ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՀԱՐՍՏԱՑԱ՞Վ ԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԻ ՁԱՅՆԱԴԱՐԱՆԸ

ՀԱՐՍՏԱՑԱ՞Վ ԱԶԳԱՅԻՆ ՈՍԿԻ ՁԱՅՆԱԴԱՐԱՆԸ
24.05.2011 | 00:00

90-ականներից սնանկացող մեր ազգային ոսկի ձայնադարանը հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների արտերկրի անվանի երաժիշտների մեկնաբանությամբ բարձրորակ ձայնագրություններով հարստացնելու պաշտոնական դիրքորոշման կոնկրետ արտահայտություններից ընկալեցինք ՀՀ մշակույթի նախարարության հրավերով հանրաճանաչ ջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԲՐՈՒՍԻԼՈՎՍԿՈՒ (Ֆրանսիա) երևանյան երեք տարաբնույթ համերգներից երկրորդը։ Տպավորված «Ազգային պատկերասրահ» միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանի հետ համատեղ հնչեցրած Մոցարտի, Բրամսի, Շտրաուսի սոնատներով` ակնկալում էինք, որ համաշխարհային երաժշտագանձանակի հանիրավի մոռացված ու նորահայտ մեղեդիների անդուլ որոնումներով սեփական երկացանկը բազմերանգացնող Բրուսիլովսկու մասնակցությամբ Գագիկ Հովունցին նվիրված համերգը իրադարձայինի հայտով հանրությանը պիտի ներկայանար։ «Ոչ բուտերբրոդային» մատուցումը հավատընծա էր դարձնում կենդանի դասականի համարումը նույն Բրուսիլովսկու նախանձախնդրությամբ Հայաստանից դուրս վաղուց հաստատած արդիաոճ կոմպոզիտորի պատկառելի վաստակի պատշաճ արժևորումը սեփական երկրում։ «Չենք կարող անտեսել մշակութային շուկայի թելադրած պահանջները,- անկեղծորեն հիմնավորեց ժամանակակից լուրջ երաժշտարվեստի «բուտերբրոդային» մատուցումը մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը կիսապաշտոնական զրույցում։- Ստիպված ենք, ասենք, Բեթհովենին ու Մոցարտին զուգակցելով հանրաճանաչել նույնիսկ ամենատաղանդավորներին»։
Ռուստեմ Սաիտկուլովի (Ֆրանսիա) դաշնամուրային և ՀՀ վաստակավոր արտիստ Արամ Թալալյանի թավջութակային նրբահմուտ նվագին զուգակցելով իր բյուրեղացրած ջութակայինը` Ալեքսանդր Բրուսիլովսկին անվերապահորեն պիտի փոխանցեր հայաստանցիներիս 80-ամյա հայ կոմպոզիտորի կամերային երաժշտակտավների յուրահմա կախարդանքը։ Ամերիկաբնակ ջութակահար Սուրեն Բագրատունու շնորհիվ ծանոթանալով Հովունցի սոնատներից մեկին` մեծահամբավ երաժիշտը հնգամյա հեռակա բարեկամության արդյունքում ոչ միայն լրացրել էր երկացանկը հովունցյան ինքնատիպ մեղեդիներով, այլև թողարկել իր «Ձայներ և գույներ» ստուդիայում ձայնագրված առաջին սկավառակն ու ձեռնարկել երկրորդը։ Անպարփակ ցնծությունից շողշողում էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար-կոմպոզիտոր Գագիկ Հովունցը, ով 1964-ից մինչ օրս ԵՊԿ-ում «հարմոնիա» առարկան է դասավանդում (փարիզյան երեք հրավերները ստիպված էր եղել մերժել նյութական սուղ միջոցների թելադրանքով)։
