ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ռուսաստանը գտնում է, որ Իդլիբում ինքը հաղթող է

Ռուսաստանը գտնում է, որ Իդլիբում ինքը հաղթող է
04.03.2020 | 10:35

Իդլիբի ճգնաժամում Մոսկվան Թուրքիայի հետ պատերազմ չի ուզում, բայց ուզում է, որ Անկարան վերջապես կատարի վաղուցվա խոստումները: Նախագահ Պուտինը պարտավորություններ ունի Սիրիայի առաջ, իսկ Ռուսաստանը չի կարող կորցնել իր ձեռքբերած դերը ուժերի խաղում՝ գրում է Մարկուս Ակերետը Neue Zürcher Zeitung-ում: Իդլիբի ճգնաժամը փորձություն է Ռուսաստանի ու Թուրքիայի մարտավարական փխրուն դաշինքի համար: Ռուսաստանի կարծիքով՝ մեղքը Թուրքիայինն է, և ուժերի գերակշռությունը իրենն է, համենայն դեպս՝ քանի չի սկսվել բաց պատերազմ: Կհասնի՞ սիրիական պատերազմի կուլմինացիոն պահը, ինչպես պնդում են որոշ ռուս մեկնաբաններ, թե՞ Պուտինն ու Էրդողանը հինգշաբթի կկարողանան նորից, թեկուզ կարճաժամկետ, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին՝ ողբերգական իրադարձություններին Ռուսաստանի հաշվարկված վերաբերմունքից ելնելով՝ թուրք-սիրիական սահմանը շատ չի փոխվի: Ռուսաստանը մի քանի ամիս դժգոհ է Թուրքիայի պահվածքից Իդլիբում: Ռուսաստանի կարծիքով՝ Անկարան չի պահպանում պայմանավորվածությունները, որոնց հասել են Էրդողանն ու Պուտինը 2018-ի սեպտեմբերին Սոչիում: Իսլամիստական բոլոր զորախմբերը ռուսների աչքի փուշն են, Թուրքիան պարտավորվել է նրանց մեկուսացնել քաղաքացիական բնակչությունից ու բացառել ռազմական գործողությունները: Դրա փոխարեն ահաբեկչական ակտիվությունը սիրիական զորքերի ու ռուսական ռազմական ներկայության նկատմամբ մեծացել է, հատկապես տարեսկզբից: Անցած հինգշաբթի իրավիճակը սրած հարվածներից հետո Մոսկվայում ոչ պաշտոնապես ասում էին, որ թուրքերը չափն անցել են ու նրանց արդարացիորեն իրենց տեղն են դրել: Սակայն ռազմական առճակատման մեջ շահագրգռված չեն ոչ Ռուսաստանը, ոչ Թուրքիան՝ որքան էլ իրենց ռազմաշունչ պահեն: Ռուսները գտնում են, որ եթե Պուտինը հիմա Բաշար Ասադին թողնի ճակատագրի քմահաճույքին, սպառնալիքի տակ կդնի միջազգային իրավակարգ ձևավորող տերության հեղինակությունը, որ Ռուսաստանը ձեռք է բերել պատերազմի չորս ու կես տարիներին: Թուրքիան, Մերձավոր Արելքի փորձագետ Մաքսիմ Սուչկովի կարծիքով՝ «շատ ավելի կարևոր է Մոսկվայի համար, քան Սիրիայի կառավարությունը: Սակայն Ասադի կողմից Ռուսաստանի հանդես գալը 2015-ից այնքան մեծ սիմվոլիկ նշանակություն ունի՝ մարմնավորելով գերտերության Ռուսաստանի ամբիցիաները, որ նահանջն այլևս չի քննարկվում»: «Ռուսաստանը դարձել է Ասադի հետ համերաշխության պատանդը»՝ գտնում է արաբագետ, Մոսկվայի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի դասախոս Լեոնիդ Իսաևը. «Թեպետ Կրեմլը արդեն քանիցս հայտարարել է Սիրիայում իր առաքելության ավարտի մասին, պարզ չէ, թե Ռուսաստանն ինչպես է դուրս գալու իրավիճակից, առավելևս որ Սիրիայում պատերազմի հանգեցրած խնդիրներև չեն լուծվի Ասադի թվացյալ հաղթանակով»: Բազմակարծությամբ հասարակություն, որտեղ կքննարկվեն բոլոր «կողմ»-երն ու «դեմ»-երը, Ռուսաստանում չկա: Որ Մերձավոր Արևելքում այլևս ոչ ոք չի կարող Ռուսաստանի կողքով անցնել, գուցե ոգևորում է քաղաքական գործիչներին, բանակին ու վերլուծաբաններին և հարուցում է համընդհանուր բավարարություն բնակչության մեջ: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ Մոսկվայի ակտիվությունը հեռավոր երկրում չի հասկացվում տեղական սոցիալական խնդիրների համապատկերում: Ռուսաստանին երկար ժամանակ հաջողվում էր բացարձակապես տարբեր գործող անձանց միահյուսել ընդհանուր հենքի մեջ, օրինակ, Թուրքիայի ու Իրանի հետ Աստանայի գործընթացում: Էրդողանի հետ հարաբերություններում Պուտինը, 2015-2016-ին՝ խփված կործանիչի պատճառով ժամանակավոր խզումից հետո, ավելի բարձր նպատակներ ուներ ու զիջումներ էր անում: Բայց երկու կողմերի մեջ էլ ձևավորվել էր տպավորություն, որ պայմանավորվածությունները չեն կատարվում: Ռուսաստանի տեսակետով՝ հարաբերությունների խզման դեպքում Էրդողանը շատ ավելին կկորցնի, քան Ռուսաստանը, որ օգտագործել է գերազանցապես կարճաժամկետ հնարավորությունները, օրինակ՝ «Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կամ Թուրքիայի կասկածները ՆԱՏՕ-ի հուսալիությանը: Գուցե Իդլիբում ուժերի վճռական փորձարկման մեջ խոսք կլինի միմյանց հակասող շահերը ռուս-թուրքական գործող հարաբերություններին ծառայեցնելու մասին: Իդլիբի ու նրա բնակչության ճակատագիրը, համենայն դեպս Պուտինի համար ոչ մի դեր չունի:
Մարկուս Ակերետ, Neue Zürcher Zeitung


