Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Նախագահը շրջադարձային որոշումների անհրաժեշտություն է տեսնում

Նախագահը շրջադարձային որոշումների անհրաժեշտություն է տեսնում
05.12.2020 | 14:51

Այսօր մենք կարիք ունենք շրջադարձային որոշումների, կոչով դիմելով հանրությանը, հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:


«Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խոր ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության: Պետք է ամբողջությամբ գիտակցենք և ընդունենք այդ ճգնաժամի գոյությունն ու ամեն ինչ անենք հաղթահարելու համար: Միասին, ձեռք ձեռքի տված, - նշել է նախագահը: -Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին»: Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, դժգոհությունը և իշխանություններից բացատրություն պահանջել պատերազմի հետևանքով մեզ պատճառված ահռելի մարդկային և տարածքային կորուստների համար:


Կառավարությունը, ըստ նախագահի, չի կարող գործել 2018-ի հանրային տրամադրությունների ոգով. «Այսօրվա իրականությունը բոլորովին այլ է»:
«Այս լարված ու բարդ օրերին դիմում եմ բոլորիդ՝ ձեր յուրաքանչյուր գործողություն պետք է լինի օրենքին համապատասխան, պետք է լինի իրավաչափ: Դիմում եմ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչներին՝ կարգ ու կանոնի պահպանումը կարևոր է: Միաժամանակ հիշեք, որ ձեր առջև, Երևանի փողոցներում մեր հայրենակիցն է, մեզնից մեկը՝ կին, թե տղամարդ, երիտասարդ, թե տարեց: Նրանց մեջ են նաև մարդիկ, ովքեր մի քանի օր առաջ պաշտպանում էին հայրենիքը, մեզանից յուրաքանչյուրին, ձեզ», - ասել է Հայաստանի նախագահը: Նա անթույլատրելի ու անընդունելի է համարել ցանկացած բռնություն և ոչ համաչափ ուժի ու միջոցների կիրառումը. «Ձեր գործողություններում պետք է դրսևորեք պատասխանատվություն, մարդկային և մասնագիտական բարձր հատկանիշներ»:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ այսօր կարիք ունենք շրջադարձային որոշումների, և լուծումները պետք է լինեն ազգային համաձայնության շրջանակում:


«Մենք պետք է կարողանանք վերականգնել հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի մթնոլորտը, ի մի բերել մեր ժողովրդի բոլոր դրական ու կենսական որակները և դրանք վերածել հավաքական ուժի, որը կլինի մեր հետագա հաջողությունների գրավականը: Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի գործունեությունն ուղղված է հենց այդ նպատակին», - եզրափակել է նա:

Դիտվել է՝ 1986

Մեկնաբանություններ