ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասարակության հետ աշխատանքի ընթացքում ավելի ժողովրդավար են, քան Հայաստանը»

«Ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասարակության հետ աշխատանքի ընթացքում ավելի ժողովրդավար են, քան Հայաստանը»
15.05.2009 | 00:00

«ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԻԶՆԵՍՆ ԷԼ ԻՐ ՇԱՀԵՐՆ ՈՒՆԻ»
Հայ-թուրքական ներկա հարաբերությունների, ընթացող բանակցությունների և տարածաշրջանի կտրվածքով դրանց հեռանկարների վերաբերյալ իր տեսակետն է ներկայացնում «Գլոբալիզացիայի հայկական կենտրոնի» հիմնադիր և տնօրեն, վերլուծաբան ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-Պարոն Գրիգորյան, Դուք նախկինում միշտ կողմ եք արտահայտվել Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գաղափարին։ Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս սկսված գործընթացը, արդյոք դրանից կարելի՞ է ակնկալել Հայաստանի համար դրական արդյունքներ։
-Հայ-թուրքական երկխոսության վերջին մեկ տարվա ակտիվ գործընթացը շատ կարևոր է։ Այն ընթանում է երկու մակարդակում` շփումներ քաղաքացիական հասարակության սուբյեկտների ու ինստիտուտների միջև և բանակցություններ պետական մակարդակում։
Քաղաքացիական հասարակության շրջանակներում` փորձագետների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների միջև շփումները շատ ակտիվ են և, իմ խորին համոզմամբ, բխում են հայ ժողովրդի շահերից։ Այն փաստը, որ հազարավոր մարդիկ Թուրքիայում սկսել են այլ կերպ գնահատել 1915-ի և հաջորդ մի քանի տարիների իրադարձությունները և ընդունում են, որ հայ ժողովրդի դեմ կատարվել է մեծ հանցագործություն, իսկ ավելի համարձակ ու տեղեկացված մարդիկ ուղղակի ընդունում են, որ եղել է ցեղասպանություն, այդ շփումների կարևորագույն արդյունքն է։ Սա նշանակում է, որ ընտրված ճանապարհը ճիշտ է։
-Սակայն ինչո՞ւ եք Դուք դա ձեռքբերում համարում, եթե նշված շերտը կազմում է թուրքական հասարակության շատ փոքր մասը։
-Որովհետև նախկինում նույնիսկ հասարակական մակարդակում հայերի և հայկական հարցի նկատմամբ կար բացարձակ մերժողականություն, չխոսելով արդեն պետական քաղաքականության մասին, որն անցած տասնամյակներում միշտ եղել է այդպիսին։ Թուրքական հասարակությունը տեղեկացված չի եղել իր երկրի պատմությանը, նրա շատ բարդ ու ծանր էջերին, որովհետև այդ մասին առհասարակ չի խոսվել։ Հիմա խոսվում է, հազարավոր մարդիկ, հատկապես մտավորականության, էլիտար շրջանակների ներկայացուցիչներ, որոնց խոսքը կշիռ ունի հասարակական կարծիքի ձևավորման առումով, սկսել են բացեիբաց արտահայտվել։ Երկու-երեք օր առաջ Թուրքիայում հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Փելին Բաթուն հայտարարեց, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն։
Բայց հայ-թուրքական հարաբերություններին մենք պետք է մոտենանք նաև այլ չափորոշիչով. հարևան ժողովուրդներ ենք, պետք է կարողանանք հարաբերվել միմյանց հետ։ Ֆրանս-գերմանական, լեհ-գերմանական հարաբերությունները կարող են մեզ օրինակ ծառայել, երբ հարյուրամյակներ շարունակ հակամարտող ժողովուրդներն այսօր միասին ստեղծում են միասնական Եվրոպա։ Հայ-թուրքական հարաբերություններն էլ պետք է կարգավորվեն, և այդտեղ երեք կարևոր խնդիր կա. սահմանի բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում և, վերջապես, Ղարաբաղի խնդիր։ Նկատի ունենանք, որ այս հարցում Թուրքիան միշտ միակողմանի, ադրբեջանամետ դիրքորոշում է ունեցել։ Սակայն այսօր պատկերը փոխվում է, որովհետև կա Հյուսիսային Կիպրոսի խնդիրը, Թուրքիան ճանաչել է նաև Կոսովոյի անկախությունը, և այս հարցերում Ղարաբաղի հետ զուգահեռներն անտեսել հնարավոր չէ։
-Մինչդեռ հակառակ պնդումները կան, որ Ղարաբաղի հարցում Թուրքիայի հայտնի պահանջները մնում են օրակարգում և ուղղակիորեն փոխկապակցված են հայ-թուրքական սահմանը բացելու խնդրի հետ։
