«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ ԿԼԻՆԵՐ ԱՅՆ, ՈՐ ՈՐԴԻՆԵՐՍ ԼԻՆԵԻՆ ԻՄ ԿՈՂՔԻՆ»

«ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՐԳԵՎԸ ԿԼԻՆԵՐ ԱՅՆ, ՈՐ ՈՐԴԻՆԵՐՍ ԼԻՆԵԻՆ ԻՄ ԿՈՂՔԻՆ»
06.11.2009 | 00:00

Օրերս Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի կողմից Հայաստանի ազգային հերոս ՎԻՏՅԱ ԱՅՎԱԶՅԱՆԻ մայրը` վաստակավոր մանկավարժ ԿԻՄԱ ԱՎԱԳՅԱՆԸ, պարգևատրվեց ոսկե հուշամեդալով։ Սակայն զրույցը նրա հետ կրկին շրջվեց 19-ամյա վաղեմության իրադարձությունների շուրջը։ Այդպես է երևի կյանքում. ոչինչ չի կարող ամոքել որդուն կորցրած մոր վիշտը։
-Տիկին Կիմա, օրերս Նանսենի հիմնադրամը Ձեզ պարգևատրեց ոսկե հուշամեդալով։ Ի՞նչ զգացողություն ունեցաք պարգևը ստանալիս։
-Իհարկե, ուշադրության համար շատ շնորհակալ եմ Նանսենի հիմնադրամին, նրա հիմնադիր նախագահ Ֆելիքս Բախչինյանին։ Ամեն դեպքում հաճելի է, երբ քո համեստ վաստակը գնահատվում է։ Բայց, իհարկե, ամենամեծ պարգևը կլիներ այն, որ որդիներս լինեին իմ կողքին։ Ոչ մեկին չեմ ցանկանա, որ երեք տարվա տարբերությամբ երկու որդի կորցնի` երկուսն էլ 35 տարեկան։
-Անցած տարիների ընթացքում ոչ մի նոր բան չի՞ բացահայտվել` Ձեր տղաների մահվան հետ կապված։
-Ո՛չ, թեպետ հույսս չեմ կորցնում, որ ճշմարտությունը մի օր ի հայտ կգա։ Այն հանգամանքը, որ 1990-ի օգոստոսի 29-ին իմ որդու` Վիտյա Այվազյանի և Գեղազնիկ Միքայելյանի` Չաուշի մահը քաղաքական նպատակներով կատարված սպանություն էր, ինձ համար գոնե կասկածից դուրս է։ Բոլորս հիշում ենք, թե 1990-ի օգոստոսին ինչ ներքաղաքական իրավիճակ էր Հայաստանում, և օրվա իշխանությունը, դիրքերն ամրապնդելու համար, նպատակ էր դրել ասպարեզից հանել ՀԱԲ-ը։ Ինչպես որդուս և Չաուշի մահվան տարելիցին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, նրանք դրվեցին «քաղաքական զոհասեղանին»։
-Այն, որ ՀԱԲ-ը որոշակի վտանգ էր գործող իշխանության համար, անհերքելի փաստ է։ Բայց, ամեն դեպքում, այդ սպանության գործով կա դատավճիռ, և ՀԱԲ-ի այն մարտիկը, որը կրակել էր նրանց վրա, դատապարտվեց ազատազրկման։
-Այո՛, 9 տարվա ազատազրկման դատապարտվեց, պատիժը կրեց և ազատվեց բանտից։ Բայց ես համոզված եմ, որ իրականում նա կապ չուներ, դատավարության ժամանակ ինքն էլ էր պնդում, որ չի կրակել Վիտյայի վրա։
-Դե, ո՞ր մարդասպանը հենց այնպես կխոստովանի, որ սպանել է...