Փորձի ակնհայտ պակասը, որն զգացվեց դաշնամուրային սոնատի ավարտական ակորդներից, փոքր-ինչ մեղմվեց համատեղ կատարումներով։ Արվեստասեր ունկնդիրներից շատերը, խոնարհվելով երաժիշտ կատարողների բարձրակարգ վարպետության առջև, գերադասեցին գոհանալ համերգի առաջին մասով միայն` ինչ-ինչ հոգևոր լիցքեր ստանալով ջութակի ու թավջութակի հանպատրաստից «փոխըմբռնումից»։ Ծափերը, ի հակակշիռ ծաղիկների, չխնայվեցին։ Սրահի աթոռներից մեկին բազմած եղրևանու միակ համեստ փունջը Հովունցին մատուցվեց աննկատ, էլեկտրահաղորդակցության «անբուժելի» մնացած վթարի հեղձուկով պարուրված կուլիսների հրմշտոցում։ Նույնքան աննկատ հեռացավ Կամերային երաժշտության տան կիսադատարկ սրահում համերգի երկրորդ մասին ներկա գտնված մշակույթի նախարարը։ Գուցե նրա՞ն էլ առանձնապես չէին հուզել հիմնականում տեխնիկական վիրտուոզությամբ հաղթահարված երաժշտակտավները։ Բայց գեթ ի պաշտոնե չէ՞ որ պիտի հարգեր իր իսկ կամքով, պետական խոշոր հատկացումներով իրականացվող երաժշտաերեկոն։ Երբ Հայաստանի երիտասարդ կոմպոզիտորների ու կատարողների (ՀԵԿԿՄ) նորաստեղծ միավորման հիմնադիր երաժիշտների (նրանց նախաձեռնած հոբելյանական երեկոն անհամեմատ հագեցած էր երաժշտամեծարանքի հոգևոր ներուժով) հետ մտերմիկ զրույցում հյուրեկների հայաստանյան առաջին տպավորություններին էինք իրազեկվում, Բրուսիլովսկու եռօրյա խանդավառությունն անսպասելիորեն մարեց։
-Ի՞նչ հեռանկարային պայմանավորվածություններ ունեցաք Հասմիկ Պողոսյանի հետ առանձնազրույցում,- հարցրի նախորդ օրերին ունեցածս մտքերի անկեղծ փոխանակության մտերմությամբ։
-Շատ սիրալիր ու բարեկիրթ տիկին է ձեր մշակույթի նախարարը,- ժպտաց ի պատասխան։
-Ի դեպ, ներկա էր երկրորդ մասին։
-Ինչպե՞ս,- բարձրաստիճան չինովնիկի անակնկալ անբարեկրթությունից ապշահար` քարացավ միանգամայն այլ վերաբերմունքի սովոր մեծանուն ջութակահարը։- Հապա ինչո՞ւ չմոտեցավ ավարտից հետո։
-Զբաղված մարդ է,- փորձեցի մեղմել հրավիրված երաժշտի սրտնեղությունը` թեքելով զրույցի հունը։- Դուք էլ, կարծեմ, ձայնագրություններով ու վարպետության դասերով ծանրաբեռնված եք։
-Ամենևին, միայն մեկական փորձ եմ ունեցել ամեն համերգից առաջ,- չսեթևեթեց Վերսալի կոնսերվատորիայի բազմազբաղ պրոֆեսորը, ով, բացի իր ստեղծած «Ricercata de Paris» կամերային անսամբլից, ղեկավարում է նաև երկու փառատոնի ու «Suoni e Colorie» ձայնագրման ստուդիայի գեղագիտությունը, համերգային ու մանկավարժական լարված գործունեություն ծավալում ամբողջ աշխարհում։- Այսօր միայն մի խումբ երիտասարդներ ցանկություն հայտնեցին գործնական հանդիպումներ ունենալու։
«Վերածննդի» գեթ փակման արարողությանը մասնակցելու հաստատակամությամբ` մեկնում եմ Գյումրի, միաժամանակ, Բրուսիլովսկու և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ ելույթին մասնակցելու, բնականաբար, անզոր։ ՈՒստի դժվարանում եմ հավաստել, թե որքանով համալրեցին մեր ազգային ոսկի ձայնադարանի «ճեղքվածքը» արված համերգային տեսագրությունները։ Իրերի հայտնի դրության տրամաբանությամբ ենթադրում եմ, որ անհամեմատ ձեռնտու և խելամիտ կլիներ ձեռք բերել «Suoni e Colorie»-ի թողարկած բարձրորակ ձայնասկավառակները։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2358

Մեկնաբանություններ