Աշխարհում այժմ ապրող հայի տեսակն ու սերունդը միայն Աստծո հրաշք կարելի է համարել։ Հայ ժողովրդին ապրեցնող Հովվի զորության մասին կարդանք այս վկայությունն ու փա՜ռք տանք ամենազոր Աստծուն…
Հայաջինջ քաղաքականության բոթը սկսեց տարածվել Արևմտյան Հայաստանով մեկ։
Ես դեռահաս աղջիկ էի, երբ պապս որոշեց իր գերդաստանով դուրս գալ Սասունի կողմերից ու քոչել ռուսական Հայաստան։ Ճանապարհը լի էր տարբեր տեսակի անակնկալ վտանգներով, բայց հայրս, պապս ու մեծ տատս բարեպաշտ ու հավատով լցված քրիստոնյաներ էին, ամեն ժամանակ աղոթքն ու Աստծո անունն իրենց շուրթերին էին։
Ճանապարհին մեզ հետ վերցրած հացը վերջացավ, որոշեցինք հայկական գյուղերից մեկում մեր ունեցած ալյուրով հաց թխել ու նորից շարունակել։ Երբ հոգնած ու սոված մոտեցանք պապիս ծանոթ հայի տանը ու կանչեցինք նրա անունը, ի զարմանս մեզ, այնտեղից դուրս եկավ մի թրքուհի և ասաց, որ մեր ծանոթն այլևս այս տանը չի ապրում, և ընդհանրապես, այս գյուղից բոլոր հայերը քոչել են։ Շվարած չգիտեինք ինչ ասենք, կամ ինչպես սոված ճանապարհ գնանք՝ քաջ գիտակցելով, որ այստեղ մեզ ոչ ոք հաց չի տա։
Պապս իրեն յուրահատուկ, քրիստոնյային վայել մեղմությամբ, բայց նաև տղամարդուն արժանավայել ձևով, այդ կնոջը խնդրեց, որ թույլ տա իրենց թոնրում հաց թխեն, որի դիմաց կվճարի մեկ ոսկով։ Փողի անունը լսելով՝ թրքուհին տեղի տվեց, բայց ասաց, որ ցախ չունի հավաքած, ու այս գյուղի հայկական եկեղեցում մնացած գրքերով է ինքը թոնիրը վառում։ Չգիտեինք` ինչ պատասխանել, կամ ինչպես վարվել, քանի որ վախենում էինք սրբապղծությունից։ Մինչ պապս վարանում էր համաձայնության համար, թրքուհին, հասկանալով, որ պիտի զրկվի ոսկուց, իսկույն գնաց դեպի թոնիրը ու մի քանի հաստափոր կաշեկազմ ժամագիրք գցեց մեջը ու կրակը կպցրեց։ Սրտի կսկիծով ու մեծ վշտով նայում էինք, թե ինչպես է կրակը լափում մեր սուրբ գրքերը, բայց անզոր էինք որևէ բան անելու։ Երբ այդ անաստվածը, հերթական սև կաշեկազմ ոչ մեծ գիրքը գցեց թոնիրը, որի վրա երևում էր դեռ վերջերս պոկած արծաթե Խաչի դաջված տեղը. հասկացանք, որ Ավետարան է, բայց մինչ պապս բերանը կբացեր` խնդրելու, որ այդ Սուրբ գիրքը չվառի, կրակը կուլ տվեց այն։ Բայց մի քանի վայրկյան անց հանկարծ բոլորս սարսափած ականատես եղանք, ինչպես թոնրի հետզհետե սաստկացող կրակի բոցերի միջից այդ Ավետարանը դուրս թռավ ու ընկավ մեր ոտքերի առաջ։ Մինչ մենք բոլորս կարկամել էինք այդ հրաշքից, կարծես դիվական մոլուցքով բռնված այդ թրքուհին նորից այն վերցրեց ու գցեց կրակի երախը, բայց մի քանի վայրկյան անց այն նորից գերբնական զորությամբ դուրս թռավ բոցերի միջից։ Երկրորդ անգամ էլ չվախեցավ այդ կինը, ու նա երրորդ անգամ Գիրքը կրակին