ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արա ԱԼՈՅԱՆ. Անկախ անկախությունից

Արա ԱԼՈՅԱՆ. Անկախ անկախությունից
21.09.2013 | 18:59

Այս օրերին, Հայաստանի անկախության 22-ամյա տարեդարձին ընդառաջ, հասարակությունն ու մեդիան սկսել են տիրաժավորել կարծիքների, խորհրդածությունների ու կարծրատիպերի մի ահռելի խմբաքանակ: Այստեղ իրավացիորեն կամ հուզականորեն հանդիպում ենք ամենատարբեր բնորոշումների, հարթակներում հայրենասիրական կամ կոսմոպոլիտ խանդավառությամբ կուրծք են ծեծում բազում «հերոսներ», որոնց ժամանակը, «տեղեկագրքի» հանգույն, կոխոտել էր պատմության արխիվը: Ոմանք էլ պատմության աղբանոցից հարության նշաններ են ցուցադրում՝ հընթացս հայտ ներկայացնելով քաղաքական բազմաձայն երգչախմբի անդամակցության: Սա՝ ի միջիայլոց: Իրականում, Անկախության ամբողջ շրջափուլի իսկական հերոսները մնացել են կուլիսներում, որովհետեվ միշտ էլ այդպես է լինում ճշմարիտ անհատների պարագայում; Նրանք «տրաֆարետային» չեն, նրանք զոռբա չեն ու իրենց տեսակը չեն պարտադրում, այլ լռելյայն կրում են հիսուսադավան, քրեստոմատիկ առաքելությունը՝ թումանյական «գործն է անմահ»-ի ծիրի մեջ: Ինձ համար այդ հերոսը մեկը չէ, այն այս երկրի աղբահավաքն է, հեռախոսավարը, ուսուցիչը, ազատամարտիկը, չարտագաղթածը, արվեստագետը, ներգաղթողն է՝ սիրիահայը... Հայաստանը, ասում են, Մայր հայրենիք է: Երևի այդպես է, չգիտեմ, մոր պես հարազատ է ու փխրուն: Սա քնարական զեղման ժանրից է գուցե: Մինչդեռ 22-ամյա Հայաստանն ավելի շուտ երեխա է, որ դեռևս անփորձ է, մկաններ չունի, գորովանքի ու, ամենակարևորը, խորհրդի կարիք ունի: Որովհետեվ հայրենիքը գթության քույր ու դոնոր չէ, հայրենիքը գործատու և Աբիսողոմ աղա չէ: Ինձ համար Անկախությունն իմ կրտսեր եղբայրն է, նրա անդաստիարակության հարցում ինձ եմ մեղավոր զգում, ինչպես նաև հպարտանում եմ նրա նվաճումներով: Պետք չէ անկախ լինել Անկախությունից ու Հայրենիքից, որովհետև անկախացած հայրենիքիցդ հեռու էլ դու, հնարավոր է, ազատություն ու անկախություն ունենաս, բայց, նրա հետ դու կգիտակցես, թե ինչու ես անկախ ու երջանիկ:

Դիտվել է՝ 2556

Մեկնաբանություններ