար է թաքցնել, որի պարագայում միշտ էլ կեղծիքն ու սուտն են սկսում գործել: Եվ այստեղ տեղին է մեջբերել 2012 թ. «Իրատես de facto»-ին «Կալիֆոռնիա կուրիեր» պարբերականի գլխավոր խմբագիր, քաղաքական ու ազգային գործիչ Հարութ Սասունյանի մի առիթով տված հարցազրույցի ճշմարտացիորեն ընդգծված այն միտքը, որ մենք հաճախակի «դժգոհում ենք, թե թուրքերն ու ադրբեջանցիները այս կամ այն քայլն են անում մեր դեմ, դա էլ իրենց շահն է, բայց մենք պետք է կարողանանք հակադարձել:
…Խոսքի մեջ չեմպիոններ ենք, բայց գործի մեջ` գրեթե զրո» («Իրատես de facto», 13.01-16.01, 2012 ): Մանավանդ որ մենք մշտապես` լինի դա պետականորեն թե անհատապես, ինքնավստահության սին պատրանքներով տարված, նույնիսկ անտեսում ու բանի տեղ չենք դնում մեր հակառակորդների ուղղակիորեն ու բաց տեքստերով արտահայտած ծրագրերն ու նպատակները: Զորօրինակ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը Բաքվում 2007 թ. կայացած թյուրքախոս պետությունների ղեկավարների հավաքում` իր ելույթում հստակորեն հայտարարեց, որ «պատմական գործընթացները ժամանակին կիսել են Ադրբեջանն ու Թուրքիան, և մեր միջև սահման է եղել: Այսօր մեր առջև հսկայական հնարավորություններ են բացվել, և մենք պետք է դրանք օգտագործենք: Վերջին 15 տարիները ցույց են տվել, որ ոչինչ չի կարող մեզ կանգնեցնել»:
Եվ այսպես, նման ծրագրերի ու նպատակների հանդեպ մեր համահայկական լռությունը, օտարներին ծառայելու և անհագուրդ շահադիտական նկրտումները գրեթե բոլոր ժամանակների մեր ազգային ու պետական, քաղաքական գործիչների ու մտավորականության, տարասփյուռ ու անմիաբան կառույցների մի մասի համար դարձել են բնականոն վարք ու բարք: Այսպիսով մերօրյա իշխանություններն էլ, կամա թե ակամա ընտրելով Արևմուտքի նյութապաշտական քաղաքակրթության մոդելը, տեղին-անտեղի բզկտում են իրար, երկրի վերգետնյա ու ստորգետնյա, հոգևոր ու մշակութային արժեքները ենթարկում առ և ապուռի: Այստեղ, անկասկած, վերհիշելի է Հրանտ Մաթևոսյանի «Մեր փրկիչն էլ, մեր թշնամին էլ մեր մեջ են» փոքրածավալ, սակայն բովանդակալից խոսքի հետևյալ միտքը. «Հիմա արդեն, վերջապես կարողացանք տեսնել, ու մեր աղետների և ժամանակակիցն ենք, և գործուն մասնակիցը և մենք մեզ սիրելի չենք»:
(շարունակելի)

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 1695

Մեկնաբանություններ