-Խնդիրը դա չէ։ 1990-ի օգոստոսի վերջին ստեղծված այդ լարված իրադրության մեջ Վիտյան ակտիվ մասնակցություն ուներ և ամեն ինչ անում էր, որ իշխանությունների ու ՀԱԲ-ի հակադրությունը խաղաղ հանգուցալուծում ունենա։ Տանն առանձնապես այդ մասին չէր խոսում, բայց մի քանի անգամ ասել է, որ ՀԱԲ-ից ոչ մի վտանգ չկա, և այդ խնդիրը հնարավոր է շատ հանգիստ կարգավորել, որովհետև ՀԱԲ-ը հակազգային ուժ չէ, երկրի անվտանգությամբ մտահոգ մարդիկ են այնտեղ հավաքված։ ՀԱԲ-ում նա բազմաթիվ ծանոթներ ու ընկերներ ուներ։ ՈՒստի երբ օգոստոսի 29-ին այդ դեպքը տեղի ունեցավ, մենք, որքան էլ ցնցված և շոկի մեջ էինք, միևնույն է, դժվար էր հավատալ, որ ՀԱԲ-ը կարող էր շահագրգռված լինել նրանց մահվամբ։ Հետագա օրերին ամուսինս, դուստրս` հեռուստալրագրող Տիրուհի Այվազյանը, և կրտսեր որդիս` Վահան Այվազյանը, զբաղված էին դեպքի հանգամանքները պարզելով։ Օգոստոսի 29-ին Վիտյայի հետ անմիջական շփման մեջ եղած մարդկանց պատմությունները շատ իրարամերժ էին, և շատ բաներ չէին համընկնում պաշտոնական վարկածի հետ։
-Պաշտոնական վարկածն այն էր, որ նրանք գնացել էին ՀԱԲ-ի շտաբ` բանակցությունների, և այդտեղ էլ եղել էր դեպքը։
-Այո՛, բայց հենց պաշտոնական մարմինների իրականացրած փորձաքննությունն էր կասկածներ հարուցում, որ հնարավոր է այդպիսի բան։ Որովհետև, ըստ պաշտոնական վարկածի, հավկուրություն ունեցող ՀԱԲ-ի մարտիկը, որը, ի դեպ, երկու օր էր այդ կառույցի անդամ, 16 մետր հեռավորությունից դիպուկ կրակել ու սպանել էր երկուսին։ Մինչդեռ մենք տարբեր աղբյուրներից արդեն այդ ժամանակ իմացանք, որ կա հավաստի տեղեկություն, թե իրականում փոխհրաձգությունը եղել է Արաբկիրի շրջանում։ Վիտյան և Չաուշը սպանվել են այնտեղ, և հետո դիակները բերվել ու դրվել են կինո «Երևանի» մոտ գտնվող ՀԱԲ-ի շտաբի մերձակայքում։ ՀՀՇ-ում Վիտյայի ընկերներից տարբեր մարդիկ տարբեր կերպ էին ներկայացնում այդ ամբողջը։ Կային պնդումներ, թե իբր ՀԱԲ-ի շտաբի մոտ խփվելուց հետո Արարատի երկրապահ տղաները Վիտյային տեղափոխել են հիվանդանոց։ Բայց քրեական գործով ոչ մի այդպիսի մարդ չանցավ։ Ամբողջ նախաքննությունն ու դատաքննությունը գնաց միայն պաշտոնական վարկածն ամրապնդելու ուղղությամբ։ Մենք չհաշտվեցինք դրա հետ, և չորս տարվա դատավարության ընթացքում երեք դատավոր փոխվեց, սակայն, ի վերջո, մեղավոր ճանաչվեց հավկուրություն ունեցող այդ երիտասարդը, որը Հայաստան էր գաղթել Կիրովաբադից ու միայն մի մայր ուներ։ Հետագայում դուստրս այցելել էր կալանավայր, որտեղ նա կրում էր պատիժը, ասել էր, թե ինքը ոչ մի կապ չունի։
Դրա համար էլ տարիների ընթացքում մեր մեջ ամրապնդվել էր այն համոզմունքը, որ այդ սպանությանը, այսպես թե այնպես, առնչվում էին օրվա իշխանությունները, և այն օգտագործվեց նրանց քաղաքական նպատակներն իրագործելու համար։ Մանավանդ որ, այդ ժամանակ արդեն Վիտյան լուրջ վերապահումներ ուներ ՀՀՇ-ի վարած քաղաքականության և հենց Տեր-Պետրոսյանի անձի նկատմամբ։ Այսինքն, չէր բացառվում, որ ժամանակ անց այդ տարաձայնություններն ակնհայտ կդառնային, իսկ նա ՀՀՇ-ում բավականին լուրջ հեղինակություն ուներ։ Մեր համոզմունքն ավելի ամրապնդվեց, երբ նույնքան կասկածելի հանգամանքներում, երեք տարի անց Սանկտ Պետերբուրգում սպանվեց կրտսեր որդիս` Վահան Այվազյանը։
