«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Գլխավոր հերոսը՝ Արմենը, Սեդայենց տան պատին ածուխով գրում է ռուսատառ՝ Седа»

«Գլխավոր հերոսը՝ Արմենը,  Սեդայենց տան  պատին ածուխով գրում է ռուսատառ՝ Седа»
27.05.2014 | 11:49

Ինձ համար, ինչպես ցանկացած նորմալ հայ մարդու, մեղմ ասած, վիրավորական էր Հայոց ցեղասպանության տարելիցից օրեր առաջ` ապրիլի 17-ին, «Հ1» հեռուստաընկերության եթերում դիտել «Ինչու է աղմկում գետը» ֆիլմի մի տարբերակ, որում Արմեն Մանուկյանը (Ֆրունզե Դովլաթյանի մարմնավորած կերպարը) ֆիլմի վերջնամասում իր սիրած աղջկա` Սեդայի անունը գյուղական տան պատին ածուխով գրում է ոչ թե մեսրոպյան տառերով, ինչպես տեսել եմ իմ մանկությունից սկսած, այլ խզբզած ռուսերեն տառերով:

Այս մասին իր մտահոգությունն է հայտնում Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ, «Իրատես de facto»-ի «Եվ ոչ միայն մշակույթ» բաժնի վարող ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ. «Ես, ապավինելով տրամաբանելու իմ պարզ կարողությանը, երկու պատճառ կարող եմ տեսնել կատարվածի համար. կա՛մ դա անփույթ վրիպումի արդյունք է (մի բան, որ տխուր է), կա՛մ օտար հովերին նախապատվություն տալու քաղաքականություն (մի բան, որ առավել քան տխուր է): Սեփական ինքնությունը մերժելով օտարին հաճոյանալը նույն այդ օտարի աչքում արհամարհելի դառնալու և ինքնաոչնչացումի ամենահավաստի ուղին է: ՈՒ մեզ դրանից դարեր շարունակ փրկել են մեսրոպատառ գիրը, շարականահունչ մեղեդիները, թամանյանակերտ շինություններն ու այսօրինակ այլ նշխարներ: Ոմանք երբեմն մոռանում են այդ մասին. ահա՛ թե ինչու է աղմկում գետը»:
Խնդրի առիթով իր տեսակետը հայտնեց նաև Համազգային պետական թատրոնի դերասան ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: «Ես ինչքան հիշում եմ, խորհրդային ժամանակներում, երբ այդ ֆիլմը եթեր էր գնում հեռուստատեսությամբ, հայտնի տեսարանում ֆիլմի գլխավոր հերոսը պատի վրա գրում է հայերեն: Ֆիլմը նայելիս միշտ սպասում էինք այդ տեսարանին, որովհետև հուզիչ տեսարան է, և ռեժիսորական շատ լավ աշխատանք է արված: Պարզվեց՝ կա ֆիլմի մեկ այլ տարբերակ»:
Դերասանի կարծիքով` համապատասխան մասնագետները գուցե այդքան ուշադիր չեն եղել, կամ եթեր գնացած տարբերակն ավելի որակով է եղել: «Այդքանը հասկանալի է, ինձ ավելի շատ երևույթն է վրդովեցնում: Առանց այն էլ մեր լեզվի նկատմամբ հարգանքով չենք վերաբերվում, և հիմա այդ հարցն ընդհանրապես ընկած է գետնի վրա, ով ասես տրորում է: Ես Փարիզում իտալական օպերա էի նայում. չնայած օպերայում դրա կարիքը չկա, բայց վերևում ֆրանսերեն գրվում էր երգի տեքստը: Իհարկե, դա պետության միջամտությունն էր, ինքնագործունեություն չէր»:
Կարեն Խաչատրյանը նկատեց, որ համատարած ռուսերենացում է նկատում Հայաստանում, ինչն էլ հանրահայտ ֆիլմի հետ կապված դիպվածն այդքան ակնառու է դարձնում:
«Տարօրինակ մի բան ասեմ. օրերս Գյումրուց գնացքով քաղաք էի գալիս: Կայարանում դրոշակներ էին փակցված` ռուսական և հայկական: Աչքս ընկավ, որ ռուսական դրոշակները նորմալ ծածանվում էին, հայկական դրոշակները քամին պտտել էր փայտի վրա: Երբ վրդովված ես, աչքիդ ամեն ինչ այլ կերպ է երևում: Նկատեցի, որ հասարակության մի մասն էլ եվրոպական կողմնորոշում ունի: Պատկերավոր ասած` Եվրոպան ասում է` եթե եղար ինձ հետ, լավ կլինի, ռուսն ասում է` չեղար ինձ հետ, վատ կլինի: Տեսնո՞ւմ եք՝ շեշտադրումն ինչ տարբեր է: Պետք է ավելի զգոն լինել, ամեն ինչ լեզվից է սկսվում, ցանկացած սխալ միջադեպ ազդելու է մեր ինքնագիտակցության վրա»:
Դերասանն ընդգծեց, որ հատկապես մշակութային օջախներում լեզուն պետք է օրինակելի լինի: «Ասում են` եթե ուզում ես մաքուր ֆրանսերեն լսել, գնա «Կոմեդի ֆրանսեզ»` ներկայացում նայելու: Դա չափանիշ է: Ժամանակին հաղորդավարներ ունեինք, իրենց խոսքը լսում էիր, հայոց լեզուն սիրում էիր, այսօր այնպիսի մարդիկ են եթերում, որոնց ձայնը հակաեթերային է, շատ վատ են խոսում հայերեն, տնավարի, շատ դեպքերում՝ օտար բառերով»:
Դերասանը նկատեց, որ հանրային հեռուստաընկերությունն իսկապես ֆանտաստիկ գործ է անում, մեծ թվով կրկնօրինակումներ են անում և շատ որակով, օրինակելի, ինչը չես ասի մյուս հեռուստաընկերությունների մասին. «Եթե կա լեզվի մասին օրենք, այն պետք է գործի հավասարապես բոլորի համար: Այլ հարց է, որ երբեմն դիտում ես կրկնօրինակված ֆիլմեր ու մտածում, որ ավել լավ է բնօրինակը նայեիր, թեկուզ օտար լեզվով»:
Խնդրի առնչությամբ իր մեկնաբանությունը տվեց նաև Հանրային հեռուստատեսության հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մեզ ասացին, որ «Հայֆիլմ» կինոստուդիան ֆիլմը պատրաստել է երկու տարբերակով` հայերեն և ռուսերեն: Ռուսերեն տարբերակում ինչպես ծանուցումները, այնպես էլ «Սեդա» անունը գրվում են ռուսերեն: «Մենք ամեն անգամ վարձակալում ենք ֆիլմը` ցուցադրության համար: Նրա ֆիլմը թվայանացնելիս ռուսերեն ժապավենն են մաքրել և սխալմամբ այդ օրինակն են փոխանցել մեզ: Եվ տեխնիկական խնդիրների պատճառով եթեր է գնացել այդ տարբերակը: Ռուսերենացման միտում կամ չարամտություն չի եղել, տեխնիկական խնդիր է եղել, որն արդեն շտկվել է: Ի դեպ, մի շարք ֆիլմեր կան, որ հայերեն և ռուսերեն տարբերակներ ունեն, և նման շփոթ երբեմն լինում է»: Հանրայինից տեղեկացրին նաև, որ հինգշաբթի օրերին ցուցադրում են միայն հայկական ֆիլմեր, բնականաբար չի կարող խոսք լինել ռուսամետության, քաղաքական ենթատեքստերի մասին. «Ընդհակառակը, եթե հետևում եք մեր հեռուստաեթերին, նկատած կլինեք, որ մեր ուղղվածությունը մշակութային, կրթական, հասարակական է, չունենք գովազդ, սերիալների