հանձնեց։ Պապս, հասկանալով, որ այդ Սուրբ գիրքը, բացի նրանից, որ Աստծո խոսքն է պարունակում, ունի նաև հրաշագործ զորություն, այդ պատճառով ասաց այդ թրքուհուն. «Եթե այս անգամ էլ դուրս թռչի Գիրքը, մի՛ գցիր կրակը, դրա փոխարեն մի քանի ոսկի կստանաս»։ Եվ իսկապես, Գիրքը մի քանի վայրկյան չանցած նորից դուրս թռավ ու ընկավ պապիս ոտքերի առաջ։ Նա էլ երկյուղած խաչակնքելով երեսը, բարձրացրեց այն ու համբուրելով նախկինում այդտեղ եղած արծաթյա Խաչի եզրագծված տեղը՝ մեծ անձկությամբ կրծքին սեղմեց այդ անգնահատելի գանձը։ Հետո բացելով քսակը՝ մի քանի թուրքական ոսկեդրամ հաշվեց, տվեց այդ կնոջը, որից հետո շտապ-շտապ մի քիչ հաց թխելով՝ շուտով դուրս եկանք այդ գյուղից։
Ամբողջ ճանապարհին այդ Գիրքը դարձավ մեր անբաժանելի ու հավատարիմ ուղեկիցը, ինչ- որ տեղ նաև պահապանը, որի օգնությամբ Աստված մեզ անհավատալի հրաշքներով ազատում էր բազմապիսի վտանգներից և դուրս հանում անհույս վիճակներից։ Որպեսզի խոսքերս դատարկ չհնչեն, պատմեմ դրանցից երկուսը։
Երբ մի երեկո մոտեցանք մի թուրքի գյուղի, հայրս, առաջ ընկնելով, մտավ մեծ բակով մի տուն և խնդրեց, որ թույլ տան գիշերել այնտեղ, իհարկե, նախապես գիշերավարձ խոստանալով։
Տանտերն ասաց, որ իրենց մոլլան արգելել է հայերին տուն ընդունել, և ոչ ոք իրենց այս գյուղում չի ընդունի։ Բայց նորից փողի անունը լսելով, նա համաձայնեց, որ բակում գիշերենք և առավոտ շուտ, դեռ արևը չծագած դուրս գանք, որ ոչ ոք չիմանա։ Ճարահատյալ այդպես էլ արեցինք։ Մեր սայլը բակ տանելով ու եզներին կերակրելով՝ մենք էլ հաց կերանք ու բացօթյա պառկեցինք քնելու։ Հանկարծ գիշերվա ինչ-որ պահի դրսի դուռը թակեցին, տանտիրուհին դուրս եկավ ու դեռ դուռը չբացած՝ հարցրեց, թե՝ ո՞վ է։ Լսելով, որ իր հարազատ եղբայրն է եկել հեռու տեղից, ուրախացած բացեց դուռը ու ներս ընդունեց եղբորը։ Դեռ տուն չմտած՝ հանկարծ նրա աչքն ընկնում է մեզ վրա և զարմացած հարցնում, թե այս ի՞նչ մարդիկ են քնած բակում։ Քույրն էլ միամտորեն ասում է, թե ճամփորդ հայեր են ու առավոտ շուտ գնալու են։ Երբ այս անօրենը լսում է հայի անունը, կարծես դևերի մի ամբողջ բանակ է լցվում մեջը, ձեռքի խանչալը քաշելով՝ ուզում է բոլորիս մորթել։ Քույրն ու ամուսինը հազիվ նրան զսպելով տուն են տանում ու մի կերպ հանգստացնում, որ այդ վայրագությունն իրենց տանը չանի։ Երկար աղմուկ ու զրույցից հետո, կարծես, խաղաղվում են ու քուն մտնում։
Պապս, անտեսանելի վտանգ կանխազգալով, ողջ գիշեր չքնեց ու փրկագնված Ավետարանը կրծքին սեղմած, գլուխը ծնկների արանքում՝ աղոթում էր և երբեմն-երբեմն մի տեսակ պայծառացած հայացքը աստղազարդ երկինք ուղղելով, կիսաձայն, որ տան մեջ քնածները չլսեն, խաչակնքելով արցունքախառը դեմքը՝ Հիսուս Քրիստոսից ողորմություն ու պահպանություն էր խնդրում՝ Իր սուրբ Ավետարանի և սուրբ Խաչի զորությամբ։ Այս բոլորին ես ականատես էի, որովհետև լուսնի լույսի տակ, վերմակի տակից վախեցած տեսնում ու լսում էի ամեն ինչ, բայց չէի հասկանում դրա պատճառը։
