ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՂՆԻՔԸ

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԲԱՂՆԻՔԸ
25.11.2011 | 00:00

Գուրգեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Անցյալ դարի վաթսունականներից հիշողությանս մեջ արևահամ և արևաշող պատկերներ են պահպանվել մեր քաղաքից: Իհարկե, կան նաև հիշողություններ, որոնք որոշակի դառնություն են պարունակում, չնայած պատանեկությանս այս ու այն դրվագը հագեցած է կարոտախտով:
Մեր բակի տղաներով բաղնիք էինք գնում: Այն ժամանակ թաղից թաղ անցնելը երբեմն վտանգավոր էր և կարող էր ավարտվել ծեծկռտուքով:
Մեր տանն ամենամոտ բաղնիքը գտնվում էր Խորհուրդների փողոցում, և հենց փողոցի անունով էլ այն կոչում էին Խորհուրդների բաղնիք:
Ավերիչ պատերազմից հետո երկիրը դեռ ոտքի չէր կանգնել: Մարդկանց գերակշռող մասն ուներ ընդամենը մեկ ձեռք հագուստ: Երևանում անսխալ կարելի էր գուշակել, թե այս կամ այն մարդը վերջին անգամ երբ է բաղնիքում լողացել: Նրանց հագուստները ԴԴՏ-ի շատ սուր և տհաճ «բուրմունք» էին արձակում: Բաղնիքներում հագուստների անհատական պահարաններն ամեն մի հաճախորդից հետո ախտահանում էին այդ թույնի լուծույթով, ինչը և ներքաշվում էր մարդկանց հագուստների մեջ՝ գարշահոտություն տարածելով չորս կողմը: Եթե ԴԴՏ-ի հոտը անտանելի էր լինում, հասկանալի էր, որ տվյալ անձն այդ օրը բաղնիք է գնացել: Այսինքն, տվյալ բուրմունքի տարածման գործակցով կարելի էր ենթադրել, թե սուբյեկտը երբ է վերջին անգամ լողացել:
Խորհուրդների բաղնիքը սև տուֆից, երկհարկանի շինություն էր: Առաջին հարկի հատակը պատված էր սպիտակ մարմարե սալիկներով: Նախասրահի աջ մասում տոմսարկղի փոքրիկ պատուհանն էր, որի վերևում փակցված էր գնացուցակը: Առաջին հարկի ընդհանուր սրահների գինը տասը կոպեկ էր, լյուքսինը՝ երեսուն, իսկ երկրորդ հարկում գտնվող կիսալյուքսինը՝ քսան կոպեկ: Օրինապահ քաղաքացիները հերթ էին կանգնում տոմսակ վերցնելու համար, իսկ մենք, առանձնակի հպարտությամբ, գործից հասկացողի վստահությամբ, մարմարե լայն աստիճանավանդակով անխոչընդոտ բարձրանում էինք կիսալյուքսում լոգանք ընդունելու:
Աստիճանավանդակի դիմացի պատից հաստ, ծոփքավոր, թավշյա վարագույր էր իջնում, որը մեջտեղից բաժանվում էր և վերջնամասում ամփոփվում ոսկեփայլ ծոպերով: Վարագույրի բացվածքում, սպիտակ պատին փակցրած էր առաջնորդի՝ Լենինի յուղաներկ դիմանկարը: Ասում էին, որ ժամանակին այստեղ Ստալինի դիմանկարն է եղել, և չէին ստում: Պատին, Լենինի դիմանկարի լայն ու սև շրջանակից դուրս, սպիտակի վրա նախկին դիմանկարից մնացել էր միայն փոշուց առաջացած մոխրագույն ստվերը: Ստալինի դիմանկարը Լենինի դիմանկարից իր չափսերով բավականին մեծ էր եղել: Թե սրանց դիմանկարներն ինչ գործ ունեին բաղնիքի պատին, միայն Աստծուն էր հայտնի։ Մենք երեխաներ էինք, և նման մտքերը մեզ չէին հետապնդում:
Երկրորդ հարկում՝ միջանցքի աջ հատվածում, տղամարդկանց կիսալյուքսի բաժինն էր։ Միակ երկփեղկանի դուռը բացվում էր դեպի հանդերձասրահ: Քառակուսի, ընդարձակ հանդերձասրահի պատերի ողջ երկայնքով շարված էին նեղլիկ փայտե հանդերձապահարանները, որոնց դիմաց նստարաններ էին տեղադրված: Կենտրոնում` փոքրիկ սեղանի հետևում, ինքը՝ Հռիփն էր նստած: Նա հանդերձասրահի տերն ու տիրակալն էր, հավաքարարն ու ախտահանողը, վերջապես` լողանալու իրավունք տվողը: Հռիփը կարճահասակ, չափից ավելի գեր, տձև մի կին էր: Նրա գանգուր, շեկ ներկած գլուխն առանց պարանոցի միանգամից բուսնում էր հուժկու կրծքավանդակից: Մսակալած այտերից վեր աչքերը ճեղքվածքներ էին հիշեցնում, որոնք վերևում երիզվում էին բարակ, նեղլիկ ճակատի վրա փետրած հոնքերով:
Հանդերձասրահ մտնողները մոտենում էին Հռիփի սեղանին՝ տոմսակը նրան ներկայացնելու և հանդերձապահարանի բանալին ստանալու համար: Հռիփը կարճլիկ հաստ մատներով տոմսակը հագցնում էր սեղանին ամրացրած մեխի վրա: Բացելով սեղանի դարակը, նա այնտեղից հանում էր հանդերձապահարանի բանալին և թվային դաջվածքով ալյումինե ժետոնի հետ մեկնում հաճախորդին։ Հետաքրքիրն այն էր, որ մարդկանց մտքով նույնիսկ չէր անցնում բողոքել, թե ինչ գործ ունի կինը տղամարդկանց սրահում:
Հանդերձապահարանում երկու մեխ էր ամրացված: Մեզ հետ բերած երկու «Սովետական Հայաստան» կամ «Պրավդա» թերթերից մեկը բացելով՝ ամրացնում էինք մեխերին, որպեսզի պահարանի մեջ ցփնած ԴԴՏ-ի լուծույթը չդիպչի հագուստներիս, երկրորդը գցում էինք ոտքներիս տակ: Մերկանալով, ձեռքներս առջևներս պահած, Հռիփի կողքով անցնում էինք ժետոնի համարով լողանալու անհրաժեշտ պարագաները ստանալու։ Դրանք փայտե նալիկներ, դույլեր կամ թիթեղյա տաշտեր էին, ինչպես նաև բռնակով լայնաբերան թիթեղյա հաստափոր բաժակներ: Սրանք վերցրած մտնում էինք լողասրահ:
Կիսալյուքսն ընդհանուր սրահից տարբերվում էր միայն նրանով, որ այստեղ ցնցուղները մեկը մյուսից անջատված էին բետոնե մարդահասակ միջնորմներով, երկու մերսող կար, և լողանալու ժամանակը սահմանափակված չէր մեկ ժամով:
Մերսողներից տարեցը՝ Նազարեթը, որին Նազո էին անվանում, ջլապինդ, ցածրահասակ, նիհար, ամբողջովին ճաղատ, յոթանասունն անց տղամարդ էր: Նա սպիտակ, մշտապես թրջված խալաթը հագին, գտնվում էր կիսալյուքսի հակառակ ծայրում և քոսաբուժությամբ էր զբաղվում: Քիսաչի Նազոն, սափրելով իր հաճախորդների մարմնի մազածածկը, նրանց վրա միայն իրեն հայտնի բաղադրությամբ սև ցեխատիպ մածուցիկ զանգված էր քսում: Տվյալ զանգվածը սափրած մաշկի վրա ընդունելուց հետո քոսոտները կիսալյուքսի վերջնամասում սկսում էին ցատկոտել ու մռնչալ ցավից և քորից: Այնտեղից թանձր գոլորշու միջից արձագանքելով մեզ էր հասնում քիսաչի Նազոյի խռպոտ ձայնը.
-Չհամարձակվիս ցնցուղին մոտենալ, փեզևենգ, համբերիր, բլոճներն իրենց տուներին մեջ դեռ ողջ են:
Երբ հաճախորդը ցավից տեղում այլևս չէր դոփում և չէր ցատկոտում, Նազոն կարճ հրահանգավորում էր բուժվողին.
