ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ինչպես կառուցվեց Աստծո տունը

Ինչպես կառուցվեց Աստծո տունը
29.11.2013 | 11:01

1826 թ. հուլիսի 8-ին Կ. Պոլսում սարսափելի հրդեհից հետո, երբ մոխրակույտի վերածվեց նաև փայտաշեն հայոց Մայր եկեղեցին՝ Գում-Գաբու թաղամասում, և հավատավոր ժողովուրդը զրկվեց հոգևոր պատվարից, այդ օրվանից պատրիարքի, ամիրաների, մտավորականների, հասարակ մարդկանց միակ փափագն էր այրված եկեղեցու տեղում Աստծո նոր, քարակերտ տաճար կառուցելը: Սակայն սուլթան Մահմուդ II-ը մերժում էր բոլոր աղերսագրերը, պատճառաբանելով, թե՝ ոչ միայն հայերին, այլև առհասարակ հպատակ ազգերին արգելել է բերդամասում որևէ կրոնական շինություն կառուցել: Դա շարունակվեց շուրջ երկու տարի, և վերջին հույսը Պեզճյանն էր:
Ի պատասխան պատրիարքի՝ նա հանձն առավ թույլտվությունը ձեռք բերել, բայց խնդրեց չշտապեցնել. ախր ինքը լավ էր ճանաչում սուլթանին...
1828 թ. ցուրտ փետրվարն էր: Պեզճյանը թուրքական բաղնիքում տաք ու թանձր գոլորշիների մեջ լոգանք էր ընդունում, երբ արքունիքից բանբեր եկավ ու հայտնեց, թե սուլթանը նրան շտապ պալատ է կանչում:
Մահուդապատ գահավորակին, մետաքսե բարձերի վրա թիկնած սուլթանը, նայելով իր դրամահատարանի տնօրենի կարմրատակած դեմքին, հարցրեց.
-Ասում են, բաղնիքում էիր: Լա՞վ էր...
Լսելով այդ սովորական, առօրեական, կենցաղային հարցը, Պեզճյանն անմիջապես հասկացավ, որ պատեհ առիթը եկել է:
-Ձերդ մեծություն, շնորհակալ եմ Ձեր հոգատարության համար: Այո, շատ լավ բաղնիք էր,- ասաց նա և ավելացրեց,- այսօր այդ բաղնիքն ինձ փրկեց:
Ապա տեսնելով սուլթանի հարցական հայացքը, շարունակեց.
-Ձերդ մեծությունը, անշուշտ, տեղյակ է, որ մենք՝ հայերս, եկեղեցի չունենք, մեծ հրդեհի ժամանակ կրակի բաժին է դարձել: Երեկ գնացի, եկեղեցու ավերակների վրա ծունկ դրեցի, գլխաբաց աղոթք արեցի ու մրսեցի-հիվանդացա: Շատ լավ բաղնիք էր, եթե այդ բաղնիքը չլիներ, հիմա երևի անկողին ընկած լինեի:
Սուլթանը նայեց Պեզճյանի կեղծ-խղճալի տեսքին, խորամանկ աչքերին և բարձր ծիծաղեց.
-Գիտեմ մտքինդ ինչ է, Պեզճի: Քո ազգակիցներն արդեն երկար ժամանակ ինձ աղերսներ են հղում, բայց մերժում եմ: Անձամբ քեզ, սակայն, Պեզճի, չեմ մերժի, թույլտվության ֆերման կարձակեմ: Գնա եկեղեցումդ աղոթք արա, որպեսզի չհիվանդանաս, ու փողերանոցի գործերը չտուժեն:
Պեզճյանն անմիջապես անցավ խնդրի գործնական լուծմանը: Մայր եկեղեցու շինարարության ծախսը նախատեսված էր 2 միլիոն դահեկան, նա պատրաստ էր հատկացնելու կես միլիոն, բայց մնացած գումարը պետք է տրամադրեին մյուս բոլորը: Ամիրաները դժգոհեցին, չկամության խուլ աղմուկ բարձրացավ, սակայն Պեզճյանն անմիջապես սաստեց և ուղղակիորեն սպառնաց, որ եթե նրանք պահանջված գումարը չժողովեն, ապա բոլորին բանտարկել կտա:
Շինարարությունն սկսվեց: Ամիրաներից շատերը, միևնույն է, խոստումը չկատարեցին, սակայն Պեզճյանը ոչ միայն ոչ ոքի պատժել չտվեց, այլև սեփական գրպանից լրացուցիչ վճարեց 600 հազար դահեկան, ինչն այն ժամանակ վիթխարի գումար էր:
Նորակառույց, քարաշեն Մայր եկեղեցին օծվեց 1828 թ. հոկտեմբերի 14-ին: Ահա այսպես կառուցվեց Աստծո տունը:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 2342

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