ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

...ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ Ի՛ՆՉ Է ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ՆՄԱՆ ՆՎԵՐԻ ԴԻՄԱՑ

...ՀԱՅՏՆԻ ՉԷ, ԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻՑ Ի՛ՆՉ Է ՊԱՀԱՆՋՎԵԼՈՒ ՆՄԱՆ ՆՎԵՐԻ ԴԻՄԱՑ
09.02.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում բարեհաջող շարունակվեցին բոլոր այն խաղերը, որոնք, թեև վաղուց էին սկսվել, չեն ուզում ավարտվել:
Պատմությունն ունի միայն սահմանական եղանակ, ըղձականը, պայմանականը, հարկադրականն ու մնացածը պատմության մեջ անվավեր են ի սկզբանե: 12 տարի առաջ փետրվարի 3-ին հրաժարական տվեց ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Կենդանակերպը գծեց իր հերթական շրջանն ու վերադարձավ վագրին. ի՞նչ փոխվեց 12 տարում: Բացի այն, որ 10 տարի անց առաջին նախագահը ժողովրդից ներողություն խնդրեց իր հրաժարականի համար: Քաղաքական օրակարգի հարցերից որևէ մեկը լուծվե՞ց: Մեկը` հաստատ: Իշխանափոխությամբ իշխանության եկավ քաղաքական նոր ուժ, որը չուներ քաղաքական ուժին բնորոշ հատկանիշներ, եկավ` լուծելու Արցախի հարցը: Մնացածը կարդացեք ամենօրյա թերթերում, եթե մոռացել եք կամ ձեր գնահատականին չեք վստահում:
Շաբաթվա կարևոր իրադարձություններից մեկը կարող էր դառնալ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության` Կոնգրեսին ուղղված զեկույցի այն հատվածը, որը հնարավոր պատերազմներ ու կոնֆլիկտներ է կանխատեսում Հարավային Կովկասում: Ազգային հետախուզության տնօրեն Դենիս Բլերի կանխատեսումներով` Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծացել է: Որևէ մեկի մտքով, բնականաբար, չի անցնում, որ նախահարձակ լինելու է Ղարաբաղը կամ Հայաստանը։ Պատերազմելու մասին օրումեջ հայտարարում է Ադրբեջանը: «Եթե Երևանը չհետևի ղարաբաղյան կարգավորման մոսկովյան նախաձեռնություններին, պատերազմն անխուսափելի կդառնա», Բլերի զեկույցի առիթով իր տեսակետն է ներկայացրել ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: «Ադրբեջանը դեռ չի սկսել ռազմական գործողությունները երկու պատճառով. նախ` հոգեբանական գործոնը, նման լուրջ քայլից առաջ Բաքուն պետք է հանգամանալից կշռադատի իր գործողությունները, երկրորդ` հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ադրբեջանում վաղուց արդեն Հայաստանի նկատմամբ վստահություն չի մնացել, Բաքվի հույսը Ռուսաստանի վրա է, որ, այնուամենայնիվ, կօգնի ղարաբաղյան հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելուն: Եթե այդ հույսը մեռնի, Ադրբեջանը, անտարակույս, ռազմական գործողություններ կսկսի Հայաստանի դեմ»: Ըստ` Day.az-ի` դա կարող է տեղի ունենալ բանակցությունների հերթական փուլից հետո, արդեն փետրվար-մարտին, եթե Հայաստանը մերժի Մոսկվայի խաղաղ առաջարկները: «Այդ դեպքում թող Երևանում մտածեն` ինչ կարող են անել Լաչինի ճանապարհի վրա Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածների դեմ», զգուշացնում է Ահմեդօղլուն: Քանի սարսափահար չենք եղել, մտածենք, թե այս ու նույնաբովանդակ հայտարարությունների քանի՞ տոկոսն է շահարկված ռևանշիզմի արտահայտություն և քանի՞ տոկոսը` ռեալ վտանգի:
ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին նախատեսում է քննարկել Հայոց ցեղասպանությունը դատապարտող 252 բանաձևը, որն ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում երկրի արտաքին քաղաքականության մեջ անհրաժեշտ ուշադրություն հատկացնել մարդու իրավունքներին, էթնիկ զտումներին և ցեղասպանությանը վերաբերող այն հարցերին, որոնք արձանագրված են ԱՄՆ-ի փաստաթղթերում և վերաբերում են հայերին.
