Հայկ Մարությանի ու «Իմ քայլի» հանդիպումը շիկացած մթնոլորտում է անցել
21.12.2020 | 23:26
Օրերս ԱԺ պատգամավորները հյուրընկալել էին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին: Թեև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն «Իրատեսին» վստահեցրին, որ Մարությանի հետ հանդիպման մասին նաև ընդդիմադիր երկու խմբակցություններին՝ ԼՀԿ-ին ու ԲՀԿ-ին էլ են տեղյակ պահել, բայց միայն «Իմ քայլի» ներկայացուցիչներն էին մասնակցում շուրջ 3 ժամ տևած հարցուպատասխանին: Թե ինչու՞ էր հենց տնտեսական հարցերի հանձնաժողովը նախաձեռնել հանդիպումը, այդպես էլ որևէ մեկը տրամաբանական ու շաղկապված պատճառաբանություն չկարողացավ ներկայացնել:
«Քաղաքապետը գուցե տնտեսագիտական «սուպեր» գիտելիքնե՞ր ունի, դուք էլ որոշել էիք խորհուրդ հարցնել, թե ինչպե՞ս երկիրը հանեք ճգնաժամից»,- հարցրինք պատգամավորներից մեկին: «Դե լավ, ձեռ մի առ, իրականում մենք էլ չհասկացանք՝ ինչ կապ ուներ այդ հանդիպումը տնտեսական հանձնաժողովի հետ, բայց հանդիպման ժամանակ հիմնականում ներքաղաքական հարցեր ենք քննարկել»,- ասաց նա: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ հանդիպումը բավական թեժ, կարելի է ասել՝ շիկացած մթնոլորտում է անցել: Մարությանը պարբերաբար բորբոքվել է, ինչ-որ բաներ է փորձել պարզաբանել, արդարանալ: Ըստ երևույթին, փորձում է հեռու պահել իրեն իշխանությունից, այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինքը կապ չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ: Նմանատիպ մեկնաբանություն նաև քաղաքապետարանի մեր աղբյուրից լսեցինք. «Ուզում է ցույց տալ, թե ինքը կապ չունի երկրի ներքին վիճակի հետ, չի խառնվում քաղաքական թիմի որոշումներին: Կարճ ասած՝ «աջը քաշել է, որ օրեցօր ավելացող խայտառակ իրադարձությունների մասնակից չդառնա»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