«Էլիտար» բառը նշանակում է բարձրախավ, վերնախավ, ընտրանի։ Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այսօր փողոցում բողոքող մարդիկ «էլիտար բունտ» են անում, ճիշտ է ասում, որովհետև նրանք իշխանությունում չեն, որ քաղաքական էլիտա համարվեն, նրանք ազգի բարձրախավը, ընտրանին ու վերին խավն են, որովհետև հենց այդ մարդիկ են լիարժեք զգում կատարվածի ողջ սարսափելիությունը։ Իսկ իշխանությունում մնացել է ժողովրդի մրուրը, ճահճացած նստվածքը։ Սակայն իշխանությունում կա մեկ բան, որը հաստատապես «էլիտար» է՝ ստախոսությունն ու խաբեությունը։ 2,5 տարի ողջ երկիրը թաղվել է ստի ու կեղծիքի մի այնպիսի «ընտրանու» մեջ, որի պատճառով քայքայվեց ողջ պետությունը, զրոյացան բոլոր ձեռքբերումները, տապալվեց Հայաստանը և հանձնվեց Արցախի 75 տոկոսը։ Բայց այդ ստի մասշտաբներն աներևակայելի մեծ են ու ոչ միայն ներքին, այլև արտաքին օգտագործման ուղղվածություն ունեն։ Վերջին թարմ օրինակը Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ ՌԴ ՊՆ հերքումն էր, ինչը պարզապես խայտառակություն էր։
Այս մարդը, ողջ ազգը ծաղրի առարկա դարձնելով, իշխանությանը կառչած մնալով, փորձում է աշխարհին ցույց տալ, թե հայն ու Հայաստանը կարող են հաշտվել նման իրականության հետ, սակայն ընդդիմության բազմահազարանոց երթերն ու հանրահավաքներն այսօր Հայաստանի դեմքն արտաքին աշխարհում փրկում են։ Դրսում տեսնում են, որ հայ ազգը չի հանձնվում, չի կարող հաշտվել այսպիսի լուծման տարբերակի հետ, հայրենիքի զգացողություն ունի, կենսունակ է ու դեռ ոտքի է կանգնելու։ Սա ոգու փորձություն է, և ազգը կարող է այս բարդագույն քննությունը հանձնել։ Երթերը բազմաքանակ են, չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին, մարդիկ ոտքի են ելել, փողոցում հայրենասեր հրաշալի երիտասարդություն կա և չի թողնելու, որ իր ապագան գողանան։ Հայի իրական տեսակն է փողոցում, նա ցուցարար է դարձել ոչ թե դրսից ներմուծված տեխնոլոգիաների, տարիներ շարունակ հակահայկական ծրագրերով ուղեղներ լվանալու շնորհիվ, այլ հայրենիքի կորստի ցավի պատճառով։
Փողոցում «էլիտար բունտի» շահառուները այս իշխանության արտաքին փայատերերին ու հովանավորներին հստակ ուղերձ են հղում, որ այս երկրի իրական տերերին կարող են ինչ-որ ժամանակ խաբել, մոլորեցնել, բայց երկար չեն կարող ապազգային թմբիրի մեջ պահել, նրանք ունակ են ամուր կանգնելու պետության կողքին, դուրս գալու հայրենիքը մանրադրամով վաճառքի հանած մարդու ու նրա դրածոների դեմ, մաքրելու երկիրը ախտից։
Պատերազմի թեժ օրերին Նիկոլ Փաշինյանը բացարձակ անպատեհ մի միտք դրեց շրջանառության մեջ՝ «անջատում՝ հանուն փրկության», որը, փոքր-ինչ այլ ձևակերպմամբ, այսօր այլ հնչողություն է ստացել՝ «հրաժարական՝ հանուն փրկության»։ Երերացող պետականությունը պետք է փրկել Փաշինյանից, որպեսզի անդառնալի խնդիրներ չստեղծվեն Հայաստանի համար։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