ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Թուրքական առաջին ԱԷԿ-ի աշխատանքները կիրականացվեն չինական ներդրումներով

Թուրքական առաջին ԱԷԿ-ի աշխատանքները կիրականացվեն չինական ներդրումներով
17.09.2023 | 15:22

Ռուս-թուրքական էներգետիկ կապերը մտնում են ճգնաժամային փուլ: Ավելի շուտ՝ արդեն մտել են:

Օրերս հայտնի դարձավ Մոսկվայի կողմից Թուրքիայում գազային հաբի ձևավորման հնարավոր կասեցման մասին: Այժմ էլ ի հայտ է գալիս ևս մի կարևոր հանգամանք, որը թույլ է տալիս խոսել թուրքական էներգետիկ աշխարհաքաղաքականության խորքային փոխակերպումների մասին:

Այլևս կան բոլոր հիմքերը կանխատեսելու, որ Թուրքիայի Սինոպ քաղաքում ատոմակայանի կառուցման աշխատանքները կիրականացվեն Չինաստանի կողմից և, ինչն առավել կարևոր է, չինական ներդրումներով: Դրա մասին է վկայում Անկարայի պաշտոնական խոսույթը: Ընդ որում, ընդամենը ամիսներ առաջ Անկարան հայտարարում էր նախագծի շուրջ Մոսկվայի հետ սկզբունքային համաձայնություն ձեռք բերելու մասին՝ հաշվի առնելով «Աքքույու» թուրքական առաջին ԱԷԿ-ի կառուցման գործում թուրք-ռուսական հաջողված համագործակցությունը:

Խնդիրը ունի մի քանի շերտ:

1. Ռուսաստանի և Չինաստանի միջև մրցակցությունը գնալով ձեռք է բերելու նոր ծավալներ ու նոր որակ՝ դառնալով ավելի կոշտ ու պրագմատիկ: Վերջերս Չինաստանում հրատարակված քարտեզում Ռուսաստանի որոշ տարածքների ներառումը Չինաստանի սահմանների ներքո այդ մրցակցության դրսևորումներից է: Սակայն առավել խորապես խնդիրը հասկանալու համար հարկ է անդրադառնալ ս.թ. մարտին ընդունված ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգին, որում Ռուսաստանը գրեթե հավասարության նշան է դնում Չինաստանի ու Հնդկաստանի միջև՝ ընդգծելով դրանց հավասար կարգավիճակը Մեծ Եվրասիայի ձևավորման գործում: Դա չէր կարող բացասաբար չընկալվել Պեկինի կողմից, որի մրցակցությունը Նյու Դելիի հետ շատ խորը և բազմաշերտ բնույթ է կրում: Մոսկվայում հասկանում են, որ երկարաժամկետ-ռազմավարական առումով Պեկինին ձեռնտու է Ռուսաստանի պարտությունը, քանի որ այդ պարագայում Ռուսաստանի միակ ելքը կլինի Չինաստանի աշխարհաքաղաքական վասալ դառնալը: Այժմ ռուս-չինական ռազմավարական հակասությունների թնջուկը (որը երկու կողմերի պրոպագանդիստները շարունակում են դաշինք որակել) իր դրսևորումն է ստանում առանցքային ուղղություններից մեկում՝ միջուկային էներգետիկայում: Վերջերս մասկանցում էի միջազգային մի ֆորումի, որի ժամանակ ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզության վարչության նախկին տնօրեն Պետրեուսը հնչեցրեց հետևյալ կարծիքը. «Եթե Ռուսաստանի և Չինաստանի միջև ձևավորվի դաշինք, ապա ակնհայտ է, որ դա հավասարների դաշինք չի լինելու»: Կրեմլում դա ևս շատ լավ հասկանում են և ըստ այդմ էլ սահմանում արտաքին քաղաքականության ուղենիշները:

2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղիների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:

3. Չնայած ույղուրների հարցում Պեկինի և Անկարայի դիրքորոշումների սկզբունքային տարբերությանը, կողմերը, տակտիկական նկատառումներից ելնելով, կարող են գնալ մերձեցման ճանապարհով՝ արտաքին որոշ մարտահրավերներին համաչափ պատասխան տալու համար: Օրերս G20-ի շրջանակներում ընդունվեց կոմյունիկե «Մերձավորարևելյան միջանցքի» մասին, որը միաժամանակ ռիսկեր է ստեղծում թե՛ թուրքական տրանսպորտային-լոգիստիկ ռազմավարության, թե՛ չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության համար: Երկուսն էլ փաստացիորեն շրջանցվում են, ինչը ստիպում է կողմերին առնվազն որոշակի սինխրոնիզացիա ապահովել տրանսպորտային և էներգատրանսպորտային հարցերում:

Պայքարը Մեծ Եվրասիայի համար մտնում է շրջադարձային փուլ:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 6105

Մեկնաբանություններ