-Նա, եթե չեմ սխալվում, մարզիկ էր, նաև գործարարությամբ էր զբաղվում։
-Այո, նա շնորհալի բռնցքամարտիկ էր, 1980-ից հանդես էր գալիս ԽՍՀՄ զինված ուժերի մարզական ակումբում, 1982-ից հիմնականում բնակվում էր Լեհաստանում։ Ի դեպ, Լեհաստանի Լոձ քաղաքի պատանի բռնցքամարտիկների մարզադպրոցն այսօր կոչվում է նրա անունով։ Հետագայում Վահանը զբաղվում էր ակտիվ գործարարությամբ։ Նրա մահից հետո մենք իմացանք, որ ակտիվորեն օգնել է Հայաստանում սկսված շարժմանը, մինչև 1990-ը սննդամթերքի, նաև զենքի խմբաքանակներ է ուղարկել Հայաստան։ ՀՀՇ-ի վերնախավում շատերն էին ճանաչում նրան, գիտեին, որ Վիտյայի եղբայրն է։ Բայց օգոստոսի 29-ից հետո նա դադարեցրեց բոլոր տեսակի հարաբերություններն օրվա իշխանությունների հետ, որովհետև ինքն էլ կասկածներ ուներ Վիտյայի մահվան հանգամանքների հետ կապված։
-Եվ այդ կասկածներն արտահայտել է բարձրաձա՞յն։
-Ցավոք սրտի, այո։ Վահանն առհասարակ շատ վճռական ու ձեռներեց մարդ էր և անմիջապես ձեռնամուխ եղավ եղբոր սպանության հանգամանքները պարզելուն։ Սովորաբար Հայաստանում երկար չէր մնում, գալիս-գնում էր մեկ-երկու օրով։ Բայց այդ ընթացքում շփվում էր իրեն անհրաժեշտ մարդկանց հետ, այդ թվում` ՀԱԲ-ի մարտիկների, ՀԱԲ-ի հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հետ։ Ժամանակի ընթացքում համոզվել էր, որ եղբոր մահը խիստ մութ պատմություն է, մի քանի անգամ ասել է, որ վրեժ է լուծելու։ Այդ թվում նաև` տնից դուրս է խոսել այդ մասին, տարիներ անց Ռազմիկ Վասիլյանը մամուլում նշեց, որ Վահանի ձեռքին եղել է անգամ եղբոր սպանության պատվերն ապացուցող տեսաերիզ։
-Իսկ ինչպե՞ս տեղի ունեցավ նրա սպանությունը։
-1993-ի մայիսի 4-ին, Սանկտ Պետերբուրգում։ Այդ ժամանակ նա արդեն հիմնականում Պետերբուրգում և Մոսկվայում էր բնակվում։ Լայն գործարար կապեր ուներ, նրան ընտրել էին Պետերբուրգի պրոֆեսիոնալ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ Մինչև այդ օրը նրա վրա երկու անգամ մահափորձ արդեն եղել էր, հրաշքով էր ողջ մնացել, և դրանից հետո բավականին զգույշ էր։ Սակայն մայիսի 4-ին իր հաշվապահի տուն գնալիս մեքենա էր նստել խոշոր գումարով, զարմանալիորեն առանց թիկնապահների։ Հասել էր հաշվապահի տուն, գումարը թողել էր մեքենայում` իր վարորդի մոտ ու բարձրացել վերև։ Կարճ ժամանակ անց, երբ տնից դուրս էր եկել, հենց շքամուտքում էլ կրակել էին նրա վրա։ Անգամ ծանր վիրավոր փորձել էր բռնել կրակողին, նույնիսկ կարճ տարածություն վազել էր հետևից։ Նույնքան տարօրինակ էր, որ ներքևում վարորդն այլևս չէր եղել, մեքենան ու գումարն անհետացել էին։
-Գուցե այդ ամենը հետևանք է եղել բիզնես գործունեությա՞ն։
