Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Նա վերակենդանացնում էր ազգի պատմությունն ու մշակութային արժեքները

Նա վերակենդանացնում էր ազգի պատմությունն ու մշակութային արժեքները
09.01.2024 | 09:29

Կյանքից հեռացել է դրամատուրգ, բեմադրիչ ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒԽՅԱՆԸ:

1960 -ական թվականները կարևորագույն էջերից էին հայ մշակույթի պատմության համար: Ազգային զարթոնքի ժամանակաշրջան էր, և հայ ժողովուրդը թևակոխել էր պատմության ու ազգային ժառանգության վերարժևորման փուլ, հայ արվեստագետները բոլոր ասպարեզներում ստեղծում էին անցյալի փառավոր էջերը և հերոսների կերպարները վերածնող գործեր: Եվ այս ժամանակաշրջանում մշակույթի ասպարեզ եկավ նաև Ռուբեն Մարուխյանը, ով անմնացորդ նվիրվեց ազգային մշակույթին:

Ռուբեն Մարուխյանը ազգային մտավորականի իրական տեսակ էր արվեստի բոլոր այն ասպարեզներում, որտեղ գործում էր՝ ռեժիսուրա, գրականություն, մինչև անգամ մանկա-պատանեկան թատրոն: Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում երկար տարիներ ի վեր կրթում էր սերունդներ, սովորեցնում , թե ինչպես լինել ազգային մշակույթից ու պատմությունից սնվող արվեստագետ, քանի որ դա էր համարում ազգերի հարատևության բանաձևերից մեկը:

Իր ստեղծագործական կյանքի սկիզբը հանդիսացել էր Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացներն ավարտելը: Հետո աշխատել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող։ 1960-1970 թվականներին որպես ռեժիսոր աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մանկական և երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, ստեղծել տասնյակ մանկական հաղորդումներ, հեռուստաբեմադրություններ։ Աշխատել է նաև Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Երևան» կինոմիավորումում, Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ որպես բեմադրող ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր էր, 1974 թվականից դասավանդել էր հեռուստառեժիսուրա, դերասանի վարպետություն, դրամատուրգիա։ Նրա պիեսները բեմադրվել են Հայաստանի պետական թատրոններում, Ռադիոթատրոնում և Հեռուստաթատրոնում, արտերկրում։ Հեղինակ է չորս տասնյակից ավելի բեմադրությունների։ Մամուլում հանդես է եկել բազմաթիվ հոդվածներով։ Հեղինակ է ավելի քան 25 գրքի։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել ու տպագրվել են ռուսերեն, անգլերեն, ‎ֆրանսերեն, իտալերեն, լեհերեն, գերմաներեն։

1978 թվականից Ռուբեն Մարուխյանը հանդիսանում էր Հայաստանի գրողների միության անդամ։ Հանդիսանում էր նաև Հայաստանի ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Արժանացել էր պարգևների և կոչումների արվեստի և մշակույթի բնագավառում։

Երբ համացանցում տարածվեց նվիրյալ մտավորականի ու մանկավարժի մահվան գույժը , տարբեր սերունդների ներկայացուցիչներ ամենից առաջ հիշել էին նրա ստեղծագործությունները, որոնց հիման վրա մանկա-պատանեկան ներկայացումներ են բեմադրվել՝ «Չիկարելիի արկածները», «Ամենալավ տունը», «Իսկական ընկեր», «Խոսող ձուկը», «Ծաղրածու», «Մկնիկը» …Նրա բազմաթիվ պիեսները, հեքիաթները, ժողովածուները, վիպակները թարգմանվել են ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, իտալերեն և այլ լեզուներով։

2020-2021 թվականներին նա տպագրվել է Կալիֆորնիայի հայ գրողների միության «Ժամանակակից դրամատուրգիա» ժողովածուի երկրորդ և չորրորդ հատորներում։ Արժանացել է բազմաթիվ պարգևների:

Ռուբեն Մարուխյան արվեստագետի անունը կապված էր հայ մշակույթի կյանքում այնպիսի մի զարմանահրաշ երևույթի հետ, որպիսին Հեռուստաթատրոնն է, որտեղ նրա պիեսների հիման վրա ստեղծվել էին բազմաթիվ հեռուստաներկայացումներ: Եվ 1977-ին էլ վեր հառնեց Հայկ Բժշկյանցի (Գայ) էպիկական կերպարը: Բեմադրող ռեժիսոր Հերբերտ Գասպարյանի հետ միասին Ռուբեն Մարուխյանը Հեռուստաթատրոնի էկրանին պարգևեց «Հեղափոխության ասպետը» (Գայ) հեռուստաներկայացումը, որտեղ լեգենդար Երկաթե դիվզիայի հրամանատար Գայի առինքնող կերպարը մարմնավորել էր Լևոն Թուխիկյանը: Իսկ ինքը Ռուբեն Մարուխյանը խաղաց կամավոր զինվորի դեր, որտեղ մյուս զինվորների հետ միասին մեղմ երգեց Կոմիտասի երգը, որը սովորել էր իր հայրիկից….

- Մի գեղեցիկ պարզ գիշեր էր,

Երկինքը լի աստեղերով,

Եվ լուսինը մեղմ փայլում էր,

Կաթնանման յուր լույսով…

Ռուբեն Մարուխյանը 90 տարեկան էր: Բայց նրա հոգին լի էր արարումներով և իր համար երջանկություն էր արվեստագետ լինելը, ազգի մշակույթին ծառայելը:

Մեզանից հեռացավ ևս մի մեծ, ով ապրեց իր հոգում եղած լույսը հայ արվեստին նվիրելով:

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2413

Մեկնաբանություններ