Հ.Գ. Իսկ այդ ընթացքում Էրդողանը շանթ ու որոտ է արձակում Անկարայում՝ խոստանալով կտրել իրեն դիմադրողների գլուխները, բայց այնպես չէ, որ նրա սպառնալիքները շատ ազդեցիկ են: Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, օրինակ, պահանջում է ճնշում գործադրել Անկարայի վրա: «ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որ նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար»՝ հայտարարել է Ավստրիայի կանցլերը՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները: Նրա խոսքով՝ Թուրքիայից ԵՄ-ի տարածք, Հունաստան թափանցելու անօրինական միգրանտների փորձերը կազմակերպել է Թուրքիայի ղեկավարությունը: «Հարկավոր է համատեղ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որ նախագահ Էրդողանը փոխի անմարդկային գործելակերպը և չշարունակի հետագայում միգրանտներին օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մենք համատեղ պետք է ապահովենք, որ 2015-ը չկրկնվի: Դրա համար հարկավոր է կազմակերպել սահմանների (Հունաստանում ԵՄ-ի արտաքին սահմանին) գործող պահպանություն», - նշել է Կուրցը մամուլի ասուլիսում: «Միգրանտները Իդլիբից, այսինքն՝ Սիրիայից չեն փախչում Հունաստան: Նրանք այն մարդիկ են, որ մասամբ արդեն երկար տարիներ գտնվում են Թուրքիայում: Թուրքիայի նախագահ Էրդողանը միտումնավոր է կազմակերպել այդ գործընթացը: Տրամադրվում են ավտոբուսներ, միգրանտներին տալիս են տեղեկատվություն: Միտումնավոր փորձեր են ձեռնարկվում կազմակերպել երթ դեպի Հունաստան: Նախագահ Էրդողանը մարդկանց օգտագործում է որպես գնդակ, զենք, Եվրոպական միության վրա ճնշման գործիք», - ասել է Կուրցը:
Եվ նրա հետ համաձայն են Հունաստանը, Բուլղարիան, Ֆրանսիան, որ հրապարակավ արտահայտել են իրենց դժգոհությունը Էրդողանի սադրիչ բլեֆից: Հունաստանի ուժայինները շաբաթ օրվանից Թուրքիայից անօրինական միգրանտների ու փախստականների ներխուժման 24 203 փորձ են կանխել:


Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Անվտանգության խորհդր նիստ է հրավիել՝ սահմանների իրավիճակը քննարկելու: Թուրքական կողմում հավաքված ամբոխը սահմանապահների վրա քարեր ու մետաղի ձողեր է նետում: 300 փախստականներ նավակներով հասել են Լեսբոս կղզի, 150-ը՝ Սամոս, 70-80-ը՝ Խիոս: Կաստանիս կղզու մոտ ևս սահմանախախտության դեպքեր են նկատվել: Հունաստանի ՊՆ փոխնախարար Ալկիվիդիաս Ստեֆանիսը հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Թուրքիայի իշխանությունները ոչ միայն չեն կանգնեցնում օրինախախտներին, այլև աջակցում են: Մարտի 5-ին Զագրեբում ծրագրված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Հունաստանի խնդրանքով:
Ամենակարևոր իրադարձությունը Մոսկվայում Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ՝ ՌԴ ռազմական ոստիկանության ստորաբաժանումները տեղակայվել են Սիրիայի Իդլիբ նահանգի Սերակիբ քաղաքում, որ Թուրքիայի աջակցությունը վայելող զինված ընդդիմությունից անցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերին: Սերակիբը Մ-4 ու Մ-5 ավտոմայրուղիների հատման կետն է: Սերակիբը կորցնելուց հետո Անկարայի դիտակետերը Իդլիբում այլևս կենսական նշանակություն չունեն: «Մոսկվան հույս ունի, որ Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կօգնեն լուծել Իդլիբի հարցում պայմանավորվածությունների կատարման խնդիրը»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք չենք կարող միգրացիոն խնդրի լուծմանը նպաստել ի հաշիվ ահաբեկչության դեմ պայքարի: Խնդրի լուծումն ընկած է Իդլիբի անվտանգության գոտու վերաբերյալ 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների պայմանավորվածությունների կատարման հիմքում: Դրանք, ցավոք, դեռևս կյանքի չեն կոչվում: Հուսով եմ, որ այս շաբաթ նախագահներ Պուտինի ու Էրդողանի կայանալիք հանդիպումը թույլ կտա փոխել այդ իրավիճակը և շարժվել այն ուղղությամբ, որին ձգտում ենք»,-հայտարարել է Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ:
Իսկ Բաշար Ասադը ապրիլի 13-ին նշանակել է խորհրդարանական ընտրություններ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6547

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