-Սա արդեն պետական քաղաքականությանը վերաբերող հարց է։ Հայ-թուրքական բանակցությունները ոչ բացահայտ ընթանում էին 2006-ից, վերջին մեկ տարում, երբ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ սկիզբ դրվեց «ֆուտբոլային դիվանագիտությանը», շփումները կրում են ակտիվ ու բաց բնույթ։ Թուրքիայի դիրքորոշումներում նկատելի է հստակ փոփոխություն, մեկ տարի առաջ հնարավոր չէր պատկերացնել, որ Թուրքիան կհրաժարվի Ղարաբաղի հարցում առաջադրված նախապայմաններից։ Մասնավորապես, որ հայկական ուժերը պետք է դուրս գան ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքներից։ Այսօր իրենք էլ են ընդունում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չպետք է կապել Ղարաբաղի խնդրի հետ։ Բանակցությունների օրակարգում, որքան ես եմ տեղյակ և ինչ-որ առումով նաև համոզված եմ, նման խնդիր չկա։
-Դրա փոխարեն, կարծես, կա պահանջ, որ Հայաստանը պետք է ճանաչի 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը։ Սա նույնպես նախապայման է և անընդունելի նախապայման։
-Հայաստանի ու Թուրքիայի միջև վերջին շրջանում ստորագրված փաստաթղթում, անվանենք դա հայտարարություն, թե «ճանապարհային քարտեզ», որքանով տեղյակ եմ, նման պահանջ չկա։ Եթե դա լիներ, աննախադեպ աղմուկ կբարձրանար և տեղին։ Այլ բան է, որ Թուրքիան ուզում է, որպեսզի Հայաստանը ճանաչի իր ներկա սահմանները, բայց մենք դրան ունենք հստակ պատասխան. 1991-92-ին, երբ Հայաստանը դարձավ ՄԱԿ-ի անդամ ու ստորագրեց բոլոր հիմնարար փաստաթղթերը, դա ինքնաբերաբար նշանակում էր ՄԱԿ-ի կողմից ճանաչված բոլոր պետությունների սահմանների ճանաչում։
Հասկանալի է, որ Թուրքիան մտավախություններ ունի, և Կարսի պայմանագրի հետ կապված հարց բանակցությունների հետագա գործընթացում կարող է բարձրացվել թուրքական կողմից։ Բայց այս պահին նման բան չկա, Ղարաբաղի հարցը դիտարկվում է իբրև հայ-թուրքական հարաբերություններից անջատ խնդիր, իսկ սահմանների ճշգրտման հետ կապված հարցադրումներ չեն դրվում։ Սա նպաստավոր մթնոլորտ է ստեղծում բանակցային նորմալ գործընթացի զարգացման համար։
-Բայց հանկարծ ի՞նչ պատահեց, որ Անկարայի դիրքորոշումն այսպես փափկեց։
-Պարզապես կան ավելի գլոբալ խնդիրներ, որ գերակշռում են մնացած բոլոր պրոբլեմների նկատմամբ։ Տարածաշրջանի անվտանգությունը, լայն իմաստով` Մերձավոր Արևելքից մինչև Հյուսիսային Կովկաս, խիստ անկայուն է։ Այդ խնդիրն առաջացավ ռուս-վրացական պատերազմից հետո։ Պատերազմը ցույց տվեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները չեն կարող իրենց անվտանգ զգալ, որովհետև կան հզոր պետություններ` ընդունակ միակողմանի որոշում ընդունելու և ռազմական գործողություններ սկսելու տարածաշրջանում։ Թուրքիային այս խնդիրը մտահոգում է հատկապես Ադրբեջանի մասով։ Եթե Ղարաբաղի հարցը չլուծվի, հայ-թուրքական սահմանը չբացվի, չի բացառվում, որ հետագայում Ռուսաստանը համանման քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ։
-1998-ին, երբ ստորագրվում էր Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական հարաբերությունների մասին պայմանագիրը, Սուլեյման Դեմիրելը համոզեց Հեյդար Ալիևին, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանը ձեռնասուն դարձնելուն, որովհետև ներկա միջազգային պայմաններում հայերին ուղղակի ոչնչացնել հնարավոր չէ։ Չե՞ք կարծում, որ Անկարա-Բաքու քաղաքական գիծը համադրված է, համակարգված` վերջնահաշվում Հայաստանին նեղը գցելու համար։
