ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԲՈԼՈՐ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԷԼ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՉ-ՈՐ ԵՐևՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ՈՒ ՈՄԱՆՔ ԴԱ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԵՆ»

«ԲՈԼՈՐ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԷԼ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ԻՆՉ-ՈՐ ԵՐևՈՒՅԹՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ, ՈՒ ՈՄԱՆՔ ԴԱ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԵՆ»
18.02.2011 | 00:00

Աշխարհի կործանման մասին խոսակցությունները ժամանակ առ ժամանակ բարձր հնչերանգ են ստանում, կապվում այս կամ այն թվականի, տիեզերական բախումների հետ և այլն: 2012-ը հեռու չէ: Այդ թվականի հետ են կապում մեր մոլորակի բախումը Նիբիրու կոչվող մոլորակի հետ:
Նման ասեկոսեները միանշանակ չեն ընդունվում, բայց խուճապն ու հիասթափությունը, ամեն դեպքում, մարդկանց կողքով չեն անցնում: Մարդիկ հավատում են աստղագուշակներին և նրանց կանխագուշակությունների համար հիմնավորումներ, որպես կանոն, չեն պահանջում: Իսկ նրանք, ովքեր կարող են հիմնավորել, հերքել կամ հաստատել տիեզերական երևույթներն ու անոմալիաները, կարծես չեն էլ շտապում պարզաբանումներով հանդես գալ: Էլ չասենք, որ շատերը նույնացնում են աստղագետներին ու աստղաբաններին: Աշխարհի կործանման, աստղագիտության նշանակության և դերի, տիեզերական տարաբնույթ թեմաների մասին է մեր զրույցը աստղաֆիզիկոս, Բյուրականի աստղադիտարանի ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ ՍՄԲԱՏ ԲԱԼԱՅԱՆԻ հետ:

-Ի՞նչ է Նիբիրուն` մոլորա՞կ, ա՞ստղ, աստերոի՞դ, թե՞ պարզապես լեգենդ:
-Խոսքն Արեգակի հետ զույգ կազմող աստղի մասին է: Աստղերի մեծ մասը կրկնակի համակարգ է, ինչից ենթադրություն է արվել, որ Արեգակն էլ կարող է կրկնակի լինել: Բայց դեռևս ոչ մի նման օբյեկտ չի հայտնաբերվել: Հնարավոր է, որ Արեգակի հետ զույգ կազմող աստղը «գորշ թզուկ» (Brown dwarf) տիպի աստղ է: Այդ տիպի աստղերի ջերմաստիճանը բավականին ցածր է, իսկ փոքր չափերը դժվարացնում են նրանց հայտնաբերումը:
-Դա ենթադրությո՞ւն է:
-Այդպիսի աստղեր գոյություն ունեն: Ենթադրություն է, որ Արեգակը կրկնակի աստղ է, և ենթադրվող զույգը այդ փուլում է գտնվում:
Աստղաբանների պնդմամբ` ենթադրյալ Նիբիրուն Արեգակնային համակարգում ունի 3500 տարվա պտույտի պարբերություն և պետք է մոտենա Երկրագնդին 2012-ին:
-Աստղագետները դե՞մ են այդ վարկածներին:
-Այդ վարկածները որևէ գիտական հիմք չունեն, հորինված են աստղաբանների կողմից` տարբեր պատմական տվյալների խաղարկմամբ: Տիեզերական մարմինների հետ բախման հավանականությունը մոտ է զրոյին: Բացի Նիբիրուից, տարբեր թվականներին նրանք կանխատեսում էին երկրագնդի բախումը այլ երկնային մարմինների հետ ու այս կերպ խուճապ տարածում` հետապնդելով ինչ-ինչ նպատակներ:
-Եվրոպական զարգացած երկրներում աստղաբաններն ավելի՞ մեծ թիվ են կազմում, քան մեզ մոտ:
-Վիճակագրական տվյալներ չունեմ:
-Ինչո՞ւ աստղագետներն այնպես չեն աշխատում, որ աստղաբանները չմոլորեցնեն մարդկանց: Մարդիկ, կարծես, նրանց ավելի են հավատում:
-Շատ բնագավառներում է այդպես, լրագրողների մոտ մի՞թե չկան պարբերականներ, որոնք չստուգված տեղեկություններ են տպագրում: Թեև չէի ասի, թե աստղաբանները և աստղագետները մրցակցում են միմյանց հետ:
-Խոսակցություններ կան, որ 2013-ի փետրվարի 18-19-ին արեգնակային ակտիվությունն ուժեղանալու է, մեծ թիվ են կազմելու տիեզերական աղետները: Դա, կարծես, կոչվում է «Մեծ անցում» և կապվում է աշխարհի վերջի հետ:
-2013 թվականի փետրվարի հետ կապված տարածվում է այսպիսի լեգենդ. այդ ժամանակ Երկրագունդը հատելու է Արեգակը և ենթադրյալ Նիբիրուն կապող առանցքը: Առանցքը հատելու ընթացքում փոխվելու են Երկրագնդի մագնիսական բևեռները: Որևէ ֆիզիկական իմաստ այդ «մեծ անցումը» չի կարող ունենալ. Երկրագունդն անընդհատ անցնում է նման առանցքներով, և, ինչպես տեսնում ենք, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենում: Ինչ վերաբերում է Արեգակի ակտիվությանը, ապա գոյություն ունի 11-ամյա պարբերականությամբ ակտիվության փուլ: Դա նշանակում է, որ 11 տարին մեկ Արեգակի վրա տեղի են ունենում ուժգին բռնկումներ, լոկալ մագնիսական դաշտի աճ (արևաբծերի թվի աճ), ինչի հետևանքով հզորանում է Արեգակից Երկրագունդ մղվող մասնիկների հոսքը, որը բացասական հետևանքներ է ունենում մոլորակի կենդանական աշխարհի վրա: Բացի 11-ամյա տարվա ակտիվության փուլից, ենթադրվում է, որ գոյություն ունեն նաև այլ, ավելի մեծ պարբերությամբ փուլեր, օրինակ` 22 տարվա:
-Այդ ենթադրությունը հիմքեր ունի՞:
-Դա երկարատև, մոտավորապես 300 տարվա ուսումնասիրությունների արդյունք է: Գոյություն ունեն Արեգակի «հանգստի» և «ակտիվության» փուլեր, որոնք հաջորդում են միմյանց: Խիստ տեսական բացատրություն այս ամենը չունի, դա միայն երկարատև դիտումների արդյունք է: Տարբեր տարիների գրանցվում էին այդ օրինաչափությունից շեղումներ: Օրինակ, վերջին ակտիվության մաքսիմումը սպասվում է 2011-12 թվականներին, բայց առայժմ որևէ բնորոշ երևույթ չի գրանցվել: Այս ամենը տեղիք տվեց վերանայելու մեր պատկերացումները, օրինակ, Արեգակի տարիքի վերաբերյալ, բայց որևէ լուրջ հիմք այս ամենը չունի, սա գիտության բնականոն զարգացման ուղին է:
-Խոսակցությունները 2013-ի մասին ե՞րբ են սկսվել:
-Կարծում եմ` 2000-ից հետո, երբ աշխարհի կործանումը չիրականացավ: Բոլոր թվականներին էլ աստղագիտական ինչ-որ երևույթներ են տեղի ունենում, ու ոմանք դա խաղարկում են:
-Աստղերը դժբախտություն բերո՞ւմ են մարդկանց կամ ճակատագիր կանխորոշում:
-Կապ չեմ տեսնում: Մարդիկ մեծամիտ են: Մենք ավելի շատ ղեկավարությունից ենք կախված, քան, օրինակ, Նեպտունից:
-Իսկ եթե 2012-ին ոչինչ էլ չլինի, ինչպե՞ս են բացատրելու այդ «վրիպումը»:
-Հավանաբար, կործանումը հետաձգելու են և կապելու են այլ թվականի հետ, երբ մեծանում է որևէ աստերոիդի հետ բախման հավանականությունը, օրինակ` 2027-ին: Գոյություն ունի աստերոիդային անվտանգության հարցերով զբաղվող հատուկ ծառայություն, շատ աստղադիտակներ այդ խնդրով են զբաղվում, զննում են երկնակամարի որոշակի տիրույթ և հայտնաբերում նորանոր աստերոիդներ: Դրանց թվում կարող են լինել պոտենցիալ վտանգավոր աստերոիդներ, սակայն Երկրագնդի հետ հավանական բախման վտանգը չնչին է:
-Պաշտոնական բնույթի բանավեճեր չե՞ն լինում աստղագետների և աստղաբանների միջև: Գուցե իրար ասելու բա՞ն ունենան:
-Բոլորովին: Աստղաբանները գիտական հայտնագործություններին կարող են տալ սխալ, անհիմն մեկնաբանություններ, մոլորության մեջ գցել մարդկանց: Միշտ պետք է զգուշությամբ վերաբերվել նմանատիպ հայտարարություններին: Հիմա տեղեկատվական միջոցները ազատ հասանելի են, ինֆորմացիան հեշտ է տարածել: Կարծում եմ` նման բնույթի յուրաքանչյուր բանավեճ ժամանակի անիմաստ վատնում է, իսկ աստղաբանների հայտարարությունները` հակագիտական:
-Այսինքն, իրենք խոսում են, գիտնականներն էլ չգիտեն ինչպե՞ս հերքեն։
-Հերքելու կարիք չկա, քանի որ աստղաբանները ժամանակ առ ժամանակ իրենք իրենց են հերքում: Նրանց նյութերը ներկայացվում են «բուլվարային» թերթերում կամ ոչ հավաստի տեղեկություններ պարունակող ինտերնետային կայքերում, իսկ գիտնականներն իրենց աշխատանքները տպագրում են նեղ մասնագիտական հանդեսներում: Գիտական աշխատանքը, ցավոք, մասսայականացնելը դժվար և լուրջ աշխատանք է:
-Ստացվում է, նրանք մասսայականացնում են կեղծիքը, իսկ դուք մարդկանց անտեղյակության մե՞ջ եք թողնում:
-Իհարկե` ոչ: Տպագրված են բազմաթիվ ուսուցողական, գիտահանրամատչելի գրքեր, հոդվածներ, տարբեր աշխատություններ: Սակայն ճշմարտությունը հետաքրքիր չէ, մարդկանց գրավում են սենսացիոն նորությունները, որոնք արագ տարածվում են:
-Բայց նրանց ասածների մեջ միգուցե ճշմարտությո՞ւն կա, որ դուք չգիտեք: Գուցե նրանք ուրիշ բան են ասում, աստղագետները` ուրի՞շ:
-Աստղաբաշխությունն ուսումնասիրում է տիեզերական մարմինների ազդեցությունը Երկրագնդի և մարդկանց վրա: Այն, որ Լուսինը կամ Արեգակն էապես ազդում են ոչ միայն մեր մոլորակի, այլ նաև կենդանական աշխարհի վրա, բոլորն են ընդունում, իսկ թե ինչպես են ազդում Պլուտոնը կամ Արեգակնային համակարգի մյուս մոլորակները, և ինչու դա պետք է ոմանց համար ճակատագրական լինի, հասկանալի չէ: Իսկ վարկածները ֆանտաստիկ կինոնկարի հետաքրքիր սցենարից այն կողմ չեն անցում: Օրինակ, ամերիկացի ֆիզիկոս, արկածային գրող Այզեկ Ազիմովն ունի վեպ, կարծեմ «Նեմեզիդա» է կոչվում, ուր նկարագրվում է Արեգակի զույգ աստղը: Պատմվածքը հետաքրքիր է և կարող է լավ սցենար դառնալ ապագա ֆիլմի համար:
-Իսկ ի՞նչ են անում աստղագետները:
-Աստղագիտությունը հիմնարար գիտություն է, ուսումնասիրում է տիեզերական մարմինների կառուցվածքը, զարգացումը, շարժումը, առաջացման մեխանիզմները: Տիեզերքի առաջացման որևէ մեխանիզմ հայտնի չէր լինի, եթե չլիներ աստղաֆիզիկան: Յուրաքանչյուր տարի աշխարհի լավագույն հայտնագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում աստղագիտությանը կամ հարակից գիտություններին: Դրանք կիրառական նշանակություն երևի թե չունեն, բայց նպաստում են գիտության զարգացմանը:
-Իսկ աշխարհի կործանման գիտական հիմնավորումներ, վարկածներ չկա՞ն: Կարծում եմ` աստղագետներին դա պետք է հետաքրքրի:
-Կենդանական աշխարհը գոյություն ունի Արեգակի շնորհիվ, իսկ աստղերն անվերջ նույն հզորությամբ չեն ճառագայթում, զարգացման փուլեր անցնելով` ի վերջո սառչում են, ինչը կարող է կործանման պատճառ հանդիսանալ:
-Այսինքն, Արեգակը մի օր սառչելո՞ւ է: Հնարավո՞ր է հաշվարկել` երբ:
-Միլիարդավոր տարիներ հետո:
-Իսկ առաջարկո՞ւմ են ինչ-որ բան, ասենք, հոգեբանորեն ինչպես նախապատրաստվել աշխարհի կործանմանը կամ ինչպես խուսափել դրանից, եթե, իհարկե, դա հնարավոր է։ Գուցե նոր աշխա՞րհ պետք է գտնել:
-Այդ տեսակետից հիմնական ուսումնասիրությունների առարկան Լուսինն է: Նաև մեծ ներդրումներ են արվել Արեգակնային համակարգի մոլորակների և նրանց արբանյակների ուսումնասիրության համար:
-Այսօրվանից տեղ ենք ման գալիս` «միլիարդ տարի հետո»-ի համա՞ր: (Ակամա հիշեցի անեկդոտը պառավի մասին, որն ագռավ է պահում, որ ստուգի` իսկապե՞ս 500 տարի ապրում է- Ա. Ս.):
-Կարծում եմ` Լուսնի «բնակեցման հարցը» նաև քաղաքական երանգ կստանա: Հիմա աշխարհի գերտերություններն ակտիվ զբաղվում են այդ հարցով: Համաձայն հնչեցված հայտարարությունների` առաջին արդյունքներին կարելի է սպասել մինչև 2050 թվականը:
-Իսկ թթվածնի խնդի՞րը:
-Դա տեխնիկական հարց է, կա սարքավորում, որը թթվածին է արտադրում: Չէ՞ որ տիեզերագնացները տարիներ շարունակ տիեզերանավում են ապրում:
-Արհեստական, ժամանակավոր, անորոշ կյա՞նք ենք ստեղծելու: Իսկ գուցե դա՞ էլ է վեր մեր ուժերից:
-Դա հնարավոր է, իրականանալի, այլ հարց է` իրավունք ունե՞նք, թե՞ ոչ: Եթե ընդունենք այն դոգման, որ միայն երկրի վրա է կյանք ստեղծված, ուրեմն կարելի է գիտությամբ չզբաղվել:
-Լո՞ւրջ եք համարում հայտարարություններն այն մասին, որ այս կամ այն քաղաքացին տարածք է գնել Արեգակի կամ Լուսնի վրա, ընդ որում, ասվում է, որ նոտարն էլ ձևակերպել է փաստաթղթերը:
-Վերջերս մի իսպանուհի «սեփականաշնորհել» էր Արեգակը, իսկ տարիներ առաջ մի ամերիկացի «սեփականաշնորհել» էր Արեգակնային համակարգի մի քանի աստերոիդներ և մոլորակների մի քանի արբանյակներ: Իհարկե, լուրջ չէ:
Կարելի է այլ հետաքրքիր երևույթ նշել: Գրեթե բոլոր երկրներում աստղերի անվանակոչություն է կատարվում: Ինչ-որ կազմակերպություններ, համապատասխան գումարի դիմաց, տալիս են փաստաթուղթ, որում նշված աստղը կոչում են տվյալ մարդու անունով կամ նվիրում նրան:
-Ասվում է, սակայն, որ պետությունները չեն կարող սեփականություն ձեռք բերել աստղերի կամ մոլորակների վրա, ինչը, սակայն, թույլատրվում է ֆիզիկական անձանց:
-Մի քանի տասնյակ տարի առաջ ՄԱԿ-ն ընդունեց հռչակագիր, որի համաձայն` տիեզերքը համամարդկային է և չի կարող պատկանել որևէ երկրի: Սակայն այդ փաստաթղթի տակ չեն ստորագրել մի քանի հզոր պետություններ` ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը…
-Տարաձայնություններ կա՞ն աստղագետների միջև տիեզերական այս կամ այն երևույթների վերաբերյալ:
-Գիտական հակասությունները հիմնավորված են:
-Իսկ աշխարհի կործանմա՞ն վերաբերյալ:
-Ընդհանրապես, գիտական նման հարց չի բարձրացվում, գոնե իմ բնագավառում: Կարծում եմ` մարդիկ են կործանում աշխարհը, այստեղ ոչ մի գլոբալ բնական աղետ էլ չկա:
-Ավելի շատ են բացահայտվա՞ծ երևույթները, թե՞ չբացահայտված:
-Որքան ավելանում են գիտելիքները, չբացահայտվածն է ավելանում: Փիլիսոփայական բնույթի հարց է, ըստ երևույթին, ինչքան մարդիկ շատ բան են իմանում, այնքան շատ հարցեր են առաջանում:
Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1529

Մեկնաբանություններ