Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. Մահվան ճանապարհով

Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ. Մահվան ճանապարհով
10.06.2014 | 11:04

(սկիզբը` այստեղ)
Այնուհետև շարունակելով ճանապարհը դեպի Մարաշ, երբ մոտեցանք առաջին սարի ստորոտին, Սև հարյուրապետը հրամայեց մեզ երկշարք անել ու վազեցնել, որովհետև ճանապարհն անցնելու էր ցորենի արտերի և անտառի միջով: Հրամանը րոպեական կատարվեց. խառնվեցին, երկշարք կազմեցին, և ոստիկաններն սկսեցին վազեցնել. հետ մնացողի համար հրացանակոթը, սվինը, գնդակը պատրաստ էին: Առջևի սապատաձև բարձրության լանջերին, ճանապարհի երկու կողմում գյուղի քուրդ ջահել հարսներ ու աղջիկներ հունձ էին անում մանգաղով, տեսնելով այդ, նրանք մանգաղները ձեռքներին, ապշած դիտում էին մեր գոյավիճակը: Առաջին շարքերից մեկ-երկու հոգի կարգից շեղ էին վազում: Կանանց հավասարվելով, ժանդարմներից մեկը, ցանկանալով իրեն ցույց տալ դավանակից իգական սեռին, առաջի ժանդարմին գոռաց. «Ընկեր, այն «ուզուն բոյլուն» (երկայնահասակը) փախչելու է»:
Հրացանը ճայթեց, «ուզուն բոյլուն» փռվեց ու գալարվեց, բայց մոտի ժանդարմը նրան սվինով հանգստացրեց…
Կանայք ու աղջիկները երեսները շրջեցին հակառակ կողմը, սարսափից, թե արհամարհանքից՝ չիմացանք:
- Լավ նշանառու չես,- հեգնեց առջևից գնացող ժանդարմը,- դե հիմա տես արտի եզերքով գնացող գլուխը «յազմալու» (գլխաշորով) մարդուն:
Խոսքը դեռ չվերջացրած` գնդակը սուլեց, «յազմալուի» գանգը պայթեց:
Կենդանի մարդիկ դարձել էին նշանառության խրտվիլակներ: Երբ հաղթահարում էինք երկրորդ բարձրությունը, վաթսունին մոտ մի մարդ հարյուրապետին խնդրեց իրեն խնայել, չվազեցնել, ցույց տալով քրքրված ոտքերը:
-Որտեղացի՞ ես,- հարցրեց հարյուրապետը կեղծ կարեկցանքով:
-Սվազցի, բեկ էֆենդի,- պատասխանեց ծերուկը:
-Էֆրատ, ափսոս է, նրան Սվազ ուղարկիր, սվինահարիր,- հրամայեց Սև հարյուրապետը ոստիկանին:
Այդ գազանային կարգադրությունից սարսափած, ես շտապեցի առաջ, հետևից լսելով միայն մի խուլ տնքոց: Նույն ոստիկանը հասավ մեզ, անտարբեր իր կատարած ոճիրի հանդեպ:
Իմ ոտքերս էլ ցավում էին, սվազցուց առաջ ես էի պատրաստվում խնդրելու, բայց երբ այդ բանը տեսա, երկու ոտք էլ փոխ առա ու սկսեցի արագ վազել: «Ընդամենը 2-3 կմ, և ահա մենք չկանք... Եվ վազում ենք, որ շուտ հասնենք մեր զոհարանին...,- մտածում եմ` այս բոլորը ինչի՞ համար:- Հայության և Հայաստանի համար... Բայց չի՞ կարելի արդյոք համակերպվել, իսլամություն ընդունել և ազատվել այս անտանելի չարչարանքներից` հարց եմ տալիս ինձ ու պատասխանում. բայց չէ՞ որ միայն ֆիզիկապես գոյություն կունենանք, ոչ ՀԱՅ անվան տակ և բարոյապես մեռած կլինենք: ՈՒրեմն լավ է ֆիզիկապես ոչնչանալ, քան բարոյապես։ Սա գիտակցված նահատակություն է»: Շուրջս մարդ չկար, թեև ես բավական թեթևաշարժ էի, բայց ինձնից արագ վազողներ էլ կային: Որոշեցի ծառերից մեկի տակ մտնել, բայց հանկարծ ետևիցս հասան երկու քրտնաթոր ոստիկաններ, սկսեցի կաղալով արագ քայլել. աչքները հառեցին վրաս, իսկ ես մտածում եմ ՎԱԹԱՆԻ մասին: Այսպիսի օրհասական ժամերին նման մտքերը, կարծես բնազդաբար, պաշարում են մարդուն: Սառնասրտորեն սկսեցի բարձր ձայնով երգել, նույն վայրկյանին միտքս եկած, «վաթանին» նվիրված թուրքերեն հետևյալ երգը.
