ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Զարմանալի ժողովուրդ ենք

Զարմանալի ժողովուրդ ենք
17.05.2013 | 11:43

ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐՅԱՆ ՊՈՂՈՍ ԽԱՉԱՏՈՒՐԻ (սըր ՊՈԼ ՉԱԹԵՐ, 1846, Կալկաթա–28.05.1926, Հոնկոնգ)
Սերում է Քալանթարյան գերդաստանից: ՈՒսանել է Կալկաթայի «Լա Մարդինիեր» վարժարանում: 1864 թ. Կալկաթայից անցել է Հոնկոնգ: Սկզբում ծառայության է անցել անգլիական «Բենք օֆ Հինդուստան» դրամատանը, ապա իր բնատուր ձեռներեցության շնորհիվ դարձել անգլիական առևտրի ամենաազդեցիկ դեմքը: Կառուցել է Հոնկոնգի նավահանգիստը: Հղացել է Փրայայի ծովեզերքի անմշակ հողերը շահագործելու գաղափարը (Praya Rocla mation), որը անգլիական կառավարությունն է իրականացրել: Վիկտորիա քաղաքի ծովեզերքի մոտ, ծովի մեջ, 2 մղոն երկարությամբ և 250 ոտք լայնությամբ տարածք հող է լցրել, ցամաքի վերածել, ուր կառուցել է 1300 տուն 39000 բնակչի համար: Հոնկոնգի հանքածխի ընկերության ամենախոշոր բաժնետերն էր: Համարվում էր աշխարհի ամենահարուստ հայը:
Կղզու անգլիական համայնքի վարչության և օրենսդիր ժողովի անդամ: 1887-ից` ցմահ հաշտարար դատավոր: 1897-ին պարգևատրվել է Սբ. Մայքլի և Սբ. Ջորջի շքանշաններով, 1902-ից` Բրիտանական կայսրության ասպետ:
Կտակով խոշոր գումար է թողել Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցուն, բազմաթիվ հաստատությունների, եկեղեցիների, միությունների` առանց ազգի ու կրոնի խտրականության:

ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ԳԱԼՈՒՍՏԻ (Հանըմյան, 1802, Վան - 8.04.1864, Կահիրե)
Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Ազգային վարժարանում: Երիտասարդ տարիքում տեղափոխվել է Եգիպտոս, ծառայության անցել ակնցի Ալեքսան և Հակոբ Եղիազարյան եղբայրների առևտրային տանը: 1842-ին եղել է Բուլագի մաքսատան տնօրենը. նրան էր պատկանում նաև Կահիրեի հանրային բաղնիքների շաբաթվա մեկ օրվա եկամուտը: 1843-1854 թթ. դարձել է Եղիազարյան եղբայրների գործընկերը և նրանց հետ շահագործել Էլ-Մաթարիեյի պետական աղահանքը: Վարձակալել է Դամիեթի պետական ձկնարանը: 1847-ին խոշոր գումար է փոխ տվել Աբաս փաշային, որը 1848 թ. դարձել է Եգիպտոսի կուսակալ:
1848-1851 թթ. եղել է Եգիպտոսի դրամահատարանի ղեկավարը: Շոգենավակներ ու բազմաթիվ մակույկներ է ունեցել Նեղոսի վրա: Ղազարոս Տեր-Գասպարյանի հետ հիմնել է առևտրային տուն և զբաղվել հացահատիկի առևտրով:
Կ. Գալուստյանը 1839 թ. 2000 ֆրանկ է նվիրաբերել Սբ. Աստվածածին եկեղեցու կառուցման հանգանակությանը: 1854-ին, ի պատիվ քերթողահայր Մովսես Խորենացու, 20 հազար ֆրանկով կառուցել է Կահիրեի Խորենյան վարժարանը, որը 1897-ից վերանվանվել է Գալուստյան:
1858 թ. մարտի 5-ին իր ձեռքով թուրքերեն գրել է կտակ, համաձայն որի ազգային կարիքներին է հատկացրել Ասիութ նահանգի Դելջա գյուղի իր ագարակը` 400 ֆեդդան (1 ֆեդդանը=4200 քմ) տարածքով, Գիզե նահանգի Շեյխ Էթման գյուղի ագարակը` 340 ֆեդդան տարածքով ու 6000 արմավենիներով, նույն նահանգի Ազիզիե գյուղի ագարակը` 60 ֆեդդան տարածքով, ինչպես նաև երկու տուն` Ալեքսանդրիայի Մահմուդիե ջրանցքի ափին: Ամբողջ նվիրատվության արժեքը կազմել է 430 հազար ֆրանկ:
Կտակը գործադրվել է Կ. Գալուստյանի վախճանից 23 տարի անց` 1887-ին:

Դ’ԱՊՐՈ ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆԻ (10.04.1846, Կահիրե-28.07.1904, Էվիան-լե-Բեն: 1904 թ. նոյեմբերի 15-ին աճյունը վերահուղարկավորվել է Կահիրեի Սբ. Մինաս եկեղեցու գերեզմանատանը)
Եգիպտոսի պետական, քաղաքական ականավոր գործիչ: Սերում է Բագրատունյաց արքայական տոհմից:
Նախնական ուսումն առել է Կահիրեում, ապա բարձրագույն կրթություն ստացել Շվեյցարիայում, Ֆրանսիայում և Անգլիայում: Տիրապետել է ֆրանսերենի և անգլերենի, ինչպես նաև խոսակցական թուրքերենի, իտալերենի ու հունարենի: 1868-ին աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում: Մեկ տարի անց նշանակվել է Եգիպտոսում միջազգային խառը դատարանների ինստիտուտի հաստատման կապակցությամբ հրավիրված 2-րդ համագումարի քարտուղար: 1870 թ. կարգի է բերել արտգործնախարարության դիվանների գործունեությունը, ապա նշանակվել թարգմանական վարչության արաբական ու եվրոպական բաժինների պետ և, ի գնահատանք բարենպաստ ջանքերի, արժանացել բեյի տիտղոսի:
1873-1876 թթ.` արտգործնախարարության թղթակցության բաժնի խմբագիր, դատական համակարգի բարեփոխման հանձնախմբի անդամ, 1876-ին` արտգործնախարարության 2-րդ քարտուղար, 1877-ին` ընդհանուր վարչության պետ, 1878-ին` վարչապետ Նուբար Նուբարյանի քարտուղար, 1881 թ.` արտգործնախարարության տնօրեն, 1882-ին` նախարարի խորհրդական: Դ’Ապրոն արժանացել է փաշայի տիտղոսի, պարգևատրվել «Օսմանիե» շքանշանով և 1883 թ. նշանակվել փոխարտգործնախարար: Ապա պաշտոնանկ է եղել, իսկ 1885 թ. մեկնել Փարիզ ու Լոնդոն` Եգիպտոսի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու նպատակով: 1891-1894 թթ.` արտգործնախարար:
Պարգևատրվել է Ֆրանսիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Շվեդիայի, Պարսկաստանի, Անգլիայի բարձրագույն շքանշաններով:
1883 թ. Տիգրան փաշան ընտրվել է Կահիրեի Ազգային գավառական ժողովի երեսփոխան, իսկ 1892-ին` ատենապետ: Համիդյան ջարդերից փրկված ու Եգիպտոսում ապաստանած ազգակիցների ողբալի վիճակը մեղմելու համար գլխավորել է Ալեքսանդրիայի Գաղթականաց հանձնախումբը, վրանավաններ հիմնել եկեղեցու պարտեզում, իսկ դպրոցի բակում երեխաների համար կազմակերպել դպրոց ու դպրոց-արհեստանոց: Կահիրեի Ազգային առաջնորդարանին նվիրել է Էշմուն Գրեյս գյուղում գտնվող մշակելի հողերով իր կալվածքը, որի հասույթը հատկացվել է գաղթական ու չքավոր հայերին` որպես դրամագլուխ:
1899 թ. ապրիլի 24-ին Տիգրան դ’Ապրոն կազմել է կտակ, որով 50 հազար ֆրանկ է հատկացրել Կահիրեի Ազգային առաջնորդարանին, որը պետք է գներ մշակելի բարեբեր հողատարածք և դրա հասույթով հոգար իր կարիքները: Կտակակատարն էր նրա աներորդին` Պողոս Նուբար փաշան: Վերջինս 1929 թ. ձեռնամուխ է եղել փեսայի վերջին կամքի կատարմանը. սեփական միջոցներով, ինչպես նաև փաշայի կտակած մշակելի հողերի հասույթներից գոյացած գումարներով 1930 թ. կառուցել է Կահիրեի Ազգային առաջնորդարանի նոր, հրաշակերտ շենքը:

ԵՂԻԱԶԱՐ ՈՐԴԻ ՊԵՏՐՈՍԻ (Ակնա գավառակի Կամարակապ գյուղ - 8.12.1827, Կահիրե)
Ամիրա, խոշոր սեղանավոր, իր ժամանակի միակ համազգային բարերարը:
1790 թ. տեղափոխվել է Կահիրե, զբաղվել թանկագին քարերի առևտրով և դրամափոխությամբ: Եղել է միակ դրամատերը, որը 1808 թ. ֆինանսական միջոցներ է փոխ տվել Եգիպտոսի ապագա զորեղ փոխարքա Մուհամեդ Ալիին, ինչից հետո նշանակվել ու երկար տարիներ ղեկավարել է նրա անձնական ֆինանսները: Եղել է միակ հպատակ քրիստոնյան, որն իրավունք է ունեցել գլխին կրելու սպիտակ փաթթոց:
1811 թ. վախճանվել են կինն ու երեխաները:
Իր ունեցվածքը կտակել է Եգիպտոսի, Պոլսի, Երուսաղեմի, Ակնի, Մուշի ու Լիբանանի ազգակիցներին` կտակակատարներ նշանակելով քրոջ որդիներ Ալեքսան և Հակոբ Միսաքյաններին:
Եղիազար ամիրայի մահից հետո նրա քրոջ զավակներ Ալեքսան և Հակոբ Միսաքյանները, ի կատարումն իրենց քեռու կտակի, 1828 թ. Կահիրեի Հարթ-Զուեյլա թաղամասում` Սբ. Աստվածածին եկեղեցու հարևանությամբ, գնել են տարածք և կառուցել երկհարկանի հոգետուն, հյուրանոց ու դպրատուն:
1950-1953 թթ. Սբ. Աստվածածին եկեղեցին, դպրատուն-հյուրանոցը, հոգետուն-հիվանդանոցը, առաջնորդարանի հին շենքը Եգիպտոսի կառավարության որոշմամբ քանդվել են: 1968-ին տարածքը վարձակալել է մի ընկերություն և տարեկան զգալի գումար վճարել ազգային առաջնորդարանին:
ԵՂԻԱՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԻ
(25.05.1833, Կահիրե- 21.06.1911, Տրիեստ: Աճյունը վերահուղարկավորվել է Կահիրեի Սբ. Մինաս մատուռի մոտ)
Նախնական կրթությունն ստացել է Կահիրեի Հարեթ-Զուեյլա փողոցում գտնվող հայոց դպրատանը, 1847-1850 թթ. ուսանել է անգլիացի Համիլտոնի անհատական վարժարանում, 1850-1852 թթ.` ֆրանսիական «Էքոլ դե Լանգ» լիցեյում: Ստանալով փայլուն կրթություն և տիրապետելով օտար լեզուների` 1852-1854 թթ. եղել է Կահիրեի ռուսական հյուպատոսության թարգմանիչ: 1854 թ. Ղրիմի պատերազմի սկսվելու պատճառով թարգմանչի աշխատանքը թողել է և հիմնել փաստաբանական գրասենյակ:
1864 թ. ընտրվել է Կահիրեի ազգային Գավառային ժողովի անդամ և զբաղվել Կարապետ Գալուստյանի կտակի իրավաբանական ձևակերպմամբ:
1878-1880 թթ. նշանակվել է ռուսական հյուպատոսության խորհրդական, իսկ 1881-1887 թթ. եղել փոխհյուպատոս` ընդունելով ռուսական հպատակություն:
Բազմարդյուն գործունեության համար պարգևատրվել է Եգիպտոսի, Ռուսաստանի, Պարսկաստանի, Իտալիայի մեկ տասնյակ շքանշաններով: Հանդիսացել է «Բալթիկ ծովի նավաբեկությունների ընկերության» և «Ռուսական Կարմիր խաչի ընկերության» անդամ: Հիմնադիրն է Կահիրեի Ռուսական նպաստամատույց ընկերության:
1888-ին նորոգել է Կահիրեի հայոց գերեզմանատան Սբ. Մինաս մատուռը, 1904-ին Մշո և Սասունի տուժածների հանգանակության հիմնադրամին հատկացրել է 1000 եգիպտոսյան ֆունտ, 1905-ին ընտրվել է Հայոց թեմական և քաղաքական ժողովների ատենապետ, 1906-ին եղել է ՀԲԸՄ 10 հիմնադիր-անդամներից մեկը, 1907-ին Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանի կառուցմանը մասնակցել է 195 եգիպտոսյան ֆունտով:
Գ. Եղիայանը 1906-ի հունիսի 15-ին ֆրանսերենով գրել է կտակ` կտակակատար նշանակելով Պողոս Նուբարին: Բարերարն ուներ 5 խոշոր եկամտաբեր շենք և 277 ֆեդդան մշակելի հողատարածք` Սանաբարա գյուղում. ունեցվածքը գնահատվել է 75 հազար եգիպտոսյան ֆունտ, որը նվիրաբերել է ազգին: Ըստ այդ կտակի, շենքերը պիտի վաճառվեին և ստացված գումարով եկեղեցի կառուցվեր Կահիրեում: Հողատարածքից ստացված տարեկան եկամտի 80 %-ը պիտի հատկացվեր միակողմանի որբ ուսանողներին` համալսարանական կրթություն ստանալու, 10 %-ը` առաջնորդարանի ծախքերը հոգալու համար, իսկ մնացյալ 10 %-ը պետք է մնար անձեռնմխելի և տարիների ընթացքում կուտակվելով` ծառայեր նոր եկամտաբեր կալվածքներ ձեռք բերելու համար:
1912 թ. փետրվարի 29-ին հանգուցյալ Գ. Եղիայանի գույքը աճուրդով վաճառվել է 2100 ֆունտ սթեռլինգով, իսկ նույն թվականի ապրիլյան Զատկին հայ աղքատներին բաժանվել է 500 եգիպտոսյան ֆունտ:
1917 թ. հունիսի 19-ին 10560 եգիպտոսյան ֆունտով գնվել է 5286 քառ. մետր տարածք, որտեղ 1928 թ. կառուցվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • ԳԱԼՈՒՍՏՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ ՏԵՐ-ԳԱԼՈՒՍՏԻ
  • Դ’ԱՊՐՈ ՏԻԳՐԱՆ ՍՏԵՓԱՆԻ
  • ԵՂԻԱԶԱՐ ՈՐԴԻ ՊԵՏՐՈՍԻ
  • ԵՂԻԱՅԱՆ ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԻ
Դիտվել է՝ 5656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