-Կանգնիր ցնցուղին տակ, փեզևենգ, սաբոնվիր: Բարով-խերով բլոճներուդ սատկեցրինք: Այլևս պոռնիկներուն հետ թրև չգաս, նորերը վրադ չժողվես:
Խորհուրդների բաղնիքը մեզ համար ավելի շատ երգիծանքի թատրոն էր։ Մենք այնտեղ էինք գնում, որ ականատես լինենք Հռիփի և Նազոյի բեմադրություններին:
Այն քաղաքացիները, ովքեր դժբախտություն էին ունենում տոմսով մուտք գործելու կիսալյուքս և Հռիփին զրկում էին հերթական քսան կոպեկից, ընկնում էին նրա բարոյահոգեբանական դաժան մամլիչի տակ: Գիտակիցները մտնելուն պես, տոմսակի փոխարեն, Հռիփի փոքրիկ սեղանին էին դնում քսանկոպեկանոց, որը նրա ճկույթի վարժ շարժումով հայտնվում էր սեղանի դարակում: Իրեն գումար տվողների հանդեպ Հռիփը բարյացակամ էր, նույնիսկ մեծահոգաբար ներում էր, երբ նրանք հագնվելուց հետո հատակին թողնում էին «Սովետական Հայաստանի» հերթական համարը: Տոմս ունեցողները Հռիփից առաջին հարվածը ստանում էին մերկանալուց անմիջապես հետո: Ինչպես պետք է անցներ մերկ տղամարդը կնոջ կողքով, բնական է, որ ափով, կամ տաշտով պետք է ծածկեր սեռական օրգանները: Այստեղ Հռիփն իր ճղճղան ձայնով դիմում էր իրեն քսան կոպեկից զրկողին.
-Պա՜հ, պա՜հ, մի տեսեք, ընենց ա փակել անտերները, կարծես մի բան կա տեղում: Ես քեզ տղամարդ ասողի հերն եմ անիծել: Ոնց որ մարդու աչքից փուշ հանելու իսկական գործիք կախված լինի վրայից,- ասում էր նա և իր ասածից ու հանդերձասրահում համընդհանուր ծիծաղից ոգևորված՝ լայնածավալ կրծքերը ցնցելով քրքջում էր՝ մանր ատամնաշարը բացելով:
Նույն մարդը լոգանք ընդունելուց հետո կրկին մերկանդամ պետք է անցներ Հռիփի մոտով, հանձներ դույլը, փայտե նալիկները և գնար հագնվելու: Այդ խեղճերը մինչև կհագնվեին և դուրս կփախչեին հանդերձասրահից, կես մարդ էին դառնում Հռիփի ծաղրուծանակից և ներկաների ծիծաղից: Այնպես որ, մենք մի լավ ուրախանում էինք, իսկ հագուստներս հանելուց հետո նույն տեսարանը շարունակվում էր քիսաչի Նազոյի հաճախորդների ոստյունների և ծամածռությունների դիտարկումով։ Բեմադրության վերջին հաճույքն ընբոշխնում էինք հագնվելիս: Աշխատում էինք հնարավորինս հանվելու և հագնվելու ընթացքը ձգձգել, որ երկար լսենք Հռիփի զազրախոսություններն ու զվարճանանք:
Այդ օրը Հռիփը կատաղած էր։ Հաճախորդներից մեկին երկար ստորացնելուց հետո ԴԴՏ-ի լուծույթով դույլը ձեռքին մոտեցավ զոհի հանդերձապահարանին և ցախավելը թաթախելով դույլի մեջ, նրանով թրջեց վերջինիս հագուստը: Նրա հաշվարկը շատ պարզունակ էր. տոմս գնող քաղաքացիները նման վերաբերմունքից հետո այլևս Խորհուրդների բաղնիքի կողքով չէին անցնի: Ստալինյան ռեժիմից հետո քողարկված, աստիճանաբար հաստատվում էր դրամի իրավունքը:
Լողանալուց հետո առաջին հարկի նախասրահում երեքկոպեկանոց գազով քաղցր ջուրը խմեցինք և դուրս եկանք Խորհուրդների փողոց: Բաղնիքից քիչ հեռու մարդիկ էին հավաքված, որոնք փորձում էին մայթի վրա ընկածին օգնություն ցույց տալ: Մենք ուշագնաց տղամարդուն ճանաչեցինք. նա Հռիփի անզուսպ լուտանքի վերջին զոհերից էր: Հավաքվածների պատմածներից տեղեկացանք, որ մինչև ուշաթափվելը այդ մարդը անզորությունից մայթին նստած լաց է եղել:
-Դե բնական է, բաղնիքում ցանկացածի սիրտն էլ թուլանում է ջերմությունից,- տղամարդուն շտապ օգնության մեքենայի մեջ պառկեցնելուց հետո բացատրեց տարեց բժշկուհին:
Այս անգամ նրա եզրահանգումը սխալ էր. այս մեկի սիրտը թուլացել էր անառակ Հռիփի և անտարբեր մարդկանց ծիծաղից: Այդ միջադեպից հետո մենք այլևս Խորհուրդների բաղնիք չգնացինք: ՈՒրախանալու քիչ բան էր մնացել, քանի որ մեր ուրախությունն ու կչկչոցը հիմնված էին մեկ ուրիշի ցավի վրա:

Դիտվել է՝ 3338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