«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԱՄԵՆ ԻՆՉ»

«ՎԵՐՋԻՆ ՀԱՇՎՈՎ, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ Է ԿԱԽՎԱԾ ԱՄԵՆ ԻՆՉ»
19.03.2010 | 00:00

Մարտի 12-ին Մոսկվայում ՌԴ նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի ունեցավ կլոր սեղան` նվիրված հայ-ռուսական հարաբերությունների ներկային և զարգացման հեռանկարներին, որի աշխատանքներին մասնակցում էր ԱԺ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ։
-Ի՞նչ ուղղություններով էին ընթանում քննարկումները, պարոն Սաֆարյան։
-Կլոր սեղանը, որին մասնակցում էին տարածաշրջանով զբաղվող փորձագետներ, վերլուծաբաններ, ներկայացուցիչներ ՌԴ ԱԳՆ-ից, գլխավոր շտաբի ակադեմիայից, ուներ երկու հիմնական ուղղություն` հայ-ռուսական հարաբերությունների վիճակը և հեռանկարները: Տասնյակ զեկուցումներ եղան, որոնք կտպագրվեն գրքույկով: Երեք ամիս առաջ նույն ինստիտուտը կազմակերպել էր կլոր սեղան ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ:
-Ինստիտուտում նման քննարկումները պարբերակա՞ն են, թե՞ իրադարձային:
-Չեմ կարծում, որ պարբերական են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ պարոն Ծառուկյանի նախաձեռնությամբ մինչև ամառ Հայաստան կհրավիրվեն Ռուսաստանի խոշորագույն վերլուծական ծառայությունների առաջատար վերլուծաբանները` Հայաստանի ճանաչված վերլուծաբանների հետ մասնակցելու կլոր սեղանի: Երևանում մոտ 40 հասարակական կազմակերպություններ զբաղվում են քաղաքական վերլուծությամբ` տարբեր պատվիրատուների համար: Կարծում եմ` այս նախաձեռնությունը մոսկովյան քննարկումների յուրօրինակ շարունակություն կդառնա, փորձի փոխանակման ու հետաքրքիր համագործակցության հնարավորություն կընձեռի:
-Հայ-ռուսական տնտեսական համագործակցության հեռանկարներն ինչպե՞ս էին գնահատում փորձագետները:
-Ի թիվս այլ ելույթների, այդ թեմայով խոսել եմ նաև ես: Ես հիշեցրի, որ և՛ ՀՀԿ-ն, և՛ ԲՀԿ-ն 2006-2007 թթ. մշակված նախընտրական ծրագրերում շատ կարևոր տեղ են հատկացրել հայ-ռուսական հարաբերություններին, ընդգծելով, թե կարևորագույն ծրագրեր կան, որոնք իրականություն չեն կարող դառնալ առանց Ռուսաստանի մասնակցության:
-Կոնկրետ ո՞ր ծրագրերի մասին է խոսքը:
-Մասնավորապես Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման, որը, ինչպես նախագահը հնչեցրեց 2008-ի սեպտեմբերին, մոտակա ամիսներին սկսվելու է, կառավարությունն էլ հայտարարել է, որ 2010-ին նոր բլոկի կառուցման առաջին քայլերը պետք է արվեն: Երկրորդ ծրագիրը Մեղրին հայկական երկաթուղային ցանցին միացնելն է: Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է հայկական երկաթուղու վերակառուցման և զարգացման ծրագիրը: ԱԺ պատգամավորները, որոնք պետք է մարտի 21-24-ը մասնակցեն Մոսկվայում Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 18-րդ նիստին, Երևան-Գյումրի ուղերթով ուսումնասիրել են արդեն արված աշխատանքները: Եթե երբևէ իրականություն է դառնալու Հարավային Կովկասի երկաթուղին Թուրքիայի հետ միացնելու և Կասպից ծովով Կենտրոնական Ասիա հասցնելու ծրագիրը, առանց հայկական հատվածի վերակառուցման հնարավոր չի լինի այն իրականացնել:
-Բեռնափոխադրումների ծավա՞լը նկատի ունեք:
-Ոչ միայն: Իհարկե, երկու տարի առաջ բոլորովին այլ վիճակ էր, այսօր` այլ, վստահ եմ, որ 2014-ին` վերակառուցումն ավարտելուց և հիմնական ներդրումներն անելուց հետո, կունենանք թե՛ բեռնափոխադրումների ու տեխնիկական հագեցվածության, թե՛ աշխատանքի կազմակերպման առումով ժամանակակից պահանջներին բավարարող երկաթուղի:
-Մտավախություն չունե՞ք, որ ինչպես շատ այլ ծրագրեր, նաև այս ծրագիրը 2014-ին ավարտված չի լինի ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով:
-Չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, որը, իհարկե, նաև Ռուսաստանն է իր սահմանների մեջ առել, ծրագրի ֆինանսավորումը չի ընդհատվել: Վերակառուցման վրա ծախսվելու է մինչև 500 միլիոն ամերիկյան դոլար: Կլոր սեղանի ժամանակ հայ վերլուծաբաններս փորձում էինք ապացուցել Ռուսաստանի մեր գործընկերներին, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունն այլընտրանք չունի: Իհարկե, տնտեսական ու ֆինանսական առումով լեռներում երկաթուղու շինարարությունն արդյունավետ չէ` 2-10 միլիարդ դոլարի շրջակայքում թվեր էին հնչեցվում: Պարզ է, որ նման նախագծի իրագործումը Ռուսաստանը միայնակ հանձն չի առնի: Մենք փորձում էինք հիմնավորել, որ խնդիրը ոչ միայն տնտեսական է, այլև քաղաքական:
-Քաղաքական ի՞նչ խնդիր է լուծում Իրան-Հայաստան երկաթուղին:
-Հայաստանի տրանսպորտային կենսունակության խնդիրն է դրված` ներառյալ ոչ միայն տնտեսական զարգացման հնարավորությունները, այլև քաղաքական նոր իրավիճակի ձևավորումը: Հայաստանը, Վրաստանն իր նավահանգիստներով Իրանին կապելու հնարավորությունն ունի ռազմավարական նշանակություն, որը տարածաշրջանային զարգացման նոր հեռանկարներ է բացում:
-Ռուս վերլուծաբաններն իրենց շահերից բխող այդ հեռանկարները չե՞ն տեսնում։
-Ռուս տնտեսական վերլուծաբաններից շատերը բավականին սկեպտիկ են, նրանք լուրջ հիմնավորումների անհրաժեշտություն են տեսնում: Ես կարծում եմ` այս հարցը ոչ այնքան տնտեսական է, որքան քաղաքական, և քաղաքական մակարդակով էլ պետք է լուծում ստանա:
-Ժամանակին շատ էր խոսվում Հայաստանում նավթավերամշակման համալիրի շինարարության մասին, նույնիսկ ստեղծվելիք աշխատատեղերն ու մաքուր շահույթն էին հաշվարկվում։ «Մեռա՞վ» այդ ծրագիրը:
-Իրավացի եք` 2005-2006 թթ. կար նման ծրագիր, սա հենց այն դեպքն է, երբ ծրագրի սառեցումը կարող է պատճառաբանվել ճգնաժամով: Նախատեսվում էր Իրանից նավթը ներմուծել Հայաստան և նավթավերամշակման համալիրում արտադրված բենզինը վերադարձնել Իրան (մի քանի միլիարդ դոլար է ծրագրի արժեքը): Համոզված եմ, որ ծրագիրը չի վախճանվել, և քննարկումները կաշխուժանան ճգնաժամի հաղթահարմանը համընթաց: Հայաստանում արվող ռուսական բոլոր ներդրումները, որոնք անկախության տարիներին կազմել են մոտ 2 միլիարդ ամերիկյան դոլար, ուղղակի ներդրումներ են տնտեսության մեջ:
-Ասացիք, որ, տնտեսականից բացի, քննարկվել են նաև քաղաքական հարցեր: Կոնկրետ` հայ-թուրքական հարաբերությունների հարցում ի՞նչ հեռանկարներ են տեսնում ռուս վերլուծաբանները:
-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնությունը նախագահ Բարաք Օբամայի հավակնոտ քաղաքականության արդյունք է: Պարզ է, որ ԱՄՆ-ը բավարար ուժ ու ազդեցություն ունի այդ գործընթացում որպես համահովանավոր ընդգրկելու Ռուսաստանին և Եվրամիությանը: Պարզ է նաև, որ ՌԴ-ն իր կառուցողական մասնակցությունն է ունեցել, որովհետև կողմնակից է եղել ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ երկխոսության զարգացմանը տարածաշրջանային հարցերում ընդհանրապես: Բայց ո՞վ պետք է անի առաջին քայլը, ո՞վ է լինելու ուժային կենտրոնը, որը վճռական ճնշումով առաջ է մղելու այս հարցը: Ակնհայտ է, որ երկխոսությունն առանց նոր ու լուրջ ազդակի առաջ չի գնում, և Թուրքիայում գերիշխում է մտայնությունը` ոչ մերժել, ոչ վավերացնել արձանագրությունները:
