ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

«День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին
17.07.2013 | 18:18

Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով հայ վարորդի նկատմամբ ռուսական արդարադատության ցուցաբերած խտրական վերաբերմունքը կրկին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մոտ էր հավաքել ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում կատարվածի առթիվ: Չնայած ակցիան աչքի չէր ընկնում բազմամարդությամբ, սակայն ընթացքին աչալուրջ հետևում էին ոստիկանները, որոնց թիվն ուղիղ համեմատական էր մասնակիցների թվին:

«Միանշանակ է, որ սա կանխամտածված հանցագործություն չէ, մենք գործ ունենք ոչ թե ահաբեկչի կամ մարդասպանի հետ, այլ՝ որոշակի հանգամանքների: Ցանկացած քաղաքացու նկատմամբ պետք է ապահովվի արդար դատաքննություն: Մենք դեմ ենք այն մթնոլորտին, այն հակաիրավական գործողություններին, որոնք կիրառվում են Հրաչյա Հարությունյանի նկատմամբ»,- հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից Արմեն Հովհաննիսյանը:
«Հայազն» միությունից Հայկ Ղազարյանն էլ ԶԼՄ-ների համար ընթերցեց ՀՀ-ում ՌԴ դեսպանին ուղղված նամակը, որում մտահոգություն էր արտահայտված հայ քաղաքացու նկատմամբ ցուցաբերվող շովինիստական վերաբերմունքի առնչությամբ: «Հայազն» միությունը պահանջում էր անցկացնել արդար դատաքննություն:
ՀՀ քաղաքացի Սեդա Մելիքյանն էլ իր վրդովմունքն արտահայտեց, որ հայ քաղաքացուն կնոջ խալաթով դատարան տանելը ստեղծում է վտանգավոր նախադեպ, քանի որ խախտվում են մարդու իրավունքները: Նա ուշադրություն հրավիրեց նաև այն փաստի վրա, որ խախտվել է քաղաքացու անմեղության կանխավարկածը:
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանն էլ դատապարտելի է համարում ռուսական պետական լրատվամիջոցներով իրականացված քարոզչությունը: Նա միաժամանակ նշեց, որ ինքը որևէ հույս չի կապում մեր պետական մարմինների հետ: Դավիթ Սանասարյանը ցավ հայտնեց, որ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունների միջև գործում են վերադաս-ստորադաս հարաբերությունները:
«Ես վստահ եմ, որ եթե նույնը կատարվեր Հայաստանում ռուս քաղաքացու նկատմամբ, ապա ՌԴ իշխանությունները Հայաստանում պարզապես կիրականացնեին իշխանափոխություն»,- ասաց Դավիթ Սանասարյանը: Նա դժվարացավ ասել, թե ինչի կհանգեցնեն այս ակցիաները, քանի որ ՌԴ-ն, ի տարբերություն Հայաստանի, առաջնորդվում է բացառապես իր շահերով: Դավիթ Սանասարյանը ՀՀ քաղաքացիների նկատմամբ վիրավորական է համարում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե պետք է սպասել նախաքննության ավարտին:
«Մարդուն եթե խոշտանգում են, գնահատական պետք է տալ անմիջապես, ի՞նչ է նշանակում սպասել նախաքննության ավարտին»,-կարծում է Դավիթ Սանասարյանը:
Ակցիան դեռ շարունակվում էր, իսկ նախաձեռնողները կնոջ ծաղկավոր խալաթ կախեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմացի մայթին գտնվող «День России» վահանակի վրա:
Ի դեպ, ակցիան, մամուլից և էլեկտրոնային կայքերից բացի, լուսաբանում էր նաև Հ2 հեռուստաընկերությունը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2344

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