«Հայերի ցեղասպանությունը ծրագրվել և իրականացվել է 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում, ինչի պատճառով արտաքսվել են 2 միլիոն հայեր, նրանցից 1,5 միլիոնը սպանվել են, կես միլիոն վերապրածներին վտարել են իրենց տներից: Այս ամենի արդյունքում կասեցվել է հայերի 2500-ամյա ներկայությունն իրենց պատմական հայրենիքում»: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը համանման բովանդակությամբ բանաձևեր ընդունել է 2000-ին, 2005-ին, 2007-ին, բայց բանաձևերը չեն քվեարկվել, որովհետև այն ժամանակ գործող նախագահներ Բիլ Քլինթոնը և Ջորջ Բուշը դեմ են եղել: Իհարկե, հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը կարող է բանաձևը քվեարկության դնել, և բանաձևը կարող է անհրաժեշտ ձայներ հավաքել: Իսկ քվեարկության կդնի՞ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, հայտնի չէ: Համենայն դեպս, մեկ ամիս կա այդ հարցի պատասխանը ենթադրելու համար: Եվ եթե ակնհայտ է` ի՞նչ է բանաձևն ակնկալում թուրքական կողմից, հայտնի չէ, թե հայկական կողմից ի՛նչ է պահանջվելու նման նվերի դիմաց: Հազիվ թե այդ նվերը լինի սոսկ հանուն պատմական արդարության վերականգնման:
«Anadolu» գործակալության տեղեկացմամբ` Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ երկրների ջանքերին աջակցելու նպատակով ԵԽԽՎ-ում խումբ է ձևավորվել: Հանգուցյալ լորդ Ռասել Ջոնսթոնը կարող էր վկայել, թե որքան արդյունավետ էր տարիներ շարունակ իր ղեկավարած ենթահանձնաժողովի աշխատանքը:
Հարավային Կովկասում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Երևանում նա հավաստեց, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացին և բարձր է գնահատում տարածաշրջանային խնդիրները լուծելու Հայաստանի ջանքերը: Ավելին` «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է ԱՄՆ-ի համար, և մենք պատրաստ ենք շարունակելու մեր ջանքերը»: Սթեյնբերգը ՀՀ ՍԴ-ի որոշումը դրական քայլ է համարում գործընթացը շարունակելու համար:
France Press-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Քրոուլին հայտարարել է Ռումինիայում հակահրթիռային համակարգեր տեղադրելու մտադրության մասին. «Նոր գաղափարը կոչված է չեզոքացնելու Իրանի հավանական սպառնալիքը»: Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն համաձայն է` կարծելով, որ համակարգերը կպաշտպանեն իր երկրի ողջ տարածքը: Ռուսաստանը ԱՄՆ-ից ակնկալում է բացատրություններ:
Ամերիկացի քաղաքագետ Դևիդ Ֆիլիպսը համոզված է, որ հայ-թուրքական արձանագրությունների չվավերացումը և դիվանագիտության ձախողումը լրջորեն կարող են ազդել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վրա։ Ըստ նրա, Օբամայի վարչակազմը ճնշում է գործադրում թուրքերի վրա ամենաբարձր մակարդակով, և եթե արձանագրություններն Անկարան վավերացնի, ճնշումը կնվազի:
ԱՄՆ-ի պետքարտուղարի` Եվրասիայի հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆիլիպ Գորդոնը, «Zaman»-ի հավաստիացմամբ, հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրություններն անհրաժեշտաբար պետք է վավերացվեն ու իրագործվեն: Նա հավատում է, որ երկու երկրներն էլ կընթանան արձանագրությունները կյանքի կոչելու ճանապարհով, ինչը երկու կողմերին էլ օգուտ կբերի: Գորդոնի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն անկախ այլ խնդիրներից:
Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին հայտարարել է. «Կովկասում պետք է լուծել մի քանի կոնֆլիկտներ: Այդ գործընթացները կարող են տարբեր տեմպեր ունենալ, բայց լուծումները պարտադիր են: Դրանք զուգահեռ գործընթացներ են»: «Սաբահ» թերթին նա ասել է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ նախապայմաններ չկան, և Վաշինգտոնն այդ որոշումը դիտարկում է իբրև դրական քայլ ու հույս ունի, որ երկու կողմերն էլ լրջորեն կվերաբերվեն իրենց պարտականություններին:
Փետրվարի 3-ին Անկարայում անցկացվող «Թուրքիայի տեղը ուժերի փոփոխվող հարաբերակցության լույսի ներքո» համաժողովում վարչապետ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան շարունակում է իր գործունեությունը Հարավային Կովկասում կայունության ու համագործակցության շրջանակներում և, իբրև տարածաշրջանի կարևոր երկրներից մեկը, փորձում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»: Նա վերստին կոչ է արել Մինսկի խմբի համանախագահներին ակտիվացնել ջանքերը և հերթական անգամ ընդգծել է, որ Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր երկիր է, որի հետ ուզում են զարգացնել պատմամշակութային կապերը: Էրդողանը չի թաքցրել իր հիասթափությունը ՀՀ ՍԴ-ի որոշումից. «Մենք հարգանք ենք պահանջում ստորագրված փաստաթղթերի նկատմամբ: Թուրքիան հավատարիմ է իր պարտականություններին, Հայաստանը նույնպես պետք է հարգի ստորագրված փաստաթղթերը»,- ասել է նա:
Թեպետ հայկական կողմը ջանում է ներկայացնել, թե ճնշումներ գործադրվում են միայն արձանագրությունների վավերացումը ձգձգող Թուրքիայի վրա, այնուամենայնիվ, ճնշումները երկկողմանի են: ԵԽԽՎ-ի մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Ժորժ Կոլոմբիեն, օրինակ, դիմել են ՀՀ խորհրդարանին, մինչև մարտի 17-ը Փարիզում կայանալիք մոնիթորինգի հանձնաժողովի նիստը, բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույց ստանալու ակնկալիքով: Մասնավորապես, նրանց հետաքրքրում են Ընտրական օրենսգրքի «վաղուց հասունացած» փոփոխությունները և մարտյան իրադարձությունները:
Փետրվարի 9-11-ը Մեծ Բրիտանիայում է լինելու Սերժ Սարգսյանը: Եթե նա չլիներ ՀՀ նախագահ, այցը կունենար անձնական նշանակություն: Երկրի նախագահի այցն այլ երկիր ինքնին կարևոր իրադարձություն է, առավել ևս տարածաշրջանային խնդիրների լուծման արագացման պայմաններում, առավել ևս` Մեծ Բրիտանիա, որտեղ հայ մեծ ու փոքր պաշտոնյաները լինում են առավելապես մասնավոր ու աշխատանքային այցերով, և շատ հազվադեպ` պաշտոնական, առավել հազվադեպ` պետական: Մեծ Բրիտանիան իր ավանդական նավթային շահերով Հայաստանի ու հայերի պաշտպաններից չէ, իհարկե, բարոնուհի Քոքսին բացառած, և սովորաբար խաղի մեջ է մտնում եզրափակիչ խոսքի իրավունքով, Հին աշխարհում ներկայացնում ու պաշտպանում է ԱՄՆ-ի քաղաքականությունը, եթե, իհարկե, չի հակասում իր շահերին: Գուցե Լոնդոնում էլ դրվե՞ն ակնկալվող վերջակետերը:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չափորոշիչներ է մշակել` նպատակ ունենալով եթերը մաքրել էրոտիկայի, սարսափի և բռնության տեսարաններից: Փայլուն մտահղացում է: Հետաքրքիր է` հանձնաժողովի անդամներն օրը քանի՞ ժամ են հեռուստացույց նայում և որպես ի՞նչ` շարքային հեռուստադիտո՞ղ, թե՞ եթերի համար պատասխանատու պաշտոնյա: Եթե որպես հեռուստադիտող` խնդիր չկա, եթե որպես պաշտոնատար անձ` շատ կարևոր է հասկանալ` ինչպե՞ս են նրանք վերաբերվում, օրինակ, դատաիրավական համակարգին: Առանց բացառության` բոլոր սերիալներում րոպե առ րոպե ապացուցվում է, որ Հայաստանում նման համակարգ կամ չկա, կամ եղածը պետք է օր առաջ կազմաքանդել: Իսկ ի՞նչ է դա սովորեցնում: Եթերից ներարկվող անպատժելիության սինդրոմն ի՞նչ հետևանքներ է ունենալու: Այսօր ու վաղը: Գեղարվեստական արժեքի մասին խոսելն աբսուրդ է, բայց անարժեքության պարտադրած հետևանքների պատասխանատվությունը միայն այդ սերիալներն ու հաղորդումները ստեղծողներինը չէ, նաև հանձնաժողովինն է, որ եթեր է հատկացնում նրանց: Իսկ ամենից շատ` հասարակությանը, որը թույլ է տալիս իրեն հրամցնել անորակ արտադրանք:
Փետրվարի 7-ին ՈՒկրաինան ընտրում էր նախագահ: Երկրորդ տուրով: Վեց exitpoll-երի տվյալներով` հաղթել է Վիկտոր Յանուկովիչը, թեկնածուների ձայների տարբերությունը մոտ 3 տոկոս է: Յուլյա Տիմոշենկոն պարտությունը չի ընդունել, նա հայտարարել է, որ exitpoll-երի տվյալները սոցիոլոգիա են, և իր բոլոր կողմնակիցներին պայքարի կոչ է արել հանուն յուրաքանչյուր ձայնի: Փորձագետների գնահատականով` Յուլյա Տիմոշենկոն կընդունի Վիկտոր Յանուկովիչի հաղթանակը` խորհրդարանական կոալիցիայի ստեղծման դեպքում: ՈՒկրաինական օրենքներով` գործող վարչապետը նոր նախագահի ընտրության դեպքում հրաժարական չի տալիս, նա հրաժարական տալիս է միայն նորընտիր խորհրդարանին: Տիմոշենկոյին հրաժարական է սպառնում նաև այն դեպքում, եթե Յուշչենկոն ու Յանուկովիչը նոր կոալիցիա ստեղծեն: Բոլոր դեպքերում, Մայդանում հայտնվելու ավելի մեծ հեռանկարներ ունի Յուլյա Տիմոշենկոն, իսկ նախագահականում` Վիկտոր Յանուկովիչը: Գերակշռող գնահատականներով` ՈՒկրաինայում ավարտվում է երկրի պատմության նարնջագույն շրջանը. ի՞նչ է դա նշանակելու, ցույց կտա ժամանակը: Ամենայն հավանականությամբ, ՈՒկրաինայում արդեն ձևավորվել է այն ընտրազանգվածը, որը, սովետական ավանդույթները ոտնատակ տալով, կարողանում է տեր կանգնել սեփական թեկնածուին ընտրելու իրավունքին:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