ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԳՏՆՎԵՑ ԳՁՕ-ՆԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀԱՆԴԵՊ»

«ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԱՆՊԱՇՏՊԱՆ ԳՏՆՎԵՑ ԳՁՕ-ՆԵՐԻ ՆԵՐԽՈՒԺՄԱՆ ՀԱՆԴԵՊ»
10.06.2011 | 00:00

ՀՀ կառավարությունը քննարկել և հավանության է արժանացրել ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալությունում մշակված «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների (ԳՁՕ) գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կենսանվտանգության հետ կապված հարաբերությունները կարգավորող պետական, կառավարման մարմինների, ԳՁՕ-ների գործածությամբ զբաղվող իրավաբանական, ֆիզիկական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև համապատասխան մասնագետների իրավունքները, պարտականություններն ու սկզբունքները փաստաթղթի մեջ ներառելու, ամրագրելու նպատակով այն ուղարկվել է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների քննարկմանն ու ընդունմանը:
Նախ, որո՞նք են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմները և ե՞րբ են սկսել կիրառվել տնտեսության մեջ:
Այս հարցի պատասխանը փորձեցինք իմանալ ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՏԱՇԵՍ ԶԻՐՈՅԱՆԻՑ:

-Կենդանի վերափոխված (ԿՎ), գենետիկորեն ձևափոխված (ԳՁ) կամ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմները (ԳՄՕ) ստեղծվել են 1980 թվականի սկզբներին, երբ գենային ինժեներիայի ճանապարհով բույսի կամ կենդանու օրգանիզմի բջջի մեջ ներդրվել են արագ ու արմատական եղանակով ներթափանցող օտար հատկանիշներով գեներ: Վերջիններս, վերափոխելով բջջի գենետիկ, ժառանգական և մոլեկուլյար կառուցվածքը, տվել են դրան անհրաժեշտ, ցանկալի ուղղության հատկանիշներ` դարձնելով բույսը 4-5 անգամ ավելի բերքատու, նույնքան էլ` մթերատու կենդանուն: Օրինակ, արկտիկական ձկան` կամբալայի գենը պոմիդորի մեջ ներդնելուց հետո ստացվել է ցրտադիմացկուն պոմիդորի տեսակ, իսկ կոլորադյան բզեզի գենը կարտոֆիլի մեջ տեղակայելուց հետո ստացվել է վնասատուների և հիվանդությունների նկատմամբ առավել դիմացկուն կարտոֆիլ: Մեդուզայի գենը խոզի օրգանիզմի մեջ ներդնելուց հետո ստացվել է բարձր մթերատվությամբ օժտված խոզ: Նույն հատկանիշներն են կրում նաև այսօր մեծ տարածում ունեցող գենետիկորեն ձևափոխված բրինձը, սոյան, եգիպտացորենն ու բամբակը: ԳՁՕ-ների միջոցով կարելի է ստանալ և արտադրել արժեքավոր դեղամիջոցներ պարունակող բույսեր, արագաճ ծառեր, թփեր, ծաղկատեսակներ: Բացի դրանից, ԳՁՕ-ները, առավել կայուն լինելով հիվանդությունների, վնասատուների հանդեպ, միաժամանակ պահպանում են իրենց ապրանքային տեսքն ու սննդային հատկանիշները: Դիմակայելով կլիմայափոփոխություններին ու երաշտին, դրանք լավ են հարմարվում նաև աղակալած հողերում:
-Այնուամենայնիվ, զարգացող այն երկրներում, որտեղ սննդի պակաս կա, մարդիկ մեծ մասամբ հրաժարվում են այդ մթերքն օգտագործելուց: Ինչո՞ւ:
-Գենաինժեներային տեխնոլոգիաները կամ ԳՁՕ-ները, որոնք սկսել են կիրառվել վերջին 10 տարիներին, նպատակաուղղված են սննդի նկատմամբ օրեցօր ավելացող պահանջարկի հաղթահարմանը: Սակայն ինչ ձևափոխություն կստանան դրանք 20-50 տարի հետո կամ ինչ ազդեցություն կունենան գալիք սերունդների առողջության վրա, անհայտ է, քանի որ ԳՁՕ-ների հնարավոր ազդեցությունը մարդկային օրգանիզմի, շրջակա միջավայրի վրա դեռևս լիովին ուսումնասիրված, բացահայտված չէ: ԳՁՕ-ների օգտակար հատկությունների հետ միաժամանակ ցայտուն են դրանց հետ կապված ալերգիկ ռեակցիաները, ինչը