Երբ առաջին աքլորականչը լսվեց, բոլորին արթնացնելով՝ պապս ու հայրս եզները լծեցին, ու մեր ունեցածը բարձելով կապկպեցինք, ու ներսից փակ դուռը ծեծեց, որ տանտիրոջը շնորհակալություն հայտնենք ու, խոստացած վճարը տալով, ճամփա ընկնենք։
Երբ տան ներսում ճրագը վառեցին, հանկարծ մի աղիողորմ ճիչ լսվեց այնտեղից. հերարձակ ու կիսահագնված տանտիրուհին դուրս թռավ և խելագարի նման գոռաց. «Գյավուրնե՛ր, ինչո՞ւ աղջկաս մորթեցիք, անխիղճնե՛ր, ինչո՞ւ աղջկաս մորթեցիք»։ Տանտերը, որը համեմատաբար վախկոտ մի թուրք էր, լացով ու անհանգստությամբ փորձում էր կնոջ ձայնը կտրել, որ հարևանները չլսեն ու լուր չտան մոլլային, որ իր տանը «գյավուրներ» են գիշերել, որ ամբողջ ընտանիքով չաքսորվեն։ Իսկ տանտիրուհու եղբայրը խանչալը ձեռքին ուզում էր բոլորիս մորթել, բայց տանտերը նրան էլ էր զսպում, որ այդ բանն իր տան բակում չանի, այլ հետո, ուրիշ մի տեղ, ճանապարհին։
Մեր տղամարդիկ անչափ զարմացած կատարված դեպքից, իսկույն ներս են վազում, որ հասկանան եղելությունը, ու ի՞նչ են տեսնում. վեց տարեկան աղջիկը, վիզը կտրած, արյունաթաթախ անկողնում պառկած։ Պապս իսկույն գլխի է ընկնում, որ քեռին է մորթել երեխային, որ մեղքը բարդի մեզ վրա ու անարգել վրեժխնդիր լինի մեզ։
Հասկանալով, որ իր ամբողջ գերդաստանը մահվան վտանգի է ենթարկված, պապս նախ՝ հավաստիացնում է տանտիրոջն ու նրա կնոջը, որ իրենք չէին էլ կարող այդ բանը անել, որովհետև տան դուռը ներսից փակ է եղել, և երկրորդ՝ իրենց կրոնը թույլ չի տալիս նման սրբապղծություն անել։ Եվ հանկարծ նա մի պահ դադարում է խոսելուց, ու անբացատրելի վճռականությամբ տանտիրոջը խնդրում է, որ իրեն թույլ տա Ավետարանը դնել երեխայի վրա։ Զարմացած ու վախեցած տանտերը հարցնում է, թե ի՞նչ նպատակով է ուզում այդ անել։ Պապս պատասխանում է. «Որ Աստված ճշմարտությունը բացի բոլորի առաջ»։ Մինչ այդ չարախնդությամբ ու վրեժխնդրությամբ լեցուն, մեզ վրա հոխորտացող քեռին անսպասելի այլայլվում է, կարծես թե մի բան կանխազգալով, թույլ չի տալիս այդ անել՝ պատճառաբանելով, որ աղջիկը կպղծվի դրանից։ Բայց տանտերը ասում է. «Հիմա ինչ ուզում է թող անի, որովհետև, միևնույն է, իր բակից դուրս գալուց հետո, պիտի ինքն էլ գա ու բոլորիս մորթի ճանապարհին»։