Ով, փառավոր մայր հայրենիք,
Ով, մայրական Օսմանիա,
Տվեցիր մեզ փառք,
զարգացում,
Մատաղ է քեզ ամբողջ ազգը,
Հազար ապրի հայրենիքը:
Երգեցի անվախորեն, ամեն ինչ աչք առած, «Օսմանիա» բառի առաջին «Օս» վանկը «Ար»-ի փոխելով, որ կլինի ԱՐՄԵՆԻԱՆ: Զինվորները ապուշ-ապուշ նայեցին ու անցան, «քայլի՛ր» գոռալով: ՈՒզեցի ծրագիրս իրագործել, սակայն չհաջողվեց: Ոստիկաններ կային: Գրեթե գիտակցությունս կորցրած, կիսախելագար էի դարձել: Ամեն ինչ մութն էր թվում: Բայց հույսի մի փոքրիկ նշույլով առաջացա: Պետք է ասեմ, որ իմ նկատմամբ անտարբեր էին կարծես, մեկ-երկու անգամ եղել են այնպիսի պահեր, որ շատ հեշտությամբ կարող էին ինձ վերջացնել, բայց միայն «շո՛ւտ քայլիր» գոռալով բավարարվում էին. գուցե ինձնից ստանալիք որևէ բան չլինելու համար էր:
Սարի ստորոտում՝ ճանապարհի եզրին, ոչխարների ամառային կթի համար պատրաստված մի աղըլի մեջ հավաքվել էր կրտսեր հրամկազմը, ինչ-որ խորհրդակցում էին: Ոտքերս ինքնաբերաբար ուղղվեցին դեպի աղըլը: Անվախ մոտեցա նրանց ու դասակապետին ասացի.
-Բաշ չավուշ էֆենդի, դուք հոգնած կլինեք, ձեր պայուսակը տվեք ես շալակեմ:
-Չե՞ս փախցնի,- հարցրեց նա մեղմորեն, գլուխը բարձրացնելով և մի խուզարկու հայացք գցելով երեսիս, կարծես հեգնելով:
-Է, քայլելու կարողություն ունե՞մ, որ փախչելու մասին մտածեմ,- պատասխանեցի ընկճված:
Պայուսակն ու վերարկուն տվեց: Մյուս ոստիկանը, թե` իմն էլ վերցրու:
Համակերպվեցի և երկու պայուսակ ուսերիցս խաչկապ արած, վերարկուներն էլ նույն ձևով, դեռևս ճանապարհ չընկած, ասացի. «Էֆենդիներ, հրամայեցեք, որ ինձ բեռով չվազեցնեն և թույլ տվեք ջուր խմել»: Համաձայնվեցին:
-Հեյ, անձրևանոցով տղին չդիպչեք,- գոռաց տասնապետը, և այս հրամանը փոխանցվեց ժանդարմից ժանդարմ:
Այժմ, որպես առանձնաշնորհյալ անձ, հանգիստ քայլում էի, թեև բեռս ծանր էր: Հասել էինք սպանդի վայրը. ինձ բեռնաթափ արեցին և բոլորով, ըստ սովորության, ծվարեցինք լայն ճանապարհի տակի արտի մեջ:
Սև հարյուրապետը, որ նախապես բլրալանջի մի քարի վրա բազմած ծխում էր, իր մոտ կանչեց կրտսեր հրամկազմին և ժանդարմներին` մի քանիսին թողնելով մեզ հսկիչ: Ես, որպես առանձնաշնորհյալ, կաթնամանը վերցնելով գնացի ցածից հոսող առվից ջուր բերի Գեղամի համար: Մինասն էլ խնդրեց, նրան էլ բավարարեցի: Մարաշցի 50-ին մոտ մի մարդ, որ կողքիս ընկել էր կիսաուշաթափ, խնդրեց, որ իրեն մի բաժակ ջուր հասցնեմ: Կաթնամանն առնելով երրորդ անգամ գնացի ջրի, բայց հենց ուզում էի վերադառնալ, ժանդարմի սվինի կռնակիս հարվածից գոռալով փռվեցի գետին: Բախտավոր էի, որ հարվածը սվինի ծայրով չէր: Դժվարությամբ վեր կացա: Ամանը նորից լցրի ու փորսող մի քիչ գնալուց հետո արագ քայլելով ջուրը հասցրի մարաշցուն: Նա ինձ օրհնեց...
Սև հարյուրապետը թե ինչ էր կարգադրել ոստիկաններին, մեզ պարզ դարձավ միայն այն ժամանակ, երբ նրանք հրացանները ձգանի վրա պատրաստ շրջապատեցին մեզ: Իսկ մի քանի ժանդարմներ, կաթի և պահածոների տուփերով առվից աղբոտ ջուր լցնելով, սկսեցին գոռալ. «Ջուր ուզող, գինը` փոքրը 25 ղուրուշ, մեծը՝ 50, ապրանք չենք ուզում, միայն փող»: Մարդիկ ստիպված գնում էին, իսկ փողը հանելու ժամանակ «ջուր ծախողները» խուզարկու հայացքով նայում էին դրամապանակներին: Նույն պահին թփուտների միջից լսվեցին հրացանների կրակոցներ, մարդկային ճչոցներ ու հառաչանքներ: Չգիտեինք մեզնից 10-15 քայլ հեռու ինչ էր կատարվում, որովհետև իրավունք չունեինք գլուխ բարձրացնելու:
Մոտ կես ժամ անց Մարաշի կողմից 2 հեծյալ ոստիկաններ ներկայացան հարյուրապետին և պատվի առնելով մի թուղթ հանձնեցին: Կարդալով այն, նա դժգոհությամբ գլուխն օրորեց ու մեզ շրջապատող ժանդարմներին «հանգիստ» հրամայեց: Սև հարյուրապետը ցած իջավ ու խոսեց բարձր ձայնով, որով արտահայտում էր իր շնական ցասումը: «Տո, անհավատ շներ,- ասաց նա կատաղած,- ձեզ այստեղ սատկացնելու էինք, բայց ձեր կեղտոտ արյունը, այս մաքուր դաշտի մեջ թափվելով, դաշտը պղծելու էր, իսկ ձեր գարշելի լեշերի հոտը շրջակայքը պիտի վարակեր: ՈՒստի թագավորը ձեր կյանքը մի քանի օր էլ երկարացրեց, հրամայելով ձեր հաշիվը մաքրել Խարա-Քյոփրյույի մեջ (ՈՒրֆայից 15 կմ հեռավորության վրա, դեպի Տիգրանակերտի կողմ: Զոհրապի ու Վարդգեսի սպանված վայրը), ուստի շնորհակալ եղեք փադիշահից և գոռացեք՝ փադշահըմ չոք յաշա (թագավորը շատ ապրի): Ժողովուրդը ոգևորվեց, կարծես մոռացավ քաղցն ու ծարավը, ինքնաբերաբար ասելով՝ թագավորը շատ ապրի` մի քանի օրվա կյանք պարգևելու համար:
Վերջապես երկու դասակապետներ մեզ առաջարկեցին յուրաքանչյուրից 100-ղուրուշանոց 3-ական թղթադրամ հավաքել մինչև Մարաշ չվազեցնելու համար: Պահանջվածը մեծ գումար էր, որովհետև շատերը չունեին: Բայց 1500 թղթադրամ հանձնեցին դասակապետ Ռիֆաթին:
Նորից շարվեցինք ճանապարհը շարունակելու համար, այդ վայրում թողնելով բավական դիակներ, որոնցից մեկը ֆընտճաղցին էր, որն իրեն գլորեց քարից, մեկն էլ մսավաճառ Լյուդվիգը, մյուսները չիմացանք, բայց այնթապցի Հովակիմին էլ չտեսա: Ճանապարհ ընկանք հանգիստ քայլերով, այլևս պայուսակ չշալակեցի: Անցանք Ճիհան («Իլիականի» մեջ հիշված է Պյուռամոս) գետի վերին հոսանքը: Երբ բարձրանում էինք Մարաշի զառիվերը, արդեն սկսել էր մթնել: Սև հարյուրապետը հրամայեց. «Զինվորներ, այս սրիկաներից շատը մարաշցի է, ճանապարհներին ծանոթ, խտացրեք շղթան, որ չփախչեն, արագ քայլեցնել և շարքից ելնողին չխնայել»: Չվազեցնելու խոստումը դրժեց: Գիշեր էր, երբ հասանք Մարաշի պարտեզները: Մթության մեջ ոչինչ չէր երևում, բացի ծառերի սիլուետներից: Լսվում էր միայն մոտակա ջրի խոխոջը:
Բացվեց առավոտը: Եկավ Մարաշի մյութեսարըֆը (ենթանահանգապետ)՝ ոստիկանապետի, զինվորական մի սպայի և 10-12 ոստիկանների հետ: Ընկալահանձնողական արարողությունը կատարվեց առանց կորստի մասին հարցվելու: Պակասում էր 307 մարդ: Եթե 7 հավ պակասեր, մեծ իրարանցում կլիներ...
Կեսօրին կանայք հասան մեզ, բայց շատերը մեզ հետ եղողների կանայք չէին, նրանց ամուսինների խումբը հետո պետք է գար:
Մարաշից ճանապարհը շարունակեցինք հանգիստ, ստանալով օրապահիկ հաց` շնորհիվ հույն սպայի:
Հասնելով Այնթապ, փախա քարայրները` Գեղամին էլ հետս քարշ տալով:
Այն մահվան դատապարտվածներից, որպես մոհիկան, այժմ կանք երկուսս՝ ես և Սահրատ Սելվինազյանը (Երևան, Մաքսիմ Գորկու փողոց, թիվ 55): Դյորթյոլցի Մինասին հանդիպեցի Հալեպում` 1917 թ. ձմռանը, մարաշցի Մինասի (կարծեմ Անթոսյան) հետ աշխատում էինք Դարդանելում` 1923 թ.: Դեպքը պատմելով՝ իրար ճանաչեցինք։
1965 թ.

