ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ կռվելու և հաղթելու, իսկ եթե պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»

«Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ  կռվելու և հաղթելու, իսկ եթե  պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»
15.11.2013 | 11:06

Ոչ ոք ըսավ. - «Հե՛ք տղա,
Արդյոք ինչո՞ւ կըմխա,
Թերևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ, չըմեռնի»:


Պետրոս ԴՈՒՐՅԱՆ

Գարինչան Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող էր: Նա աշխարհահռչակ ֆուտբոլիստ էր: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Գարինչայի մի ոտքը մյուսից կարճ էր: Մի ոտքից կաղ Գարինչան, ասես ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանճարեղ էր հենց ոտքի սպորտում` ֆուտբոլում. նա հմուտ աճպարարի կախարդանքով, իր կաղ ոտքի շուրջ հակառակորդի մի ամբողջ թիմ էր պարեցնում-մոլորեցնում: Հանդիսատեսն արդեն մոռացել էր, որ նա կաղ է: ՈՒ որ ասում էին` Գարինչա, նրան ֆուտբոլային յուրօրինակ պտտահողմի մեջ էին տեսնում: Եվ ստացվել էր այնպես, որ կաղ լինելը ոչ միայն չէր խանգարում նրան, այլև… օգնում էր, ասես ինչ-որ բաց էր լրացնում ու մի տեսակ հավելյալ նախշով ամբողջացնում նրա ֆուտբոլային արվեստի դիմապատկերը: Եվ զավեշտն ու անտրամաբանականը, իրականությունն ու պատրանքը այնպես էին միահյուսվել, որ նրա խաղը դիտելուց հետո հնարավոր չէր Աստծուն չհավատալ: Նա կլինե՞ր նույնքան մեծ ֆուտբոլիստ, եթե ոտքը կաղ չլիներ, չգիտեմ:
Հույն-պարսկական պատերազմի ժամանակ հունական բանակի հետ անթացուպով մի զինվոր էր պատրաստվում ռազմաճակատ մեկնելու: Նա ինքն իր մեջ խորասուզված ու մանրամասն պատրաստվում էր: Հետաքրքրվելը մի տեսակ անհարմար էր, բայց արտառոցի բացապարզման մղումը այնքան էր մեծ, որ, այնուամենայնիվ, հարցրին. «Բա որ հանկարծ հունական բանակը պարտվի ու հարկ լինի փախչելու, դու ի՞նչ ես անելու, ինչպե՞ս ես փախչելու»: Եվ նա հանգիստ պատասխանում է. «Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ կռվելու և հաղթելու, իսկ եթե պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»: Անթացուպով զինվորը ռազմաճակատ մեկնելուց առաջ նախ իր անլիարժեքության բարդույթն էր սպանել իր մեջ, նախ և առաջ ինքն իրեն էր հաղթել: Եվ դա ամենամեծ հաղթանակն էր: Այդ հաղթանակի ցնծությունը նա արդեն իր մեջ ապրել ու վայելել էր, մնացյալը նրա համար ընդամենը կույր դիպվածի քմահաճույք էր: Եվ ոչ ավելին: Նա իր որոշումներում կլինե՞ր նույնքան սևեռուն ու նպատակամղված, եթե կաղ չլիներ, չգիտեմ:
Գետակում լողացող փոքրիկ տղան զգալով, որ խեղդվում է, օգնություն էր կանչել, և հաշմված ձեռքով մի մարդ ջուրն էր նետվել, որ փրկի տղային: Կանչի վրա օգնության հասածները համ խեղդվողին էին փրկել, համ փրկողին: Պարզվել էր, որ նրա ոչ միայն ձեռքն էր հաշմված, այլև… բոլորովին լողալ չգիտեր: Հարցրել էին. «Այ մարդ, որ լողալ չգիտեիր, ինչո՞ւ էիր ջուրը գցվում»: Զարմացել էր. «Բա ի՞նչ անեի, թողնեի, որ տղան խեղդվե՞ր»:
