ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիանա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. Վարդուհին

Դիանա  ԲԱԼԱՍԱՆՅԱՆ. Վարդուհին
14.05.2013 | 02:08

1944-ին Եղեգնաձորի թիվ 2 մանկատանը դաստիարակչուհի էի:

Մայիսյան առավոտ էր, երբ մանկատան աստիճանների վրա տեսա մոտ չորս տարեկան մի աղջնակի: Նրան թողել էին ու հեռացել: Դժվար տարիներ էին. պատահում էին և նման դեպքեր: Չպարզելով աղջնակի ոչ անունը, ոչ ծննդավայրը և ոչ էլ այլ տվյալներ` նրան ընդունեցինք իմ խումբ: Գունատ էր, հյուծված, ոչ մեկի հետ չէր խոսում: Հագուստները փոխեցի, կերակրեցի, և նա քնեց: Այն պատուհանից, որի մոտ նրա մահճակալն էր, երևում էին այգում դեռ նոր ծաղկած կոկոն վարդերը. հենց այդ պատճառով էլ նորեկի անունը դրեցինք Վարդուհի:
Իմ խմբում տարօրինակ պահվածքով մի աղջիկ կար, անունը` Արևիկ: Նա գիշերները ելնում էր անկողնուց և երեխաների ձեռքերը համբուրում: Արթուն մնացած երեխաներն սկսել էին վախենալ, ուստի, տնօրենի կարգադրությամբ, գիշերային հերթապահություն սահմանեցինք:
Այդ գիշեր էլ Արևիկը տեղից վեր կացավ, սովորականի պես շրջեց շենքում, համբուրեց մի քանիսի ձեռքերը, ապա, մոտենալով անծանոթ աղջկան, բռնեց նրա ձեռքը:
Ես արթուն հերթապահում էի, և թվում էր, թե փոքրիկի ձեռքն է համբուրում, սակայն, ըստ երևույթին, ուժեղ կծեց: Վարդուհին ցավից ճչաց և վեր թռավ` փորձելով ձեռքն ազատել: Բայց Արևիկը մատն ատամներով սեղմել էր և բաց չէր թողնում: Վազելով մոտեցա, բայց արդեն ուշ էր: Արևիկն ինքնուրույն արթնացավ և հանգիստ, կարծես ոչինչ չէր եղել, գնաց ու պառկեց: «Զոհի» աջ ցուցամատից արնահոսություն էր սկսվել: Ձեռքը փաթաթելով` հասցրինք հիվանդանոց: Բուժվելուց հետո նա վերադարձավ ցուցամատի ծայրը կտրված:
Այդ դեպքից հետո Արևիկին տեղափոխեցին Երևան` լուսնոտությունը բուժելու:
1948-ին մեր մանկատունը փակվեց, և երեխաներին բաժանեցին տարբեր մանկատների վրա: Հետագայում ինչպես դասավորվեց նրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը, ոչինչ չիմացա:
…1980 թվականն էր: Տասներորդ դասարանի դասղեկ էի և գարնանային արձակուրդներին աշակերտներին էքսկուրսիա էի տարել Ալավերդի:
Ստացվեց այնպես, որ ստիպված էինք գիշերելու հյուրանոցում: Այնտեղ նկատեցի, որ մեր փաստաթղթերը ձևակերպող աշխատակցուհու աջ ցուցամատի ծայրը չկա: Անմիջապես հիշեցի մանկատան Վարդուհուն և կնոջը խնդրեցի պատմել իր մասին: Իմանալով, որ Եղեգնաձորից ենք, ջերմությամբ էր լցվել մեր հանդեպ և, բոլորին տեղավորելուց հետո, ինձ հրավիրեց իր սենյակ:
-Քիչ բան եմ հիշում իմ մանկությունից: Եղել եմ Միկոյանի (Եղեգնաձորի նախկին անվանումը) մանկատանը, որի սաներից մեկը, մի լուսնոտ աղջիկ, մատս կծելով կտրեց: Յոթ տարեկան եմ եղել, երբ ինձ բերել են Երևանի մանկատուն, ապա որդեգրվել եմ, հետագա կյանքս հաջող է դասավորվել: Ամուսնացած եմ, երեք երեխա ունեմ:
-Իսկ ո՞ւմ ես հիշում ձեր մանկատնից,- անհամբեր հարցրի ես:
-Հիշում եմ կապուտաչյա դաստիարակչուհուն. խմբում ամենափոքրը ես էի, ինձ շատ էր սիրում, խնամում էր մոր պես:
-Հիմա կհիշե՞ս նրան,- այլևս չկարողացա զսպել ինձ:
-Չգիտեմ, ամեն ինչ մոռացել եմ, միայն կապույտ աչքերն եմ հիշում:
Ես գրկեցի նրան, շոյեցի կտրված մատը և լաց լինելով ասացի.
-Դու մեր մանկատան, իմ խմբի Վարդուհին ես:
Նա հիշեց իր մոռացված անունը, հիշեց ինձ և գրկիս մեջ հեկեկաց, ինչպես փոքրիկ աղջնակ, որը գտնում է կորած մորը: Չգիտեի` ինչպես հանգստացնեմ նրան. արդյո՞ք նույն կերպ, ինչպես մոտ 35 տարի առաջ, երբ դեռ անանուն աղջնակ էր, ու, որպես վարդի մատ, դեռ չէր կպել հողին:
Մեր զրույցը շարունակվեց մինչև լուսաբաց: Հրաժեշտի պահին համբուրեց այդ պատմությունից արդեն հուզված երեխաներին, որոնք աննկատ շրջապատել էին մեզ, և որոնցից, ի՞նչ իմանար, գուցե մեկի հորաքույրը կամ մորաքույրն էր:
Մեր ավտոբուսը հեռացավ հյուրանոցից, իսկ ես այդպես էլ որևէ մխիթարական խոսք չգտա նրան ասելու:

Դիտվել է՝ 3871

Մեկնաբանություններ