-Ես չեմ կիսում այդ կարծիքը։ Դա, իհարկե, չի նշանակում, որ վտանգներ չկան կամ չեն կարող լինել։ Ասենք, եթե մեր պետական ինստիտուտները նորմալ չաշխատեն, և այդ պայմաններում հայ-թուրքական սահմանը բացվի, դրանից կարող է օգտվել միայն Թուրքիան։ Բայց դա չի նշանակում, թե սահմանի բացումից պետք է խուսափել, անհրաժեշտ է կատարելագործել պետական կառույցների աշխատանքը։ Նաև վարել Հայաստանի ներքին արտադրությանն աջակցելու քաղաքականություն։ Ընդ որում, դա պետք է արվի ոչ միայն Թուրքիայի հետ տնտեսական հարաբերություններում։ Ի վերջո, հայ-թուրքական տնտեսական կապերն այսօր միջնորդավորված են հիմնականում Վրաստանով, ու հայ ձեռներեցներն իրենց վաստակի 30 տոկոսն այնտեղ են թողնում, երբ սահմանի բացման դեպքում այդ 30 տոկոսը կմնա իրենց գրպանում։
Ամենակարևորն այն է, որ մենք մեզ չխաբենք։ Հայաստանի տնտեսությունն այսօրվա պայմաններում կարողանալու է երկրում ապահովել 2,5 մլն մարդու գոյությունը։ Սա նշանակում է, որ անընդհատ արտահոսք է լինելու երկրից, եթե մենք չկարողանանք հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել ու տնտեսությունը զարգացնել։
-Հասարակական մակարդակում Թուրքիայում տրամադրությունների փոփոխությունը որքանո՞վ է ազդում պետական քաղաքականության վրա։ Գաղտնիք չէ, որ Թուրքիան ռազմականացված երկիր է, քաղաքական որոշումների վրա մեծ է բանակի ազդեցությունը։ Բանակն իր հերթին սերտ կապված է հակահայկական տրամադրություններ ունեցող ծայրահեղ ազգայնական ուժերի հետ։
-Պետական քաղաքականությունն էլ այսօր հակված է փոփոխության։ Դա չի նշանակում, որ դրան ընդդիմացող ուժեր Թուրքիայում չկան։ Եվ դա ոչ միայն ազգայնականներն են, այլև նույնիսկ լիբերալ ուղղվածություն ունեցող մի շարք ազդեցիկ քաղաքական ուժեր, որոնք այսօր ընդդիմության մեջ են և կարծում են, որ առանց նախապայմանների Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելը ճիշտ չէ։ Սակայն արտաքին ազդեցիկ գործոններն ավելի հզոր են, և ով էլ Թուրքիայում լինի իշխանության գլուխ, փորձելու է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել։ Առաջինն այն պատճառով, որ Թուրքիան նախկինի պես շատ է ցանկանում դառնալ Եվրամիության անդամ, իսկ առանց հարևանների հետ հարաբերությունների կարգավորման դա անհնարին է։ Շատ ազդեցիկ է ԱՄՆ-ի գործոնը, քանի որ ԱՄՆ-ը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ։
Արևմուտքը ցանկանում է մի շարք տնտեսական ծրագրեր իրականացնել մեր տարածաշրջանում, կառուցել այլընտրանքային գազամուղներ և այլն։ Մենք պետք է նայենք, թե ինչն է մեզ ձեռնտու և ակտիվորեն ներգրավվենք տարածաշրջանային գործընթացներում։ Եթե չլիներ ԱՄՆ-ի ու Եվրամիության գործոնը, մեզ համար վտանգներն իսկապես առարկայական կլինեին, բայց այս պայմաններում, երբ ամբողջ տարածաշրջանն ակտիվորեն փորձում է ներգրավվել Արևմուտքի հովանավորությամբ իրականացվող ծրագրերում, մեկուսացած մնալն ուղղակի անթույլատրելի է։ Մանավանդ որ Հայաստանի ու Թուրքիայի շահերը տարածաշրջանում որոշ հարցերում ակնհայտորեն համընկնում են։ Ռուսաստանն էլ, կարծում եմ, դեմ չի լինի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, քանի որ դա նվազեցնելու է Հայաստանի կոմունիկացիոն կախվածությունը Վրաստանից ու թուլացնելու է նրան։ Նվազելու է նաև Ադրբեջանի դերակատարությունը։ Մանավանդ որ Հայաստանի էներգետիկ ձեռնարկությունները, երկաթուղին կա՛մ ռուսական սեփականություն են, կա՛մ կառավարում են ռուսական ընկերությունները, և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում ռուսական բիզնեսն էլ իր շահերն ունի։
-Հակառակ տեսանկյունից նայենք խնդրին. գաղտնիք չէ, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացն անցած տարի նախաձեռնվեց Ռուսաստանի մասնակցությամբ ու աջակցությամբ։ Կան ոչ անհիմն կարծիքներ, որ ԱՄՆ-ի ներթափանցումը տարածաշրջան կանխելու համար կարող է ձևավորվել ռուս-թուրքական դաշինք` նույն Կարսի պայմանագրի սկզբունքների համատեքստում։ Եվ հերթական անգամ` ի հաշիվ հայերի։
