ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի
25.04.2014 | 11:38

24 ապրիլի... Հայոց ցեղասպանության տարելից, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և այլ ազգերի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգիստ, հարգանք, հարգանք... նրանց նկատմամբ, ովքեր դաժանորեն սպանվեցին, բռնությամբ վերաբնակվեցին, արտաքսվեցին իրենց բնակավայրից ոչ թե իրենց դրսևորած վարքագծի կամ կատարած մեղքի համար, այլ միայն նրա համար, որ ազգությամբ հայ կամ այլ ազգ էին ծնվել:
Թշնամությունն ու ատելությունը հավերժ չեն կարող լինել:
Երբեմն մտածում եմ այլևս չխոսել այդ դաժան կոտորածի և մեր ժողովուրդների տառապանքների մասին: Չխոսել, բայց սպասել, թե այդ ամենին ինչպես կարձագանքի թուրք ժողովուրդը, միջազգային հանրությունն այն որպես դաս կընդունի՞, թե՞ ոչ: Թուրքիան անպայման կընդունի այդ ոճրագործությունը, և ամբողջ աշխարհը պետք է ճանաչի և դատապարտի Հայոց ցեղասպանությունը:
Ցավոք, այսօր էլ մենք ականատես ենք լինում ժողովուրդների եղեռնի և մարդկության դեմ ուղղված նման հանցագործությունների: Ժամանակն է, որ աջակցենք միմյանց ժամանակակից աշխարհում, որպեսզի նման հանցագործություններ այլևս չլինեն, որ նման երևույթները վրդովմունք առաջացնեն յուրաքանչյուրիս սրտում: Թուրքական ժխտողականությունն այսօր սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի, այլև բոլորիս համար, ում համար թանկ են մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ժողովուրդների բարեկամությունը, մեր ընդհանուր մոլորակի ապագան: Ո՛չ ասենք մարդատյացությանը և ռասիզմի ցանկացած դրսևորմանը:
Հարկավոր է զգոն լինել, որ այլևս մեր ընդհանուր տան՝ մոլորակի պատմության ոչ մի էջ սև գույնով չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը, որը կարող է վտանգել տարածաշրջանի, ինչու չէ, նաև մեր մոլորակի ապագան:
Շուտով Երևան քաղաքում կկառուցվի եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող: Հավատացած ենք, որ կառուցվող հուշարձանը մեկ անգամ ևս խնդիր է դնելու, որ Թուրքիան ինչքան էլ ուրանա կատարված ոճրագործությունը, միևնույն է, արդարությունը կհաղթի, և Թուրքիան կճանաչի հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Հուշարձանի կառուցումը ևս մեկ հաստատուն փաստ կլինի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ապացուցելու, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը վաղուց մշակված պետական քաղաքականություն է եղել, և որ մեր պետությանը հավասարապես հուզում են թուրքական յաթաղանից տուժած մյուս ժողովուրդների ցեղասպանության խնդիրները: Հավատացած ենք, որ շուտով, շատ շուտով այլևս կարիք չի լինի տարբեր բողոքի երթեր կազմակերպելու աշխարհում գտնվող Թուրքիայի դեսպանատների առջև` ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, որովհետև Թուրքիան նույնպես կհարգի հայ և մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը: Դա համամարդկային քաղաքակրթական խնդիր է, և վաղ թե ուշ միջազգային հանրությունը պետք է ճանաչի: Մենք նույնպես ճանաչում ենք, մեր պապերի պատմածները բավարար են ցեղասպանությունը ճանաչելու համար, այլ ապացույցների անհրաժեշտություն չունենք: Ժամանակակից աշխարհում թուրքական իշխանությունները պետք է շիտակ առերեսվեն սեփական պատմության հետ, հասարակական խղճի մաքրման համար, որը մի հզոր երաշխիք կլինի, որ նման երևույթներ այլևս չկրկնվեն մեր մոլորակի վրա:
Հավատացած եմ, որ հայ ժողովրդի և մյուս ժողովուրդների դեմ իրականացված և դեռևս անպատիժ մնացած հանցագործությունները ճշմարիտ, արդար և համընդհանուր միջազգային ճանաչման կարժանանան:
Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին՝ անկախ ազգությունից և դավանանքից:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1763

Մեկնաբանություններ