«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԶՈՐ, ՈՒԺԵՂ, ԱԶԴՈՒ»

«ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՀԶՈՐ, ՈՒԺԵՂ, ԱԶԴՈՒ»
20.04.2010 | 00:00

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ ԱՍԵԼՈՎ` ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՆՔ ՆԱԵՎ ՆԱԽԱԳԱՀԻՆ»
ՎԱՐԴԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ (քաղաքաշինության նախարար)

-Պարոն Վարդանյան, վերջերս ՀՀ վարչապետը կառավարության նիստում ասաց, որ «սկսվում է երկրորդ փուլ» ու խախտում-թերություն թույլ տված բոլոր գերատեսչությունների ղեկավարների նկատմամբ, մինչ այս հայտարարված նկատողության փոխարեն, կիրառվելու են խիստ պատիժներ։ Ձեր առնչությամբ նման «կիրառումներ» կարո՞ղ են լինել, ի՞նչ եք կարծում:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև մեր նախարարության առջև դրված բոլոր խնդիրները մենք ժամանակին կատարում ենք և առայժմ չունենք նման մտավախություն:
-Նվիրված ծառայո՜ւմ եք:
-Այո:
-Ո՞Ւմ:
-Կառավարությանը և մեր ժողովրդին:
-Կեցցե՛ք։ Իսկ նախագահի՞ն:
-Այդ թվում և` նախագահին: Կառավարություն-ժողովուրդ ասելով` հասկանում ենք նաև նախագահին:
-Վատ չի, վատ չի: Հաջորդիվ` կառավարությունը նոր հայեցակարգ է մշակել, ուղարկել նախարարություններին, ըստ որի` նախարարությունների աշխատակազմերի ղեկավարները պետք է հաշվետու լինեն ոչ այնքան նախարարին, որքան վարչապետին: Ստացե՞լ եք «ապրիլյան այդ թեզիսները»:
-Այո, այդ ուղղությամբ մենք աշխատում ենք, նախարարության կառուցվածքում համապատասխան փոփոխություններ լինելու են:
-Գո՞հ եք հայեցակարգից, այն Ձեր սրտո՞վ է:
-Այո, առանձնապես խնդիրներ չկան, հայեցակարգը չի խաթարելու նախարարության աշխատանքները, այնպես որ, ամեն ինչ նորմալ է:
-Բայց, դե, «մույս» կողմից էլ Ձեր լիազորությունները, ասում են, բավականին սահմանափակվելու են, ու Դուք ոչ այնքան ձեր կուսակցությանը, որքան վարչապետին եք հաշվետու լինելու, փաստորեն։
-Ես ուսումնասիրել եմ հայեցակարգը և Ձեր «որոնած» փաստերը չեմ տեսել այնտեղ, ոչ էլ նման մտավախություններ ունեմ:
-Այսպիսով, կարո՞ղ ենք հանգել եզրակացության, որ ԲՀԿ նախարարները շատ բարեհաճ են կառավարության գրեթե ցանկացած ձեռնարկի նկատմամբ:
-Ոչ ցանկացած, բայց ընդհանուր առմամբ` այո:
-«Չցանկացածը» ո՞րն է:
-Եթե կլինեն ինչ-որ նախաձեռնություններ, որոնք մեր կուսակցության ծրագրերին, մեր որդեգրած կուրսին չեն համապատասխանի, չնայած մինչ օրս նման բան չի եղել, բնականաբար, մենք մեր կարծիքը կարտահայտենք:
-Իսկ սիրո՞ւմ եք էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին:
-Իմ գործընկերն է, ես իմ գործընկերներին բոլորին էլ սիրում և հարգում եմ:
-Կեցցե՛ք:

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ»
ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (բնապահպանության նախարար)

-Պարոն Հարությունյան, վարչապետն ասել է` անցնում ենք «երկրորդ փուլ», և խախտումներ կատարած նախարարներն այլևս պատժվելո՜ւ են, եթե «շարունակեն նույն ոգով»: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը «խնդրին»:
-Շատ նորմալ: Ես չեմ ուզում մեկնաբանություններ տալ վարչապետի հանձնարարականների շուրջ:
-Ի՞նչ եք կարծում, Դուք կլինե՞ք այդ «ցանկում»:
-Դա կախված է իմ աշխատանքից:
-Իսկ ինչպիսի՞ն է Ձեր աշխատանքը` ըստ Ձեզ:
-Ես չեմ ուզում իմ աշխատանքին գնահատական տալ:
-Մամուլում ինչ-ինչ հրապարակումներ եղան:
-Գնահատականները տալիս է վերադասը: Այսքանը:
-Կառավարությունը փորձում է կառուցվածքային փոփոխություններ կատարել նախարարություններում, բարձրացնում է աշխատակազմերի ղեկավարների, այսպես ասած, ստատուսը: Դուք քննարկե՞լ եք այդ հայեցակարգը:
-Իհարկե, քննարկել ենք, և շատ նորմալ արձագանքել ենք: Այսինքն, մեր իրավասությունների և լիազորությունների շրջանակներում տվել ենք եզրակացություն:
-Համաձա՞յն եք փոփոխությունների հետ:
-Այո:
-Իսկ Ձեր լիազորությունները դրանով չե՞ն փոքրանում:
-Ո՜չ, լիազորություններն ու պատասխանատվությունն ավելի հստակեցվում են:
-Դո՛ւք էլ կեցցեք:

«ԹԵՐԵՎՍ, ԱՅՈ, ԻՄ ԲԱԽՏԸ ԲԵՐԵԼ Է»
ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ (արտակարգ իրավիճակների նախարար)

-Պարոն Երիցյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում նոր պաշտոնում:
-Շատ լավ: Երեսուն տարի, որպես զինվորական, ծառայել եմ իմ հայրենիքին, իմ ժողովրդին, այսօր էլ, որպես նախարար, ունեմ իմ առջև դրված խնդիրներ` ՀՀ նախագահի, վարչապետի և իմ կուսակցության առաջնորդի ղեկավարության ներքո:
-Դե, եթե 30 տարի ծառայել եք որպես զինվորական, փաստորեն, պետք է թոշակի գնայիք, որովհետև այդ համակարգերում շուտ են թոշակի գնում, բայց, ինչպես տեսնում ենք, «երիտասարդ թոշակառու» եք:
-Այո, ես թոշակառու եմ, այո, երիտասարդ եմ, որի համար, անկեղծ ասած, մի քիչ ամաչում եմ:
-Մի ամաչեք, Ձեր բախտը բերել է, որովհետև այս երկրում որոշ երիտասարդ թոշակառուներ պաշտոնավարում են, ինչպես Դուք, իսկ «որոշներին» բախտ չի վիճակվում:
-Թերևս, այո, իմ բախտը բերել է:
-Բայց, դե, մյուս կողմից էլ Դուք խիստ «արտակարգն» եք, զի միանգամից և 180 աստիճանի տակ փոփոխությունների ու «կազուսների» մեջ հայտնվեցիք` ոստիկանությունից անցաք քաղաքացիական ծառայության: Հե՞շտ էր անցումը:
-Գիտե՞ք, ես զգում եմ, որ իմ առջև դրված խնդիրները շատ լուրջ են, յուրաքանչյուր պաշտոն ունի իր յուրահատկությունը, իր մոտեցումները, փորձում եմ գտնել այս պաշտոնի «լեզուն» և իրականացնել իմ առջև դրված բոլոր խնդիրները։
-Հաջորդ «արտակարգ իրավիճակը» Ձեր կյանքում այն է, որ Դուք դարձել եք նախարար:
-Ես այդտեղ արտակարգ իրավիճակ չեմ տեսնում:
-Լավ է, չէ՞:
-Չէ՜, դժվար է:
-Երրորդ «արտակարգ իրավիճակը» Ձեզ համար այն էր, որ այս տարիքում, նկատի ունեմ «երիտասարդ թոշակառուի», Դուք դարձաք կուսակցական։ Կյանքում առաջին անգա՞մ։
-Այո՛:
-«Ցավո՞ւմ» է:
-Ոչ, ես հպարտ եմ:
-Ինչո՞վ:
-Որ ՕԵԿ անդամ եմ, որ իմ թիկունքին կանգնած է հզոր կուսակցություն, Արթուր Բաղդասարյանի նման առաջնորդ:
-Կեցցե՛ք: Բայց որ ՀՀԿ «գրվեիք», ավելի ուժեղ, առավել հպարտ կլինեիք, Ձեր թիկունքին էլ երիցս հզոր կուսակցություն կունենայիք, էլ չեմ ասում` ինչքան հզոր առաջնորդ: Ինչևէ, հասա՜նք վարչապետին. նա ասել է, որ երկրորդ փուլ է սկսվում նախարարների կյանքում... Արդեն գիտեք: Դուք նոր նախարար եք, բայց, դե, ամեն նոր լավ մոռացված հինն է։ Ի՞նչ եք կարծում, երբևէ կընկնե՞ք այդ «պատժաչափերի» տակ:
-Աշխատանքային խախտում, օրենքներից դուրս որևէ քայլ ես երբևիցե թույլ չեմ տա:
-Իսկ նոր հայեցակարգի հետ համաձա՞յն եք:
-Ես ուսումնասիրում եմ այդ հայեցակարգը, այդ ուղղությամբ դեռ աշխատանքներ, առաջարկներ ունեմ անելու: ՈՒ ամբողջովին համաձայն եմ հայեցակարգի հետ:
-ՈՒզում եք ուժեղացնել վարչապետին:
-Իհարկե:
-Բա ՕԵԿ-ն ո՞ւր մնաց:
-Նույնն էլ` ՕԵԿ-ը:
-Ընդհա՛նրապես կեցցեք:
Նախարարներին «գոտեպնդեց» Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