-Ռուսաստանը, իհարկե, մասնակից էր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացին, դա ժխտելն անիմաստ է։ Այլ հարց է, որ մենք սկզբունքորեն պետք է դեմ լինենք, որ Ղարաբաղի հարցում, տարածաշրջանային զարգացումների որևէ ձևաչափում դերակատարություն ունենան միայն Ռուսաստանն ու Թուրքիան` Հարավային Կովկասի երեք երկրների հետ։ Մեզ ձեռնտու է, որ տարածաշրջանում բոլոր գործընթացները զարգանան բազմակողմ ձևաչափերով։ Ասենք` Ռուսաստան-Իրան-Թուրքիա-Եվրամիություն-Հարավային Կովկասի պետություններ, ներառյալ ԱՄՆ-ը։ Դրա համար էլ պետք է ակտիվորեն մասնակցել արևմտյան նախաձեռնություններին, ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Մասնավորապես, ես շատ դրական եմ գնահատում Հայաստանի մասնակցությունը Եվրամիության «Արևելյան գործընկերություն» նախաձեռնությանը։ Պետք է ընդլայնել հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը։
-Ի՞նչ կասեք Իրանի դերակատարության մասին։
-Հայ-իրանական հարաբերությունների արդեն ստեղծված դրական մթնոլորտը պահպանելն ու զարգացնելն ուղղակիորեն մեր շահերից է բխում։ Կարելի է այդ գործընթացում ներգրավել նաև Ռուսաստանին, որովհետև կոմունիկացիոն և էներգետիկ բնույթի հայ-իրանական ծրագրերի իրականացումն առանց Ռուսաստանի մասնակցության այսօր դժվար է պատկերացնել։ Սակայն դա չպետք է օրակարգից դուրս մղի հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը։ Այսօր դրա համար բարենպաստ իրավիճակ է, և պետք է հասնել նախ` դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ապա սահմանի բացման` Հայաստանի ու Թուրքիայի միջև։ Մանավանդ որ Անկարայում էլ են հասկանում, որ Ղարաբաղի հարցն իրականում այդքան արագ չի լուծվելու, դրա համար անհրաժեշտ նախադրյալներն այս պահին բացակայում են։ Թեպետ վերջերս հնչեցված դիրքորոշումները, որ հարցը պետք է լուծվի ինչպես տարածքային ամբողջականության, այնպես էլ ինքնորոշման սկզբունքները հարգելով, միաժամանակ միայն խաղաղ ճանապարհով, կարելի է համարել նորություն և ինչ-որ իմաստով Թուրքիայի ներգործության արդյունք։ Ինչպես նաև Թուրքիայի վարչապետի` վերջերս հնչեցրած հայտարարությունը, թե Անկարան ըմբռնումով է մոտենում Ղարաբաղի ու Հայաստանի միջև պարտադիր ցամաքային կապ ունենալու հայկական պահանջին։ Նման բան մեկ տարի առաջ ոչ ոք պատկերացնել չէր կարող։ Որովհետև Թուրքիան ունի Հյուսիսային Կիպրոսի խնդիր և Ղարաբաղի հարցում հայերի առջև արմատական պահանջներ դնելու դեպքում պետք է բացատրի, թե ինչու Հյուսիսային Կիպրոսը չի վերադարձնում հույներին կամ ինչու է ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Ես նույնիսկ կարծում եմ, որ եթե Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, և հայ-թուրքական սահմանը բացվի, Երևանը չպետք է դեմ լինի, որպեսզի Անկարայի մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում ավելի նշանակալի դառնա։
-Ի՞նչ թերացումներ կնշեք, որ այս ընթացքում թույլ է տվել հայկական կողմը։
-Փակ աշխատելաոճը։ Ես կարծում եմ` Հայաստանի իշխանությունները հայ-թուրքական բանակցությունների գործընթացը հանրությանը լուսաբանելու տեսակետից պետք է ավելի բաց աշխատեն։ Առաջինն այն պատճառով, որ Թուրքիան և Ադրբեջանը հենց այդպես էլ անում են, նրանց ԶԼՄ-ներն անմիջապես տեղեկատվություն են տարածում քննարկված հարցերի վերաբերյալ, բնականաբար, երբեմն խեղաթյուրելով կամ տարաբնույթ հավելյալ մեկնաբանություններով։ Այդքանով հանդերձ, ստացվում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը հասարակության հետ աշխատանքի ընթացքում ավելի ժողովրդավար են, քան Հայաստանը։ Այդ իսկ պատճառով ծայրահեղ խորհրդապահություն դրսևորել պետք չէ, բանակցային գործընթացից որոշ մանրամասներ միշտ էլ պետք է դառնան հասարակության սեփականությունը, հստակ ասվի` ինչ է խոսվում, ինչի մասին է խոսվում, որպեսզի նաև ավելորդ կասկածների ու ենթադրությունների համար պարարտ հող չստեղծվի։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