Թուրք անունը անեծքին արժանի կը դարձնե

. Հուլիսի 2-3-ը հայերի համար աննկարագրելի ողբերգությունների օրեր եղան: Մուշ քաղաքի բնակիչ Սինոյանց Տիգրանը թշնամու գազանություններից ազատվելու համար թունավորում է իր 50 ազգականներին` ինքն էլ այրվելով իր իսկ հրկիզած հայրենի տանը:
Ժակ դը Մորգան

. Ես թուրքին, միայն թուրքին ապրելը, այս հողին վրա անկախ իշխող մ՚ըլլալը կը փափաքիմ. ոչ թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկան ըլլան. այս երկիրը ոչ-թուրք տարրերեն մաքրելը պետք է. կրոնքը իմ քով ոչ մի արժեք չունի. իմ կրոնքս Թուրանն է:
դոկտոր Նազըմ


. Հայերու մեկ անհատն իսկ չի մնալու պայմանով բնաջնջումը մեր ազգային քաղաքականության տեսակետին որչափ որ ստիպողական պետք մըն է, նույնչափ ալ թուրքին տնտեսական իշխանությունը հիմնելու համար կարևոր է։
Ջավադ փաշա

. Ներկա կացության բերմամբ, կայսերական հրամանով որոշված է հայ ցեղին ամբողջական փչացումը: Անոնց մասին հետևյալ գործողությունները պիտի ըլլան.
1. Մինչև հինգ տարեկան մանուկներեն զատ` օսմանյան հպատակ եղող և երկրին մեջ գտնվող հայ անունը կրող բոլոր պաշըպոզուքները (ոչ զինվորականներ) քաղաքե դուրս հանելով պիտի սպանվին:
2. Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղիք տալու իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան:
3. Բանակին մեջ գտնվող հայ սպաներն ալ իրենց պատկանած զորախմբերու բանակատեղիին մեջ պիտի բանտարկվին մինչև իրենց մասին զեկուցում ըլլալը:
Այս երեք կարգադրությունները յուրաքանչյուր բանակի հրամանատարության հաղորդած թվականեն 48 ժամ վերջ անոնց գործադրության մասին հատուկ զեկույց մը պիտի ըլլա: Ասոր համար անհրաժեշտ նախապատրաստություններեն զատ, որևէ գործողության պետք չէ ձեռնարկել:
էնվեր փաշա

. Հայերու համար Թուրքիո հողին մեջ ապրելու, աշխատելու իրավունքները ամբողջովին ջնջված են և այս մասին կառավարությունը, բովանդակ պատասխանատվությունը ստանձնելով, հրամայած է նույնիսկ օրորոցի մանուկըն չթողուլ:
Թալեաթ

. Երզնկայի երեսփոխան Հալեթ պեյ անոնցմե հարյուրավորներ գետը թափեց: Խարբերդի մեջ նույն բանը եղավ: Ավելի սովորաբար կը վառեին զանոնք: Պիթլիսի մեջ կուսակալ Մուստաֆա Ապտուլհալիկ պեյ պզտիկներեն հազարի չափ հավաքել տալով առաջնորդեց Թաշխուր ըսված վայրը, և զանոնք վառել տալով թուրք երևելիներու և ստվարաթիվ ամբոխի մը ներկայության, արտասանեց նշանավոր ճառ մը, որու մեջ կըսեր, թե «Թուրքի ապագա գոյության համար հայկական գավառներուն մեջ հայ իսպառ բնաջինջ ընել պետք է»: Այդ դժբախտ տղայքը վառելեն վերջ լցված էին նախապես բացված հորերու մեջ, որոնցմե օրերով կը լսվեին ողջ մնացածներու հոգեվարքի հռնդյունները: Ատըյամանի մեջ Սեբաստիո կարավաններու տղայքը նույնպես վառվեցին:
Նայիմ բեյ

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2160

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