«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«ԴԺՎԱՐ Է ՇԱՐԺԵԼ ԱՅՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ, ՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՆՇԱՐԺՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿ»

«ԴԺՎԱՐ Է ՇԱՐԺԵԼ ԱՅՆ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ, ՈՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾԵԼ Է ԱՆՇԱՐԺՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿ»
15.12.2009 | 00:00

«ՄԻՇՏ ՆՈՒՅՆՆ ԵՆ ԱՍՈՒՄ, ՀԵՏՈ ՈՉ ՄԻ ԱՍԱԾ ԷԼ ՉԻ ԻՐԱԿԱՆԱՆՈՒՄ»
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՄԲՈՒԿՅԱՆ (ՀՀԿ)
-Բարով տեսանք, պարոն Փամբուկյան, բավականին ժամանակ է` չէիք գալիս պառլամենտ, ինչ-որ խնդիր կա՞ր:
-Ոչ, չկար:
-Իսկ այսօր ինչո՞վ ենք Ձեզ պարտական, որ եկել եք:
-Ոչ մի բանով:
-Կարո՞ղ է պատահի առջևում ընտրություններ են լինելու, դրա համար եք եկել. կոալիցիայում ինչ-որ անհանգիստ է, Դուք էլ շտաբի պետի շատ մեծ փորձ ունեք:
-Չկա նման բան:
-Ինչպես միշտ, շատ «ծավալուն» մտքեր և նախադասություններ եք օգտագործում: Իսկ ինչպե՞ս է Ձեր զգացողությունը վերջին` քաղաքապետական ընտրություններից հետո:
-Նորմալ:
-Գո՞հ եք կառավարության վարած քաղաքականությունից:
-Կրակ է (դիմեց պարոն Փամբուկյանն իր կողքին կանգնած պատգամավորին` ցույց տալով ներքոտողագրիս- հեղ.):
-Պարոն Փամբուկյան, տեսա՞ք բյուջեն ինչքան սահուն ընդունվեց:
-Իհարկե: Պետք է այդպես էլ լիներ:
-Չէ՜, պարոն Փամբուկյան, քաղտեխնոլոգները պնդում էին, որ բյուջեն կդառնար բուֆեր, որը կնախապատրաստեր հետագա մեծ մարտը. ես ենթատեքստերո՜վ եմ խոսում, պարոն Փամբուկյան:
-Կրակ է... Էդպես չի, միշտ նույնն են ասում, հետո ոչ մի ասած էլ չի իրականանում:
-Կարո՞ղ է մտքներիդ բան կա:
-Կրակ է...
-Լավ, քաղաքացիական, «պաշտոնական» անկրակ մեկ հարց ևս, ու վերջ. այս անգամ արդեն չեք կարող «կրակի» մասին փիլիսոփայությամբ շրջանցել այն: Տասներորդ ընտրատարածքում շուտով տեղի կունենան ընտրություններ, Դուք եղել եք այն գործչի շտաբի պետը, որը երկար տարիներ ղեկավարել է այդ համայնքը։ Ի՞նչ նախասիրություն ունեք թեկնածուների «հաշվով»:
-Հատուկ նախասիրություն, որպես այդպիսին, չունեմ, ինչպես կորոշի կուսակցությունը, այդպես էլ կլինի իմ նախընտրությունը:

«ԱՆՁԱՄԲ ԵՍ ԵՎ «ԱՆՁԱՄԲ» ՀՀԿ-Ն ԴԵՌ ՉԵՆՔ ՔՆՆԱՐԿԵԼ ԱՅԴ ՀԱՐՑԸ»
ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ (ՀՀԿ)

-Պարոն Շարմազանով, անձամբ Դուք և «անձամբ» ՀՀԿ-ն ո՞ւմ եք պաշտպանելու թիվ 10 ընտրատարածքում:
-Անձամբ ես և «անձամբ» ՀՀԿ-ն դեռ չենք քննարկել այդ հարցը:
-Ե՞րբ եք քննարկելու:
-Երբ որ պատրաստ կլինենք, երբ որ կքննարկենք, էդ ժամանակ տեղյակ կլինեք:
-Ի՞նչ եք անում «պատրաստ» լինելու համար:
-Կուսակցությունը, ըստ կանոնադրության, ունի խորհրդի և գործադիր մարմնի նիստեր, երբ հարցն այդ նիստերում կքննարկվի, ես, որպես մամուլի խոսնակ, Ձեզ տեղյակ կպահեմ:
-Շատ մեծ «նորություն» ասիք: Իսկ Ձեր անձնական համակրանքն ո՞ւմ կողմն է:
-Նման համակրանքներ չկան, կուսակցությունը պետք է որոշի:
-Թե Շարմազանով Էդիկն ում է համակրո՞ւմ:
-Ո՛չ, թե ում է պաշտպանում ՀՀԿ-ն:

«ՈՎ ԷԼ ՈՐ ԳԱ, ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՇԱՐԺԵԼ»
ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ (ՀՅԴ)

-Պարոն Շահբազյան, դաշնակցությունն այնքան զբաղված է, որ, բացի հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերից, ուրիշ հարցերով չի՞ զբաղվում:
-Իհարկե, զբաղվում է:
-Ինչո՞վ:
-Եթե հետևում եք, կուսակցության պլատֆորմը հրապարակեցինք, որն անդրադառնում է նաև Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին, ժողովրդավարության հարցերին, այնպես որ, մենք չենք սահմանափակվում միայն Ձեր նշած հարցերով:
-Ճիշտն ասած, ես Ձեզ «ինտիմ» հարց ունեի տալու, բայց «ինտիմը»` քիչ հետո, իսկ այժմ` ի՞նչ եք կարծում, ներկոալիցիոն «գզվռտոցը» կհանգեցնի՞ կոալիցիայի փլուզման, ասել է` Ձեզնից հետո և՞ս մեկն այնտեղ կբրուտոսվի:
-Որակումը Ձերն էր, իմը չէր:
-Ո՞րը։
-Գզվռտոցը:
-Ա՜, ես չակերտներ էի դրել:
-Չէ, հետո այնպես կստացվի, որ Դուք հարցազրույցի մեջ չակերտները չեք դնի, ու դուրս կգա, որ ես եմ ասել այդ բառը:
-Բա եղա՞վ, պարոն Շահբազյան, «բա հերոսին կխփե՞ն»։ Երբևէ եղե՞լ է, որ չակերտները չդրվեն:
-Չի եղել, բայց` բոլոր դեպքերում... Ես չգիտեմ, թե այս պահին ինչ խնդիրներ կան կոալիցիայում, բայց վտանգավոր է, երբ խնդիրներ չեն լինում: Երբ ժամանակին մենք ասում էինք, որ, այո, մենք համագործակցում ենք իշխանությունների հետ, բայց նաև ունենք հարցեր, մեզ չէին հասկանում: Հիմա, երբ համագործակցող ուժերը նաև ունեն տարակարծություններ, եթե կան այդպիսիք...
-Ինչի՞ շուրջ են այդ տարակարծությունները, «կլուսավորե՞ք»:
-Ես չգիտեմ, իրենց խոհանոցին ծանոթ չեմ, բայց բնական եմ համարում, որ կարող են տարբեր խնդիրների վերաբերյալ տարբեր մոտեցումներ լինել: Նորմալ է, առողջ, եթե տարակարծություններն ունեն սկզբունքային նշանակություն:
-Իսկ կոալիցիան կփլուզվի՞:
-Հիմա ես ո՞նց կանխագուշակում անեմ. կանխագուշակումն անշնորհակալ գործ է: Մենք դուրս եկանք, որովհետև սկզբունքային տարաձայնություններ ունեինք իշխանությունների հետ։ Այսօր այդպիսիք կա՞ն:
-Կա՞ն:
-Ես չեմ տեսնում, հետևաբար, պատճառ չեմ տեսնում կոալիցիայի առաջիկա փլուզման:
-Հասկացանք: Իսկ թիվ 10 ընտրատարածքի մրցավազքին հետևո՞ւմ եք. դա այն ընտրատարածքն է, որտեղ Ձեր գործընկեր Խաչատուր Սուքիասյանը «մանդատավայր» եղավ:
-Կամ` մանդատաթափ: Կհետևենք, կտեսնենք։ Պաշտպանելն էսպես է. մենք կարգ ունենք, մեր մարզային կոմիտեն, Կենտրոնի կոմիտեն կտան տեսակետ, եթե տեսակետ կտան և կասեն, որ ճիշտ է այս կամ այն թեկնածուին պաշտպանելը, ըստ այդմ էլ կվարվենք:
-Դուք անհատական կարծիք ունե՞ք, որ «տեսակետ տաք» հիմա:
-Չէ, անձնական կարծիք չունեմ դրա վերաբերյալ, հետո էլ` ես կուսակցական մարդ եմ:
-Չէ, իսկապես, ամենաշատը կուզեիք ո՞վ գար և «զպառլամենտս հայոց» շարժեր հիմնովին:
-Ով էլ որ գա, պառլամենտը չի կարող շարժել։ Դժվար է շարժել այն պառլամենտը, որի մեծամասնությունը ստեղծել է անշարժության վիճակ: Բայց դե, մենք մտածում ենք` այս պառլամենտի հետ էլ հնարավոր է աշխատել:
-«Վախտին» էլ մտածում էիք, որ էս իշխանությունների հետ էլ կարելի է աշխատել:
-Բոլոր իշխանությունների հետ էլ պիտի աշխատել:
-Անկե՜ղծ է։
«Յազվություն» արեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1286

Մեկնաբանություններ