-Մենք էլ այդպես կհամարեինք, եթե նրան Երևան հասցնելուց հետո տեղի չունենային շատ տարօրինակ իրադարձություններ։ Ի դեպ, Վահանին Երևան տեղափոխելու հարցում ամուսնուս ոչ մի օգնություն չցուցաբերեցին Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները, Վիտյայի և Վահանի նախկին ընկերները։ Երբ Վահանին հասցրինք Երևան, դուստրս արդեն իսկ կասկածում էր, որ այս դեպքում էլ ինչ-որ բան այնպես չէ։ Երկու տեսախցիկ էր վերցրել ու գնացել դիահերձարան, ամբողջությամբ նկարել եղբորը, որպեսզի հետո փորձագիտական ուսումնասիրություն կազմակերպենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Տեսանկարահանումն ավարտելուց հետո ամուսինս ու աղջիկս դուրս էին եկել դիահերձարանից և ամուսնուս ծառայողական մեքենայով ուղևորվել տուն։ Նրանց մոտ էր եղել տեսաերիզի մի օրինակը։ Նրա տուն մտնելուց կես ժամ հետո հարևաններից մեկը ձայն տվեց, թե ամուսնուս ծառայողական մեքենայի ապակիները կոտրված են, և դուռը` բացված։ Իջանք ներքև, պարզվեց, որ մեքենայում թողած տեսաերիզի օրինակն անհետացել է, թեպետ երկրորդը պահպանվեց։ Բայց այդ հանգամանքն էլ արդեն բավարար էր հասկանալու համար, որ Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, ովքեր շահագրգռված չեն նաև Վահանի սպանության բացահայտմամբ, հետագայում էլ աղջկաս բոլոր քայլերն այդ ուղղությամբ պարզապես խոչընդոտվել են։ Պետերբուրգում սպանությունը որակվեց չբացահայտված։ Այդ մասին է վկայում «Բանդիտական Պետերբուրգ» գիրքը։
-Մի անգամ, կարծեմ, Արտաշես Գեղամյանն էր դիմել կառավարությանը, որ Վիտյա Այվազյանի ընտանիքը սոցիալական ծանր դրության մեջ է, զրկված որևէ պետական աջակցությունից։ Այսինքն, անցած տարիներին պետությունը ոչինչ չի՞ արել Ձեզ համար։
-Այդպես չէ։ Թեպետ այս 20 տարվա ընթացքում ո՛չ Երևանում, ո՛չ էլ հանրապետության որևէ այլ քաղաքում Վիտյայի անունով փողոց չանվանակոչվեց, թեպետ կա այդպիսի ավանդույթ, և միայն մի քանի տարի առաջ իր ծննդավայր Սպանդարյան գյուղի դպրոցն անվանվեց իր անունով, բայց ես այդ ուշացած դրսևորման համար էլ շնորհակալ եմ։
Ինչ վերաբերում է ընտանիքին` կինն ու զավակներն օգտվել են ազգային հերոսի ընտանիքի համար նախատեսված բոլոր արտոնություններից և երբեք սոցիալական ծանր պայմաններում չեն ապրել։ Վիտյայի մահից կարճ ժամանակ անց Երևանի կենտրոնում նրա ընտանիքին տրամադրվել է երեք սենյականոց բնակարան, կենսաթոշակ, երեխաներն անվճար բարձրագույն կրթություն են ստացել, նրա այրին` Կարինե Վասիլյանը, ոչ ցածր պաշտոն էր զբաղեցնում Կենտրոնի թաղապետարանում։ Այնպես որ, եթե բոլոր ազգային հերոսների ընտանիքներն այդքան ապահովված լինեին, կարող էինք ասել, որ պետությունը նրանց առաջ իր պարտքը կատարել է։ Թեպետ այս դեպքում նաև իր նշանակությունն է ունեցել այն, որ որդուս այրին` Կարինե Վասիլյանը, որն սպանությունից հետո հանդես էր գալիս որպես միակ տուժող, երբեք չընդդիմացավ նրա սպանության պաշտոնական վարկածի հաստատմանը։
Զրուցեց Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