Հանճարեղ Բեթհովենը խուլ էր: Երաժշտական ելևէջների կախարդ Լյուդվիգ վան Բեթհովենը ի ծնե խուլ չէր, շատ անսպասելի ու անակնկալ էր խլացել, և ձայների ու հնչյունների մեղեդին վերջնականապես իր մեջ էր բնավորել: Ձայների ու հնչյունների այդ հրեղեն ասքը նա իր «Հովվերգական սիմֆոնիայում» հնչեցրեց, ուր առվակների խոխոջն ու թռչունների ճռվողյունը միահյուսեց սպասվող ամպրոպի ճայթյունի ու հովվերգական եղջերափողի նվագի հետ: Նա խուլ էր, իսկ մեր սուր ականջը անկորուստ որսում է անհեթեթության ցանկացած ղողանջ, ժամանակների հրայրքից ծնված ցանկացած անվարտիք լուր. ասենք` բա իմացե՞լ եք, այսինչի հորաքրոջ տղայի քենակալի մորաքրոջ տղան, այսինչ խորտկարանի հետնախորշի կիսախավարում, այսինչի քրոջ աղջկա հետ… Եվ զավեշտի թատրոնի դռները կրնկի վրա հետ են բացվում: Իսկ Բեթհովենը խուլ էր ու երաժշտություն էր գրում` լայնաշունչ ու լուսավոր մեղեդի` Աստծո և մարդու արանքում:
ՈՒսանող էի: Արձակուրդներին գյուղ էի գնացել: 80-ամյա պապս խոտհարքից եկել, մեր բակի պոպոքի հին կոճղին նստել ու մայրամուտի շողերին էր նայում: Կինոյի լեզվանի պատկեր էր` մարդու կոճղը ծառի կոճղի վրա: Նրա ծերունական շաղախում ինձ համար մի անհասկանալի ալեկոծում կար, անըմբռնելի մի թախիծ, որ ասես ավարտի սգաժապավենով էր երիզված: Ես գայթակղության դոլաբն ընկա ու գնացի պատճառի որոնման արահետով: Եվ պարզեցի. 25 տարեկան մի ջահել, հնձվորների շարանի մեջ, իր ուժ ու դիմացկունության զոռով, պապիս նեղել էր: Հարգանքի ու նրբանկատության մանր չափաբաժինը շրջանցել և 80 տարեկան մարդու հոգու հետ բռիավարի խաղացել էր: ՈՒ պապս հնձվորների շարանի մեջ նեղվել էր: Առաջին անգամ նեղվել էր: Կյանքում առաջին անգամ պապս դուրս էր մղվել հնձվորների շարանի գլխին կանգնած առաջնորդի կառավար թափից, և պապիս ուժն ու եռանդը իր մեջ ծրարվել էին: Դերսու ՈՒզալայի շարժանկարային դիմապատկերն ու վրիպումը աչքի առաջ եկան, ու ինձ թվաց, թե լսեցի անտառի խորքում գազանի ոտքի տակ կոտրվող ճյուղի խուլ տնքոցը: Եվ դա իր մեջ կուլ գնացող կյանք էր` վերջի ու սկզբի անընկալելի ամփոփումով, ուժեղի ու թույլի, ծեր ու ջահելի հարափոփոխ երթով, ծերունական կնճիռը ջահելական թափի մեջ ծաղրվող բնազդով… Ասացի. «Պապ, վաղը ես կերթամ քո փոխարեն»: Տեղից բարձրացավ, գնաց գերանդի ծեծելու հարմարանքը բերեց, գերանդու բերանը մանրամասն ծեծեց-բարակացրեց, շրջվեց, տակնիվեր աչքերիս մեջ նայեց ու վճռական ասաց. «Դու կերթաս քո փոխարեն, իսկ ես` իմ փոխարեն»:
Մարտարվեստի բնագավառում բավականին լուրջ արդյունքներ գրանցած տղան, որը ի ծնե ոտքի թեթև արատ ուներ, փորձել էր գործերը ֆիզկուլտինստիտուտ հանձնել` ավելի բարձր նվաճումների հասնելու նպատակով: Բժշկական հանձնաժողովի աղջիկները նրան կրնկի վրա հետ էին դարձրել ու հետևից բռերի մեջ քռքռացել էին. «Տնկըլ ոտքով ուզում է ֆիզկուլտինստիտուտ ընդունվել…»:
ՈՒզում էի շարունակել, բայց զգացի, որ շարունակությունն արդեն խոհի գալար է դարձել իմ մտքում…
Հասկացանք` կյանք է. հանճարն իր խելքի ձեռքն է կրակն ընկնում, բթամիտը` իր բթամտության, ջահելն իր ջահելությամբ է աքլորանում, ծերունին իր անզորության մեջ է մարմրում, մեղուն իր նեկտարն է գտնում, օձն իր թույնն է եռացնում, բայց… Երբևիցե մտածե՞լ ենք, որ արատ ունեցողների, հանգամանքների բերումով ծնկի եկածների մեջ մի գերլարված զգացում ու հրեղեն ոգի կա, որ չի կարելի սանձել, չի կարելի ծաղրել, նսեմացնել: Մե՛ղք է, մահացու մեղք է: Ինչո՞ւ չենք հասկանում, որ բկաբորբով հիվանդ երեխայի մոտ չի կարելի պաղպաղակ ուտել, երեկվա կռվում ոտքը կորցրած մահապարտի կողքին չի կարելի քառատրոփ արշավել, զավակ կորցրած մոր մոտ չի կարելի սեփական երեխայի երջանիկ կյանքով հրճվել, աղքատների միջավայրում չի կարելի սեփական հարստությունն ու այդ հարստության վայելքը փառաբանել… Հոգու մեղք է, աչքի ու խղճի հավկուրություն: Մարդ ենք, չէ՞, վերջապես, հոգի ունենք տալու: Աստված մարդուն ստեղծեց իր նմանությամբ ու իր պատկերով, իր մի մասնիկը` հոգին, բնավորեց մարդու մեջ, մարդու ներաշխարհը իր ներկայությամբ օծեց, որ մարդը մի քիչ էլ Աստծո աչքերով նայի աշխարհին ու մարդուն: Հիմա մենք ինչպե՞ս ենք նայում մարդկանց ու աշխարհին` Աստծո պատկերի վրա դիմակ հագա՞ծ… Ծաղրում ու նսեմացնում ենք մարդուն, չհասկանալով, որ մեր արարքով նախ և առաջ Աստծուն ենք ծաղրում: Աստված մեզ անընդհատ ուղղորդում ու բարձր բարոյականության ծաղկաշատ հովիտներն է մատնացույց անում, իսկ մենք դեպի ցեխաջրի պղտորությունն ենք մղվում: Այդ բարձր բարոյականությունը մենք միշտ դիմացինից ենք պահանջում, իսկ երբ հերթը մեզ է հասնում, կույրի բնազդով արդարանում ենք` Աստծուն այդ ե՞րբ տեսանք, որ հավատանք: Եվ հենց այստեղից էլ սկսվում է չգոյության անապատը. քիչ է մնում, որ Աստծուց թոշակ ու աշխատավարձ ուզենք: Եվ հենց այստեղ էլ «սիրիր մերձավորիդ»-ը դառնում է «ծաղրիր մերձավորիդ»: ՈՒ բարոյականությունը շրջվում է գլխիվայր: Մենք նայում ու տեսնում ենք գետի ջրերի փրփուրը, ու չենք էլ մտածում, որ փրփուրից ներքև` ջրերի խորքում, ձկների վտառն է ապրում: Մենք տեսնում ենք ձևը, մոռանալով բովանդակության մասին: Ձև և բացառապես ձև: Անբովանդակ ձև: Եվ խղճի անապատ: Կատարյալ մարդը մեզ համար ձեռ ու ոտի, քիթ ու բերանի ամբողջականությամբ պարագված խեցին է. դատարկ, թե լիքը` մեզ չի հետաքրքրում: Մարմնապես լիարժեք, թե անլիարժեք, մենք մոռանում ենք մարդու առաքելության, բովանդակային առումով նրա կատարելության մասին:
Վերջակետ դրեցի ու ինձ թվաց, թե լսեցի ընթերցողի հեգնական ձայնը. «Էս ի՞նչ ես ասում… Էս ինչի՞ մասին ես խոսում… Միակ կատարյալը Հիսուսն էր, նրան էլ չներեցին ու հենց իր կատարյալ լինելու համար խաչեցին…»:


Վահան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2829

Մեկնաբանություններ