-Ինչպես 6 տարի Կիպրոսին վերաբերո՞ղ արձանագրությունները:
-Այո, և Կիպրոսի արձանագրությունների վավերացումն այսօր այլևս ակտուալ չէ, ինչպես կարող է ակտուալ չլինել հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ինչ-որ ժամանակ հետո: Իսկապես, հայ-թուրքական երկխոսության մասին Ռուսաստանում շատ խոսվեց, հայ և ռուս վերլուծաբանների եզրակացությունն էլ մեկն էր` Թուրքիան չի շտապելու կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, անհնար է, որ միայն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ԵՄ-ի հորդորով թուրքական իշխանությունները վավերացնեն արձանագրությունները և բացեն սահմանը: Թուրքիայում առկա մի շարք ներքին խնդիրների պատճառով վերլուծաբանները հակված են կարծելու, որ Անկարան կոշտ դիրքորոշում է որդեգրելու Հայաստանի հարցում և Հայաստանի հետ հարաբերությունները պայմանավորելու է ղարաբաղյան հարցում Հայաստանի կողմից զիջումներով:
-Փաստորեն, նախապայմանները մնալու են իբրև փոխհարաբերությունների հաստատման պայմաննե՞ր:
-Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի շահերի հաշվին թուրքական պետությունը արագ զիջումների չի գնա:
-Թուրքիայի համար աշխարհն Ադրբեջանով սկսվում ու Ադրբեջանով ավարտվո՞ւմ է, հնարավոր չէ՞, որ Թուրքիան առաջնորդվի միայն իր ազգային շահով ու այլ դիրքորոշում որդեգրի` տարածաշրջանում իր նոր դերի ու առաքելության բարձր գիտակցությամբ:
-Իհարկե, այդ տեսակետն էլ կա, որ, հանուն Հարավային Կովկասում իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու, Թուրքիան կարող է դիմել փափուկ ուժի քաղաքականությանը` շարունակելով երկխոսությունը միաժամանակ Ադրբեջանի ու Հայաստանի հետ, և դրանով փորձելով առաջ մղել իր ներկայության հարցը: Հայ-թուրքական հարաբերությունների շրջագծում մանրամասն քննարկվում էր` արդյոք Հայաստանը սահմանի բացման դեպքում կդիմակայի՞ Թուրքիայի տնտեսության ճնշմանը: Ռուս վերլուծաբաններից մեկը բերում էր Բաթումի և Փոթիի օրինակը (Աջարիայում կարծում էին, որ դառնալու են իրավիճակի տեր ու առոք-փառոք ապրելու են, բայց դարձան թուրքական ընկերությունների սպասարկողներ) և հարցնում էր` նույնը չի՞ կրկնվելու Հայաստանում:
-Գետը չտեսած` չեն բոբիկանում, բայց վստա՞հ եք, որ այդ հարցը փորձագիտական մակարդակով ուսումնասիրված է Հայաստանում:
-90-ական թթ. առաջին կեսին կար մտահոգություն, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեպքում թուրքերը կարող են, մեղմ ասած, գնել Հայաստանը, ուղղակի կլանել հայկական նոր ձևավորվող տնտեսությունը: Այսօր արդեն այդ վտանգը չկա, որովհետև Հայաստանի տնտեսական դաշտը` աղքատ-հարուստ, լավ-վատ, բայց կայացած է և որոշակի արժեք ունի: Հետո` ապրանքը պետք է վաճառվի, որ գնես, կամ էլ ստիպված պիտի լինեն վաճառել, որ գնես: Հայաստանում երկու վիճակն էլ չկա: Երբ մի քանի տարի առաջ մոսկվայաբնակ մեր ականավոր հայրենակից, «Տրոյկա-դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանն ուզում էր կոնսորցիում ստեղծել և գնել Բուրսայի մերձակա թուրքական ավտոմոբիլային ընկերություններից մեկը, որ վաճառվում էր 2 միլիարդ դոլարով, Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նիստ գումարեց և որոշեց հայ գործարարին ընկերություն չվաճառել: Եթե Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ Թուրքիայում կան օրենքներ, որոնք պետության հայեցողությանն են թողնում այս կամ այն ընկերությունը, հողատարածքը վաճառել-չվաճառելու հարցն ազգային անվտանգության սկզբունքներով բացատրելը, ինչո՞ւ Հայաստանը չի կարող ունենալ օրենքներ, որոնք կսահմանափակեն անկանոն առքուվաճառքը:
-Ազգային ժողովում կա՞ նման մտահոգություն` օրենսդրական նախաձեռնության տեսքով:
-2010-ին մենք ընդունելու ենք օրենքներ, որոնք հնարավորություն կտան պետության ազգային անվտանգության շահերի տեսանկյունից կարգավորելու նման հարցերը:
-Բնականաբար, նման քննարկման ժամանակ չէր կարող շրջանցվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
-Հայ-ռուսական վերլուծական հանրությունը սխալ է համարում Ղարաբաղի հարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելը, որովհետև դա նշանակում է երկու հարևանների առաջ երրորդ հարևանին միայնակ թողնել և զինաթափել: Ռուսները կարծում են, որ Ղարաբաղի հարցն առանձին հարց է, որը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ պետք է կարգավորվի, իսկ հայ-թուրքական երկխոսությունը հայերի և թուրքերի հնարավոր հաշտության հարցն է` առանց նախապայմանների և ողջամիտ ժամկետներում: Այլապես հաշտեցման գործընթացը կորցնում է իր հրատապությունը:
-Ադրբեջանցիները կարծում են, թե ԵԱՀԿ ՄԽ անդամ Ռուսաստանը Հայաստանի վրա պիտի ճնշում գործադրի տարածքները վերադարձնելու հարցում, և դա պետք է լինի Ռուսաստանի սուրբ գործը: Համաձա՞յն են ռուսներն այդ դերին:
-Ռուսաստանն ունի բավարար ազդեցություն, ինչպես ԱՄՆ-ը, ինչպես ԵՄ-ն, ներգործելու թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա, այդ հորդորը տարբեր փաթեթավորմամբ միշտ էլ եղել է և միշտ էլ լինելու է: Կողմերը հասել են պատային իրավիճակի, երբ ընդունելի զիջմանն ուղղված քայլը ոչ մեկը չի ուզում անել: Դեռ մի քանի օր առաջ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ժոաո Սուարեշը հայտարարում էր, թե նախագահ Ալիևը պիտի քաղաքացիական խիզախ քայլ կատարի` համաձայնելով կարգավորման մադրիդյան սկզբունքներին:
-Այնուհանդերձ` շատերն են համոզված, որ ԼՂ-ի հարցի լուծումը Ռուսաստանին ձեռնտու չէ, որովհետև կորցնելու է իր ներգործության շատ ազդեցիկ լծակները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա:
-Ռուսաստանին դա ո՛չ ձեռնտու է, ո՛չ էլ ձեռնտու չէ: Ռուսաստանը գործ ունի քաղաքական իրողության հետ, որն ապաինտեգրման վիճակում է պահում Հարավային Կովկասն արդեն 18 տարի: Այդ թնջուկը քանդելը միայն Ռուսաստանի խնդիրը չէ, որը շատ կարևոր, բայց միակ խոշոր խաղացողը չէ այս դաշտում: Թնջուկը կարող է հանգուցալուծվել երեք բևեռների համադրված շահերի դեպքում, եթե հակամարտության կողմերը կառուցողական են տրամադրված և ուզում են, որ հարցը լուծվի: Վերջին հաշվով, Հայաստանից ու Ադրբեջանից է կախված ամեն ինչ:
Զրուցեց Անահիտ ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 1329

Մեկնաբանություններ