ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ՄԵԶ ՄՈՏ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ ԿԱՂՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԵՐԿՈՒ, ԱՅԼ ԵՐԵՔ ՈՏՔՈՎ»

«ՄԵԶ ՄՈՏ ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼԻԶՄԸ ԿԱՂՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԵՐԿՈՒ, ԱՅԼ ԵՐԵՔ ՈՏՔՈՎ»
14.05.2010 | 00:00

…և ոչ միայն մշակույթի մասին
«Իրավունքը de facto»-ի հյուրն է Կոմիտասի անվան լարային քառյակի առաջին ջութակ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, նվագախմբային ֆակուլտետի դեկան, ՀՀ ժողովրդական արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր ԷԴՎԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ։
«ԹՈՒՐՔԵՐԸ ՀՈՒՅՍՆԵՐԸ ԴՐԵԼ ԷԻՆ ՄԵՐ ԴՅՈՒՐԱՀԱՎԱՏՈՒԹՅԱՆ ՎՐԱ»
-Պարոն Թադևոսյան, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու ՀՀ նախագահի որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց: Ոմանց կողմից այն արժանացավ ընդգծված դրական վերաբերմունքի, ոմանց կողմից` խիստ բացասական: Նախկին արտգործնախարար Օսկանյանը, օրինակ, այդ քայլը որակեց հայ-թուրքական հարաբերությունների համար վատթարագույն տարբերակ: Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում:
-Երբ առաջին օրը հեռուստատեսությամբ լսեցի, որ հայ-թուրքական փաստաթղթերի վրա ոչ մի նշում չկա նախապայմանների մասին, չլինելով քաղաքական գործիչ, մտածեցի` ինչպե՞ս կարելի է հավատալ դրան: Հասկացանք` թղթերի վրա չկա, բայց մենք հո գիտե՞նք, թե ում հետ գործ ունենք: Այնպես որ, հենց առաջին օրվանից համոզված էի, որ այդ գործընթացն ապագա չունի:
-Մեր կողմից գործընթացը կասեցնելու պաշտոնական հայտարարությունից հետո Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն արդեն առանց դիվանագիտական նրբանկատության հայտարարեց, թե Թուրքիան և Ադրբեջանը եղել և մնում են եղբայր պետություններ, և որ Թուրքիա-Հայաստան հարաբերություններում միշտ էլ առկա է լինելու Ղարաբաղի գործոնը: Այս հայտարարությունից, ըստ Ձեզ, մենք պիտի զգուշանա՞նք, թե՞ մտածենք, որ Թուրքիան դիվանագիտական սխալ է թույլ տվել և քողազերծել իր իսկական դեմքը միջազգային կառույցների առաջ:
-Կարծում եմ` Թուրքիան քողազերծվեց: Նրանք հույս ունեին, որ մերոնք կհավատան իրենց: Հույսները դրել էին մեր դյուրահավատության վրա:
-Թե՞ մեր թուլության:
-Գուցե և այդպես: Ես, ճիշտն ասած, Դավութօղլուն չեմ, չգիտեմ, թե նա ինչ է մտածել: Բայց այն հանգամանքը, որ ես ի սկզբանե չեմ հավատացել նախապայմաններ չպարունակող թղթաբանությանը, միանշանակ է: Ինձ ինչ հիշում եմ` սկսած երեք տարեկանից, մի բան եմ տեսել. էրզրումցի տատիկս ամեն առավոտ արթնացել ու ասել է. «Թալեաթի թևեր թափա, Էնվերի թևեր թափա: Էրգրի ջուրը խմեի-մեռնեի…»: ՈՒ առանց խմելու է գնացել:
«ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ»
-Արտաքին աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար բավականաչափ ուժեղ ներքաղաքական դաշտ ունե՞նք մեր երկրում` ըստ Ձեզ:
-Կարծում եմ` ոչ: Ես մտածում եմ, որպեսզի արտասահմանի քաղաքական գործիչները, կազմակերպությունները (խոսքս նրանց մասին է, ովքեր կարևոր հարցեր են լուծում) մեզ հավատան, առաջին հերթին մեր երկրում պիտի լինի նորմալ իրավիճակ: Ի՞նչ է նշանակում պետություն. դա ժողովրդի և իշխանության համագործակցությունն է: Առաջին հերթին մենք պիտի ունենանք ուժեղ պետություն և վարենք ճիշտ ներքին քաղաքականություն մեր երկրի մեջ: Համագործակցություն, փոխըմբռնում պիտի լինի ժողովրդի և կառավարության միջև:
-Այդ համագործակցությանը, փոխըմբռնմանը Ձեր նշած օղակներից ո՞րն է ավելի պատրաստ` ժողովո՞ւրդը, թե՞ կառավարությունը:
-Թող տրիվիալ չհնչի, բայց ինձ թվում է, որ ժողովուրդը միշտ էլ ճիշտ է: Ժողովուրդն ակունքներից եկող իմաստնություն ունի: (Ես բոլորովին նկատի չունեմ հասարակության «էլիտար» հատվածին, մտավորականությանը): Հողից, բնությունից է մեր ժողովրդին տրված խելքը: ՈՒղղակի նա միշտ եղել է պատմականորեն անբարենպաստ պայմանների մեջ ու միշտ տուժել է իր բարության, հավատալու, լավատեսության պատճառով:
-Արտաքին աշխարհի մարտահրավերների մասին խոսելիս մենք դրանք ի՞նչ բովանդակության մեջ պիտի տեսնենք, միայն դիվանագիտական-քաղաքակա՞ն, թե՞ նաև ռազմական:
-Իրոք, շատ երկարեց Ղարաբաղի հարցի վերջնական լուծումը: Չեմ բացառում, որ կարող է լինել նաև ռազմական միջամտություն, մանավանդ եթե հաշվի առնենք Ալիևի` վերջին ժամանակներս հաճախակի դարձած ռազմատենչ հայտարարությունները: Բայց միևնույն ժամանակ մտածում եմ, որ դա ընդամենը վախեցնելու, սարսափեցնելու քաղաքականություն է և խոսքից այն կողմ չի անցնի: Իհարկե, այն հանգամանքը, որ նրանց ռազմական բյուջեն հավասար է մեր հանրապետության բյուջեին, ինձ անհանգստացնում է: Հանգիստ եմ այն առումով, որ գիտեմ` երբ դանակը հասնում է ոսկորին, հայերը կարողանում են լավ կռվել: Բացի այդ, մենք մեր հողերի համար ենք կռվում: Մենք զավթողական ծրագրեր չունենք. չէ՞ որ դրանք մեր հողերն են: Այս առումով իսկապես հանգիստ եմ:
«ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ Է, ՈՐ ԱՍՎՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ, ԱՐՎՈՒՄ` ՄԵԿ ԱՅԼ ԲԱՆ»
-Հարկային դաշտում սկսված տեղաշարժերը, խոշոր հարկատուներին վերահսկելու և հարկելու ուղղությամբ ձեռնարկվող և անձամբ երկրի վարչապետի կողմից ղեկավարվող ձեռնարկումները հավատ ներշնչո՞ւմ են:
-Երկար ժամանակ է, որ ասվում է մի բան, արվում` մեկ այլ բան: Այդ պատճառով էլ ես չեմ կարող համարձակվել ասելու, որ հավատում եմ այդ ձեռնարկումների հաջողությանը: Փաստն ինքնին գովելի է: Լավ է, որ ինչ-որ քայլեր փորձում են կատարել այդ ուղղությամբ: Բայց ազնվորեն պիտի ասեմ, որ ես դրանց չեմ հավատում: Այնպիսի կարծատիպ է ձևավորվել, որ դժվար թե այն հնարավոր լինի խախտել: Իսկ եթե հաջողվի, ապա կլինի առաջին կարևոր քայլերից մեկը:
-Եվ, այնուամենայնիվ, երբևէ, ինչ-որ կերպ պիտի կարողանա՞նք հաղթահարել կարծրատիպերը և դառնալ օրինակելի պետություն:
-Ես տարբեր առիթներով ասել եմ, որ շատ բան պետք չէ երկրում կարգուկանոն հաստատելու համար: (Նկատեցի՞ք` ասացի «երկրում». մինչև հիմա ասում էի «այս տարածքում». ցանկությունն այնքա՜ն մեծ է…)։ Միայն մի բան է պետք դրա համար, որ լինի ոչ թե իշխանության օրենք, այլ օրենքի իշխանություն: Եվ դա պիտի գործի ԲՈԼՈՐԻ համար: Եթե այսպես եղավ, վե՛րջ, մեզ ուրիշ ոչինչ պետք չէ, ամեն ինչ կընկնի իր տեղը: Մեզ մոտ պրոֆեսիոնալիզմը կաղում է ոչ թե երկու, այլ երեք ոտքով: Եթե գործի օրենքի իշխանությունը, պրոֆեսիոնալիզմն էլ կլինի բարձրության վրա: Ես կարծում եմ, որ ամենասխալ բանն է, երբ կառավարություն են ձևավորում ըստ կուսակցական պատկանելության: Ինչ-որ մի դիլետանտ այսօր մտնում է ինչ-որ կուսակցություն ու վաղը կուսակցական ցուցակով դառնում նախարար, քայքայում ոլորտը: Որոշ ժամանակ անց նրան վստահվում է մեկ այլ նախարարության ղեկավարությունը: Ո՞վ է որոշել, որ այսպես պիտի լինի: Ինձ կարող են հակադարձել` ասելով, որ Ամերիկայում էլ է այդպես: Բայց, նախ, Ամերիկայում այդ ինստիտուտը գոյություն ունի մոտ երեք հարյուր տարի և լիովին կազմակերպված է: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Ամերիկայում կա ընդամենը երկու կուսակցություն: Կարծում եմ` ես ճիշտ եմ, որովհետև բազմաթիվ են փաստերը, երբ իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ միայն կուսակցական պատկանելության շնորհիվ դառնում են նախարար: Սա սխալ բան է: Մարդը պիտի զբաղվի իր գործով: Եթե ինձ նշանակեն ինչ-որ քիմիական լաբորատորիայի տնօրեն, հաջորդ օրն այդ լաբորատորիան գոյություն չի ունենա:
-Ղրղզստանում կատարված իրադարձությունների և մեր մարտիմեկյան դեպքերի միջև անցկացվող զուգահեռներին ինչպե՞ս եք վերաբերվում: Իսկապե՞ս ընդհանրություն կա այդ երկուսի միջև:
-Կարծում եմ` ոչ: ՈՒղղակի նման հեղաշրջումների առիթը կամ պատճառը միշտ ժողովրդի դժգոհությունն է, եթե ոչ ներքին «պալատական ինտրիգները»: Մեր և Ղրղզստանի տարբերությունը նախ և առաջ այն է, որ այնտեղ ժողովուրդն էր Բակիևին իր ձեռքերի վրա բերել ու առոք-փառոք նստեցրել նախագահի աթոռին, իսկ նրա նախորդը` Ակաևը, ուղղակի փախել էր երկրից: Բայց հետո ժողովուրդը հասկացավ, որ սխալվել է, որ իր սպասումները չեն իրականացվել Բակիևի կողմից (ինչպես ասացի, ժողովուրդն իմաստուն է), ու սկսվեցին հայտնի դեպքերը: Մեզ մոտ այդպես չի եղել. կեղծիքներով, թե առանց կեղծիքների տեղի են ունեցել նախագահական ընտություններ: Հեղաշրջման ձևով չի եղել այդ ամենը, ինչպես Ղրղզստանում: Իսկ այն իմաստով, որ և՛ մեզ մոտ, և՛ այնտեղ, ցավոք, մարդիկ զոհվեցին այդ իրադարձությունների պատճառով, զուգահեռներն ակնհայտ են:
«ՔԱՌՅԱԿԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԱԴՐԵՐՈՎ»
-Օրեր առաջ տոնում էիք Ձեր տարեդարձը:
-Այո՛, դարձա 63 տարեկան: Այնպես որ, լիիրավ թոշակառու եմ:
-Շնորհավորում եմ այդ առիթով և մաղթում, որ ապրեք ու ստեղծագործեք շատ երկար` հանուն բոլորի: Ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք` որպես «լիիրավ թոշակառու»:
-Վերջին երկու տարում Կոմիտասի անվան քառյակը համալրվել է երկու երիտասարդ շնորհալի կադրերով: Երկուսն էլ աղջիկներ են` Սյուզի Երիցյանը (երկրորդ ջութակ) և Հասմիկ Վարդանյանը (թավջութակ): Այս առիթով ականջիս տարբեր խոսակցություններ են հասել, թե խախտվում է ավանդույթը, քառյակում 84 տարի շարունակ եղել են միայն տղամարդիկ: Բայց պիտի ասեմ, որ թե՛ ես, թե՛ քառյակի երկարամյա գործընկերս` Ալեքսանդր Կոսեմյանը, ընտրությունը կատարում ենք ոչ թե ըստ սեռական պատկանելության, այլ ըստ պրոֆեսիոնալ որակների: Խոստովանեմ` ինքս էլ կուզեի, որ տղամարդիկ լինեին քառյակի կազմում, բայց տարբեր պատճառներով դա հնարավոր չեղավ: Գաղտնիք չէ, որ առաջին իսկ հնարավորության դեպքում շնորհալի երիտասարդները լքում են Հայաստանը: Բացի այդ, տասնհինգ տարի դպրոցում և կոնսերվատորիայում սովորած երիտասարդը գնում է ծառայելու բանակում: Մարդը, որը տասնհինգ տարի ջութակ է բռնել, կարո՞ղ է նույն ձեռքով ավտոմատ բռնել և վերադառնալ մասնագիտական նույն որակներով: Ամեն ինչ հասկանալով հանդերձ` պիտի ասեմ, որ այդ տղաների համար բանակը նշանակում է ուղղակի կորած երկու տարի: Այս թեմային ես բազմիցս անդրադարձել եմ: Օգտվելով առիթից` նորից ասեմ. ես չեմ կարծում, որ մեր զինված ուժերի հույսը պիտի լինեն այն մի քանի ջութակահարը, թավջութակահարը, նկարիչը կամ պարողը, որոնք մեր իսկ հանրապետությանը պատիվ կբերեն իրենց գործով զբաղվելու, ոչ թե բանակում ձևի համար ծառայելու դեպքում: Այս արվեստագետ տղաների փոխարեն թող բանակ տանեն այն բազմաթիվ երիտասարդներին, ովքեր «Բրաբուսներով» ու «Ռոլս-ռոյսերով» շրջում են Երևանում, գիշերվա ուշ ժամերին աղմկում, խանգարում ժողովրդի հանգիստը: Այս անպատժելիությունը, անօրինականությունը, ցինիզմը հասել են այն աստիճանի, որ մեր ժողովրդի մեջ գլուխ է բարձրացրել ծայրահեղականությունը: Հաճախ տարբեր «ռազբորկաների» առիթով մարդիկ ասում են. «Ավելի լավ, թող իրար կոտորեն, սպանեն, ինչքան քիչ լինեն, էնքան մեր օգուտն է»: Սա ողբերգություն է: Այսպիսի բաներից է ծնվում իմ թերահավատությունը մեր երկրում կատարվող փոփոխությունների նկատմամբ, և ես սա ասում եմ սրտացավությամբ: Ինչևէ, ստեղծագործական ծրագրերի մասին ասեմ, որ հուլիսին կունենանք համերգ` նվիրված Չայկովսկու ծննդյան 170-ամյակին: Աշնանը պատրաստվում ենք նշել մեր կենդանի դասականի` Ալեքսանդր Հարությունյանի 90-ամյակը` բացառապես քառյակի ուժերով: Առաջարկություն կա նաև քառյակի կազմում իմ 40-ամյա գործունեության առիթով ունենալ համերգ, որի մասին դեռ պիտի մտածեմ: ՈՒզում եմ նաև իմ շնորհակալությունը հայտնել: Երկար տարիներ Կոմիտասի անվան քառյակը չի ունեցել հովանավոր: Այդ մասին ես ասել եմ նախորդ հարցազրույցներում: Ժամանակին քառյակին որոշակի աջակցություն է ցուցաբերել Արկադի Վարդանյանը, ինչի համար ես երախտագիտությունս եմ հայտնում ևս մեկ անգամ: Հիմա մենք ունենք հովանավոր, որը զարմանալի պարկեշտորեն է իրականացնում այդ հովանավորությունը, առանց ինքնասիրությունը դույզն-ինչ վիրավորելու: Դա Ռալֆ Յիրիկյանն է, ում հետ իմ հանդիպումը միայն մեկ նպատակ է ունեցել` իբրև հայ մարդ, Հայաստանի քաղաքացի` հայտնել շնորհակալությունս նրան` իր գոյության համար, այն բազում բարեգործական ծրագրերի համար, որ նա իրականացնում է մեր երկրում: Հիմա մարդիկ ծերանոցի բնակիչներին մի ափսե ապուր տալը դարձնում են հեռուստատեսային գովազդի նյութ, անվերջ թմբկահարում են, խոսում: Եթե այս մտածողությամբ առաջնորդվենք, ուրեմն Յիրիկյանի մասին պիտի ֆիլմեր նկարվեն: Նրա շնորհիվ այսօր քառյակի անդամներիս հաջողվել է փոքր-ինչ թոթափել մեր վրայից կենցաղային հոգսերը և առավել արդյունավետորեն նվիրվել մեր գործին:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2676

Մեկնաբանություններ