Պապս և հայրս ծնկի են գալիս մեռած երեխայի անկողնու մոտ ու խաչ հանելով իրենց երեսներին՝ Աստծուց աղոթքով, աղաչանքով օգնություն խնդրում, որ ճշմարտությունն ի հայտ գա, ու փրկի իրենց մահվան վտանգից։ Աղոթքից հետո վեր կենալով, Ավետարանը աղջկա երեսին դնելով՝ պապս բարձրաձայն ասում է. «Հիսուս Քրիստոսի անունով, աղջի՛կ, ասա՛ մեզ, ո՞վ է քեզ սպանել...»։ Եվ հանկարծ, ի զարհուրումն բոլոր ներկաների, մեռած աղջիկը բերանը բաց ու խուփ անելով խոսում է, տալով իր քեռու անունը։ Երեխայի մայրը սփրթնելով` նայում է եղբորը, ու անկախ իրենից` նվաղած ձայնով շշնջում. «Գյավուրի Աստվածը ճիշտ է, որովհետև իրիկունը ես իմ ձեռքով տան դուռը ներսից փակեցի»:
¥Թող ընթերցողը այս կատարվածի համար չզարմանա՝ անհավատությամբ տկարանալով, որովհետև մեր սուրբ հայրերի վկայությամբ բազմաթիվ նման դեպքեր են եղել, երբ մեռածները մի պահ վկայել են ճշմարտությունն իրենց բերանով և նորից ննջել, քանզի Աստծո մոտ անհնարին բան չկա, և իրեններին խոստացել է՝ ինչ որ հավատով խնդրեն, պիտի լինի, ինչպես, օրինակ, հայր Դանիել վանականը, երբ անցնում էր մի վայրով, տեսավ, ինչպես ամբոխը կատաղությամբ լցված՝ ուզում էր մի վանականի քարկոծել, որովհետև նրան տեսել են ճանապարհի եզրին ընկած, սպանված մի մարդու մոտ և կարծել, թե նա է սպանության հեղինակը։ Հայր Դանիելը տեսնելով, որ դա բանսարկու սատանայի հնարքներից է, մոտենում է մեռած մարդուն և կռանալով նրա վրա ու խաչակնքելով՝ ասում. «Ո՜վ մարդ, ասա՛ բոլորիս, ո՞վ է քեզ համարձակվել զրկել կյանքից»։ Եվ մեռածը կենդանանալով տվել է իր համաքաղաքացու անունը, որն իրեն խոշոր գումարի ոսկի էր պարտք և չկարողանալով վճարել՝ որոշում է սպանել պարտատիրոջը։ Դրանից հետո հայր Դանիելը նորից դիմում է զոհին և ասում. «Իսկ հիմա նորից ննջիր, մինչև Աստծո արդար դատաստանը»։
Լսենք ևս մի համանման դեպքի վկայություն, որ մեր տկար հավատը չտարուբերվի եղեգի նման:
«Երբ ծեր վանականը գնում է հնձի, նրան են միանում մի քանի երիտասարդ վանականներ։ Ճանապարհին նրանք մի փոքր առաջանալով` սպանվածի են հանդիպում և կանգնում են նրա կողքին։ Մինչ նրանք մտածում էին ինչ անել, հանկարծ գյուղացիները վրա հասնելով՝ բռնում են նրանց, որպես սպանողների։ Երբ ծեր վանականն է մոտենում, երիտասարդ վանականները լացով վազում են նրա մոտ և օգնություն խնդրում նրանից, որովհետև իրենց բռնել են որպես հանցագործների։ Նա էլ աղոթելով, իր ձեռքի գավազանը մոտեցնում է մահացածին և հպելով նրան՝ ասում. «Ասա՛, այս եղբայրնե՞րը սպանեցին քեզ»։ Մահացածը պատասխանում է՝ ոչ։ Ծերը նորից է հարցնում. «Դու ի՞նչ ես արել»։ Նա ասաց. «Մենք ավազակներ ենք, միմյանց հետ կռվեցինք, ընկերներս ինձ սպանելով հեռացան»։ Եվ խիստ զարմացան լսողները այս հրաշքի վրա, որ կատարվեց ծեր վանականի միջոցով, ու բաց թողեցին նրանց, որ գնան»¤։
Բայց շարունակենք մեր պատմությունը.