փոխարեն ֆիլմաշար ենք ցուցադրում: Մեր մոտեցումներից է, որ յուրաքանչյուր օր որոշակի ուղղվածության և ժանրի ֆիլմեր եթեր գնան՝ հոգեբանական, փաստավավերագրական: Հինգշաբթին էլ հայկական ֆիլմի օր է համարվում, մանավանդ որ հեռուստադիտողները Հանրայինից հենց դա են պահանջում: Անսահմանափակ չեն ֆիլմերը, և կրկնություններ, բնականաբար, լինում են»,- հավելեց Հանրային հեռուստաընկերության աշխատակիցը, ընդգծելով, որ աշխատանքային պրոցեսում, մանավանդ երբ խոսքն ամենօրյա արտադրանքի մասին է, ամեն ինչ հնարավոր է:
Հարկ է նշել, որ «գետը ռուսերեն է աղմկում» նաև այլ հեռուստաընկերություններում, ինչին ականատես էր եղել Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի և Էջմիածնի Գևորգյան ճեմարանի հայոց լեզվի դասախոս, դոցենտ ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԸ:
«Իրատես de facto»-ն հետաքրքրվեց` «Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ նման ցուցադրությունները` անկախ շարժառիթից, մանավանդ, չի բացառվում, որ նման «անփութությունները» շարունակական բնույթ կրեն եթերում»: Պատասխանը ներկայացնում ենք առանց խմբագրման:
«Հասկանում ենք, որ խորհրդային ժամանակաշրջանում հայկական կինոյի հարցերը լուծվում էին հիմնականում Մոսկվայում: Հայտնի է, որ որոշ ֆիլմեր ստեղծվում էին երկու տարբերակով՝ հայերեն և ռուսերեն: Օրինակ՝ «Թթենին» կինոնկարը սիրված է նաև բնական՝ կենդանի, ժողովրդական հայերենի շնորհիվ: Այս ֆիլմի ռուսերեն տարբերակը, որ երբեմն ցուցադրվում է հայկական այս կամ այն հեռուստաալիքով, ինձ լիովին անհարազատ է: «Ինչո՞ւ է աղմկում գետը» ֆիլմի ռուսերեն տարբերակը միայն վերջերս դիտեցի հայկական երկու հեռուստաալիքներով: Ապշեցուցիչն այն էր, որ գլխավոր հերոսը՝ Արմենը, Սեդայենց տան պատին ածուխով գրում է ռուսատառ՝ Седа: Մանկուց այդ տպավորիչ դրվագը միայն մեկ ձևով եմ տեսել. երիտասարդը մեսրոպյան տառերով հուզախռով գրում է սիրելիի անունը: Ի՞նչ պատահեց, որ տասնամյակներ անց մեջտեղ եկավ այս տարբերակը: Եթե անփութություն է, ապա պիտի չկրկնել: Եթե միտումնավոր է, շատ ավելի վատ, քանի որ դրանով կարծես անձայն խրախուսվում են սոցցանցերում լատինատառ և ռուսատառ գրողները: Հայտնի են դեպքեր, որ պատանիները ասֆալտին կամ պատերի վրա իրենց սերն արտահայտում են այսպիսի վայրենի եղանակով՝ Es qez sirum em: Հիմա ի՞նչ. անուղղակի նրա՞նց ենք արդարացնում, թե տեսե՛ք՝ ձեր պապիկներն էլ երիտասարդ ժամանակ օտարատառ են գրել:
Իմ համոզմամբ՝ հայկական հեռուստաալիքները միայն այս դրվագի պատճառով պետք է հրաժարվեն ֆիլմի այդ տարբերակը ցուցադրելուց: Սա մանրուք չէ, այլ տարրական հարգանք հայոց գրերի նկատմամբ»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2524

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