ծանրակշիռ ձևով փաստարկել են այդ սննդամթերքի հակառակորդները: Բացարձակ անվտանգության պահպանման հետ, նրանք միաժամանակ պահանջել են սահմանափակել ԳՁՕ-ների տարածումը` չբացառելով դրանց աստիճանաբար և վտանգավոր ներգործությունը մարդկային առողջության, իմունային համակարգի ու շրջակա միջավայրի վրա: Եվ նշված գործոնը չի բացառվում այն գլխավոր պատճառով, որ այդ մթերքների մեջ եղած կենդանի օրգանիզմներում պահպանվում է փոփոխված ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու), որը, վերարտադրելուց բացի, սերունդներին կարող է փոխանցել ձեռք բերված, ոչ բնական ժառանգական գենետիկական նյութը, որի անկանխատեսելի հետևանքները կարող են ի հայտ գալ նաև մի քանի սերնդափոխությունից հետո:
Անցանկալի նորամուծությանը կարող է յուրովի արձանգանքել նաև ինքնին ամբողջական գործող օրգանիզմ համարվող բնությունը:
-Այնուամենայնիվ, ի՞նչ կասեք կատարված ուսումնասիրությունների արդյունքների մասին:
-Ինչպես արտասահմանյան, այնպես էլ ռուս գիտնականների ուսումնասիրություններն ու եզրահանգումները հաստատել են` մարդը որքան շատ է օգտագործում ԳՁՕ, այնքան մեծանում է արյան մեջ չարորակ գոյացությունների, աղեստամոքսային տրակտի և նյարդային համակարգի ախտահարման վտանգը: Ալերգիկ հիվանդություններից բացի, հաստատվել է նաև արյան անոթների անանցանելիության փաստը:
-Որքա՞ն են ԳՁՕ-ների մշակված տեսակները գյուղատնտեսության մեջ:
-Այսօր ԱՄՆ-ում, Արգենտինայում, Կանադայում, Ավստրալիայում, Չինաստանում, Մեքսիկայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Հարավային Աֆրիկայում, Պորտուգալիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում կա ԳՁՕ-ների ավելի քան 120 մշակված տեսակ (սոյա, եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, պոմիդոր, ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ): Աշխարհի շատ երկրների, այդ թվում նաև` Հայաստանի բնակիչների զգալի մասը, անտեղյակ լինելուց բացի, պատկերացում անգամ չունի դրանց օգտագործումից առաջացած հնարավոր հետևանքների մասին, քանի որ չկա համապատասխան տեղեկատվություն` օգտագործվող սննդի մեջ եղած վերոհիշյալ տարրերի, դրանց պիտանիության և օգտակարության վերաբերյալ: Այդ խնդիրը համապատասխան օրենքով կարգավորելու նպատակով 2000 թվականին տագնապի ազդանշան են հնչեցրել առողջապահության համաշխարհային (ԱՀԿ) և միջազգային բնապահպանական մի շարք կազմակերպություններ: Այս ուղղությամբ 2000 թվականին Մոնրեալում 130 երկիր ստորագրել է կենսանվտանգության վերաբերյալ կարթագենյան արձանագրությունը, որի շրջանակներում, ԳՄՕ-ների տեղափոխման միջազգային կանոններից բացի, սահմանվել են դրանք արտադրող, գնող, ներկրող երկրների առևտրային հարաբերությունները:
Պետությունների վտանգման դեպքում արձանագրությամբ թույլատրվում է կիրառել նախազգուշական միջոցներ` արգելելով ԳՁՕ-ների ներկրումը: Բացի դրանից, մի շարք երկրներ, ըստ Եվրոպայի խորհրդի հրահանգի, որոշում են ընդունել սննդի մեջ ԳՄՕ-ի 0,9 տոկոսի պարունակության դեպքում մակնշել այն: Սակայն, չնայած դրան, ԳՁՕ արտահանող երկրները (հիմնականում ԱՄՆ-ը, Կանադան) Եվրախորհրդի վրա մեծ ճնշում են գործադրում` պահանջելով չմակնշել մթերքը:
-Ե՞րբ է սկսվել ԳՁՕ-ների ներկրումը Հայաստան:
-Դրանց ներկրումը Հայաստան սկսել է ավելանալ հատկապես 1990-ական թվականների անցումային շրջանում` մարդասիրական օգնության խողովակներով: Առաջինը սերմացու կարտոֆիլն էր: Հիշյալ տնկանյութի անվճար տրամադրումը, որը բնակչության կենսամակարդակի կտրուկ անկման և ֆերմերներին ցույց տրվող օգնության պետական գործնական բացակայության շրջանում էր, բնականաբար, շրջանառությունից դուրս մղեց տեղական տնկանյութի տեսակները: Նշված ժամանակահատվածում հայկական շուկան անպաշտպան գտնվեց նաև մյուս ԳՁՕ-ների ներխուժման հանդեպ, քանի որ սերմացու կարտոֆիլին հետագայում միացան տոմատի տարատեսակները, արագաճ տնկիները, բարդիները, պահածոյացված եգիպտացորենը, օսլան և այլն: Այսօր էլ վերոհիշյալ երկրներից տարերայնորեն Հայաստան է ներկրվում մեծ քանակությամբ սննդամթերք, որը լայնորեն սպառվում է ներքին շուկայում: Նշենք, որ այդ սննդամթերքի մեջ ԳՁՕ-ների պարունակության մասին պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չկա, քանի որ վերոնշյալ հարցերը չունեն օրենսդրական կարգավորում: Մինչդեռ եվրոպական երկրներում մակնշվում է դրա 0,9 տոկոսից բարձր քանակը սննդամթերքում: Հայաստանը, որը հազվագյուտ և էնդեմիկ մշակաբույսերի հայրենիք է, անկառավարելի ձևով ներմուծելով գենետիկորեն վերափոխված սերմ և տնկանյութ, լուրջ վտանգի է ենթարկում իր բնության անաղարտությունն ու պահպանությունը:
-«Կենդանի վերափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո Հայաստանը ինչքա՞ն պաշտպանված կլինի ԳՁՕ-ների ներմուծումից և անվերահսկելի օգտագործումից:
-Վերոհիշյալ օրենքի ընդունումից հետո, որը հիմնված է ԳՁՕ-ների վնասակար ազդեցությունը կանխարգելող կենսանվտանգության մասին կարթագենյան արձանագրության վրա, կկանոնակարգվեն ԳՁՕ-ների և դրանցից ստացված մթերքների ներմուծման, իրացման, օգտագործման, մշակման, պահպանման, տեղափոխման, արտահանման և անդրսահմանային անվտանգ ոչնչացման վերաբերյալ գործառույթները: Օրենքով կկարգավորվի նաև ՀՀ-ում արտադրվող գենետիկորեն ձևափոխված բույսերի, կենդանիների և սերմերի շրջանառությունը: Փաստաթղթում կնախանշվեն նաև ԳՁՕ-ներում կատարված վերափոխումների դրական ու բացասական ազդեցության գիտականորեն հիմնավորված ռիսկերը: ՀՀ ներկրված կամ ստացված ցանկացած կենդանի օրգանիզմ, որը կենսատեխնոլոգիաների ստացման շնորհիվ ձեռք է բերել գենետիկ նյութի նոր համակցություն, դառնալով կենդանի վերափոխված օրգանիզմ (ԿՎՕ), կենթարկվի օրենսդրական կարգավորման:
ՀՀ օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու նպատակով կկանոնակարգվեն նաև ԳՁՕ սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության պարտադիր մակնշումն ամրագրելու մասին նորմերն ու ընթացակարգը: Համաձայն դրա` սննդամթերքի բաղադրության մեջ ԳՁՕ-ի պարունակությունը 0,9 տոկոսից բարձր լինելու դեպքում մատչելի հայերենով պարտադիր կմակնշվի` սպառողներին տալով սննդամթերքի գիտակցված ընտրություն կատարելու հնարավորություն:
Բացի դրանից, կկարգավորվեն ԿՎՕ-ների ստացման, փորձարկման, անվտանգ փոխանցման, օգտագործման մեխանիզմները, իսկ մեկուսացված համակարգերում` օգտագործման, ազատականացման, ինչպես նաև ռիսկի գնահատման վերաբերյալ գործողությունները:
Կսահմանվեն գործողության ոլորտները, կենսանվտանգության նպատակը, խնդիրները, սկզբունքները, ոլորտում գործող անձանց իրավունքները, կարգավորման ենթակա իրավահարաբերությունները, պարտականություններն ու նրանց նկատմամբ կիրառվող պահանջներն ու սահմանափակումները:
Նշեմ, որ «Կենդանի վերափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքում նախանշվել են նաև որոշումների կայացման գործընթացում հանրության մասնակցության և տեղեկատվության տրամադրման մատչելիության խնդիրները:
Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ


Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