Վախեցած քեռու լեզուն կապ է ընկնում, և սարսափած դուրս է փախչում տնից, իսկ տանտերն ու տանտիրուհին, ականատես լինելով «գյավուրների» Աստծո զորությանը, երկյուղած ու անարգել ճանապարհ են դնում մեզ, նույնիսկ պապիս առաջարկած ոսկիները չվերցնելով։
Իսկ երրորդ դեպքը, կապված այդ հրաշագործ Ավետարանի հետ, տեղի է ունեցել արդեն Խորհրդային Հայաստանում. կոմսոմոլները տնից տուն էին մտնում և ինչ կապված էր Աստծո հետ, վառում, ոչնչացնում էին, իսկ տերերին աքսորում Սիբիր։ Նույնիսկ եղել են դեպքեր, երբ զատկական փլավ եփելու համար էլ են մարդկանց աքսորել։
Ինչևէ, Աստված կարոտ պահի բոլորիս՝ նորից նման օրեր տեսնելուց։ ՈՒ երբ ակտիվ կոմսոմոլներից մեկին մատնում են, որ մեր տանը հրաշագործ Ավետարան կա, նա մի օր գալիս է հորս մոտ և պահանջում այն։ Իհարկե, սկզբում մերժվում է, բայց երբ հայրս հասկանում է, որ մատնել են չարահոգի մարդիկ, ասում է նրան. «Այդ գիրքը մենք տնից դուրս չենք հանում, բայց եթե շատ ես պնդում, ինքդ գնա, վերցրու ու տար»։ Երբ այդ անաստվածը գտնում է Ավետարանը՝ շուշպայի մեջ փաթաթված, մի կողմ նետելով այդ շորը, ու թևի տակ դնելով Սուրբ գիրքը՝ դուրս է գալիս տնից։ Հայրս ու տնեցիները, սրտի ափսոսանքով ու կսկծալից հայացքով ճանապարհ են դնում նրան՝ անզոր լինելով որևէ բանով խանգարելու, քանզի քաջ գիտեին, որ հակառակ դեպքում Սիբիրի ճամփաներն էին սպասում բոլորիս։ Եվ դեռ 10-20 մետր տնից չհեռացած, կոմսոմոլը կարծես մի պահ ցնցվում ու կանգ է առնում՝ երեսը պինդ բռնած։ ՈՒ ջղաձգված մի ճիչ արձակելով, վազելով հետ է գալիս մեր տուն, ու վախեցած՝ Ավետարանը հորս է վերադարձնում։ Մինչ զարմացած ուզում էինք հասկանալ եղելությունը, հանկարծ տեսանք, թե ինչպես էր նրա երեսը ծռվել ու թեքվել՝ բերանը համարյա մինչև ականջը հասնելով։ Սարսափելի էր տեսնել այդ ահավոր տեսարանը, թե ինչպես Տերը անպատիժ չթողեց այդ մոլագար հոգուն, որը ձեռքով, ոտքով մի կերպ հասկացնում է հորս, որ իր համար աղոթի, որ Աստված այդ պատուհասից ազատի։ Հայրս էլ խղճալով, նրա հետ բերած Ավետարանը ջղաձգված դեմքին դնելով խնդրում է Աստծուց, որ ողորմություն անի նրան։ ՈՒ որոշ ժամանակ անց Տիրոջ մեծ ողորմությանը ականատես եղանք, քանի որ դեմքի ջղաձգությունը անցավ, բայց բերանը մի քիչ ծռված մնաց։ Հայրս էլ ասաց, որ Աստված նշան թողեց նրա վրա, որ մյուս անգամ սրբության հետ ահով ու դողով վարվի։
Այսպես, Տերն Իր մեծ ողորմություններով ու հրաշքներով մեր գերդաստանը պահեց սատանայի բոլոր տեսակի հարձակումներից, ու հավատում ենք, որ պիտի պահի մինչև Իր երկրորդ գալուստը, որովհետև մեր հույսը Նրա Խաչի և Ավետարանի վրա է, որոնցով Նա հաղթեց աշխարհին։
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