«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԿԻՍԱԲԱՑ ԹՈՂ ԴՈՒՌԸ ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԵԿՈՂԻ ԱՌԱՋ»

«ԿԻՍԱԲԱՑ ԹՈՂ ԴՈՒՌԸ ՔԵԶՆԻՑ ՀԵՏՈ ԵԿՈՂԻ ԱՌԱՋ»
06.04.2010 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հյուրն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ
-Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում ինչ-որ սխա՞լ կատարվեց, թե՞ ի սկզբանե սխալ կար, որ հանգեցինք այս կետին:
-Հայ-թուրքական հարաբերությունների իմաստն ու բովանդակությունը ճիշտ ընկալելու համար փորձենք մեզ նայել դրսի աչքով` եվրոպացու, ամերիկացու... Իրենց համար մեր վեճն ու կռիվը Առաջին համաշխարհային պատերազմից հետո լեռներում ապրող, իրար չհասկացած, կիսաբարբարոս մարդկանց կռիվ է, որ առայսօր չեն կարողանում ընդհանուր եզր գտնել: ՈՒզենք-չուզենք` աշխարհը մեզ այդպիսին է ընկալում: Ի՞նչ ենք անում մենք: Մեր հասարակության մի ստվար զանգված փորձում է աշխարհին ապացուցել, որ կիսաբարբարոս չէ ու քաղաքակրթություն է ունեցել, ապրել է իր պապերի ու հայրերի հայրենի հողում, որտեղից իրեն վտարել են բռնի ուժով` ցեղասպանությամբ: Հասարակության մյուս հատվածն էլ ասում է` մենք ապրում ենք 21-րդ դարում և եթե ուզում ենք ճիշտ ու բարեկեցիկ ապրել, առավել ևս, որ մեր հարևաններն էլ շարունակելու են մեր կողքին ապրել, ճիշտն իրար հասկանալն է ու առաջ շարժվելը: Ամենաքիչը` այդ երկրների հետ նորմալ հարաբերություններ ունենալը: Այս երկու տեսակետները հայ իրականության մեջ երբեք չեն հակադրվել, նույնիսկ փոխլրացրել են իրար: Այդպես է եղել կոմունիստների ժամանակ, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ պետական իշխանությունն իրեն պահում էր հարևանների հետ հարաբերություններ ստեղծելու համատեքստում, սփյուռքը` պահանջատիրոջ, և Հայաստանի երրորդ Հանրապետության իշխանությունները Թուրքիայի աչքին խաղաղության աղավնի էին, ինչը մանևրելու հնարավորություն էր տալիս: Դառնալով նախագահ` Ռոբերտ Քոչարյանն առաջադրեց գենետիկ անհամատեղելիության տեսակետը, բայց և չհակադրվեց կողմերից մեկին` սխալ համարելով մյուսի տեսակետը: Սերժ Սարգսյանը ստեղծեց այդ հակադրությունը: Հայ հասարակության մի ստվար զանգվածի տեսակետ կասկածի տակ դրվեց: Ինչքան էլ ասվի ենթա-ենթա-ենթա-ենթահանձնաժողով, միևնույն է, նա համաձայնեց ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պիտի ուսումնասիրի` այդպես է, թե ոչ: Այս հակադրությունը հայ ժողովուրդը չի ներելու: Ինչ ուզում է անի, սեպը խրվել է:
-Գիտակցելով հանդե՞րձ, որ հարևանի հետ նորմալ հարաբերություններ են պետք, 21-րդ դարն է, փակ սահմանն աբսուրդ է։
-Այո, այո: Սխալն այստեղ էր. երկու տեսակետների փոխլրացման մեջ է բանալին, ոչ թե հակադրության: Ինչ ուզում է այսուհետ անի Սերժ Սարգսյանը, պատմության մեջ հիշվելու է պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գաղափարով:
-Դա ինքնաբո՞ւխ էր, թե՞ պարտադրված քայլ: Ի վերջո, ինչ ուզում ես արա, չես կարող դիմացինիդ, որ քեզնից ուժեղ է, թելադրել քո պայմանները: Օբյեկտիվորեն չես կարող:
-Որպես «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ` ես ավելի քիչ սխալվելու իրավունք ունեմ, քան քաղխորհրդի ցանկացած անդամ, բայց անհամեմատ ավելի շատ սխալվելու իրավունք ունեմ, քան երկրի նախագահը: Իմ ընկերներն ու կուսակիցներն իրենց գործունեությունը ծավալում են հասարակական հիմունքներով, նախագահը հարյուրավոր մարդկանց վճարում է, որ իրեն խորհուրդներ տան, վերլուծություններով ու կանխատեսումներով ապահովեն տարբեր իրավիճակներում լուծումներ գտնելու համար: Ես չեմ ընդունում «Չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» մոտեցումը երկրի նախագահի, պետությունը ներկայացնող մարդու դեպքում: Առավել ևս, որ այդ իշխանությունն առաջին իսկ օրից խոցելի էր: Բոլորովին էական չէ` ինչի հետևանք էր սխալը, ի սկզբանե պետք էր գիտակցել, որ գործ ունենք ավելի ուժեղ կողմի` 70-միլիոնանոց բնակչություն ու վիթխարի բյուջե, պետականության երկարամյա փորձ ունեցող երկրի հետ:
-Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից ի վեր դրանք չվավերացնելու դեպքում խոսվում էր միջազգային ճնշման մասին. ողջամիտ մի քանի ժամկետ անցավ, առայժմ այդ ճնշումն արդյունք չի տվել, եթե ոչ հակառակը։ Ինչո՞ւ:
-Ես համոզված եմ, որ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը:
-Ե՞րբ:
-Առաջիկա տասը տարում: Ավելին` ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան են կառուցելու, ու ոչ այն պատճառով, որ իրենց ձեռնտու է, այլ սրտանց: Այսօրվա Թուրքիայում ես տեսնում եմ հասարակության մի ստվար շերտ, որն ընկալում է խնդիրը և չի վախենում այդ մասին խոսելուց: Նման մարդկանց թիվն օր օրի ավելանում է: Փաստորեն, Թուրքիան ավելի ժողովրդավար և ազատ երկիր է, քան մենք:
-Կարծում եք` տասը տարում սերունդ պիտի փոխվի ու մտածողությո՞ւն:
-Կարծում եմ` տասը տարում Թուրքիայում պրագմատիկ քաղաքական գործիչների թիվն ավելի կմեծանա: Այդ թիվը երկրաչափական պրոգրեսիայով է աճում: Հրանտ Դինքի սպանությանը հետևած իրադարձությունները դրա հաստատումն են:
-Դեյուրե մենք ցեղասպանության ճանաչումը նախապայման չենք դնում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար, բայց դեֆակտո յուրաքանչյուր հայի մեջ այդ նախապայմանը կա, եթե ոչ` գիտակցված, ենթագիտակցության մակարդակում` հաստատ, ուրեմն ի՞նչ է այդ ճանաչումը տալու:
-Աշխարհում խնդիրներն ընդհանրապես լուծվում են փուլային տարբերակով, և հայ-թուրքական հարաբերությունների զարգացումն էլ ես տեսնում եմ հենց այդ համատեքստում. առաջին փուլ` դիվանագիտական հարաբերությունների հաստատում, երկրորդ` Թուրքիայի հետ բաց սահմաններ, երրորդ` իրար հասկանալու փորձեր և փոխադարձ մշակութային արժեքների փոխանակում: Ես, իհարկե, շնորհակալ եմ այն երկրներին, որոնք ընդունում ու դատապարտում են Ցեղասպանությունը, բայց կարևորը Թուրքիայի ընդունելն է: Ոչ հարկադրված, այլ հասնելով այդ գիտակցությանը: Միայն այդ ժամանակ է հնարավոր պատասխանել այն հարցին, թե ի՞նչ է տալու այդ ճանաչումը մեզ և տալո՞ւ է արդյոք:
-Աշխարհին պետք է խաղաղ ու բարգավաճող տարածաշրջան, ոչ թե տարաձայնությունների պատճառների վերլուծություն: Ի վերջո, Թուրքիան առաջարկում է լուծել այն խնդիրները, որոնք նաև մենք ենք ուզում լուծված տեսնել: Այլ հարց է, որ տարբեր են լուծումների պատկերացումները:
-Երբ համեմատում ենք իշխանությունների հայտարարություններն արձանագրությունները ստորագրելիս ու հիմա, տպավորություն է ստեղծվում, որ նրանք ի սկզբանե գիտեին, որ Թուրքիան խնդիրը կապելու է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հետ, իրենք էլ առանց նախապայմանների պայմանն են դնելու, ու Թուրքիայի իշխանությունները նեղ դրության մեջ են հայտնվելու: Փաստորեն, Հայաստանի իշխանություններն ի սկզբանե հայ-թուրքական հարաբերությունների հաստատման կարևորության գաղափարը չեն ունեցել, այլ, այդ գաղափարից օգտվելով, փորձել են իրենց տեղն ամրապնդել: Ներքուստ, ընդհակառակը, դեմ են եղել այդ գաղափարին և այսօր վարած քաղաքականությամբ մատնում են իրենց իրական ցանկությունները:
-Հայ-թուրքական հարաբերությունների շարժումը սկսելը փրկօղա՞կ էր իշխանության համար:
-Հայաստանի իշխանությունների համար դա իշխանություն մնալու և դառնալու հնարավորություն էր։ Թուրքիայի իշխանությունները փորձեցին իրենց հիմնական խնդրին հասնելու ուղղությամբ ևս մի քայլ անել, ինչը տարածաշրջանում լուրջ ազդեցություն ունենալու հնարավորություն էր ապահովում:
-Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման ո՞ր փուլում ենք հիմա: Հետուառա՞ջ ենք անում, ստատուս քվո՞ ենք պահպանում, պատերազմի՞ ենք պատրաստվում։
-Փորձեք այդ հարցին էլ դրսի աչքով նայել, գրեթե նույն բնութագրերը կստանաք, ինչ հայ-թուրքական հարաբերությունների պարագայում:
- Ի վերջո, կապ կա՞ այդ խնդիրների միջև:
-Այդ խնդիրները համատեղ լուծվող խնդիրներ են: Պատկերացրեք` վիճում են երկու հարբած մարդ: Ո՞Ւմ կպաշտպանեք: Ոչ մեկին, որովհետև հարբած են, իսկ եթե մեկը սթափ է, մյուսը` հարբած, բնականաբար` սթափին: Ես շատ կուզեի, որ այդ սթափ մարդը լիներ Հայաստանը, իսկ պետության սթափությունը, քաղաքական իմաստով, քաղաքական կառուցվածքի մեջ է. Հայաստանը մի քանի անգամ ավելի քաղաքակիրթ ու ժողովրդավարական պիտի լիներ, քան Ադրբեջանն է, քան Թուրքիան: Նաև այստեղ է 90-ականներին մեր տարած հաղթանակի գաղտնիքը, որովհետև Հայաստանն Ադրբեջանից անհամեմատ քաղաքակիրթ էր, Հայաստանը գնում էր դեպի ժողովրդավարություն: Հայաստանի նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր` սփյուռքից Հայաստան արտագաղթած ընտանիքի զավակ, երիտասարդ պատմաբան, գիտնական: Ո՞վ էր Ադրբեջանի ղեկավարը, Հեյդար Ալիևը` նախկին ՊԱԿ-ի աշխատակից, որի նկատմամբ աշխարհն իր վերաբերմունքն ուներ: Մենք գնում էինք դեպի նորը, աշխարհի համար ընդունելի ու նախընտրելի էինք: Այդ պարագայում էր ԱՄՆ-ը բանաձև ընդունում ու Ադրբեջանը ճանաչում ագրեսոր: Երբ Ադրբեջանը ռմբակոծում էր Ղարաբաղի խաղաղ քաղաքներն ու գյուղերը, աշխարհը պահանջում էր դադարեցնել, բայց Ադրբեջանը շարունակում էր: Մենք ստիպված եղանք ազատագրել այն տարածքները, որտեղից ռմբակոծում էին. այդտեղից էլ «ազատագրված տարածքներ» անունը մնաց: Մենք ասում էինք` պահանջում եք, չեն դադարեցնում, ստիպված ենք ազատագրել, բայց չէինք ասում, որ սրանք մեր ապուպապերի հողերն են ու մենք հետ ենք վերցնում մեր ունեցածը: Ճիշտ էինք անում, հակառակ պարագայում մեզ ագրեսոր կհամարեին ու պատերազմն այլ ընթացք կունենար: Այսօր նույն համաշխարհային հանրությունն իր սեփական շահերից, տնտեսական զարգացման հնարավորություններից, նոր տեխնոլոգիաներից ու կոմունիկացիաներից ելնելով` պահանջում է խնդրի լուծում ու այդ լուծումը բաժանում է փուլերի: Որպես առաջին փուլ, ասում են այդ տարածքները վերցրիք որպես անվտանգության գոտի, երեք երկրներս` Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ, ստանձնում ենք անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Դու չես կարող այդ երկրներին ասել` ես չեմ վստահում ձեր ապահոված անվտանգությանը: Ես հիանալի հասկանում եմ Ղարաբաղի ժողովրդին, որ պատերազմի ժամանակ տեսել է` ինչպես է ռուս զինվորն իր կողմից կամ իր դեմ կռվում, ուստի վստահում է միայն իր զինվորին ու ճիշտ է անում` աչքը տեսածից է վախենում:
-Իսկ ի՞նչ անի այդ դեպքում քաղաքական գործիչը:
-Քաղաքական գործիչը չի կարող նման պատասխան տալ: Ես նման բանալի ու բանաձև չունեմ: Ոչ այն պատճառով, որ պատրաստ չեմ, պարզապես այդ անելու համար պետք է մադրիդյան սկզբունքները ծայրից ծայր իմանալ: Մենք պիտի լսենք` աշխարհը մեզ ի՞նչ է առաջարկում, հակառակը փորձություններն ու փորձանքներն են: Երբ չենք լսել, կորցրել ենք: Նույն սխալը չպիտի կրկնենք: Մեզ պետք է արժանապատիվ խաղաղություն: Այդ երեք երկրներից որևէ մեկը հակված չէ տարածաշրջանում խնդիրը լուծելու որևէ կողմի կապիտուլյացիայով. որևէ մեկին պարտված Ադրբեջան կամ պարտված Հայաստան ձեռնտու չէ: Հայաստանի իշխանությունների ապաշնորհությունը եթե շարունակվեր, մենք վաղուց շրջանները հետ էինք տվել, Հայաստանից էլ որոշակի մաս ավելացրել էինք, բայց կա աշխարհի մոտեցումը` սեփական շահերից ելնելով: Ես ընդունում եմ Ղարաբաղի իշխանությունների պատասխանը` պաշտոնական տեսակետն իմանալուց հետո վերաբերմունք արտահայտել, բայց երկար չիմանալ չեն կարող, որովհետև գործող իշխանությունը թեմաներ է բացում, որոնք լուրջ հետևությունների տեղիք են տալիս:
-Իշխանությունները տարբեր հայտարարություններ են անում. ի՞նչը նկատի ունեք:
-Սիրիայի «Ալ վաթան» թերթին տված հարցազրույցը: Երկրի փաստացի նախագահը պիտի իր խոսքի նկատմամբ ուշադիր ու զգոն լինի: «Ո՞Ւր է մեր Նյուրնբերգը» 3-րդ դասարանի շարադրություն հիշեցնող զգայացունց կոչ-հայտարարություններով խնդիր չես լուծի: Եթե Մայնդորֆում փաստաթուղթ ես ստորագրել, Աթենքում համաձայնություն ես տվել, որտեղ յուրաքանչյուր երրորդ կետում գրված է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, ի՞նչ իմաստ ունի հարցի խաղաղ լուծման փաստաթուղթ ստորագրելու կոչ անել Ադրբեջանին:
-Գուցե պատճառը պատերազմի սպառնալի՞քն է, որ անվերջ հնչում է Ադրբեջանից:
-Կարծում եք` թուղթ ստորագրելն ինչ-որ բան փոխո՞ւմ է. Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրում խնդիրը դնում է Հայաստանի հետ ցամաքային սահման ունենալը, հարցազրույցում հայտարարում է` Լաչինի միջանցք։ Ցամաքային սահմանն ու միջանցքը բացարձակապես տարբեր կատեգորիաներ են: Եթե լուծումը նախընտրական ծրագրից դուրս է լինելու, ժողովուրդը չի ընդունելու, և դա թե՛ ներքաղաքական, թե՛ աշխարհաքաղաքական զարգացումների է հանգեցնելու: Առաջին անգամ համաձայն եմ Վարդան Օսկանյանի հետ` ներկա իրավիճակում կոսմետիկ քայլերով, հուզական ելույթներով, դրսերում հայտարարություններ անելով խնդիր չես լուծում: Կտրուկ քայլեր են պետք:
-Օրինակ:
-Օրինակ` հրաժարական: Եթե չես կարողանում դուռն ամբողջությամբ բացել, գոնե կիսաբաց թող քեզնից հետո եկողի համար: Վարդան Օսկանյանի խորհուրդը դա էր: Ժամանակ ձգելն ավելի է վատացնելու վիճակը: Ադրբեջանը եռանախագահների առաջարկած տարբերակին «այո» է ասել, միակ «ոչ» ասողը Հայաստանն է: Մինսկի խմբի համանախագահների երևանյան հանդիպումից հետո որևէ լրատվություն չի տարածվել: Ինչո՞ւ, ուրեմն գաղտնի բան կա: Արդարը, տրամաբանականն ու ընկալելին ոչ ոք գաղտնի չի պահում, հետևաբար` իրավիճակն է պարտադրում գաղտնիության:
-Մամուլում շատ է գրվում, որ միջազգային կառույցներն աչք են փակում ժողովրդավարության վիճակի վրա, որովհետև խնդիր է դրված ԼՂ հարցի լուծումը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը: Այդպե՞ս է:
-Ակնհայտ է, որ միջազգային կառույցները ժողովրդավարության ենթատեքստը հարմարեցնում են իրենց քաղաքական շահերին: Նախ` ժողովրդավարություն, հետո` Ղարաբաղի հիմնահարց. այսպիսին պետք է լինի ընթացքը: Ժամանակին Մոլոտովի ու Ռիբենտրոպի պատրաստած խաղաղության պակտը ստորագրեցին Ստալինն ու Հիտլերը, մեկ տարի հետո համաշխարհային պատերազմ սկսվեց։ Պատմությունը տասնյակ ապացույցներ ունի, որ առանց ժողովրդավարության առաջարկվող ու գտնված լուծումները տևական ու կայուն չեն: Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ իմ շփումներում ես հասկացել եմ, որ գործում է «Նախ` ԼՂ հարցը, հետո` տարածաշրջանում ժողովրդավարության հաստատումը» բանաձևը: Մեր մոտեցումը շատ ավելի հիմնավոր է ու գաղափարական, իրենցը բխում է քաղաքական շահերից, ավելի պրագմատիկ է: Ակնհայտորեն ժողովրդավարության բացակայությամբ բոլոր ձեռքբերումները կասկածելի ու կարճաժամկետ են, բայց դա չեն հասկանում Հայաստանի գործող իշխանությունները` համարելով, որ իրենց իշխանությունը պահելով միայն կարող են Հայաստանին ժողովրդավարություն բերել:
-Այսինքն, եթե ԼՂ-ի հարցը չլուծվի, Հայաստանում ժողովրդավարությունը պատրա՞նք է մնալու, ինչպես միրաժն անապատում:
-Ցանկացած լուծման պարագայում ռեալ հնարավորություն ունենք Լեռնային Ղարաբաղը պահելու, առայսօր որևէ բանակցության ընթացքում չկա տարբերակ, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, դա բացառվում է: Այդ դեպքում ես ինքս և ինձ նման շատերը կգերադասենք պատերազմը խաղաղությունից: Ցանկացած տարբերակի դեպքում ունենք գլխավոր խնդիր` հրապարակումից հետո խուճապ չառաջանա Ղարաբաղում: Ղարաբաղում ապրող մարդը վստահ լինի, որ իր հայրենիքում ապրելու է, ունենալու է իր պետությունն ու պետականությունը, իսկ դրա համար բոլոր այն մարդիկ, որ ծնունդով ղարաբաղցի լինելով, այսօր այստեղ հարցազրույցներ են տալիս, խորհուրդներ, կարծիքներ, տեսակետներ հայտնում, ովքեր համարում են, որ հասարակությանն ասելիք ունեն, իրենք իրենց հայրենիքում հեղինակություն ունեն, որ իրենց ներկայությունը կամրացնի այդ վստահությունը, թող իրենց «ստեֆանո-ռիչիները» Ղարաբաղում կառուցեն, Ղարաբաղի չքնաղ բնությունը նրանց կփոխհատուցի: Ես կողմնակից եմ, որ յուրաքանչյուր մարդ ապրի այնտեղ, որտեղ ինքն է ուզում, բայց եթե իրենք իրենց հայրենիքը լքում են, գոնե թող բարի լինեն խորհուրդներ չտալ, որովհետև Հայաստանում ապրող ղարաբաղցիների հայրենասիրությանը ես չեմ հավատում: Ինչ վերաբերում է միրաժին, մեծ գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ ցանկացած անապատ, ի վերջո, ավարտվում է ծովեզերքին:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ

ef="hyÄÂ�€¯ÄÂ�€¯/1653881157" rel="nofollow">Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
16.07.2024