ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»

«ԳՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՈՒ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»
26.10.2010 | 00:00

Օրերս Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, թե Հայաստանի իշխանությունները խաբել են ԵԽ-ի ներկայացուցիչներին։ «Չեմ կարծում, թե միջազգային հանրությունը շատ խաբված է: Միգուցե ուզո՞ւմ են դեռ խաբված լինել: Եվրոպական կառույցները չեն կարող չիմանալ, թե Հայաստանում ինչ է կատարվում: ՀԱԿ-ը բազմաթիվ հանդիպումների ժամանակ ներկայացնում է երկրի ոչ ժողովրդավարական վիճակը, նամակներ ուղղում այդ կառույցներին: Հավանաբար, դեռ չի եկել այն պահը, որ նրանց արձագանքը շատ սուր լինի: Այժմ պահն արդեն հասունացել է, քանի որ այն հանցագործությունները, որոնք այս իշխանություններն են թույլ տվել տարիներ շարունակ, բումերանգի նման, ի վերջո, հարվածելու են նրանց: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի ասածին, կարծում եմ, ամեն մի անկախ, ինքնիշխան պետություն ինքը պետք է զբաղվի իր երկրում ժողովրդավարության հիմքերի հաստատմամբ, և այս ուղղությամբ միայն ՀԱԿ-ն է աշխատում: Վստահ եմ, որ ոչ միայն Հայաստանում են հասկացել, այլև աշխարհն է ընկալել, որ կոնգրեսն իրական այլընտրանք է դարձել իշխանություններին: Շատ գոհ եմ, որ շարժումն այս ճանապարհով է գնում: Արագ հաղթանակները միշտ չէ, որ կարողանում են ժողովրդավարության հիմքերն ամրացնել, իսկ կոնգրեսի առաքելությունը հենց դա է»,- մեր դիտարկմանն այսպես արձագանքեց ՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ:
-Այսօր իշխանություններն ընդդիմությանն են մեղադրում, թե դրսից «տղա են բերում», «դրսի տղաներն» էլ ասում են՝ մենք Հայաստանի ներքին խնդիրների հետ գործ չունենք: Փաստորեն, ժողովրդավարության հիմքերն ամրացնելու ողջ ծանրությունը կոնգրեսն իր ուսերի՞ն պիտի «տանի»:
-Նախ` Հայաստանը ԵԽ-ի անդամ է, իսկ այդ «տղաներին» ժամանակ առ ժամանակ Սերժ Սարգսյանն է հրավիրում Հայաստան: Այնպես որ, մենք «տղա բերելու» խնդիր չունենք: Եթե իշխանությունն այնտեղ ներկայացնում է, թե ամեն ինչ լավ է, բնականաբար, որպես ընդդիմություն պարտավոր ենք իրականությունը ներկայացնել, ինչն էլ անում ենք: Ինչ վերաբերում է վերջին հանրահավաքին, երբ «տղաներն» այստեղ էին, ինչո՞ւ մենք չպիտի օգտվեինք դրանից և ավելի տեսանելի չդարձնեինք երկրում ստեղծված իրավիճակը, այն դեպքում, երբ բազմաթիվ նամակներով նրանց արդեն դիմել էինք: Իսկ «տղա բերելը» նրանց է հատուկ, ովքեր «գողական» աշխարհից են:
-Նշեցիք, որ ընդդիմության խնդիրը ժողովրդավարության հիմքերի ամրացումն է. այդ ճանապարհին որքանո՞վ եք կարևորում հերթական խորհրդարանական ընտրություններին կոնգրեսի մասնակցությունը, քանի որ ընտրությունը ևս ժողովրդավարության բաղկացուցիչներից է:
-Այսօր վերստին փորձում են ընտրական օրենսգիրքը բարեփոխել: Շատ ծիծաղելի է, որ Հայաստանի նման երկրում որևէ մեկը կարող է հույսը դնել օրենսգրքի բարեփոխման վրա: Հայաստանում վերջին տասնամյակում երբևէ ընտրական օրենսգիրքը չի աշխատել: Եթե նույնիսկ ամենաանկատար օրենսգիրքը կիրառվեր, այս երկրում արդար ընտրություններ կլինեին: Բայց օրենսգրքի կատարելությունը մեզ համար երաշխիք չէ, որ գալիք հերթական ընտրությունները կանցնեն թափանցիկ և արդար: Մեր երկրում ոչ մի արդար ընտրություն չի կարող տեղի ունենալ նույնիսկ չափազանց կատարելագործված օրենսգրքի պարագայում, քանի դեռ իշխում է այս օլիգարխիկ կլանը: Ավելի շատ կցանկանայի խոսել արտահերթ ընտրությունների մասին, ինչն արդեն իսկ տեսանելի է, որովհետև այս իշխանությունները փակուղում են: Պատահական չէ, որ ԱՄՆ-ում հանցավոր խմբավորում է բացահայտվում: Կարծում եմ՝ տարիներ առաջ այն արդեն բացահայտված էր, սակայն հարմար պահի էին սպասում: Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում:
-Ի դեպ, իշխանության կողմից այս առումով փոխադարձ մեղադրանք հնչեց, թե «պզոներ» նաև Տեր-Պետրոսյանի տարիներին կային:
-Չեմ բացառում: Վստահ եմ նաև, որ հետո էլ կլինեն, քանի որ հանցագործ աշխարհն ամեն երկրում էլ իր «պզոներն» ունի: Բայց սա չի նշանակում, որ Տեր-Պետրոսյանը կամ որևէ այլ երկրի նախագահ պիտի համագործակցի նրանց հետ: Տարբերությունը դա է: Այսօր տեսանելի է արդեն այս իշխանության ու «Պզոյի» կապը, ինչն ԱՄՆ-ի Դաշնային բյուրոյի դատախազությանն իրավունք է վերապահում «ազատ» Հայաստանի բանկային համակարգում հետաքննություն անցկացնելու: Մինչդեռ սա մեր անվտանգության օղակներից մեկն է: Սա նշանակում է, որ իշխանություններն այնքան թույլ են, որ կարողացել են կոմպրոմատների լեզվով նրանց հետ խոսել։
-Վերադառնալով արտահերթ ընտրությունների թեմային՝ նախ պարզենք՝ խորհրդարանակա՞ն, թե՞ նախագահական:
-Համոզված եմ՝ լինելու են արտահերթ նախագահական ընտրություններ, որովհետև չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանն ի վիճակի է լուծարելու խորհրդարանը: Այսօր օրենսդիր օրգանը վերածվել է մի հանցավոր խմբավորման, որտեղ բոլոր օրենքներն ուղղակիորեն հարմարեցվում են կլանի շահերին: Ամեն կարգի ընտրություն կարող է իրականանալ, եթե այս տեսակը վերանա իշխանական համակարգից: Իհարկե, կան ազնիվ մարդիկ, ովքեր կլանի զոհերն են, քանի որ չեն կարող չպահել խաղի կանոնները: Եթե խախտեն, կոչնչանան:
-Արտահերթ նախագահական ընտրություններում կոնգրեսը Տեր-Պետրոսյանի՞ն է առաջադրելու:
-Մենք բոլորս համախմբվել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը, և մեր միակ ու նախընտրելի թեկնածուն նա է: Գնալու ենք մինչև վերջ ու միանշանակ հաղթելու ենք:
-Այսօր իշխանական ուժերի մեջ լուրջ խլրտումներ են գնում, չնայած վերջիններս դրանք մտացածին են համարում: Ձեր տպավորությամբ այդպե՞ս է:
-Կարծում եմ՝ նրանց մեջ կա լուրջ հակասություն: Փողի վրա կառուցված գաղափարազուրկ իշխանությունը, որքան էլ նույն շահերով առաջնորդվի, վաղ թե ուշ փլուզվելու է նույն հակասությունների պատճառով:
-Ընդդիմադիր բևեռն էլ միատարր չէ: ՀՅԴ-ն ՀԱԿ-ին խիստ արմատական է համարում, պարզ չէ` «Ժառանգությունը», ի վերջո, կոնգրեսին կմիանա՞, թե՞ ոչ: Ի՞նչ է սպասվում այս «ֆրոնտում»:
-Հայաստանում կարող է լինել միայն արմատական ընդդիմություն, որովհետև ընդդիմություն խաղալով այս իրավիճակը չես կարող փոխել: Միայն արմատական ընդդիմությամբ կարող ես դրական արդյունք ապահովել: Մեկ տասնամյակից ավելի հայ ժողովրդի նկատմամբ իրականացվում է քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական, արժեհամակարգային տեռոր: Այս ամենը մարդկանց մղում է տոտալ արտագաղթի, երկիրը լքում են շարքային քաղաքացին, մտավորականը, ազնիվ գործարարը: Եթե սրա դեմն արմատական ընդդիմությունը չկարողանա առնել, երկիրը կործանվելու է: Եթե այս իրավիճակով հերթը հասնի հերթական ընտրություններին, կարող ենք այլևս չմասնակցել:
-Երբ Տեր-Պետրոսյանը նախավերջին հանրահավաքի ժամանակ խոսեց կոռուպցիայի մասին, ոմանք նրա ելույթում հայ օլիգարխներին ուղղված «մեսիջներ» նկատեցին: Ձեր մեկնաբանությունը:
-Տեր-Պետրոսյանն իր կարծիքի մեջ ազնիվ էր: Բոլոր օլիգարխներն էլ այս համակարգի զոհերն են: Իհարկե, կան մարդիկ, որոնց վարքագիծը և՛ քաղաքականության, և՛ բիզնեսի մեջ արդարացում չունի, սակայն ՀԱԿ-ը խնդիր չունի որևէ մեկին մեսիջ ուղարկելու: Յուրաքանչյուր նորմալ գործարար կցանկանար աշխատել օրինականության դաշտում ու հանգիստ ապրել այս երկրում։ Դա ավելի պատվաբեր է:
-Եթե արդարացման ոչ ենթակա գործարարները կանգնեն կոնգրեսի կողքին, նշանակում է` «արդարացա՞ն»:
-Այս հարցին կարող են պատասխանել այն մարդիկ, ովքեր զբաղվելու են բիզնեսով: Կարծում եմ՝ այդ պարագայում նրանց գործունեությունը կտեղափոխվի օրինական դաշտ, կվերահսկվի: Եթե հանցագործ են, կպատժվեն:
-Եվ վերջում` եռանախագահների առաջիկա հանդիպումն Աստրախանում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
-Նման կարգի հանդիպումների մասին, սովորաբար, գոնե մեկ ամիս առաջ հայտարարում են, մեկ շաբաթ առաջ օրակարգ է ներկայացվում: Սա ժամերի ընթացքում կայացված որոշում էր, և մեր «տղային» ուղղակի «բերման են ենթարկել»՝ նախապատրաստելով Աստանայի հանդիպմանը:
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 1215

Մեկնաբանություններ